Հայաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Armeniaից)


1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Հայաստան (այլ կիրառումներ)
Հայաստան
Հայաստանի Հանրապետություն

Flag of Armenia.svg
Դրոշ

Coat of arms of Armenia.svg
Զինանշան

Europe location ARM with NKR.png

Հիմնական տեղեկություններ
Պետական լեզու հայերեն
Մայրաքաղաք Երևան
Պետական կարգ Կիսանախագահական
Կրոն 90% Հայ առաքելական[1]
Մակերես 29.743 կմ² (4,7%% ջրային)
Ազգաբնակչություն. 3․013,9 հզ. (01․10.2014թ․),[2] (109,7/կմ²)
Պետական ատրիբուտներ
Հիմն Մեր Հայրենիք
Արժույթ ՀՀ դրամ (AMD)
Ժամային գոտի +4
Ազգային տոն սեպտեմբերի 21 (անկախության օր)
Վեբ | ISO | Հեռ. .am | ARM | 374
Հայաստանի զինանշանը
Նախապատմություն
Մ.թ.ա. 2492 - մ.թ.ա. 590
Հայ ժողովրդի ծագումը
Հայկ նահապետ
Հայասա
Արմե-Շուպրիա
Նաիրի
Վանի Թագավորություն
Մեծ Հայք
Մ.թ.ա. 590 - մ.թ. 428
 • Երվանդունիներ •
Երվանդունիների թագավորություն
Փոքր Հայք
Ծոփք
Կոմմագենե
 • Արտաշեսյաններ •
Արտաշես Ա
Տիգրան Մեծ
 • Արշակունիներ •
Քրիստոնեության ընդունում
Գրերի գյուտ
Միջնադար
428 - 1375
Պարսկա-Բյուզանդական տիրապետություն
Արաբական տիրապետություն
 • Բագրատունիներ •
Բագրատունիների թագավորություն
Վասպուրականի թագավորություն
Կարսի թագավորություն
Տաշիր-Ձորագետի թագավորություն
Սյունիքի թագավորություն
 • Ռուբինյաններ •
 • Հեթումյաններ •
Կիլիկիայի Հայկական Թագավորություն
 • Զաքարյաններ •
Զաքարյան Հայաստան
Օտար տիրապետություն
1375 - 1918
Հայ ազատագրական պայքար (15-16-րդ դարեր)
Հայ ազատագրական պայքար (17-18-րդ դարեր)
Արևելյան Հայաստանը Պարսկաստանի կազմում
Արևմտյան Հայաստանը Թուրքիայի կազմում
Արևելյան Հայաստանը Ռուսաստանի կազմում
Հայոց Ցեղասպանություն
Հայկական սփյուռք
Ժամանակակից պատմություն
1918 - ներկա
Հայաստանի Առաջին Հանրապետություն
Լեռնահայաստան
ՀԽՍՀ
Արցախյան ազատամարտ
Հայաստանի Հանրապետություն
Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

Հայաստանի պորտալ

Հայաստան (պաշտոնական անվանումը՝ Հայաստանի Հանրապետություն), պետություն Անդրկովկասում։ Մշակութային, կրոնական և քաղաքական տեսանկյունից երբեմն ընդունված է համարել եվրոպական երկիր։ Հյուսիսից սահմանակից է Վրաստանին, արևելքից՝ Ադրբեջանին, հարավ-արևելքից՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը (Արցախ), հարավից՝ Իրանին, հարավարևմուտքից՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետությանը, արևմուտքից՝ Թուրքիային։

Հայաստանը հնագույն պատմական և հարուստ մշակութային ժառանգությամբ պետություն է։ Ավանդաբար Հայոց պատմության սկիզբ է համարվում մ.թ.ա. 2492 թվականը, երբ հայ ժողովրդի հիմնադիր նախահայրը՝ Հայկ Նահապետը, Հայոց ձորում հաղթում է Ասորեստանի թագավոր Բելին և անկախություն նվաճում։ Մեծ Հայքի թագավորությունը առաջինն էր աշխարհում, որ մեր թվարկության 4-րդ դարի սկզբին՝ 301 թվականին, որ ընդունեց քրիստոնեությունը՝ որպես պետական պաշտոնական կրոն։ Ժամանակակից Հայաստանի Հանրապետությունը երկրի հիմնական կրոնական հաստատություն է ճանաչում աշխարհի հնագույն՝ Հայ Առաքելական Եկեղեցի։ Հայաստանի ազգային ու պաշտոնական լեզուն՝ հայերենը, ունի սեփական այբուբեն, որը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։

Մինչև 20-րդ դարի սկիզբը Հայաստան անվանումը վերաբերում էր ողջ Հայկական լեռնաշխարհին։ Դա աշխարհագրական մի տարածք է, որի սահմանները հյուսիսում հասնում են Սև ծովի ափերին (Արևելա-Պոնտական լեռնաշղթա) և Փոքր Կովկասին, հարավում՝ Միջագետքի դաշտավայրին ու Հայկական (Արևելյան) Տավրոս լեռնաշղթային, արևելքում՝ Իրանական բարձավանդակին, իսկ արևմուտքում՝ Փոքր Ասիայի (Անատոլիայի) սարավանդին։ Այստեղից դուրս են գալիս Առաջավոր Ասիայի բոլոր խոշոր գետերը։ 1915 թվականի Հայոց ցեղասպանության ժամանակ սպանվել կամ տեղահանվել է Հայաստանի արևմտյան մասի բնիկ ազգաբնակչությունը, իսկ արևելյան մասը 1918 թվականին ձեռք է բերել անկախություն։ Վերանկախացել է որպես Հայաստանի Հանրապետություն 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացված հանրաքվեի արդյունքում․ մինչ այդ այն Խորհրդային Միության 15 հանրապետություններից մեկն էր (Հայաստանի Խորհրդային Սոցիալիստական ՀանրապետությունՊատմական Հայաստանի մեկ այլ շրջան՝ Արցախի մի մասը, ուներ ինքնավար մարզի կարգավիճակ Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմում։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը հռչակում է իր անկախությունը նույն թվականի դեկտեմբերի 10-ին, սակայն, ի տարբերություն Հայաստանի Հանրապետության, միջազգային ճանաչում չունի։

Հայաստանի հանրապետությունը ունիտար կառուցվածքով, բազմակուսակցական համակարգով ժողովրդավարական ազգային պետություն է, միջազգային սուբյեկտ։ ՀՀ Սահմանադրությունն ընդունվել է 1995 թվականի հուլիսի 5-ին և փոփոխվել է 2005 թվականի նոյեմբերի 27-ին համապետական հանրաքվեի արդյունքում։ Ըստ այս օրենքի՝ Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն է։ Հայաստանը ՄԱԿ-ի, ԱՊՀ-ի, Եվրախորհրդի, ԱՀԿ-ի և 40-ից ավել այլ միջազգային կազմակերպությունների անդամ է։

Բովանդակություն

Անվան ստուգաբանություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի անվանում

Հայոց անվանադիր նախնին Հայկն է։ Սերունդները հետագայում նրա անունով էլ կոչվել են՝ հայկազունք, հայք, հայեր, երկիրը՝ Հայք, Հայոց աշխարհ։ Միջին դարերում «Հայ» արմատին ավելացավ իրանական «-ստան» վերջածանցը, որն ունի երկիր, տարածք իմաստը։ Այդպիսով «Հայք» կամ «Մեծ Հայք» եզրույթը վերափոխվեց Հայաստանի։

Համաձայն Մովսես Խորենացու և Միքայել Չամչյանի՝ «Արմենիա» անունն սկիզբ է առել Արամ անունից, ով Հայկ Նահապետի ուղիղ ժառանգորդն էր։ 20-րդ դարի հայ պատմաբան Լեոյի, կոչվել է հայոց ծագման մասին հունական առասպելի հերոս Արմենիոսի անունից, որը գալով Թեսալիայից (այժմ՝ Բուլղարիա)՝ բնակվում է Հայկական լեռնաշխարհում և ձուլվում այնտեղ ապրող ցեղերի ու ցեղային միությունների հետ։ [3]

Կա նաև Հայաստան անվան ստուգաբանության վրացական տարբերակը, որի համաձայն հայերի առաջնոևդ Հայկը վրացիների առաջնորդ Քարթլոսը, կովկասյան տարբեր ցեղերի առաջնորդներ եղբայրներ են եղել և սերել են նույն հորից ու մորից։ [4] Թեպետ այժմ վրացիները հայկական պետական կազմավորումներից մեկի՝ Սումխու երկրի (Ծոփք-Կոմմագենե) անունով Հայաստանը կոչում են Սոմխեթի, ժողովրդին՝ սոմեխներ։

Հայաստանը աշխարհի գրեթե բոլոր լեզուներով կոչվում է Արմենիա՝ անգլ.՝ Armenia, ռուս.՝ Армения, արաբ․՝ أرمينيا‎‎, պարսկերեն՝ ارمنستان, գերմ.՝ Armenien և այլն։ Այդ անունը գալիս է հայկական Արմե և Ուրմե ցեղերի անվանումից, և առաջինը այդպես են անվանել ասորեստանցիներն ու բաբելոնցիները։ Այնուհետև այդ անունը տարածվել է հույների ու փյունիկեցիների միջոցով։ Հայաստանի անունը նշված է նաև Բեհիսթունի եռալեզու արձանագրության մեջ։

Պատմություն[խմբագրել]

Հին շրջանի պատմություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայոց պատմություն

Նախնադարյան շրջան[խմբագրել]

Ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության»՝ Հայաստան անունը կապվում է Հայկ նահապետի անվան հետ, ով հայոց երկրի հիմնադիրն է։ Ներկայումս գիտական շրջաններում ընդունված է հայ ժողովրդի ինքնանվանումը կապել խեթական արձանագրություններում հիշատակվող Հայասա երկրի հետ, որը, ենթադրաբար, զբաղեցրել է Փոքր Հայքի արևելյան մասի և Մեծ Հայքի Բարձր Հայք նահանգի տարածքը՝ Արևմտյան Եփրատի ջրահավաք ավազանից մինչև Սև ծով՝ ներառելով Արևելա-Պոնտական լեռները։

Հայկական լեռնաշխարհը հնագույն մարդու նախնական բնակեցման տարածաշրջաններից մեկն է։ Այստեղ կան քարի դարի բոլոր փուլերին (պալեոլիթ կամ հին քարի դար՝ մինչև մ.թ.ա. 12-րդ հազարամյակ, մեզոլիթ կամ միջին քարի դար՝ մ.թ.ա. 12-րդ հազարամյակ-մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր, նեոլիթ կամ նոր քարի դար՝ մ.թ.ա. 7-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր), ինչպես նաև պղնձի-քարի (մ.թ.ա. 5-րդ հազարամյակի կեսեր-մ.թ.ա. 4-րդ հազարամյակի վերջեր), բրոնզի (մ.թ.ա. 3-րդ հազարամյակ-մ.թ.ա. 2-րդ հազարամյակ) և երկաթի դարերին (մ.թ.ա. 2-րդ հազարամյակ-մ.թ.ա. 1-ին հազարամյակի կեսեր) վերաբերող հուշարձաններ։

Նախնադարյան հասարակության հին քարի դարի առաջին ենթափուլը՝ ստորին հին քարի դարը, Հայաստանի տարածքում սկսվել է մոտ 2 մլն տարի առաջ և ավարտվել է մոտ 100 հզ. տարի առաջ։ Հայկական լեռնաշխարհում հայտնի են այս ժամանակաշրջանի մի քանի բացօթյա հնավայրեր, կայանններ և քարայրային տիպի հուշարձաններ։ Մեր հայրենիքի բնակեցման սկզբնակետերից մեկն այսօր, ըստ վերջին տվյալների, կարելի է համարել Գուգարքում հայտնաբերված հին քարեդարյան կայանը։ Այս հնավայրի տարիքը մոտ 1.8 մլն տարի է։ Այն Արևմտյան Եվրասիայի՝ մարդու մինչև այժմ հայտնի հնագույն կայանն է։ Հնագույն ժամանակների մասին հարուստ տեղեկություններ են պարունակում հատկապես Ազոխի քարայրն Արցախում, Արտին լեռան շրջակայքը և մի քանի հուշարձաններ Արևմտյան Հայաստանում։ Ստորին քարի դարի ավարտը համարվում է սառցակալման 4-րդ դարաշրջանը։

Ժայռապատկեր Գեղամա լեռների քարանձավներում

Միջին հնաքարի (պալեոլիթի) ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում ավարտվել է մոտ 40 հազար տարի առաջ։

Վերին հին քարի դարն ընդգրկում է մոտ 40000-12000 թվականներն ընկած ժամանակաշրջանը։ Հայաստանի տարածքում հայտնի են վերին հինքարիդարյան շուրջ 60 հուշարձան։ Դրանց հիմնական մասը գտնվում է լեռնաշխարհի հյուսիս-արևելյան, հարավային և հարավ-արևմտյան մասերում՝ Եփրատի ավազանում, Կորդվաց աշխարհում, Տիգրիսի ավազանում և այլուր։

Հայկական լեռնաշխարհի միջին քարի դարի և նոր քարի դարի սկզբնափուլի (10000-8000) հուշարձաններն առայժմ թույլ են ուսումնասիրված։ Դրանց թիվը լեռնաշխարհի սահմաններում դեռևս չի անցնում 35-ից, որոնք ինչպես բացօթյա կայաններ ու հնավայրեր են, այնպես էլ քարայր կացարաններ ու ժայռածածկեր։ Այժմյան Հայաստանի տարածքում այս փուլի հուշարձաններ կան Ապարանի գոգավորությունում։

Նոր քարի դարը, նորագույն ուսումնասիրությունների համաձայն, Հայաստանի տարածքում թվագրվում է մ.թ.ա. 10 հզ-ից մինչև 6-րդ հզ-ի կեսերն ընկած ժամանակաշրջանով։ Մ.թ.ա. 8 հզ.-ի վերջերից արդեն գոյություն ունեին կայացած երկրագործական հասարակություններ։ 1990-ական թվականների առաջին կեսին Սասնո ջուր գետի արևմտյան ափին պեղված հնավայրի տվյալները եկան փաստելու, որ այստեղ կայուն բնակատեղիներ հիմնող առաջին համայնքները հանդես են գալիս արդեն մ.թ.ա. 10-րդ հզ.-ից։ Ուսումնասիրությունների արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայկական Տավրոսից հյուսիս ընկած շրջանների նոր քարի դարի մշակույթը տեղական արմատներ ունի։ Եդեսիայի մոտ գտնվող Պորտաբլուր հնավայրի արևելյան հատվածի վաղ շերտերում բացվել է 1000 քառ. մետր տարածք զբաղեցնող մի հրապարակ, որի հարևանությամբ պեղվել են այսպես կոչված «սալե կոթողների տունը» և «գանգերի տունը»։

Այս հասարակության կյանքում մեծ տեղ են զբաղեցրել հավատալիքներն ու ծեսերը, որոնք գերազանցապես կապված էին նախնիների, ինչպես նաև որոշ կենդանիների, օրինակ՝ ցլի, վիշապների, բնության երևույթների պաշտամունքի հետ։

Պորտաբլուրում բացվել են Երկիր մոլորակի վրա մինչ օրս հայտնի ամենահին տաճարները։ Այստեղ հայտնաբերվել են մոտ 700 քարե արձանիկներ։

Մ.թ.ա. 4-րդ հազարամյակի երրորդ քառորդից հասարակական առաջընթացը Հայաստանի տարածքում նոր փուլ է թևակոխում։ Լեռնաշխարհն այսուհետև ներկայանում է զարգացման նույն մակարդակի վրա գտնվող և համասեռ մշակույթով մի հասարակությամբ, որը շուրջ հազար տարի պահպանում է մշակութային միասնությունը։ Այդ ժամանակահատվածը հիմնականում համապատասխանում է մեր պատմության վաղ բրոնզի դարին՝ մ.թ.ա. 3500-2300 թթ։ Այս ժամանակաշրջանում տարածում է գտնում «Քուր-արաքսյան մշակույթը», հատկապես «Շենգավիթյան մշակութային համալիրը»։ Շենգավիթի համալիրը գտնվում է Երևանի հարավ-արևմտյան մասում, Հրազդան գետի ձախափնյա բլրին, ներկայիս Երևանյան լճի շրջանում։

Ժայռապատկերներ

Հարյուրամյակներ շարունակ տարածաշրջանում գերիշխող էր Կուր-Արաքսյան մշակույթը։ Դրա ընդհանրության կազմալուծմանը զուգընթաց մ.թ.ա. 3 հազարամյակի երրորդ քառորդի ընթացքում լեռնաշխարհի մեծ մասում ասպարեզից դուրս մղվեց շենգավիթյան մշակութային համալիրը։ Այստեղ տարածում է ստանում առավելապես դամբարանաբլուրներով հայտնի վաղ կուրգանների մշակույթը։

Մ.թ.ա. 3 հազարամյակի վերջին երկու հարյուրամյակներում արմատավորվում են, այսպես կոչված, Թռեխք-Վանաձորյան մշակութային համալիրները։ Դրանք ներկայացված են բացառապես դամբարաններով, իսկ մեծաքանակ բնակատեղիներ չեն փաստագրվում։ Լեռնաշխարհի հարավ-արևմտյան շրջաններում մ.թ.ա. 2 հզ.-ի սկզբներից հանդես է գալիս տեղական Ծոփք-Մալաթիայի միջինբրոնզեդարյան մշակույթը։

աշխարհի քարտեզը ըստ Հերոդոտոսի

Մ.թ.ա. 16-րդ դարի վերջ-մ.թ.ա. 13-րդ դարի առաջին կեսն ընկած ժամանակահատվածում հստակ ընդգծվում է վերոհիշյալ մշակույթների խաչասերման և «ժողովրդագրական պայթյունի» հետ զուգորդվող Լճաշեն-Մեծամորյան մշակույթի ծավալման համապատկերը։ Այդ ժամանակաշրջանի գտածոներից կարելի է առանձնացնել ծիսական անոթները, սպիտակ և կարմիր գույներով հարդարված խեցեղենը, բրոնզե դաշույնները, նետ-աղեղները, մեծաքանակ ուլունքները և այլն։ Հայ վարպետները դեռ նախնադարում հմտացել էին ոսկե և արծաթե զարդերի պատրաստման մեջ։ Միջագետքի պետությունների հետ կատարվում էր առևտուր՝ Եփրատ գետի հոսանքով։ Ինչպես վկայում է Հերոդոտոսը, լաստերով բարձած ապրանքը ավանակների հետ իջեցնում էին Բաբելոն, որտեղ լաստերը դարսում էին ավանակների վրա և վերադառնում Հայաստան։

Հայաստանում երկաթի դարը սկսվում է մ.թ.ա. 2-րդ հազարամյակում։ Երկաթի պաշարներով հարուստ Հայկական լեռնաշխարհը (Զանգեզուրի լեռնաշղթան, Մուշի դաշտը և այլն) դարձավ Առաջավոր Ասիայի հումքի գլխավոր մատակարարը, գրավեց գերիշխող դիրք։

Վանի թագավորություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Վանի թագավորություն
Վանի թագավորությունը և ժամանակակից պետությունների սահմանները

Պատմական Հայաստանի տարածքում առաջացած ամենաառաջին պետությունը, որն ընդգրկեց Հայկական լեռնաշխարհի մեծ մասը, Վանի թագավորությունն էր։ Մայրաքաղաքն էր Վանը (Տուշպա, Տոսպ)։ Գոյություն է ունեցել մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Հիմնադիրն էր Արամեն (մ.թ.ա. 859 - մ.թ.ա. 843)։ Կան տարբեր տեսակետներ այս պետության հայկական լինելու մասին։ Դրանցից մեկի համաձայն՝ մ.թ.ա. 9-րդ դարում հիմնադրված այդ պետությունը հայկական չէր, թեև բնակչության բացարձակ մեծամասնությունը կազմել են հայկական ցեղերը (Արմե, Ուրմե, Սուբարտու, Նաիրի և այլն)։ Մեկ այլ տեսակետ գտնում է, որ Վանի թագավորությունը հայկական պետություն էր, իսկ նրան հաջորդած Երվանդունիների թագավորությունը դինաստիական փոփոոխություն էր երկրի ներսում։ Այս տեսակետի հիմքերից մեկը Ուրարտու և Արարատ եզրույթների նույնացումն է։ Առաջին վկայությունները Ուրուատրի ցեղախմբի մասին թվագրվում են մ.թ.ա. 13-րդ դարին՝ Ասորեստանի արձանագրություններում։ Սալմանասար Ա թագավորը (մ.թ.ա. 1266- մ.թ.ա. 1243) դեպի Հայկական լեռնաշխարհ կատարած արշավանքի արձանագրության մեջ նշում է, որ իր դեմ են դուրս եկել ութ միավորված երկրներ, որոնց նա հաղթել է, ավերել 51 բնակավայր, հափշտակել նրանց գերիներին և ունեցվածքը։ Հաջորդ վկայությունը կրկին գլուխ բարձրացրած այդ ցեղախմբի մասին է մ.թ.ա. 11-րդ դարում՝ Թիգլաթպալասար Ա թագավորի կողմից։ Երկու արձանագրություններում էլ Ասորեստանի թագավորները նշել են, որ հաղթել են նրանց և ավերել երկիրը (Վանա և Ուրմիա լճերի միջև)։ Եվս երկու դար անց՝ 9-րդ դարում, ուրարտացիները հիմնում են իրենց պետությունը, և նրա առաջին թագավոր Արամեն դիմակայում է ասորեստանցիներին և դրա մասին հայտնում արձանագրության մեջ։

Ուրարտական արձանիկ

Վանի թագավորությունը հզորության գագաթնակետին է հասել Մենուա (մ.թ.ա. 810-մ.թ.ա. 786), Արգիշտի Ա (մ.թ.ա. 786-մ.թ.ա. 764) և Սարդուրի Բ (մ.թ.ա. 764-մ.թ.ա. 735) թագավորների օրոք։ Նրանք ընդարձակում են թագավորության տարածքը Հայկական լեռնաշխարհի ցեղերի ու ցեղային միությունների հաշվին, իրենց ենթարկեցնում Ուրմեն (Տարոնը), Արմեն (Սասունը), Դայան (Տայքը), Արարատյան դաշտը և այլ տարածքներ։ Պետությունն ընդարձակում է իր սահմանները՝ շրջանցելով ախոյան Ասորեստանին՝ ներառելով Արևմտյան Իրանը, Հարավային Միջագետքը, ինչպես նաև Միջերկրական ծովի ափամերձ տարածքները՝ հասնելով Կիլիկիայի Ադանավանա (այժմ՝ Ադանա) քաղաքը։ Նրանց օրոք Արարատյան դաշտի տարածքում հիմնադրվել են Էրեբունի, Արգիշտիխինիլի, Թեյշեբաինի քաղաք-ամրոցները։ Էրեբունիի անվան հետ է ընդունված կապել Հայաստանի ներկայիս մայրաքաղաք Երևանի անունը։ Մ.թ.ա. 8-րդ դարի կեսերից սկսած տերությունն աստիճանաբար թուլանում է Ասորեստանի և Հյուսիսային Կովկասի ցեղերի հետ պատերազմների արդյունքում։ Մեծ վնաս են հասցնում սկյութները և կիմմերները։ Մ.թ.ա. 612 թվականին Մարաստանի և Բաբելոնի միացյալ զինված ուժերը գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն, և երկրի կործանումից հետո վերջին թագավորը ինքնասպան է լինում։ Ըստ Մովսես Խորենացու՝ նրանց միացել էր նաև հայոց նահապետ Պարույրը՝ հայկական ջոկատներով։ Վերջին թագավոր Ռուսա Դ-ն իշխել է մ.թ.ա. 609-մ.թ.ա. 590 (կամ 585) թվականներին, որից հետո Վանի թագավորությունը դադարել է գոյություն ունենալ։ Պարույր Սկայորդին (Հսկայորդի) հիմք է դնում հայկական պետականությանը։ Այսպիսով, Վանի թագավորության տարածքում հիմնադրվել է առաջին համահայկական պետությունը, որը Պարույրի որդու՝ Երվանդ Սակավակյացի անունով կոչվում է Երվանդունիների թագավորություն։

Վանի թագավորությունը Ռուսա Բ-ի կառավարման օրոք

Համաշխարհային պատմագիտության մեջ չկա մեկ ընդհանուր կարծիք ուրարտացիների և հայերի կապի մասին։ Հիմնական տարածված տեսակետը նրանց առանձնացումն է։ Այդ տեսակետի համաձայն՝ հայկական ցեղերը Հայկական լեռնաշխարհի տարածքում պետական կազմավորումից պետության մակարդակի են հասել միայն Ուրարտուի կործանումից հետո։ Հայկական ցեղերը և ցեղային միությունները գոյություն են ունեցել Ուրարտուի հիմնադրումից շատ առաջ՝ մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ընթացքում։ Ուստի, լեռնաշխարհի տարածքը դեռ վաղուց բնակեցված էր հայերով։ Այդպիսով, անժխտելի է, որ հայերը կամ նրանց անմիջական նախնիները բնակվել են Վանի թագավորության տարածքում։ Վերջինիս հաջորդել է զուտ հայկական ծագում ունեցող Երվանդունյաց թագավորությունը։ Ըստ լեզվաբանական տեսանկյունի՝ ուրարտերենը դասվում է խուրրա-ուրարտական լեզուների խմբին, մինչդեռ հայերենը հնդեվրոպական լեզու է։ Դրանք հաստատում են հարյուրավոր ուրարտական արձանագրությունները՝ հայտնաբերված ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլ նաև Թուրքիայի, Վրաստանի, Ադրբեջանի ու Իրանի տարածքում։ Մեկ այլ տեսակետ, հիմնվելով տարբեր սեպագիր արձանգրություններում Ուրարտու և Հայաստան եզրույթների նույնացմանը, Վանի թագավորությունը համարում է հայկական պետություն։ Ուրարտական դիցարանը համարվում է հայկական դիցարանի 4 խմբերից մեկը, որտեղ Խալդին նմանեցվում է Հայկին։ Իսկ ուրարտական գրերում գտնվել են բազմաթիվ նույնական բառեր՝ հայերենի հետ։

Ուրարտական արվեստի օրինակ

Լեզվական տեսանկյունից բացի՝ խիստ տարբերվում է ուրարտացիների հավատը։ Էրեբունի բերդի տարածքում, Մուծածիրում և այլուր հայտնաբերվել են ուրարտական դիցարանի աստվածություններին նվիրված տաճարներ ու արձաններ։ Գլխավոր աստվածն էր Խալդին։ Մինչդեռ հայկական հին (Հայկ նահապետ, Տորք Անգեղ, Աստղիկ և ուրիշներ) և նոր դիցարաններում (Արամազդ, Անահիտ, Վահագն և ուրիշներ) ուրարտական որևէ աստված չի հիշատակվում։ Բացի այդ, սեպագիր արձանագրություններում պահպանվել են նաև տեղեկություններ, ըստ որի՝ ուրարտական թագավորները մշտապես արշավանքներ են կատարել ըմբոստ հայկական գավառների դեմ, որոնցից աչքի էր ընկնում Ուրմե երկիրը (Տարոն)։ Ըստ մեկ այլ, քիչ տարածված վարկածի՝ Ուրարտուն կամ Արարատյան թագավորությունը ի սկզբանե եղել է զուտ հայկական կազմավորում, և մ.թ.ա. 6-րդ դարի սկզբում տեղի է ունեցել ընդամենը իշխող դինաստիայի փոփոխություն։

1rightarrow.png  Տես նաև Վանի թագավորության արքաների ցանկ 

Հայաստանը Երվանդունիների օրոք[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Երվանդյան Հայաստան


Արծաթյան պտյակ (ռիթոն) Երզնկայից

Մ.թ.ա. 612 թվականին Մարաստանի և Բաբելոնի միացյալ զինված ուժերը գրավում են Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մովսես Խորենացու համաձայն՝ նրանց հետ պայքարել են նաև հայոց նահապետ Պարույր Սկայորդու հայկական ջոկատները։ Առաջավոր Ասիայի մյուս խոշոր տերության՝ Վանի թագավորության կործանումը շուտով ևս իրականանում է։ Այսպիսով, Մերձավոր Արևելքում առաջատար դիրքեր են զբաղեցնում Նոր Բաբելոնի թագավորությունը և Մարաստանը։ Այսպիսի պայմաններում Վանի թագավորության անկման շրջանում՝ մ.թ.ա. 570-ական թվականներին Պարույր Սկայորդու որդին՝ Երվանդ Սակավակյացը հիմնում է առաջին համահայկական պետությունը՝ Երվանդունիների թագավորությունը։ Լեռնաշխարհի բոլոր հայաբնակ հողերը միավորվում են մեկ պետության մեջ։ Երվանդ Ա-ին հաջորդում է որդին՝ Տիգրան Երվանդյանը։ Մ.թ.ա. 550 թվականին պարսից զորավար Կյուրոս Մեծն ապստամբում է մարաց թագավոր Աժդահակի դեմ, սպանում նրան և հիմք դնում աշխարհի մինչ այդ եղած տերությունների խոշորագույնին՝ Աքեմենյան պարսկական կայսրությանը։ Մովսես Խորենացու Հայոց պատմության համաձայն՝ նրան օգնություն է տրամադրել նաև հայոց թագավորը, ով եղել է իր որսընկերը և մտերիմը։ Դրանով է բացատրվում Հայաստանի արտոնյալ դերը պարսկահպատակ տերությունների շարքում։ Նրանց մահից տարիներ անց՝ նոր գահ բարձրացած Դարեհ I-ի կառավարման առաջին տարիներին (մ.թ.ա. 522-մ.թ.ա. 520) Աքեմենյան կայսրության հպատակ ժողովուրդներն ապստամբություն են բարձրացնում։ Հայաստանում ընդվզումները ճնշելու համար պարսիկներն ուղարկում են 5 բանակ, որոնցից մեկը ղեկավարել է հայազգի Դադարշիշը։ Ըստ Բեհիսթունյան եռալեզու արձանագրության՝ միայն 5-րդ բանակն է կարողանում հաղթել հայերին և վերագրավել Հայաստանը։ Ընդ որում, արձանագրության 3 լեզուներից հին պարսկերենում Հայաստանը նշվում է որպես Արմենիա, էլամերենում՝ Հարմինա, բաբելոներենում՝ Ուրաշտու (Ուրարտու)։ Թեև Վանի թագավորությունը, որն ասորեստանցիներն անվանում էին Ուրարտու, վաղուց գոյություն չուներ։

Հայաստանը Երվանդունիների օրոք

Հույն պատմագիր Հերոդոտոսը, վկայակոչելով Հեկատեոս Միլեթացու աշխարհացույցը, մ.թ.ա. 6-5-րդ դարերում Հայաստանը ներկայացրել է միաձույլ, հայ ժողովրդով բնակեցված ընդարձակ երկիր, որի սահմանները հարավ-արևելքում տարածվել են մինչև Տիգրիսի վտակ Փոքր Զավ գետի ակունքները և Մարաստան, հարավում՝ մինչև Ադիաբենե (Ասորեստան), հյուսիս-արևմուտքում՝ մինչև Պոնտոս, արևմուտքում՝ մինչև Մեծ կամ Բուն Կապադովկիա, իսկ հարավ-արևմուտքում՝ մինչև Կիլիկիա։ Պատմագիրը Հայաստանի անբաժան մասն է համարում Եփրատից արևմուտք ընկած Պակտիկեն, որը համընկել է հին պարսկական արձանագրություններում հիշատակվող Կատպատուկա (հին հայկական աղբյուրներում՝ Կապուտկե, Կապուտկող, ավելի ուշ՝ Փոքր Հայք) երկրամասին։ Հերոդոտոսին ծանոթ Հայաստանը լիովին ընդգրկում էր Հայկական լեռնաշխարհի տարածքին։ Համաձայն Մար Աբաս Կատինային վերագրվող «Նախնական պատմության» (որի պատառիկները բանաքաղությամբ ավանդել է պատմահայր Մովսես Խորենացին), մ.թ.ա. 6-4-րդ դարերում Հայաստանում շարունակել են իշխել Արամի հիմնադրած Հայկազյան արքայատան ներկայացուցիչները։ Այն պատմագիտության մեջ հայտնի է որպես Երվանդունի կամ պարսկական տառադարձությամբ Օրոնտի դինաստիա։

Անահիտ աստվածուհու արձանը

Մ.թ.ա. 401 թվականին պարսից արքայազն Կյուրոս Կրտսերն ապստամբում է եղբոր դեմ՝ գահը գրավելու համար։ Նա Հունաստանից Իրան է հրավիրում 10 000 հույն վարձկան զինվորների՝ Քսենոփոն զորավարի գլխավորությամբ։ Պարտություն կրելով հունական զորքը Հայաստանի հարավային շրջաններով հեռանում է հայրենիք։ Լինելով պատմաբան Քսենոփոնը ներկայացնում է այդ ժամանակաշրջանի հայկական գյուղերի կենցաղը և ապրելակերպը։ Նա հայտնում է, որ գետնի մեջ փորված կարասների մեջ ջուր էր լցված, իսկ մակերեսին լողում էին գարու հատիկներ։ «Գարեջուրը» ըմպում էին եղեգնյա ձողերով, որն սկսնակի համար անսովոր էր, բայց հաճելի խմիչք։

Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներից և մ.թ.ա. 331 թվականին Աքեմենյան տերության անկումից հետո, Հայաստանում գահակալող Երվանդ Գ-ն (Օրոնտես) իրեն հռչակել է անկախ թագավոր (մ.թ.ա. 331-մ.թ.ա. մոտ 300)։ Հայաստանի վարչաքաղաքական կենտրոը տեղափոխվում է Արարատյան դաշտ, և նոր մայրաքաղաք է դառնում Վանի թագավորության Արգիշթիխինիլիի տեղում կառուցված հայկական Արմավիր քաղաքը։ Մինչ այդ նա պարսկական զորքի կազմում մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին։ Հայկական մեկ այլ զորահրամանատար Միթրաուստեսը հռչակում է Փոքր Հայքի անկախությունը։ Այսպիսով, Հայաստանը պետականության գոյության 3-րդ դարում բաժանվում է 2 անհավասար մասերի․ Եփրատ գետից արևմուտք և հյուսիս տարածվում է Փոքր Հայքը (նախկին Հայասա-Ազզի), իսկ արևելք ընկած ողջ երկիրը հայտնի է դառնում որպես Մեծ Հայք։ Ավելի ուշ Երվանդունիների կրտսեր ճյուղերն իրենց իշխանությունն են հաստատում Ծոփքի և Կոմմագենեի տարածքներում՝ որպես առանձին, անջատ պետություններ։ Թուլացած և տրոհված Հայաստանն ի վիճակի չէր դիմագրավել արտաքին թշնամուն։

Հայի պատկեր, Պերսեպոլիսի բարձրաքանդակներից

Մ.թ.ա. 201 թվականին Սելևկյան արքա Անտիոքոս Գ Մեծը Հայաստան է ուղարկում մեծաքանակ զորքեր՝ հայ զորավար Արտաշեսի գլխավորությամբ։ Հայկական բանակը պարտություն է կրում, իսկ հայոց թագավոր Երվանդ Դ-ն (մ.թ.ա. 220- մ.թ.ա. 201), սպանվում է ճակատամարտում։ Արտաշեսը նրան արքայավայել թաղում է։ Հայաստանը 10 տարով դառնում է Սելևկյան պետության մասը՝ սատրապություն՝ նոր մայրաքաղաք Արմավիր կենտրոնով։ Խոշոր քաղաք էր նաև երրորդ մայրաքաղաքը՝ Երվանդաշատը, որը կրում էր վերջին թագավորի անունը։ Ծոփքում Շամ (Սամոս) Երվանդունին կառուցել է Սամոսատ քաղաքը, իսկ նրա որդի Արշամը՝ Արշամաշատը։ Սելևկյան տերությանն են միացվում նաև հայկական մյուս թագավորությունները՝ Փոքր Հայքը, Ծոփքը, Կոմմագենեն։ Սակայն օտար տիրապետությունը Հայաստանում երկար չի տևում։ Արևմուտքում ձևավորվում էր նոր գերտերություն՝ Հռոմեական հանրապետությունը։ Մեկ տասնամյակ անց՝ մ.թ.ա. 190 թվականին, Փոքր Ասիայի ծովափնյա Մագնեսիա քաղաքում տեղի է ունենում ճակատամարտ, որում հռոմեացիները հաղթում են Անտիոքոս արքայի բանակին։ Մ.թ.ա. 189 թվականին Արտաշեսը, իրեն ներկայացնելով Հայաստանը 4 դար կառավարած Երվանդունիների արքայատոհմի ներկայացուցիչ, ազատագրում է Հայաստանը, ընդարձակում նրա սահմանները, կառուցում նոր մայրաքաղաք Արտաշատը և հիմնում Արտաշեսյան արքայատոհմը։

1rightarrow.png  Տես նաև Երվանդունիներ 

Հայաստանն Արտաշեսյանների օրոք[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արտաշեսյանների թագավորություն


Մ.թ.ա. 201 թվականին Սելևկյան հայ զորովարներ Արտաշեսը և Զարեհը արշավում են Մեծ Հայքի և Ծոփքի վրա։ Նրանք վերջ են տալիս տեղի Երվանդունիների իշխող սերունդներին և հաստատում իրենց սատրապական իշխանությունը։ Մեկ տասնամյակ անց Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը՝ Ծոփքում, իրենց հռչակում են անկախ թագավորներ։ Դրա առիթը մ.թ.ա. 190 թվականին Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյան թագավոր Անտիոքոս Գ Մեծի պարտությունն էր։ Հռոմեական Հանրապետությունը ճանաչում է նորանկախ երկրները։ Այդպիսով, Հայաստանում 400 տարի իշխած Երվանդունիների դինաստիային փոխարինելու է գալիս Արտաշեսյանների հարստությունը (մ.թ.ա. 189-մ․ թ․ 1)։

Արտաշես ԱՄեծ Հայքի թագավորությունը դարձնում է Առաջավոր Ասիայի հզորագույն պետություններից մեկը։ Առաջին քայլը հայկական հողերի միավորումն էր իր դրոշի ներքո։ Հյուսիսում Մեծ Հայքին է միացվում վրացական թագավորության կողմից բռնագրավված Գուգարքը և Կղարջքը, հարավում՝ Տմորիքը, արևմուտքում՝ Կարինը և Դերջանը, իսկ արևելքում՝ Պարսկահայքը, Փայտակարանը, Պարսպատունիքը։ Այդպիսով, Մեծ Հայքի սահմանները մոտենում են հայկական էթնոսի տարածման շրջաններին՝ ներառելով գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը։ Հայկական մնացած հողերը Ծոփքի և Փոքր Հայքի թագավորությունների կազմում։ Հաջորդ կարևոր քայլը Հյուսիսային Կովկասից արշավող ցեղերի դեմ ճակատամարտ տալն էր։ Արտաշես Ա-ն հաղթում է ալաններին և գերի վերցնում նրանց արքայազնին։ Ապա ամուսնանում է ալանաց արքայադուստր Սաթենիկի հետ, խաղաղություն հաստատում նրանց հետ և ամրացնում պետության սահմանները։ Ռազմական բարեփոխումների վերջին քայլը 4 զորավարությունների ստեղծումն էր՝ հորիզոնի կողմերին համապատասխան։

Մեծ Հայքի սահմանները Արտաշես Ա-ի օրոք

Արտաշես թագավորը ագրարային ռեֆորմ իրագործեց և համայնական ու մասնավոր հողերը սահմանազատելու համար հրամայեց կանգնեցնել հողաբաժան սահմանաքարեր։ Նրա օրոք զարգացավ հողագործությունը, արհեստները և առևտուրը։ Արարատյան դաշտում՝ Արաքսի ափին, նա հիմնադրում է նոր մայրաքաղաք, որն իր անունով կոչվում է Արտաշատ։ Այն ոչ միայն աշխարհիկ, այլև հոգևոր կենտրոն էր։ Նրա հովանավորն էր մայրության պտղաբերության աստվածուհին՝ Անահիտը։ Մայրաքաղաքը զարդարվում է արձաններով, այգիներով, կառուցվում են տաճարներ ու պալատներ, միջնաբերդ։ Քաղաքը երեք կողմից շրջապատված էր Արաքսի ջրերով։ Այժմ քաղաքի տեղում կանգնած է Խոր վիրապ եկեղեցին։ Արտաշատը այնքան մեծ և ճոխ էր, որ հռոմեացի զորավար Լյուցիոս Լուկուլլոսը այն անվանում է «Հայկական Կարթագեն»։ Բացի այդ, քաղաքի կառուցման վայրն ընտրել և նրա նախագծմանը մասնակցել էր կարթագենցի նշանավոր զորավար Հաննիբալը։ Մ.թ.ա. 2-րդ դարում կառուցված Արտաշատը դարձավ տնտեսական և մշակութային հզոր կենտրոն, միջազգային տարանցիկ առևտրի հանգուցակետ։ Հնագիտական պեղումները վկայում են այն մասին, որ քաղաքը հսկայական տարածք է զբաղեցրել։ Հայտանբերվել են զենքեր, աշխատանքի գործիքներ, կավե և ապակե իրեի, դրամի նմուշներ և ուշ հելլենիզմի լավագույն նմուշներից մեկը հանդիսացող «Արտաշեսյան Աֆրոդիտեի» արձանիկը։ Իր բարեփոխումների համար թագավորը ժողովրդի կողմից հորջորջվում է «Արտաշես Բարեպաշտ»։

Պլուտարքոսը Արտաշատի համար ասել է.

Aquote1.png Կարթագենցի Հանիբալը գնաց Արտաշես արմենի արքունիքը, որին բազում պիտանի խորհուրդներ ու հրահանգներ տվեց։ Բացի այդ, նկատելով չօգտագորված ու լքված, սակայն բացառիկ հարմարագույն և ակնահաճո մի վայր, նա այդ տեղում ուրվագծելով քաղաքի հատակագիծը, կանչեց Արտաշեսին և ցույց տալով նրան այդ վայրը՝ համոզեց քաղաք կառուցել այստեղ... Aquote2.png
հայ զինվորներ, Արտաշեսյան թագավորություն

Արտաշես I-ի գահակալության օրերի մասին Մովսես Խորենացին գրում է.

Aquote1.png Բոլոր առաքինություններից և ճշմարիտ գործերից հետո Արտաշեսը հրամայում է գյուղերի և ագարակների սահմանները որոշել... հրամայեց տաշել քառակուսի ձևով քարեր, մեջները պնակի նման փոսացնել և թաղել հողի մեջ, իսկ նրանց վրա կառուցել քառակուսի կոթողներ... Aquote2.png

Հայաստանը Արտաշեսյանների օրոք իր հզորության գագաթնակետին հասավ Արտաշես Ա-ի թոռան՝ Տիգրան Մեծի օրոք (մ.թ.ա. 95- մ.թ.ա. 55)։ Նա իր թագավորության 2-րդ տարում՝ մ.թ.ա. 94 թվականին, Մեծ Հայքին միացրեց Ծոփքը, որտեղ իշխում էր Զարեհի հետնորդ Արտաշեսը և ազատագրեց պարթևականների տիրապետության տակ գտնվող հայկական հողերը՝ «70 հովիտները» (Փայտակարան և ՊարսկահայքՄ.թ.ա. 83 թվականին, տեղի բնակչության խնդրանքով, Տիգրան Մեծը հաղթական շքերթով մտավ Սելևկյանների մայրաքաղաք Անտիոք։ Այն ուներ ավելի քան կես միլիոն բնակչություն։ Տիգրան Մեծը գրավելով Փյունիկիան, Դաշտային Կիլիկիան՝ մոտեցավ Պաղեստինի սահմաններին։ Այդ ժամանակաշրջանի պետությունը ավանդաբար կոչվում է «Ծովից ծով Հայաստան»: Հռոմեացի պատմիչ Ապպիանոսի խոսքով՝ Տիգրանը ստացավ «Արքայից Արքա» տիտղոսը։ Դա տեղի է ունենում այն ժամանակ, երբ Տիգրան Մեծը հաղթում է պարթևական թագավորին և գրավում նրա տարածքները՝ ընդհուպ մինչև արքայական ամառանոց Էքբատան (Համադան) քաղաքը։ Մեկ այլ հռոմեացի պատմիչ Հուստիանոսն այն ժամանակվա Հայաստանի մասին գրել է.

Aquote1.png Չի կարելի լռությամբ անցնել այնպիսի մեծ թագավորության կողքից, ինչպիսին է Հայաստանը, քանի որ նրա սահմանները, Պարթևստանից հետո, իրենց ընդարձակությամբ գերազանցում են բոլոր մյուս թագավորությունների սահմանները, ընդ որում՝ Հայաստանը Կապադովկիայից մինչև Կասպից ծով տասնմեկ հազար քայլ տարածություն ունի, իսկ լայնքով նրա երկարությունն է յոթ հազար քայլ։ Aquote2.png

Տիգրան Մեծի օրոք բուն կերպով զարգացավ մետաղագործությունը, կավագործությունն ու ապակեգործությունը։ Հատվեց դրամ թագավորի պատկերով, իսկ մ.թ.ա 80 թվականին Հայկական Տավրոսի մատույցներում հիմնվեց նոր մայրաքաղաք՝ Տիգրանակերտը, որը շրջափակված էր բարձր բերդապարիսպներով։ Տիգրանակերտն ու Արտաշատը միմյանց հետ կապված էին հատուկ մայրուղով, որը կոչում էին «Թագավորական ճանապարհ»։ Մ.թ.ա. 69 թվականին մայրաքաղաքը գրավվեց հռոմեացի Լուկուլլոսի կողմից։ Լուկուլլոսին այդ հարցում օգնել են Տիգրան Մեծի իշխանությունից դժգոհ տարրերը։ Այդ մասին է հավաստում Դիոն Կասսիոսը.

Aquote1.png Տիգրանակերտը գրավվեց այնտեղ բնակեցված օտարների ապստամբության հետևանքով, քանզի նրանց մեծ մասը կիլիկիացիներ էին, որոնք մի ժամանակ տեղահանվել էին իրենց երկրից, և այժմ գիշերով հռոմեացիներին ներս թողեցին։ Այնուհետև մնացած ամեն ինչը հափշտակվեց, բացի կիլիկիացիների ունեցվածքից... Aquote2.png
Հայաստանը Տիգրան Մեծի օրոք

Մ.թ.ա. 68 թվականին Տիգրան Մեծը Միհրդատ Պոնտացու և իր փեսայի՝ Ատրպատականի թագավոր Միհրդատի օգնությամբ Արածանի գետի ափերին ջախջախեց Լուցիոս Լուկուլլոսի գլխավորած հռոմեական բանակը։ Հռոմեացիները չկարողացան հաշտվել այդ մտքի հետ և Լուկուլոսին պաշտոնաթող արեցին և նրա տեղը Հայաստան ուղարկեցին Պոմպեոսին։ Մ.թ.ա. 66 թվականին Հայաստանը շատ ծանր հաշտության պայմանագիր կնքեց, որի արդյունքում Տիգրան Մեծը հրաժարվեց իր նվաճած հողերից, և Հայաստանը պարտավոր էր տարեկան 600 տաղանդ ռազմատուգանք վճարել և հարկ եղած դեպքում Հռոմին օգնել զորքով։

Արտաշեսյանների հարստության վերջին հիշարժան ներկայացուցիչը եղել է Տիգրան Մեծի որդին՝ Արտավազդ Բ (մ.թ.ա. 55-34) թագավորը։ Նրա օրոք զգալի վերելք ապրեց մշակույթը։ Մ.թ.ա. 53 թվականին, երբ Մարկոս Կրասսոսը ռազմական օգնություն պահանջեց Արտավազդից ըստ մ.թ.ա. 66 թվականի պայմանագրի, հայոց արքան ոչ միայն այն մերժեց, այլ պարթևականների հետ միանալով հռոմեական զորքին պարտության մատնեց։ Կռվում Կրասոսը զոհվեց։ Սակայն հռոմեացիները պարտության հետ չհաշտվեցին և Մարկոս Անտոնիոսի գլխավորությամբ զորք ուղարկեցին պարթևների վրա՝ հայերին ստիպելով դաշնկցել իրենց հետ։ Սակայն հռոմեական զորքերը պարտություն կրեցին և Անտոնիոսը պարտության մեղքը բարդեց հայերի վրա և խաբեությամբ կարողացավ ձերբակալել հայոց արքային, թագուհուն և նրանց երկու որդիներին։ Անտոնիոսն իր գերիներին հանձնեց Կլեոպատրային։ Դիոն Կասսիոսն այս մասին գրել է.

Aquote1.png Անտոնիոսը վերադարձավ Եգիպտոս, իր հետ տանելով թե այլ առատ ավար և թե արմենին՝ իր կնոջ ու որդիների հետ... և բացի այն ամենից, որ նա շնորհեց Կլեոպատրային, նրան բերեց ընտանյոք հանդերձ նաև արմենին, որը ոսկե կապանքների մեջ էր։ Ստիպում էին, որ հայոց թագավորը գլուխ խոնարհի Կլեոպատրային, բայց նա և ընտանիքը հպարտ պահեցին իրենց և «վեհամիտ մարդկանց» համբավ շահեցին, բայց և նույն պատճառով ենթարկվեցին չարչարանքների։ Aquote2.png

Մ.թ.ա. 20 թվականին հռոմեացիները Օկտավիանոս Օգոստոսի գլխավորությամբ արշավեցին Հայաստան, դավադրաբար սպանեցին Արտավազդ Բ-ին (մ.թ.ա. 34-մ.թ.ա. 20)։ Եվս 20 տարի Հայաստանում հիշվում էին Արտաշեսյան դինաստիայի դրածո ներկայացուցիչները։ Նրանք կրում էին «արքայից արքա» տիտղոսը։ Մ.թ. 1 թվականին Արտաշեսյանները հեռացան պատմության թատերաբեմից [5]։ Թեև Հայաստանը պահում էր իր քաղաքական, տնտեսական, ռազմական ու մշակութային ինքնուրունությունը, սակայն մոտ 50 տարի՝ մ. թ. 1- մ. թ. 52 թվականներին հայոց գահին բազմում էին Հռոմի դրածո վրաց թագավորները կամ պարթևների դրածո Ատրպատականի արքաները։

Հայաստանն Արշակունիների օրոք[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արշակունիների թագավորություն
Գառնիի տաճարը, 77 թվական

Մեր թվարկության առաջին դարում հայոց պատմության մեջ նոր էջ է բացվում։ Կործանված Արտաշեսյանների դինաստիային փոխարինելու է գալիս պարթևական ծագում ունեցող Արշակունիների հարստոթյունը։ Նրանք երկիրը կառավարում են շուրջ 4 դար՝ մինչև 428 թվականը։ Պարթևստանի թագավոր Վաղարշ Արշակունին 52 թվականին Արտաշատում գահին է բազմեցնում եղբորը՝ Տրդատին։ Սկզբնական շրջանում Հռոմի կայսր Ներոնը չի ճանաչում Տրդատի իշխանությունը, թեև այն հատատվել էր հայոց ավագանու կողմից։ 54 թվականին սկսվում է երկարատև մի պատերազմ Հռոմի և Պարթևստանի միջև, որի թատերաբեմ է դառնում Հայաստանը։ 59 թվականին հռոմեացի զորավար Կորբուլոնի զորքերը գրավում և ավերում են Արտաշատը, իսկ մինչ այդ Տիգրանակերտը։ Պարթևա-հայկական զորքերը պատասխան ճակատամարտ են տալիս 62 թվականին՝ Հռանդեայի դաշտում։ Հռոմեական զորքը անցնում է երեք նիզակից կազմված պարտության կամարի տակով։ Հռանդեայի ճակատամարտի հաջորդ տարում՝ 63 թվականին, Ներոնը հետ է վերադարձնում հայոց թագը, զորքերը դուրս է բերում հայոց երկրից։ Տրդատը մեծ շքախմբով մեկնում է Հռոմ, թագադրվում որպես հայոց արքա և պարգևներով վերադառնում Արտաշատ՝ որպես Տրդատ Ա Արշակունի (66-88)։ Արտաշատը Հռոմի կայսեր միջոցներով վերակառուցվում է, վերանվանվում Ներոնեա:

Հայաստանը Արշակունիների օրոք, գազարագույնով նշված է Մեծ Հայքի թագավորության տարածքը

Արշակունիների օրոք հռոմեա-պարթևական պատերազմները շարունակվում են։ 2-3-րդ դարերում, այնուամենայնիվ, Հայաստանի տնտեսական ու մշակութային կյանքը շարունակում է զարգանալ։ Դրա հիմքը դրվում է Տրդատ Ա-ի օրոք։ Արտաշատի վերակառուցումից բացի հիմք է դրվում նոր շինությունների կառուցմանը։ 77 թվականին Գառնիում կառուցվում է հեթանոսական տաճար, արքայական պալատ, բաղնիք և այդ ամենի շուրջ շարվում են բարձր և ամուր պարիսպներ։ Հռոմի հայտնի Կոլիզեյը կառուցվել է դրանից երեք տարի անց՝ 80 թվականին։ Հիմնվում են նոր քաղաքներ՝ Զարեհավանը, Զարիշատը, նոր մայրաքաղաք Վաղարշապատը։ Նոր շուք են ստանում և աշխուժանում Արտաշատը, Տիգրանակերտը, Վանը, Արմավիրը։ Կառուցվում են նոր բերդեր և ամրոցներ։ 4-րդ դարում Հայաստանում տեղի են ունենում երկու դարակազմիկ փոփոխություններ՝ ընդունվում է քրիստոնեությունը՝ որպես պետական, պաշտոնական կրոն, և անցում է կատարվում ավատատիրական (ֆեոդալական) հասարակարգին։

301 թվականին՝ Տրդատ Գ Մեծ (287-330) Արշակունու օրոք, Հայաստանում ընդունվում է քրիստոնեությունը։ Հայոց թագավորը հայկական եկեղեցու առաջնորդ Գրիգոր Լուսավորչի հետ քանդում է երկրով մեկ տարածված տաճարները և մեհյանները, դրանք վերածում եկեղեցիների։ Այսօր կանգուն է միայն Գառնիի հեթանոսական տաճարը, որը նվիրված էր լույսի և գիտության աստված Միհրին։ Հաջորդ արքան՝ Խոսրով Գ Կոտակը (330-338), կառուցում է հայոց նոր մայրաքաղաք Դվինը, որի շրջակայքում տնկվում է Խոսրովի արհեստական անտառը։

Հայաստանում սկսում են հաստատվել ավատատիրական կարգեր։ Նախկին՝ ստրկատիրական հասարակարգը բաղկացած էր ստրուկներից և ստրկատերերից, չկար ժառանգության սկզբունքը։ Թագավորը երկրի հողերը բաժանում էր շրջանների, որոնց ղեկավար էր նշանակում իր իշխանության հավատարիմ, ճակատամարտերում աչքի ընկած զորահրամանատարներին։ Նրանցում աշխատում էին ազատ գյուղացիները։ Գյուղերի կողքին կային ագարակներ և դաստակերտներ, որտեղ հիմնական աշխատող ուժը պատերազմում գերի վերցված ստրուկներն էին։ Նոր հասարակարգի պայմաններում ստրկատեր-զորավարները իրենց գավառները սկսում են կառավարել ժառանգության սկզբունքով։ Հորից ավագ որդուն անցնող կալվածքը կոչվում էր հայրենիք: Դրա հետ մեկտեղ գյուղացիների և ստրուկների միջև եղած տարբերությաւոննը վերանում է, բոլորը դառնում են ոչ ազատ։ Ազատ խավի համար նրանք պարտավոր էին վճարել տասանորդը՝ բերքի 1/10 մասը, մասնակցել իշխանի դղյակների ու բերդերի կառուցմանը, կամուրջների և ճանապարհների կառուցմանը։ Այսպիսով՝ ամբողջ պետության տարածքում թագավորի անսահմանափակ իշխանությունը թուլանում է։ Երկրի կառավարման գործում մեծ դեր է հասնում զորանամակին։ Հիմնական պաշտոնները անցնում են հետևյալ նախարարական տներին՝

Դվին. հրապարակը ու կաթողիկոսանիստ եկեղեցին

226 թվականին Իրանում տեղի է ունենում դինաստիական փոփոխություն. պարթև Արշակունիներին փոփարինելու են գալիս Սասանյանները։ Վերջիններս սկզբից ևեթ թշնամական վերաբերմունք են ցուցաբերում Հայաստանի և այն կառավարող Արշակունիների հարստության դեմ։ Առանձնապես սրվում են հակասությունները Հայաստանի՝ քրիստոնեություն ընդունելուց հետո։ Հերթական հայ-պարսկական պատերազմը տեղի է ունենում 364 թվականին։ Այդ ժամանակ Իրանում իշխում էր պարսից շահ Շապուհ II Երկարակյացը (309-379), իսկ Հայաստանում՝ Արշակ Բ-ն (350-368)։ Պատերազմի պատճառը հայոց թագավորի կենտրոնաձիգ իշխանության քաղաքականությունն էր։ Նա Արարատի հարավային լանջերին հիմնում է Արշակավան քաղաքը, բոլորին հրավիրում գալ և բնակվել այդտեղ։ Ոչ ազատ խավի հարյուրավոր ներկայացուցիչներ փախչում են իրենց կալվածատերերց և հանգրվանում Արշակավանում։ Արշակ թագավորը արտոնություն է տալիս տեղի բնակիչներին, որն էլ շարժում է երկրի հոգևորականների և ավատատերերի զայրույթը և նրանք ուժեր հավաքելով հարձակվում են քաղաքի վրա և 3 օրում այն ավերում են։ Հայ նախարարների մի մասը անցնում է պարսիկների կողմը։ Երկրի ներքին լարվածությունից օգտվելով պարսից Շապուհ II թագավորը զորք է ուղարկում Հայաստան։ Հայոց թագավորը սպարապետ Վասակ Մամիկոնյանի հետ պայքարում է թշնամու դեմ։ Հաշտություն կնքելու պատրվակով 368 թվականին Շապուհը նրանց կանչում է մայրաքաղաք Տիզբոն։ Վասակին դավադրաբար սպանում են, իսկ հայոց արքան բանտում ինքասպանություն է գործում։ Փառանձեմ թագուհին մինչև գերի ընկնելը Արտագերս ամրոցում 13 ամիս հերոսական դիմադրություն է ցույց տալիս։ Պարսիկներն ավերում են Հայաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքները՝ Արտաշատը, Վաղարշապատը, Երվանդաշատը, Զարեհավանը, Զարիշատը և Վանը։ Շուտով գրավում է նաև Արտագերսը։

Հռոմեացիների օգնությամբ հայոց գահին է բազմում Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին՝ Պապը (368-374)։ Նրա գահակալությունը հաստատվում է Ձիրավի ճակատամարտում (371) պարսիկների դեմ տարած հաղթանակից հետո, որում աչքի է ընկնում Վասակ Մամիկոնյանի որդի Մուշեղ սպարապետի զորավարական տաղանդը։ 387 թվականին գահակալական պայքարի արդյունքում առաջին անգամ Հայաստանը բաժանվում է Հռոմի և Պարսկաստանի միջև։ Մեծ Հայքի արևմտյան նահանգները մտնում են Հռոմեական կայսրության կազմի մեջ։ Այնտեղ թագավոր է նշանակվում Պապի որդի Արշակ Գ-ն։ Արևելյան և կենտրոնական Հայաստանում, որն անցել էր Իրանի տիրապետության տակ, պարսկամետ իշխանները գահ են բարձրացնում Խոսրով Դ Արշակունուն (387-389)։ Նրա եղբայր Վռամշապուհի (389-415) օրոք՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցը ստեղծում է հայերենի այբուբենը։ Գրերի գյուտը և նոր դպրոցների բացումը մեծ օժանդակություն է ստանում հայոց արքայի և ժամանակի կաթողիկոս Սահակ Պարթևին կողմից։ Երկրով մեկ՝ Արցախում, Ուտիքում, Վասպուրականում, Տուրուբերանում, Գուգարքում, Սյունիքում բացվում են հայկական դպրոցներ։

Արշակունիների դինաստիան Արևմտյան Հայաստանում Արշակ Գ-ի մահից հետո, իսկ Արևելյան Հայաստանում՝ 428 թվականին։ Պարսկամետ իշխանները դիմել էին Իրանի շահին՝ ասելով, որ իրենց այլևս հայ թագավոր պետք չէ, փոփարենը որևէ պարսիկ վերակացու թող գա և ղեկավարի իրենց [6]։ Հայաստանի ծայրագավառնրը անցնում են հարևան երկրներին. Արցախը և Ուտիքը՝ Աղվանքի թագավորությանը, Գուգարքը՝ Վրաստանին, Փայտակարանը և Պարսկահայքը՝ Ատրպատականին։ Հայ ժողովուրդը կորցնում է իր պետականությունը ավելի քան 450 տարով, թեև չի կորցնում իր ինքնուրույնությունը Սասանյան Պարսկաստանի (Հայաստանի մարզպանություն), ապա Բյուզանդիայի, ավելի ուշ Արաբական խալիֆայության (Արմինիա կուսակալություն) կազմում։

Պարսկա-բյուզանդական շրջան[խմբագրել]

428 թվականին Հայաստանը կորցնում է պետականությունը։ Այդ ժամանակ երկիրը բաժանված էր ժամանակի երկու հզորագույն պետությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Բյուզանդական մասում ինքնուրույնությունը վերանում է Արշակ Գ թագավորի մահից հետո (389), իսկ պարսկական մասում Արշակունիների անկումից հետո (428) հայ իշխանների ինքնուրույնությունը որոշ չափով պահպանվում է։ Թեև Արևելյան Հայաստանում մարզպան էին նշանակվում հիմնականում պարսիկներ, սակայն հայ իշխանները պահպանում էին իրենց դիրքը, իր ազդեցությունը չէր կորցնում հայոց եկեղեցին։ Այնուամենայնիվ, Հայաստանի մարզպանության ստեղծումը բացասական երևույթ էր հայոց պատմության մեջ։ Առաջին հերթին՝ տարածքային ամբողջականությունը չէր պահպանվել. արևմտյան նահանգները (Բարձր Հայք, Ծոփք, Աղձնիք) անցել էին Բյուզանդիային, հյուսիսը (Գուգարք, մասամբ՝ ՏայքՎրացական թագավորությանը, արևմուտքում ընդարձակվել էին Աղվանքի սահմանները Արցախի և Ուտիքի հաշվին, իսկ հարավային գավառները (Փայտակարան, Պարսկահայքի և Կորճայքի մեծ մասը)՝ անցել էին Ատրպատականին։ Հայաստանի մարզպանի իշխանությունը, այսպիսով, տարածվում էր կենտրոնական մի քանի նահանգների վրա, թեև հայոց կաթողիկոսի հոգևոր իշխանության տակ էր ամբողջ Հայաստանը, ինչպես նաև՝ աղվանից ու վրաց երկրները։ Երկրորդ՝ Հայաստանի քաղաքային բնակչության մի ստվար հատված բռնագաղթեցվել էր Պարսկաստան։ Հազարավոր մարտիկներ ուղարկվում էին Միջին Ասիա՝ պայքարելու Սասանյանների թշնամիների դեմ։ Հայ ժողովրդի համբերության բաժակը լցվում է այն ժամանակ, երբ հեթանոս պարսիկները դիպչում են հայերի ամենանվիրական զգացմունքներին՝ հավատին, փորձում կրոնափոխ անել քրիստոնյա հայերին։

Հովհաննես Այվազովսկի. Վարդան Մամիկոնյանը՝ աղոթելիս, Ավարայրի ճակատամարտից առաջ

Հայոց սպասապետը կարգավորում էր հայ նախարարների ընդհանուր զորաբանակը։ Նրա պաշտոնը ավանդաբար շարունակում էր մնալ Մամիկոնյան ընտանիքին։ 5-րդ դարի կեսերին մարզպանի պաշտոնում նշանակվում է մեկ այլ ազդեցիկ նախարարական տոհմի ներկայացուցիչ՝ Վասակ Սյունին։ Իրենց հզոր դիրքերը շարունակում էին պահպանել Արծրունիները, Գնունիները, Խորխոռունիները։ 449 թվականին Հազկերտ Բ-ն հատուկ հրովարտակով հայ ավագանուց պահանջում է ուրանալ քրիստոնեությունը և ընդունել զրադաշտականությունը, որով հայերը կզատվեին հարևան բյուզանդացիներից և աստիճանաբար կձուլվեին պարսիկներին։ Հայ իշխանների կողքին կանգնեց հայ եկեղեցին։ Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու գլխավորությամբ հրավիրվում է Արտաշատի ժողովը։ 450 թվականին Արևելյան Հայաստանում բարձրացվում է հակապարսկական առաջին խոշոր ապստամբությունը, որը պատմության մեջ հայտնի է որպես Վարդանանց պատերազմ։ 451 թվականի մայիսի 26-ին Վասպուրականում՝ Ավարայրի դաշտում՝ Տղմուտ գետի ափին, հայկական 66 հազարանոց բանակը ճակատամարտ է տալիս պարսկական 200 հազարանոց բանակին։ Պարտություն չկրելով՝ հայերը ամրապնդում են իրենց դիրքերը պարսկահպատակ ժողովուրդների շարքում։ Հակապարսկական բազում այլ ապստամբությունների շարքում հայտնի էր հատկապես Վահանանց պատերազմը (481-484)։ Դրա հաղթական ավարտից հետո սպարապետ Վահան Մամիկոնյանը պարսից շահի կողմից ճանաչվում է Հայաստանի տանուտեր: Դվինում նրան դիմավորում են մեծ շուքով։

Վահան Մամիկոնյանի մուտքը Դվին

6-րդ դարում հայ նախարարները ևս զենք են վերցնում պարսկական բռնակալության դեմ։ Նրանց կողքին կանգնում է Բյուզանդական կայսրությունը։ 571 թվականին հայոց սպարապետ Վարդան Մամիկոնյանը (Կարմիր Վարդանը կամ Վարդան Կրտսերը) գլխավորում է հակապարսկական ապստամբությունը, որի ավարտին նոր պատերազմ է սկսվում Բյուզանդիայի և Սասանյան Պարսկաստանի միջև (572-591591 թվականին կնքված հաշտության պայմանագրով Հայաստանի մեծագույն մասը, ինչպես նաև Վրաստանը, անցնում են Բյուզանդական կայսրությանը։ Դա Հայաստանի երկրորդ բաժանումն էր 2 խոշոր տերությունների միջև, որոնցից մեկը դարձյալ Սասանյան Պարսկաստանն էր, մյուսը՝ Հռոմեական կայսրության ժառանգորդ Բյուզանդիան։ Պարսկա-բյուզանդական մրցապայքարը Հայաստանի համար շարունակվել է մինչ արաբական արշավանքները (630-ական թվականներ)։

Միջին դարերի պատմություն[խմբագրել]

Արաբական շրջան[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արմինիա կուսակալություն

7-րդ դարում հեռավոր Արաբական թերակղզում տեղի են ունենում դարակազմիկ փոփոխությոուններ։ Մինչ այդ քոչվոր ու կիսաքոչվոր անասնապահությամբ զբաղվող արաբական ցեղերը միավորվում են իսլամի կանաչ դրոշի ներքո և հիմնադրում են Արաբական խալիֆայությունը։ Պատմության ասպարեզում նոր հայտնված այդ պետությունը պայքար է սկսում ժամանակի երկու տերությունների՝ Բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի դեմ։ Դարավոր պատերազմներում ուժասպառ եղած այդ կայսրությունները ի վիճակի չեն գնում դիմակայել նոր ուժին։ 642 թվականի Նիհավանդի ճակատամարտում արաբները վերջնականապես հաղթում են պարսիկներին, կործանում շահական պետությունը։ Բյուզանդիայի տարածքը չորս անգամ կրճատվում է. արաբներին են անցնում Սիրիան, Պաղեստինը, Եգիպտոսը, Հյուսիսային Աֆրիկան։ Արևմուտքում արաբները շարունակում են նվաճումները, մտնում Պիրենեյան թերակղզի, հասնում Ֆրանսիայի սահմաններին։ Մինչ այդ արևելքոում Արաբական խալիֆայության սահմանը հասնում է Չինաստանին՝ ներառելով Միջին Ասիան ու Արևմտյան Հնդկաստանը (Ինդոս գետի հովիտը

640 թվականին արաբական զորքերը առաջին անգամ արշավում են Հայաստան։ Արարատյան դաշտում երկրագործական խաղաղ աշխատանքով զբաղված բնակչությունը հանկարծակիի է գալիս՝ տալով մեծ կորուստներ։ Մայրաքաղաք Դվինը հրկիզվում է և ավերի ենթարկվում։ Երկրորդ հարձակումը տեղի է ունենում 642-643 թվականներին։ 650 թվականին արաբները կրկին սկսեցին իրենց ասպատակությունները և այս անգամ նրանք հարձակվեցին Երևան քաղաքի վրա, բայց բերդը մնաց աննկուն։ Հայ նախարարները սպարապետ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ զենք վերցրին նրանց դեմ։ Արաբական արշավանքները կասեցնելու նպատակով սպարապետը դիմում է դիվանագիտական քայլի։ 652 թվականին նա մեկնում է Դամասկոս և տեղի արաբ կառավարիչ Մուավիայի հետ կնքում խաղաղության պայմանագիր։ Այն ավելի ազդեցիկ է դառնում երբ Մուավիան դառնում է խալիֆ (661) և հիմնում է Օմայանների դինաստիան (661-775)։ Հայ-արաբական պայմանագրի համաձայն հայկական հողերի մեծ մասը մտնում է խալիֆայության կազմի մեջ։ Փոխարենը թույլատրում թույլատրում են հայ նախարարներին ունենալ 15 000-անոց այրուձի, իսկ այլ պետությունների (Բյուզանդիայի) հարձակման դեպքում արաբները զորքով պաշտպանելու էին Հայաստանի սահմաանները։ Հայաստանը երեք տարի ազատվելու էր հարկերից, իսկ հետո հարկ վճարելու էր այնքան, որքան կամենար։ Հայաստանը հարևան Վրաստանի և Աղվանքի հետ մտնում է վարչաքաղաքական մեկ միավորի մեջ, որը կոչվում է Արմինիա (արաբ․՝ أرمينيا‎‎)։ Կուսակալության մայրաքաղաք է դառնում Դվին քաղաքը։ Հայաստանի արաբ կուսակալը, որին հայերը կոչում էին ոստիկան, իր վարչաքաղաքական իշխանությունը պարտավոր էր կիսել Հայոց իշխանի հետ։ Հարկային քաղաքականությունը և ներքին հարցերը արաբները պետք է լուծեին հայ նախարարներից ընտրված իշխանաց իշխանի հետ։ Արաբները Հայաստանում իսլամ չէին տարածելու, հայոց կաթողիկոսը պահպանելու էր իր՝ հոգևոր առանորդի և գերագույն դատավորի դերը։ Արմինիան խալիֆայության հյուսիսային հենակետն էր, նրա տնտեսապես ու մշակութապես ամենազարգացած նահանգներից մեկը։ Արմինիայի տարածքում արաբները չէին ճանաչում հայերից բացի որևէ այլ ազգի աշխարհիկ կամ հոգևոր առաջնորդների։

7-րդ դարի վերջում խալիֆայությունում երկպառակտչական պայքար է ծավալվում։ Օգտվելով դրանից Սմբատ Բագրատունին զորքով ճանապարհվում է Բյուզանդիա, որպեսզի ելքեր որոնեն հայրենիքը թշնամու լծից ազատելու համար։ Բայց թշնամին հետապնդում է նրանց։ Հայերը 703 թվականի ձմռանը Արաքս գետի մոտ Վարդանակերտ ավանում պայքարի են դուրս գալիս։ Հայերի 2000-անոց զորքը պարտության է մատնում արաբների 5000-անոց զորքին։ Այդ հաղթանակի համար Բյուզանդիայի կայրը Սմբատ Բագրատունուն պարգևատրում է կյուրապաղատի տիտղոսով։ Հայերի բարձրացրած մի շարք ապստամբությունների շնորհիվ թշնամին պարտություններ կրեց Այրարատում, Վասպուրականում, Շիրակում և Վանանդում։705 թվականին խալիֆի հրամանով 800-ի հասնող հայ նախարարների կանչում են Նախիջևան և նրանց եկեղեցներում փակելով այրում են։ Այդ թվականը հայոց պատմության մեջ հայտնի է նաև որպես «կրակի տարի»։ Բյուզանդամետ քաղաքականության արդյունքում արաբների վերաբերմունքը աստիճանաբար փոխվում է հայերի նկատմամբ։ 725 թվականից սկսած հայերը ծխահարկի փոխարեն գլխահարկ էին վճարում։ Դա նշանակում էր, որ հարկ վճարում էր ոչ թե մեկ տունը, այլ յուրաքանչյուր ոք։ Իրավիճակը փոխվում է, երբ 750 թվականին դինաստիական փոփոխության արդյունքում Օմայյաններին հաջորդում են Աբբասյանները։ 762 թվականին մայրաքաղաքը տեղափոխվում է նորակառույց Բաղդադ։

774-775 թվականներին հայերը Գրիգոր Մամիկոնյանի գլխավորությամբ նոր ապստամբություն բարձրացրին և ոչնչացրին թշնամուն։ Արտավազդ Մամիկոնյանը 774 թվականին Կումայրի գյուղում (այժմ Գյումրի) ջախջախեց արաբ հարկահավաքներին։ Արաբները հետապնդեցին Արտավազդին, բայց վերջինս կարողացավ հասնել Տայք և անցնել Բյուզանդիա, որտեղ և նշանակվեց Անտալիկոն թեմի ստրատեգ։ 775 թվականի ապրիլի 24-ին Աղձք գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտը, երբ հայերն ընդամենը 5000 հոգով դուրս եկան թշնամու 30 000-անոց բանակի դեմ։ Հայերը թշնամու նկատմամբ լցված էին արյունահեղությամբ և նրանք ահեղ ճակատամարտ տվեցին։ Այդ մարտում հերոսի մահով ընկան Սմբատ և Սահակ Բագրատունիները, Մուշեղ Մամիկոնյանը, Սամուելն ու Վահան Գնունյանցը։ 778 թվականին Արտավազդ Մամիկոնյանը բյուզանդական բանակի հայ զորավարների՝ Տաճատ Անձևանցու, Վարզտիոցի և Գրիգորիսի հետ Գերմանիկ քաղաքի մոտ ճակատամարտ տվեց արաբներին և նրանց պարտություն մատնեց։

Հակահայկական տրամադրությունների արդյունքում խալիֆը որոշում է վերջ տալ Հայոց իշխանի պաշտոնին։ 9-րդ դարում ասպարեզից դուրս եկած Մամիկոնյաններին փոխարինել էին նախկին թագադիր ասպետները՝ Բագրատունիները։ Հայոց իշխանի պաշտոնը նշանակվում էր հիմնականում նրանց ընտանիքից։ Հակահայկական հալածանքներին դիմակայելու համար Բագրատունիների կողքն են կանգնում Սյունի և Արծրունի իշխանական տների ներկայացուցիչները։ Մամիկոնյանների և Կամսարականների տիրույթներն անցան Բագրատունիներին (համապատասխանաբար՝ Տարոն և Շիրակ

850 թվականից սկսած արաբ ոստիականի ուժը Հայաստանում սկսեց թուլանալ։ Համահայաստանյան պայքարը այս անգամ պսակվեց հայերի հաղթանակով։ 850-855 թվականների ապստամբությունը ցույց տվեց, որ արաբական տիրապետությունը Հայաստանում դարձել է ձևական և ժամանակավոր։ Ապստամբության ազդանշանը Խութի հերոսամարտն էր։ Նրանց հաջողվում է գերի վերցնել հայոց իշխան Աշոտին և նրա որդուն։ Հայերի ապստամբությունը թուլացնելու համար մնում էր շարքից դուրս բերել Աշոտի եղբորը՝ Գուրգենին, որին թշնամին հնազանդվելու դեպքում խոստացավ իշխանական դիրք, փառք ու պատիվ։ Բայց երբ Գուրգենը գնաց «իշխանության ցանկության» հետևից, նրան շղթայեցին, իսկ իր հետ գնացած իշխան Գրիգոր Արծրունուն սպանեցին իր իսկ աչքի առաջ։ Այսպիսով արաբները կարողացան նենգությամն հասնել իրենց ուզածին և անարգել ձևով ոտնատակ տալ հայոց երկիրը։ Նրանք բազում հայ գերիների քշեցին արևելքի երկրների շուկաներում վաճառվելու։ [7] Բագրատունի և Արծրունի իշխանները սասունցիների զորաջոկատների հետ ջախջախում են արաբներին և կարողանում են սպանել արաբ ամիրա Յուսուֆին։ Այս դեպքերն ընկած են «Սասունցի Դավիթ» դյուցազներգության հիմքում։ 851 թվականին Բաղդադից նոր պատժիչ զորքեր են գալիս Հայաստան, որոնք նույն բախտին են արժանանում։ Ավելին, հայերը արաբ ոստիկանին թարս նստեցնում են ջորու վրա, և ուղարկում «այնտեղ, որտեղից եկել էր»։

852 թվականին Հայաստան են գալիս նոր զորաբանակներ՝ թուրք զորավար Բուղայի գլխավորությամբ։ Նրանք ասպատակում են Վասպուրականը, Սյունիքը և մոտենում Արցախին։ Հայերի պատասխան հարվածը չի ուշանում։ Այս անգամ Արցախի իշխաններին միանում են Կուր գետից արևելք ապրող քրիստոնյա աղվանները։ Վրացական իշխաններին գլխավորում են Տայքի Բագրատունիները։ Նրանք թշնամուց մաքրում են Հայաստանի կենտրոնական նահանգները, հասնում Վասպուրական, գահերեց իշխան Աշոտ Արծրունու հետ արաբներին քշում արաբներին։ Վերացվում կամ ենթարկեցվում են արաբական նորաստեղծ ամիրայությունները։ 3 տարի շարունակ չկարողանալով հաջողության հասնել՝ 855 թվականին Բուղան հետ է կանչվում Բաղդադ։ Հայերի ապստամբությունը հաղթական ավարտ է ունենում։ Նույն թվականին Աշոտ Բագրատունին նշանկվում է Այոց իշխան, իսկ 862 թվականին՝ իշխանաց իշխան։ Այսինքն՝ երկրի ներքին հարցերը ամբողջությամբ նրա տնօրինության տակ էին։ ԱԱպստամբությունից 3 տասնամյակ անց՝ 885 թվականին, հայոց իշխան Աշոտ Բագրատունին դառնում է հայոց թագավոր (885-890)՝ վերականգնելով հայոց պետականությունը։

Հայաստանը Բագրատունիների օրոք[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Բագրատունիներ
Բագրատունյաց Հայաստանը մոտավորապես 1000թ-ին

Հայաստանում խալիֆայության դեմ դժգոհության աղմուկ բարձրացավ, որի հետևանքով Բուղան հետ կանչվեց։ Աշոտ Բագրագունին հռչակվեց հայոց սպարապետ, իսկ հայ իշխանների կողմից նա ճանաչվեց որպես «Իշխանաց իշխան»։ Հարկահավաքությունն անցավ Աշոտ Բագրագունու ձեռքը, որի հետևանքով արաբ հարկահավաքներն այլևս Հայաստան մտնելու իրավունք չունեին։ Աշոտը կրճատեց հարկերի քաղաքը և հոգ տարավ երկրի զարգացման համար։ Նա ստեղծեց ուժեղ բանակ, որի թվաքանակը կազմում էր 40 000, իսկ սպարապետ նշանակեց իր եղբայր Աբասին։ Հայաստանն այնքան ուժեղացավ, որ 885 թ.-ին ստիպված ճանաչեց Աշոտ Բագրագունու (885-890) թագավորությունը և նրան թագ ուղարկեց։ Թագ ուղարկեց նաև Բյուզանդական կայսրությունը։ 460 տարի առաջ կործանված հայկական պետությունը կրկին վերականգվեց։

Անիի մայր տաճարի ավերակները

Աշոտ Բագրատունու որդու՝ Սմբատ Ա-ի (890-914) օրոք Հայաստանն ամրապնդեց իր տնտեսական առաջընթացն ու քաղաքական հզորությունը։ Զարկ տրվեց քաղաքաշինությանը։ Սմբատ Ա-ի աջակցությամբ Բագրատունյաց տոհմի Ատրներսեհ իշխանը կարգվեց Վրաստանի թագավոր։

Սակայն արաբական ասպատակությունները դեռ չէին դադարել և Ատրպատականի Սաջյան ամիրությունը մեծ ավերվածություններ էր պատճառում Հայաստանին։ Յուսուֆ իշխանը հայ իշխանների ներքին գզվռտոցներն օգտագործելով իր կողմը գրվեց Վասպուրականի Գագիկ Արծրունուն և 908 թ.-ին նրան կարգեց թագավոր։ 914 թ.-ին Յուսուֆը պարտություն մատնեց հայոց զորքին, իսկ Սմբատ Ա-ին մահվան ենթարկեց։

Անկախության համար պայքարը գրավեց Աշոտ Բ (914-929), որն իր քաջության համար ստացավ «Երկաթ» մականունը։ Գևորգ Մարզպետունու գլխավորությամբ հայկական զորքը Սևանի ափին կարողացավ հաղթանակ տանել և արաբներին դուրս վռնդել հայրենի հողերից։ Հայաստանը լիովին անկախացավ, իսկ 922 թ.-ին խալիֆը Աշոտ Երկաթին թագ ուղարկեց։

Աշոտ Գ-ն (953-977) ջանքեր գործադրեց ամբողջ Հայաստանը վերամիավորելու համար։ Հայաստանն հասավ մշակութային և տնտեսական ծաղկման։ 961 թ. Անին հանդիսավոր կերպով հռչակվեց մայրաքաղաք։ Դրա համար հյուրեր էին կանչվել Վրաստանից և այլ երկրներից։ Անիի քաղաքը մեծ զարգացում ապրեց հատկապես Գագիկ Ա (990-1020) թագավորի օրոք։ Քաղաքը հռչակված էր բազմաթիվ ճարտարապետական կոթողներով։ Բացի այց Անին առևտրական կարևորագույն կենտրոն էր։ Համաշխարհային շուկայում մեծ պահանջարկ ունեին հայկական կերպասներն ու զարդերը։

Բագրատունիների թագավորության ամբողջականությունը երկար չտևեց։ Այն տրոհվեց ոչ մեծ թագավորությունների՝ Վասպուրականի, Կարսի, Տաշիր-Ձորագետի, Սյունիքի, Արցախ-Խաչենի և Տարոնի։ Դա նպաստավոր հանգամանք եղավ թշնամական Բյուզանդիայի համար և վերջինս կրկին արշավանք ձեռնարկեց Հայաստանի վրա։ Շուրջ 20 տարի տևած պայքարից հետո 1045 թ.-ին Բագրատունիների թագավորությունը կործանվեց։ Բյուզանդիան բոլոր միջոցներով վերջ դրեց Հայաստանի դիմադրական ուժերին։ Երկիրը կատարյալ ավերածության հասավ։ [8]

Սելջուկյան շրջան[խմբագրել]

Հայաստանը Զաքարյանների օրոք[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Զաքարյան Հայաստան

Կիլիկյան Հայաստանի թագավորությունը[խմբագրել]

Կիլիկյան Հայաստանը

Կիլիկիայի Հայկական Թագավորություն (Միջին հայերեն՝ Կիլիկիոյ Հայոց Թագաւորություն, հայտնի է նաև որպես Կիլիկյան Հայաստան կամ Փոքր Հայք կամ Հայաստան), միջնադարյան հայկական անկախ պետություն՝ ստեղծված սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Կիլիկիա գաղթած հայերի կողմից։ Գտնվելով Մեծ Հայքից դուրս, այն զբաղեցնում էր պատմական Կիլիկիա շրջանը։ Կիլիկիա անվան ստույգ ծագումնաբանություն չկա, սակայն որոշ գիտնականների կարծիքով Կիլիկիա անունը ծագել է եբրայերեն «քելկիմ», «քալեկ» կամ հունական «կալիս», «կալիկա» բառերից, որոնք թարգմանաբար նշանակում են «քարքարոտ»։ Իշխանության հիմքը դրվել է 1080 թ-ին Բագրատունիների շառավիղ՝ Ռուբինյանների կողմից։ Մայրաքաղաքը սկզբնապես Տարսոնն էր, հետագայում Ադանան և վերջիվերջո Սիսը։ Կիլիկյան Հայաստանը մեծ օգնություն է ցուցաբերել Խաչակրաց արշավանքների մասնակիցներին և որոշ ժամանակ միակ քրիստոնյա պետությունն էր ողջ Մերձավոր Արևելքում։ Իզուր չէ, որ նրան երբեմն անվանում էին «քրիստոնյա կղզի մահմեդական ծովում»։ Քանի որ Մեծ Հայքը գտնվում էր օտարների իշխանության տակ, ապա կաթողիկոսի նստավայրը տեղափոխվեց Կիլիկիա և հաստատվեց Հռոմկլա քաղաքում։ 1198 թ-ին Լևոն Բ Մեծագործի թագադրմամբ Կիլիկյան Հայաստանը վերածվեց Կիլիկիայի Հայկական Թագավորության։ Կիլիկյան Հայաստանի և արևմտյան Եվրոպայի երկրների միջև հաստատվեցին ռազմական և տնտեսական կապեր, ինչի շնորհիվ Կիլիկիա ներմուծվեցին ասպետությունը, հագուստների նոր ոճեր, ֆրանսերեն բառեր և տիտղոսներ։ Իսկ հասարակարգը վերածվեց ավատատիրականի։ Խաչակիրներն իրենք շատ բաներ վերցրեցին հայերից, ինչպես օրինակ աշտարակների կառուցումը և եկեղեցաշինության որոշ տարրեր։ Կիլիկյան Հայաստանն ուներ հզոր տնտեսություն, որի վառ ապացույցն է այն ժամանակվա մեծագույն նավահանգիստներից մեկը՝ Այասը, որտեղով անցել է նաև հայտնի ճանապարհորդ Մարկո Պոլոն։

Մոնղոլ-թաթարական արշավանքները[խմբագրել]

Հայաստանը թուրք-պարսկական տիրապետության շրջանում[խմբագրել]

1728 թվականը շրջադարձային եղավ Սյունիքի ազատագրական պայքարի համար։ Այդ թվականին մահացավ Դավիթ Բեկը։ Կապանի զինվորական հրամանատարությունն ամբողջությամբ անցավ Մխիթար Սպարապետին, որը շարունակեց գլխավորել պայքարը թուրք զավթիչների դեմ։

Թուրքական բանակը, կրած պարտություններից ուշքի գալով, կրկին հարձակվեց Սյունիքի վրա։ Այդ գրոհին դիմագրավելու ժամանակ հայկական զորքերի հրամանատարության մեջ տեղի ունեցավ պառակտում։ Երբ հակառակորդը կրկին պաշարեց Հալիձորի բերդը, Մխիթար Սպարապետը պահանջեց շարունակել պաշտպանությունը և ուժասպառ անել թշնամուն, իսկ Տեր-Ավետիսը նախընտրեց նրանց հետ բանակցելու ուղին։ Մխիթար Սպարապետը ստիպված էր գիշերով հեռանալ բերդից։ Թուրքերը գրավեցին բերդը, կողոպտեցին ու կոտորեցին այնտեղ մնացած հայ բնակչությանը։ Հալիձորի անկումից հետո հայ զինվորականության միջև հակասությունները խորացան։ Թեև Մխիթար Սպարապետին հաջողվեց միավորել հայկական ուժերը և թուրքերի դեմ մի շարք հաջող հարձակումներ կազմակերպել, սակայն ապստամբական ուժերի կազմալուծումը հնարավոր չեղավ կասեցնել։

1730 թ. թուրքերին Օրդուբադում պարտության մատնելուց հետո, Խնձորեսկ վերադառնալու ճանապարհին, Մխիթար Սպարապետը դավադրաբար սպանվեց։ Սյունիքի ազատագրական պայքարի ելած զորքերը, հետզհետե կազմալուծվելով և միայնակ մնալով թշնամու գերակշիռ ուժերի դեմ, չկարողացան վերջնական հաղթանակի հասնել։

Այսպիսով, չնայած հայկական ուժերի տարած բազում հաղթանակներին, ազատագրական պայքարի ելած զորքերը հետզհետե կազմալուծվեցին։ Այդուհանդերձ, ազատագրական այդ պայքարը խոր հետք թողեց, բարձրացրեց հայ ժողովրդի ինքնագիտակցությունն ու ազատասիրական ոգին, հավատ ներշնչեց սեփական ուժերի նկատմամբ։ Պարսից պետությունը ստիպված էր իր հետագա քաղաքականության մեջ հաշվի նստել հայկական մելիքությունների հետ, ճանաչել նրանց իրավունքներն ու ինքնիշխանությունը։

Արցախի և Սյունիքի ազատագրական շարժումը մեծ արձագանք գտավ ողջ հայության մեջ։ Այն ոգեշնչում էր նաև հայ ժողովրդի հաջորդ սերունդներին և հավատով լցնում իրենց ուժերի նկատմամբ։

Նորագույն շրջան[խմբագրել]

Առաջին համաշխարհային պատերազմը և հայոց Մեծ եղեռնը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայոց Ցեղասպանություն

Հայաստանի Առաջին Հանրապետությունը[խմբագրել]

Armenianborders65.jpg

1918 թվականի մայիսի 28-ին՝ մայիսյան հերոսամարտներից՝ Սարդարապատից, Բաշ-Ապարանից, Ղարաքիլիսայից հետո ծնունդ առավ Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Առաջին Հանրապետությունը հիմնադրվեց հայ ժողովրդի համար ծանր ժամանակահատվածում, երբ բնաջնջման ծրագրից խուսափած բազմահազար գաղթականներն ու սովը, ռուսական կայսրության նվաճողական քաղաքականությունը հնարավորություն չէին ընձեռելու պետության ղեկավարներին ստեղծել կայուն պետություն։ Առաջին Հանրապետությունը գոյատևեց մինչև 1920 թվականի դեկտեմբերի 2-ը, երբ Հայաստանը բռնի ձևով խորհրդայնացվեց։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 1918 թվականի մայիսին պատմական դժվարին և ծանր պայմաններում Հայաստանի անկախության հռչակումը նոր էջ բացեց հայ ժողովրդի պատմության մեջ։ Սկսվեց հայոց նորագույն պատմության պետականության շրջանը։ Չնայած Հայաստանի առաջին Հանրապետության քաղաքական, սոցիալ-տնտեսական անկայուն իրավիճակին՝ 1918-1920 թվականներին նորանկախ Հայաստանի պետական շինարարության բնագավառում ծավալվեցին մեծամասշտաբ գործընթացներ, որոնցից էր պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորումը։ Այդ ուղղությամբ կատարված քայլերից էր համապատասխան իրավական դաշտի ձևավորումը։ Ինչպես հայտնի է, ՀՀ օրենսդիր մարմինը վավերացրեց Ժամանակավոր կառավարության, Անդրկովկասյան կոմիսարիատի մի շարք իրավական ակտեր, որոնց թվում էր նաև տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ վերջիններիս ընդունած օրենքները՝ ենթարկելով որոշակի փոփոխությունների։ Ըստ վերոնշյալ օրենքների ՏԻՄ-ի ընտրության իրավունք ունեին 20 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացի՝ առանց ազգային, սեռային, կրոնական խտրականության։ Ի դեպ ՀՀ իշխանությունները ընտրական իրավունք շնորհեցին նաև Հայաստանում գտնվող և′ արևելահայ, և′ արևմտահայ փախստականներին, սակայն ընտրական իրավունքից զրկեցին զինվորականներին և զինվորներին։ Ընտրությունները կազմակերպվելու էին համընդհանուր, ուղղակի, գաղտնի, հավասար սկզբունքների հիման վրա։ Հայաստանի առաջին Հանրապետության տեղական ինքնակառավարման համակարգը ձևավորվելու էր գավառային և քաղաքային ինքնավարություններից։ Համամասնական սկզբունքով, 2 տարի ժամանակահատվածով ընտրվելու էին ինքնավարությունների օրենսդիր մարմինները՝ խորհուրդները, որոնք իրենց հերթին ձևավորելու էին գործադիր մարմիններ՝ վարչություններ։ Վերջիններս բաղկացած էին վարչության անդամներից և նախագահից։ Քաղաքային վարչության նախագահը կոչվում էր քաղաքագլուխ, որը պարտավոր էր պարբերաբար վարչության գործունեության վերաբերյալ հաշվետություններ ներկայացնել քաղաքային խորհրդին։ Քաղաքագլխի պաշտոնը կարող էր ստանձնել 21 տարին լրացած քաղաքային խորհրդի անդամը, ինչպես նաև խորհրդի կողմից հրավիրված այլ անձ։ Վարչություններում որոշումները ընդունվում էին կոլեգիալ սկզբունքով։ Թե գավառային, թե քաղաքային խորհուրդների անդամների՝ իրավասուների (որոնք կոչվում էին նաև ձայնավորներ) թվաքանակը պայմանավորված էր տվյալ բնակավայրի բնակչության թվով։ 1919թ. մայիսի 23-ին ՀՀ կառավարությունը հաստատեց 2 օրենք «Հայաստանի Հանրապետության մի քանի գավառներում զեմստվային (գավառային) հաստատություններ հիմնելու մասին», «Հայաստանի մի քանի վայրերում քաղաքայի (պոլոժենիա) մտցնելու մասին» օրենքները։ Ըստ այդ օրենքների՝ գավառային ինքնավարություններ էին ձևավորվելու Երևանի, Էջմիածնի, Նոր Բայազետի, Ալեքսանդրապոլի, Դիլիջանի, Ղարաքիլիսայի, Սուրմալուի, Դարալագյազի գավառներում, իսկ քաղաքային ինքնավարություններ՝ Աշտարակ, Դիլիջան, Վաղարշապատ, Ղամարլու, Ղարաքիլիսա, Իգդիր, Կողբ, Աշտարակում, Ջալալօղլի քաղաքներում։ Ի դեպ Երևան, Ալեքսանդրապոլ և Նոր Բայազետ քաղաքներում ինքնակառավարման մարմինների ձևավորվել էին մինչև ՀՀ անկախացումը։ Հարկ է նշել, որ ռազմաքաղաքական պատճառներով վերոնշյալ բնակավայրերից մի քանիսում այդպես էլ չձևավորվեցին, օրինակ՝ Սուրմալուի, Դարալագյազի գավառներում, Իգդիր, Կողբ քաղաքներում։ Ներքին գործերի նախարարության վերահսկողության և գործուն մասնակցության արդյունքում 1918-1920 թթ. ՀՀ 6 գավառներում, և 9 քաղաքներում (այդ թվում Երևանում, Ալեքսանդրապոլում, Նոր Բայազետում) կազմակերպվեցին ՏԻՄ ընտրություններ, ձևավորվեցին ինքնավարության մարմինները։ Սակայն հարկ է նկատել, որ իրենց գործունեության սկզբնական փուլում վերջիններս զրկված էին շատ լիազորություններից։ Կառավարությունը հատուկ օրենքով վերջիններիս զրկեց անգամ միլիցիայության ղեկավարման իրավունքից։ Իրենց լիազորությունների ընդարձակման, վերականգման համար նորաստեղծ ինքնավարությունները դիմեցին վճռական մի շարք քայլերի. օրինակ՝ Էջմիածնի գավառայի ինքնավարության վարչության անդամները ներկայացրեցին իրենց հրաժարականը։ Այդ թնջուկը լուծվեց 1920 թ. հունիսին, երբ բյուրո-կառավարությունը ընդունեց գավառային ինքնավարությունների իրավասությունների ընդարձակման մասին օրենքը։ Սահմանվեցին գավառային ինքնավարությունների մի շարք գործառույթներ ըստ որի՝ նրա գործունեությունը ներառում էր բազմաթիվ ոլորտներ, դրանցից էին. ա) քաղաքացիների իրավունքների պաշտպանություն՝ բնակիչներին իրավաբանական օգնություն ցուցաբերելը, աղետների կանխարգելում և դրանց հետևանքների վերացում և այլն, բ) տեղական հարկերի և տուրքերի սահմանում և տնօրինում, գ) համայնքի սեփականության տնօրինում, դ) սոցիալ-տնտեսական քաղաքականություն՝ պարենի և առաջին անհրաժեշտության մթերքների պակասի և թանկության վերացում, կարիքավոր բնակչությանը նպաստների հատկացում, հացի պաշարների, խանութների տնօրինում, գավառի ճանապարհները և ճանապարհային կառույցները բարեկարգ վիճակում պահպանում, գավառում փոստ, հեռախոսակապի ապահովում և ֆինանսավորում, առողջապահական և բարեգործական հաստատությունների տնօրինում, գաղթականների տեղավորում, վիճակագրական հետազոտությունների իրականացում, ե) Ֆինանսավարկային քաղաքականություն՝ փոքր վարկերի, վարկային և խնայողական դրամարկղային ընկերությունների, գյուղական բանկերի և այլ կոոպերացիաների ձևավորում, զ) կրթության զարգացմանը նպաստող միջոցառումների իրականացում՝ արտադպրոցական կրթություն՝ գրադարաններ, գրախանութներ, տարրական դպրոցների կազմակերպում և այլն։ Անդրադառնալով ինքնավարությունների քաղաքական կազմին՝ հարկ է նկատել, որ այն հիմնականում բազմակուսակցական էր։ Դեռ ավելին՝ տեղական խորհուրդներում ընդդիմադիր քաղաքական ուժերը ավելի շատ էին ընդգրկված, քան պառլամենտում. Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնացել և իրավասության տեղեր էր ապահովել անգամ այնպիսի քաղաքական ուժեր, որոնք պառլամենտում բացակայում էին։ Սակայն, ինչպես և պառլամենտում, տեղական ինքնակառավարման մարմիններում ևս ղեկավար քաղաքական ուժը ՀՅԴ էր, իսկ ընտրական գործընթացները զերծ չմնացին ընտրակեղծիքներից։ Հարկ է նշել նաև, որ երկրի սոցիալ-տնտեսական ծանր իրադրության, քաղաքական ուժերի, գործիչների երբեմն անկառուցողական քաղաքականանության դրսևորման, իրավական դաշտի անկատարելիության, կենտրոնական իշխանությունների իրավասությունների ոչ հստակ սահմանազատման, իշխանությունների ապակենտրոնացման ցածր մակարդակի առկայության, մունիցիպալ կառավարման համակարգում փորձառնության պակասի արդյունքում ՀՀ ձևավորված քաղաքային և գավառային ինքնավարությունների հիմնական մասը դարձան պետական կառույցների ածանցյալ և նմանվեցին պետական վարչական օրգանների, երբեմն էլ նրանց գոյությունը դարձավ ձևական (Ղարաքիլիսային քաղաքային և գավառային ինքնավարություններ, Նոր Բայազետի գավառային ինքնավարություն)։ Առավել արդյունվետ գործունեություն ծավալեցին Երևանի, Ալեքսանդրապոլի, Վաղարշապատի, Աշտարակի քաղաքային ինքնավարությունները, Էջմիածնի, Երևանի գավառային ինքնավարությունները։ Վերջիններիս ջանքերով մշակվեցին համայնական հողեր, բացվեցին բժշկական կայաններ, մաքրվեցին առուներ, վերաբացվեցին տարրական դպրոցներ և այլն։ Պատերազմը, հիվանդությունները, սովը ազգաբնակչության մոտ առաջացրել էր բարոյահոգեբանական ծանր վիճակ, հետևաբար համայնքի բնակիչների մասնակցությունը համայնքի կազմակերպման, տնօրինման գործընթացներում բավականին փոքր էր։ Ակներև է, որ վերջիններս երկար ժամանակ անհաղորդ մնալով ժողովրդավարական արժեքներին, չունենալով անհրաժեշտ իրավագիտակցություն, պատկերացում չունենալով տեղական ինքնակառավարման մարմինների, դրանց գործունեության, նշանակության մասին հիմնականում չէին նպաստում հանրային կյանքի զարգացմանը։ Տեղական ինքնակառավարման մարմինների գոյությունը վկայում է, որ Հայաստանի առաջին Հանրապետությունը եղել է կազմակերպված պետություն, որը կառուցվել է տվյալ պատմական ժամանակաշրջանի ժողովրդավարական արժեքների հիման վրա։

Խորհրդային Հայաստանը[խմբագրել]

Հիմնվել է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև ստորագրված համաձայնագրով (տես Համաձայնագիր Հայաստանի Հանրապետության և ՌԽՖՍՀ միջև 1920 դեկտեմբերի 2)։ Մինչ այդ, 1920 թվականի նոյեմբերի 29-ին Հայաստանի ռազմահեղափոխական կոմիտեն (ՌՀԿ), անցնելով հայ-ադրբեջանական սահմանը, իր ղեկավարությամբ գործող գնդով մտել է Քարվանսարա (Իջևան) և Հայաստանը հռչակել խորհրդային հանրապետություն։ 1922 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1990 թվականի օգոստոսի 23-ը ՀԽՍՀ գտնվել է ԽՍՀՄ կազմում։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ընդունեց Հռչակագիր Հայաստանի անկախության մասին, որի համաձայն ՀԽՍՀ վերանվանվեց Հայաստանի Հանրապետություն։

Հայաստանի անկախացումը[խմբագրել]

Հայաստանի անկախության մասին հռչակագրի դրույթներից ելնելով՝ խորհրդարանը որոշեց 1991թ. սեպտեմբերի 21-ին հանրապետության տարածքում անցկացնել հանրաքվե՝ ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու և անկախանալու նպատակով։ Հանրապետության բնակչության ճնշող մեծամասնությունը՝ 2 մլն 43 հազար մարդ (կամ քվեարկության իրավունք ունեցողների 94, 39 տոկոսը), «այո» ասաց անկախությանը։ Հանրաքվեի արդյունքների հիման վրա 1991թ. սեպտեմբերի 23-ին հանրապետության Գերագույն խորհուրդը Հայաստանը հռչակեց անկախ պետություն։ Այսպիսով՝ իրականացավ անկախություն ձեռք բերելու հայ ժողովրդի երազանքը։

1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանում առաջին անգամ անցկացվեցին նախագահական համաժողովրդական ընտրություններ։ Արդյունքում՝ ձայների ճնշող մեծամասնությամբ (83 տոկոս) հանրապետության նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ՝ Գագիկ Հարությունյանը։ Անկախության ուղին բռնած հանրապետությանը ու նրա նորընտիր ղեկավարությանը ծանր փորձություններ էին սպասվում։ Հայաստանը փաստորեն կտրվել էր տնտեսական նախկին համակարգից։ 1991թ. նոյեմբերին հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը։ Սկսվեց Հայաստանի էներգետիկ ճգնաժամը, բնակչությունը զրկվեց ջեռուցումից, ընդհատվեց երկաթուղային կապը, տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի առաջ։

1991թ. դեկտեմբերի 8-ին, Մինսկի մոտակայքի Բելովեժսկ բնակավայրում, երեք սլավոնական հանրապետությունների՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի ղեկավարները ստորագրեցին համաձայնագիր ԽՍՀՄ-ի գոյությունը դադարեցնելու մասին։ Միաժամանակ հայտարարվեց միջազգային համագործակցության նոր սուբյեկտի՝ Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) կազմավորման մասին։ Միութենական նախկին հանրապետություններից Մինսկի համաձայնագրին առաջինն արձագանքեց Հայաստանի Հանրապետությունը, որը ողջունեց նաև ԱՊՀ-ի ստեղծումը՝ հայտնելով նրան միանալու իր պատրաստակամությունը։

1991թ. դեկտեմբերի 21-ին Ղազախստանի մայրաքաղաք Ալմա-Աթայում 11 ինքնիշխան պետություններ (նախկին խորհրդային հանրապետությունները), բացի Վրաստանից (որը մի որոշ ժամանակ անց ստորագրեց) և Մերձբալթյան երեք հանրապետություններից, ստորագրեցին համաձայնագիր՝ ԱՊՀ ստեղծման մասին։ Դրանով իրականացավ ԽՍՀՄ-ի փլուզումը և հանրապետությունների անկախությունը։ Այսպիսով, ազգային ժողովրդավարական շարժումով ոտքի կանգնած հայ ժողովուրդը հռչակեց իր անկախ պետականությունը։

Արցախյան ազատամարտը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Արցախյան ազատամարտ

Արցախի հայությունը 1988 թ. ազգային ինքնորոշման ազատագրական շարժում սկսեց, նպատակ ունենալով ուղղելու բոլշևիկյան Լենին-Ստալինյան բռնատիրության կատարած պատմական սխալը և պատմականորեն հայկական Արցախ երկրամասը վերադարձնել Հայաստանի կազմի մեջ։ Ադրբեջանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունը ուժ կիրառեց Արցախի հայության դեմ, ինչպես նաև արյունոտ սպանդի, թալանի ու տեղահանության ենթարկվեց Ադրբեջանական ԽՍՀ–ի Սումգայիթ, Բաքու, Կիրովաբադ (Գանձակ), Դաշքեսան (Քարհատ), Գետաբեկ, Շամխոր, Թովուզ (Տավուշ), Ղազախ (Քասախ) քաղաքների և այլ բնակավայրերի խաղաղ հայ բնակչությունը։ Սակայն ազերիների հայատյաց քաղաքականությունն ու զանգվածային բռնությունները, Արցախի Հանրապետության տարածքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ շրջաններում սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունները, որոնց Ադրբեջանը ներգրավում էր նաև աֆղան մոջահեդներին, չեչեն վահաբականների ահաբեկչական խմբերի, չկարողացան ճնշել հայերի ազատ ապրելու կամքը։ Հայերը զենք վերցրին ու պայքարի ելան ագրեսորի դեմ՝ հանուն իրենց ազատության ու անվտանգ ապագայի։

1991 թ. սեպտեմբեր 2-ին ԼՂԻՄ–ն և Ադրբեջանական ԽՍՀ–ի Շահումյանի շրջանը համատեղ հռչակեցին իրենց անկախությունը՝ որպես միասնական անկախ պետություն։ Ազատագրական պայքարի արդյունքում Մեծ Հայքի Արցախ նահանգի մեծ մասը ազատագրվեց։ Հայերը ստիպեցին թշնամուն 1994 թ. զինադադար աղերսել։ Կրակի դադարեցման մասին փաստաթուղթը Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի Հանրապետությունների միջև ստորագրվեց 1994 թ. մայիսի 12-ին Բիշկեքում։ Չնայած հրադադարի ռեժիմին՝ ադրբեջանական զինված ուժերը մինչ օրս էլ պարբերաբար խախտում են այն։ Հայկական ուժերը որոշ դեպքերում ստիպված են լինում պատասխան կրակով լռեցնել ադրբեջանական կրակակետերը։ Ադրբեջանի ղեկավարությունը միջազգային տարբեր ատյաններում փորձում է հակամարտության էությունը լիովին նենգափոխել, աղավաղելով պատմական ու քաղաքական իրողությունները, իրեն որպես զոհ, իսկ Հայաստանին որպես ագրեսոր ներկայացնելով։ Սակայն ցինիզմի, ստի ու կեղծիքի քաղաքականությունը, որով այդ երկիրը փորձում է կերակրել միջազգային հանրությանը, ինչպես նաև Հայաստանին ուղղվող ռազմատենչ հայտարարություններն ու սպառնալիքները դատապարտված են անհաջողության։ Բոլորի համար էլ ակնհայտ է պատմական ճշմարտությունը, իսկ հայկական զինված ուժերը համարվում են տարածաշրջանում ամենակազմակերպվածն ու ամենամարտունակը։ Արցախի Հանրապետությունը առայժմ միջազգայնորեն չճանաչված անկախ պետություն է՝ միջազգային իրավունքի սուբյեկտ համարվելու համար անհրաժեշտ բոլոր ինստիտուտներով և ժողովրդավարական արժեքներ դավանող երկրի ակնհայտ ապացույցներով։ Արցախի Հանրապետությունը ճանաչել են ԱՄՆ-ի Լուիզիանա, Ռոդ Այլենդ, Մասսաչուսեթս, Մեն նահանգները, Կալիֆորնիայի Ֆրեզնո քաղաքի քաղաքային խորհուրդը և այլն։

Պատմագիտություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայոց պատմություն


Հայաստանի և հարևան ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար կարևոր սկզբնաղբյուրներ են հայ պատմիչների աշխատությունները։ Հայ պատմագրության անդրանիկ երկը, «Վարք Մաշտոցի» գրվել է 5-րդ դարի 40-ականներին, որը մեզ հասել է 13-14-րդ դարերում կատարված ընդօրինակությամբ։ Մաշտոցի աշակերտ Կորյունի գրած այս երկում նկարագրվում է Մաշտոցի կյանքն ու գործունեությունը, տրվում է հայկական, վրացական և աղվանից գրերի ստեղծման պատմությունը (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1841), ֆրանսերեն (1869), անգլերեն (1952), ռուսերեն (1962) իտալերեն (1857)։

Ագաթանգեղոսի (5-րդ դար) պատմության մեջ տրված է Հայաստանում հեթանոսական կրոնի դեմ մղված պայքարի և 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոնի ճանաչման պատմությունը, քրիստոնեության սկզբնական շրջանի պատմության ուսումնասիրման համար այս կարևոր սկզբնաղբյուրը զանազան խմբագրություններով հայտնի է եղել մի շարք հին լեզուներով (խմբագրություններից մի քանիսը և հայերեն բնագիրը նոր ժամանակներում թարգմանվել են իտալերեն (1843), շվեդերեն (1860) ֆրանսերեն (1867), անգլերեն (1976) և այլ լեզուներով)։ Ագաթանգեղոսի ժամանակակից Փավստոս Բուզանդի աշխատությունն ընդգրկում է 330-387 թթ պատմական ժամանակաշրջանը և արտացոլում է Հայաստանի հասարակական–քաղաքական պատմությունը։ Այստեղ կարևոր տեղեկություններ կան հայ-հռոմեական և հայ-պարսկական հարաբերությունների մասին, ինչպես և ուշագրավ տվյալներ Անդրկովկասի ժողովուրդների պատմության վերաբերյալ (աշխատությունը թարգմանվել է գերմաներեն (1879), ֆրանսերեն (1867), ռուսերեն (1953))։ Մովսես Խորենացին (5-րդ դար) իր «Հայոց պատմութեան» մեջ առաջին անգամ ժամանակագրական կարգով տալիս է հայ ժողովրդի պատմությունը սկսած առասպելական ժամանակներից մինչև հինգերորդ դարը։ Մովսես Խորենացին սերունդների կողմից իրավամբ Պատմահայր անունն է ստացել։ Մատենադարանում պահվում են նրա «Հայոց պատմության» 31 ձեռագիր և մի քանի պատառիկ, որոնցից հնագույնը իններորդ դարից է։ Հայաստանի պատմությունը գրելիս Խորենացին ձեռքի տակ ունեցել է հույն, ասորի հեղինակների երկեր, որոնցից քաղվածքներ է բերում և որոնցից մի քանիսը աշխարհին հայտնի են դարձել միայն Խորենացու գրքի միջոցով։ «Հայոց պատմութեան» համար աղբյուր են հանդիսացել նաև հայկական բանահյուսությունը և այլ ժողովուրդների ավանդական անցյալն ուսումնասիրելու համար։ Բավական է ասել, որ իրանական բանահյուսության հանրահայտ հերոս Ռոստամի անվան ամենավաղ գրանցումը (ավելի վաղ, քան իրանական գրանցումները) պատկանում է Մովսես Խորենացուն։ Ֆիրդուսուց մոտ 500 տարի առաջ Խորենացին գրանցել է Բյուրասպի Աժդահակի առասպելը։

Համաշխարհային նշանակություն ունեցող այս երկն արդեն ավելի քան երկու դար է ուսումնասիրվում է նաև օտար պատմաբանների և բանասերների կողմից։ 1736 թ այն թարգմանվել է լատիներեն և հայերեն բնագրի հետ միասին լույս է տեսել Լոնդոնում։ Իսկ մինչ այդ նրա համառոտ բովանդակությունը շվեդ գիտնական Հենրիխ Բենները (1669-1732) տպագրել է Ստոկհոլմում։ 18-րդ դարի հրատարակություններին հաջորդեցին տարբեր լեզուներով մի շարք հրատարակություններ՝ ռուսերեն (1809 թ, 1858 թ, 1893 թ) ֆրանսերեն (1836 թ, 1844 թ, 1869 թ, 1993 թ), իտալերեն (1841 թ, 1850 թ) գերմաներեն (1869 թ, 1881 թ) հունգարերեն (1892 թ), պարսկերեն (1992 թ)։

Հինգերորդ դարի պատմիչ Եղիշեն իր «Վասն Վարդանայ և հայոց պատերազմի» երկում պատմում է Սասանյան Պարսկաստանի դեմ 451 թ հայերի մղած անձնուրաց պայքարի, հայրենի երկրի ազատության ու անկախության համար մարտնչելու նրա զավակների անկոտրում կամքի մասին։ Երկի վերնագիրը կրում է հայկական հերոսական զորագնդերի անմահացած զորավար Վարդան Մամիկոնյանի անունը։ «Վարդանանց պատմությունը» արժեքավոր տեղեկություններ է պարունակում զրադաշտական կրոնի և առհասարակ Պարսկաստանի քաղաքական կյանքի վերաբերեալ։ Աշխատությունը հրատարակվել է մոտ 40 անգամ հայերեն և օտար լեզուներով՝ անգլերեն (1830թ, 1926թ, 1952թ), իտալերեն (1840թ), ֆրանսերեն (1841թ, 1869թ), ռուսերեն (1853թ, 1884թ, 1971թ)։

Մատենադարանում են պահվում 5-րդ դարի պատմիչ Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» երկու ընդօրինակությունները։ Պատմությունն ընդգրկում է 387-486 թթ միջև ընկած ժամանակաշրջանի պատմական իրադարձությունների նկարագրությունը որտեղ արտացոլում են գտել նաև Պարսկաստանում, Բյուզանդական կայսրության սահմաններում, Վրաստանում, Աղվանքում և այլուր տեղի ունեցած պատմական անցուդարձերը։ Դեպի Հայաստան և Փոքր Ասիա արաբների կատարած արշավանքների վերաբերյալ հավաստի աղբյուր է 8-րդ դարի պատմիչ Ղևոնդի երկը։ Այստեղ հանդիպում են հայերի, վրացիների, աղվանների, խազարների և մյուս կողմից արաբների միջև եղած փոխհարաբերություններին վերաբերող որոշ տեղեկություններ, որ այլ աղբյուրներից հայտնի չեն։ Ղևոնդի Պատմությունը հետաքրքիր սկզբնաղբյուր է նաև արաբական բռնակալության դեմ մղված ազատագրական պայքարի պատմության ուսումնասիրման համար։ Հայ պատմագրության մեջ առանձնակի տեղ ունի Մովսես Կաղանկատվացին՝ հայտնի “Պատմություն Աղվանից” երկով։ 7-ից 10-րդ դարերում տարբեր հեղինակների մասնակցությամբ ստեղծված այս Պատմությունը համաշխարհային գրականության մեջ միակն է, որ նվիրված է հատկապես Աղվանից աշխարհի պատմությանը /"Աղվանից աշխարհ" ասելով հիմնականում հասկացվել է "Հայոց Արևելից կողմանք"-ը/։ 10-րդ դարի մյուս մատենագիրներից Հովհաննես Դրասխանակերտցու Թովմա Արծրունու, Ուխտանեսի և Ստեփանոս Ասողիկի երկերում նույնպես հանդիպում ենք կարևոր տեղեկությունների ժամանակի քաղաքական հարաբերությունների և սոցիալական պայքարի մասին։ 11-րդ դարի պատմիչ Արիստակես Լաստիվերցին պատմել է սելջուկ թուրքերի և բյուզանդացիների արշավանքների մասին։ Այս շրջանում է, որ սկսվում է հայերի գաղթը դեպի օտար հորիզոններ։ Լաստիվերտցին նշել է նաև ներքին հակասությունները վաճառականների և հարուստ մարդկանց անազնվության, խաբեբայության, կաշառակերության, շահամոլության, իշխանների անմիաբանության մասին, որոնք և պատճաառ են դարձել երկրի ծանր վիճակի համար։ 12-13–րդ դարերում տեղի է ունենում քաղաքային կյանքի զգալի աշխուժացում։ Հայաստանը դառնում է առևտրական ճանապարհների հանգուցակետ։ Կիլիկիայում հիմնվում է հայկական իշխանություն, որը գոյատևում է շուրջ երեք դար (մինչև 1375թ)։ Այս ժամանակաշրջանը (12-13-րդ դարեր) հայ պատմագրության ամենաբեղուն շրջաններից մեկն է, որը տվել է ավելի քան տասը խոշոր պատմիչներ ու ժամանակագիրներ Սամուել Անեցի, Մխիթար Անեցի, Մատթևոս Ուռհայեցի, Մխիթար Այրիվանեցի, Վարդան Արևելցի, Կիրակոս Գանձակեցի, Գրիգոր Ակներցի կամ Ականցի, Վահրամ Րաբունի, Սմբատ Սպարապետ (Գունդստաբլ), Հեթում պատմիչ, Ստեփանոս Օրբելեան և ուրիշներ։ 14-16-րդ դարերը հայ պատմագրության ամենաամուլ դարերն են։ Այս ժամանակաշրջանը տվել է ընդամենը մեկ նշանավոր պատմիչ Թովմա Մեծոփեցի (1376/9-1446), որը գրել է Լենկ Թեմուրի և նրա հաջորդների արշավանքների շրջանի Հայաստանի պատմությունը։ Այս դարերի մանր ժամանակագիրների երկերից Մատենադարանում պահվում են Գրիգոր Խլաթեցու Ծերենցի (1350-1425), Մովսես Արծկեցու, Առաքել Բաղիշեցու, Աբրահամ Անկիվրացու, Սիմեոն Ապարանցու չափածո պատմությունները, Անդրեաս Եվդոկացու, Բարսեղ Արճիշեցու, Հովհաննես Ծարեցու և ուրիշների “Ժամանակագրություն” -ները, որոնք արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ժամանակի քաղաքական ու տնտեսական կյանքի մասին։ 17-18-րդ դարերը խիստ տարբերվում են նախորդ շրջանից։ Նրանք հարուստ են ինչպես մանր, այնպես և խոշոր պատմական գործերով։ 17-րդ դարի խոշոր պատմիչ Առաքել Դավրիժեցու (1669թ ) “Հայոց պատմությունն” ընդգրկում է 1601-1662թթ տեղի ունեցած դեպքերը Հայաստանում, Թուրքիայում, Իրանում, Ստամբուլի, Իսպահանի, Լվովի և այլ վայրերի հայկական գաղութներում։ Այստեղ մանրամասն ներկայացվում է պարսից Շահ Աբբաս Ա թագավորի կողմից հայերի Պարսկաստան բռնի գաղթեցնելու պատմությունը։ Մատենադարանում պահվում են նաև այդ շրջանի մյուս նշանավոր պատմիչների, ժամանակագիրների, ճանապարհորդների գործերը, որոնց թվում Զաքարիա Սարկավագի (ծ.1620), Երեմիա Չելեպիի (1637-1695), Կոստանդ Ջուղայեցու (17-րդ դար), Եսայի Հասան Ջալալյանի (1728թ) և ուրիշների աշխատությունները, ինչպես և Հակոբ Շամախեցու (1763թ), կաթողիկոս Սիմեոն Ա Երևանցու (1780թ) և բազմաթիվ այլ մատենագիրների երկերը։ Որոշակի պատմագրական արժեք են ներկայացնում նաև օտար պատմիչների աշխատությունների հայերեն թարգմանությունները, որոնց թվում են ի, Եսեբիոս Կեսարեցու, Սոկրատ Աքոլաստիկոսի, Միքայել Ասորու, Մարտիրոս Լեհացու, Գևորգ Ֆրանցեսի և ուրիշների պատմական գրվածքները։ Սրանց մեջ առանձնահատուկ տեղ է գրավում 4-րդ դարի առաջին կեսի հույն պատմիչ Եվսեբիոս Կեսարացու Ժամանակագրությունը (“Քրոնիկոն”), որի հունարեն բնագիրն անհետ կորել է, որը բանասիրությանը հայտնի դարձավ 1787 թվականին, այժմ Մատենադարանում պահվող թիվ 1904 ձեռագրի միջոցով։ Հայկական պատմական մատենագրության ինքնուրույն և թարգմանական երկերի հետ միասին գիտական մեծ արժեք են ներկայացնում Մատենադարանում պահվող օտար լեզուներով գրված պատմագրական աշխատությունները։

Աշխարհագրություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի աշխարհագրություն


Հայաստանը գտնվում է Անդրկովկասում՝ Սև և Կասպից ծովերի միջև, սակայն չունի ելք դեպի ծով։ Այն հյուսիսից սահմանակից է Վրաստանի, արևելքից՝ Արցախի Հանրապետության-ի, և Ադրբեջանի հետ, հարավից՝ Իրանի, իսկ արևմուտքից՝ Թուրքիայի հետ։

ՀՀ ֆիզիկական քարտեզը։
ՀՀ գետերը իրենց ավազաններով։

Հայաստանը լեռնային երկիր է։ Տարածքի 76.5%-ը գտնվում է ծովի մակերևույթից 1.000-2.500 մ բարձրության վրա։ Լեռնաշղթաները գրավում են մոտ 14 հզ. քառակուսի կմ կամ երկրի ընդհանուր մակերեսի 47%, բարձրավանդակները կազմում են երկրի մակերեսի ավելի քան մեկ երրորդը կամ շուրջ 11 հզ. կմ²։ Ամենաբարձր կետը Արագած լեռն է՝ 4.090 մետր, և ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին հոսանքի շրջանը՝ 375մ։ Ամենաերկար ձգվածությունը՝ հյուսիս-արևմուտքից հարավ-արևելք, կազմում է 360 կմ, իսկ արևմուտքից արևելք՝ 200 կմ։ Հանրապետության 12%-ը անտառապատ է, որից 5%-ը գտնվում է Լոռիի, 4%-ը Տավուշի, 1%-ը Սյունիքի, 0.5%-ը Կոտայքի, 0.5%-ը Վայոց Ձորի, իսկ մյուս 1%-ը տեղաբաշփված չնշված մարզերով։ Անտառները հիմնականում՝ լայնատերև, սաղարթավոր և ասեղնատերևավոր են։ Երկրի տարածքը կազմում է 29743 քառակուսի կմ, որի 71.3% կազմում են գյուղատնտեսական նշանակության հողերը, 12.4%՝ անտառային, 7.7%՝ հատուկ պահպանվող տարածքներ և 8.6%՝ այլ հողեր։ Բարձր լեռնագագաթներն են՝

Հայաստանի սահմաններում գտնվող ամենամեծ ջրային ավազանը Սևանա լիճն է, որի մակերեսը կազմում է 1263.5 քառակուսի կմ։ ՀՀ-ի ամենաերկար գետերն են՝ Արաքսը, Ախուրյանը, Դեբեդը, Որոտանը, Հրազդանը, Աղստևը, Արփան, Քասախը և այլն։ [9]

Ընթերցե՛ք նաև այս հոդվածները.

Ծայրակետեր[խմբագրել]

  • Հյուսիս. Տավուշ ( 41°17′N 45°0′E / 41.283°N 45°E)
  • Հարավ. Սյունիք ( 38°49′N 46°10′E / 38.817°N 46.167°E)
  • Արևելք. Սյունիք ( 41°5′N 43°27′E / 41.083°N 43.45°E)
  • Արևմուտք. Շիրակ ( 39°13′N 46°37′E / 39.217°N 46.617°E)

Ռելիեֆ[խմբագրել]

Կլիմա[խմբագրել]

Ջերմաստիճանը Հայաստանում հիմնականում կապված է բարձրությունից։ Լեռնային հատվածներում հիմնականում Միջերկրական և Սև ծովերից եկած ցիկլոններն են, որոնք ապահովում են սեզոնային մեծ փոփոխություններ։ Հայկական բարձրավանդակում, ձմռան միջին ջերմաստիճանը 0 °C, իսկ ամառային միջինը հասնում է 25 °C-ի։ Տարեկան միջին տեղումները Արաքսի հովտում կազմում են 200-250 մմ, իսկ Դեբեդի հովտում 300 մմ։ Բարձրադիր, լեռնային վայրերում՝ 800-1000 մմ, իսկ նախալեռնային և հովտային վայրերում 200-550 մմ։

ՀՀ-ի ամենախոնավ մարզերը՝ Լոռիի և Տավուշի մարզերն են՝ պայմանավորված տեղումնաբեր զանգվածների ներթափանցմամբ, որոնք դիպչում են լեռնաշղթաներին՝ Գուգարքի, Արեգունու, Բազումի և այլն, և տեղումների մեծ մասը թափվում են այդ մարզերում։ Արագածոտնի՝ Ապարանի շրջաններում, վայոց Ձորի՝ Ջերմուկի շրջաններում, Շիրակի մարզի, գրեթե ողջ տարածքում, Գեղարքունիքի, գրեթե ողջ տարածքում, Սյունիքի՝ Սիսանի շրջաններում, Կոտայքի՝ Հյուսիսային, հյուսիս-արևելյան վայրերում ձմեռը տևում է 6-7 ամիս (Հոկտեմբերի վերջից մինչև ապրիլի վերջ)։ Այդ շրջաններում ձմեռը խստաշունչ, ձնառատ, քամիներով հարուստ է, շատ են լինում ձնաբքեր, ուժեղ, սաստիկ քամիներ, մառախուղ և պահպանվում է հաստատուն ձնածածկույթ։ Այդ շրջաններում ջերմաստիճանը և ցերեկը և գիշերը բավականին ցածր է օրինակ՝ գիշերը Շիրակի՝ Աշոցքի շրջաններում ջերմաստիճանը տեղ-տեղ կարող է հասնել -28 -30։ Այդ շրջանները գտնվում են լեռնային վայրերում և համեմատած մյուս շրջանների ավելի բարձրադիր են՝ դրանով էլ պայմանավորված ձմեռը խստաշունչ է։ Չնայած ձմեռվա ցրտին, հրաբխային ապարները Հայաստանը դարձրել են գյուղատնտեսությամբ զբաղվող ամենահին տարածքներից մեկը։

Մյուս վայրերում՝ ավելի ցածր և հովտային վայրերում հակառակ պատկերն է դրանք են՝ Արարատյան դաշտը, Սյունիքի՝ Մեղրիի շրջանները, Տավուշի՝ Նոյեմբերյանի և Բերդի շրջանները, Լոռիի՝ Ալավերդիի շրջանները, Վայոց Ձորի՝ Վայքի շրջանները և Արագածոտնի հարավային շրջանները։ Այս տարածքներում ձմեռև տևում է 2 ամենաշատը 2, 5 ամիս (Դեկտեմբերի կեսերից Փետրվարի առաջին տանսօրյակ կամ կեսեր)։ Նշված վայրերում ձնածածկույթը չի պահպանվում երկար ժամանակ, տեղումները քիչ են, քամիները քիչ են նույնիսկ կարող են տեղումներ լինել անձրևի տեսքով ջերմաստիճանի շատ բարձր լինելու դեպքում։

Հանրապետությունում ամենատեղումնառատ ամիսը համարվում է Մայիս ամիսը, այնուհետև փետրվարը և հոկտեմբերը, իսկ ամենաչորը հուլիս, այնուհետև օգոստոս և դեկտեմբեր։ Ամենացուրտ ամիսը համարվում է հունվարը, այնուհետև փետրվարը և դեկտեմբերը, իսկ ամենաշոգը և տաքը հուլիս, այնուհետև օգոստոս և սեպտեմբերի առաջին 20 օրյակ և հունիսի վերջին 15-20 օրյակ։ ՀՀ տարածքում ամենացածր ջերմաստիճանը (-46) գրանցվել է Արփի լճի գոգավարությունում գտնվող Պաղակն բնակավաըռում։

Գետեր և լճեր[խմբագրել]

Հայաստանի ամենամեծ լիճը՝ Սևանը
    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի ջրագրություն


Հայաստանի տարածքում կան մոտ 9480 մեծ ու փոքր գետեր, որոնցից 379-ը ունեն 10 կմ-ից մեծ երկարություն։ Գետերի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 23 հազար կմ։ Հայաստանի գլխավոր գետը Արաքսն է՝ Հրազդան վտակով։

Հայաստանում կան մոտ 100 լճեր, որոնցից ամենամեծը՝ Սևանա լիճը, գտնվում է ծովի մակարդակից 1900 մ բարձրության վրա և հանդիսանում է հանրապետության խոշորագույն ձկնաբուծական կենտրոնը ու տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ աղբյուրը։

Չնայած դրան երկրում դիտվում է ջրային պաշարների պակաս, որը մասամբ լուծվում է ջրամբարների[10] և ստորգետնյա ջրերի օգտագործման միջոցով։ Հայաստանում կա 74 ջրամբար՝ 988 մլն մ2 ընդհանուր մակերեսով. ամենամեծը Ախուրյանի ջրամբարն է՝ 525 մլն մ2 մակերեսով։ Խմելու ջրի 96%-ը գալիս է ստորգետնյա ջրերից։

Կենդանական աշխարհ[խմբագրել]

Մուֆլոն
Սիրիական գորշ արջ

ՀՀ-ում հանդիպող թռչունների ցանկ.

Կարգեր

տեսակների ընդհանուր թիվը

Սուզահավանմաններ (Gaviformes) 2
Սուզականմաններ (Podicipediformes) 5
Հավալուսնանմաններ (Pelecaniformes) 4
Արագիլանմաններ (Ciconiformes) 13
Ֆլամինգոնմաններ (Phoenicopteriformes) 1
Ճուռականմաններ (Falconiformes) 35
Սագանմաններ (Anseriformes) 28
Հավանմաններ (Galiforme) 7
Կռունկանմաներ (Gruiformes) 13
Քարադրանմաններ (Charadriiformes) 62
Աղավնանմաններ (Columbiformes) 8
Կկվանմաններ (Cuculiformes) 2
Բվանմաններ (Strgiformes) 7
Այծկիթանմաններ (Caprimulgiformes) 1
Մանգաղաթևանմաններ (Apodiformes) 2
Ներկարարանմաններ (Coraciiformes) 5
Փայտփորանմաններ (Piciformes) 8
Ճնճղուկանմաններ (Passeriformes) 146
Ընդամենը 349

ՀՀ-ում հանդիպող կաթնասունների ցանկ.

Ընտանիքներ

տեսակների ընդհանուր թիվը

Միջատակերների կարգ (Insectivora)
Ոզնիներ (Erinaceidae) 2
Խլուրդներ (Talpidae) 1
Գետնափորներ (Soricidae) 7
Բազկաթևավորների կարգ (Chiroptera)
Պայտաքիթներ (Rhinolophidae) 5
Հարթաքիթներ (Vespertilionidae) 17
Բուլդոգայիններ (Mollossidae) 1
Կրծողների կարգ (Rodenta)
Նապաստակերպեր (Leporidae) 1
Խոզուկներ (Hystricidae) 1
Նուտրիաներ (Capromyidae) 1
Սկյուռանմաններ (Scinridae) 2
Քնամկներ (Muscardinidae) 2
Ճագարամկներ (Dipodidae) 2
Փոքրամկներ (Zapodidae) 1
Մկնակերպեր (Muridae) 17
Կուրամկներ (Spalacidae) 1
Գիշատիչների կարգ (Carnivora)
Կզաքիսներ (Mustelidae) 5
Արջեր (Ursidae) 2
Բորենիներ (Hyaenidae) 1
Շնազգիներ (Canidae) 3
Կատվազգիներ (Felidae) 6
Զույգսմբակավորների կարգ (Artiodactyla)
Խոզեր (Suidae) 1
Եղջերուներ (Cervidae) 2
Սնամեղջյուրավորներ (Bovidae) 2
Ընդամնեը 83

ՀՀ-ում հանդիպում են նաև ջրային կրիաների՝ 2, ցամաքային կրիաների՝ 1, մողեսների՝ 26, կույր օձիկների՝ 1, վիշապների՝ 1, սահնօձերի՝ 18, իժերի՝ 4 տեսակ։ Հայաստանում կան մոտ 17 հզ. տեսակ անողնաշավորներ, որոնց 90 տոկոսը կազմում են միջատները։ Սակայն անողնաշարավորները լավ ուսումնասիրված չեն ՀՀ-ում։ Մեր հանրապետություննում հանդիպում են նաև 8 տեսակ երկկենցաղներ։ Հանրապետությունում առանձնապես լայն տարածում ունեն լճագորտը (Rana ridibunda), կանաչ դոդոշը (Bufo viridis)։ Բարձրադիր լեռնատափաստանային գոտիներում հանդիպում է անդրկովկասյան գորտը (Rana macrocnemis), հյուսիսային անտառային գոտում լայն տարածում ունի Շելկովնիկովի ծառագորտը (Hyla arborea shelkovnikovi), իսկ հարավում՝ փոքրասիական ծառագորտը (H. savigni)։ Հանրապետության երկկենցաղների ֆաունայում ծանր վիճակում է գտնվում Անդրկովկասի համար խիստ էնդեմիկ՝ սիրիական սխտորագորտը (Pelobates syriacus), որը կանգնած է անհետացման եզրին և գրանցված է նախկին ԽՍՀՄ-ի Կարմիր գրքում։ Վերջերս հանրապետության երկկենցաղների ֆաունան ավելացավ նաև մի նոր տեսակով. Հայաստանի հյուսիսային շրջանում հայտնաբերել է փոքրասիական տրիտոնի (Triturus vittatus) մի փոքրիկ պոպուլյացիա, որը լրիվ մեկուսացված է իր հիմնական արեալից։

Հայաստանի տարածքում հանդիպող ձկնատեսակները պատկանում են 5 կարգի՝

  • Սաղմոնազգիներ - Salmoniformes
  • Ծածանազգիներ - Cypriniformes
  • Լոքոազգիներ - Siluriformes
  • Ծածանատամազգիներ - Cyprinodontiformes
  • Պերկեսազգիներ - Perciformes

Հայաստանի էնդեմիկ ձկնատեսակներ են՝ Սևանի իշխան (Salmo ischchan Kessler)՝ իր 4 ենթատեսակներով, Հայկական կարմրակն (Rutilus rutilus schelkovnikovi), Հայկական տառեխիկ (Alburnoides bipunctatus armeniensis), Սևանի կողակ (Varicorhinus capoeta sevangi), Սևանի բեղլու (Barbus lacerta goktschaicus), Հայկական գուստերա (Blicca bjoerkna derjavini)։

Հայաստանի հիդրոէկոհամակարգերում հայտնաբերվել է պլանկտոնային կենդանիների 124 տեսակ, այդ թվում անվակիրների դասին պատկանող՝ 46, խեցգետնակերպերի՝ 78։

Բուսական աշխարհ[խմբագրել]

Ծիրան

Հայաստանի միկոբիոտայի ուսումնասիրության ընթացքում հայտնաբերվել է սնկերի մոտավորապես 4200 տեսակ և ներտեսակային տաքսոն։ Հանրապետությունում բնակչության կողմից նախընտրելի են լայն տարածում և բարձր սննդային արժեք ունեցող հետևյալ տեսակները՝ ականջասունկ սովորական (Pleurotus ostreatus), շամպինյոն սովորական (Agaricus campestris), շամպինյոն երկսպորավոր (A. bisporus), յուղասունկ հատիկավոր (Suillus granulatus), լեպիստա մանուշակագույն ոտիկով (Lepista personata), շեկլիկ (Lactarius deliciosus)։

Հայաստանում հանդիպում է 143 տեսակ հողային ջրիմուռ։ Դրանք պատկանում են հիմնականում կանաչ, դիատոմային, դեղնականաչ և կապտականաչ ջրիմուռներին։

Հայաստանի ֆլորայի էնդեմիկների թիվը կազմում է 106 տեսակ, որը նրա բուսական աշխարհի տեսակային ընդհանուր բազմազանության մոտ 3%-ն է, իսկ Կովկասի ֆլորայի՝ 1, 5%-ը։

Այսօր Հայաստանից հայտնի է քարաքոսերի 290 տեսակ, ընդ որում ավելի հիմնովին ուսումնասիրվել է Սևանի ավազանը, ուր հանդիպում է 190 տեսակ։ Ըստ կենսաձևերի Հայաստանում գերիշխում են կեղևանման քարաքոսերը (մոտ 40%), որոնց մեծ մասը բնակվում են քարերի վրա։ Կան նաև տերևանման, թփանման և ումբիլիկատային ձևեր։

Մամռանմանների համաշխարահային կենսաբազմազանությունը ներկայացված է մոտ 25 հազար տեսակներով։ Մինչդեռ հանրապետության տարածքում հաշվվում է ընդամենը 430 տեսակ՝ տարածված գլխավորապես միջին լեռնային և անտառային շրջաններում։ Առավել ուսումնասիրված տերևացողունային մամուռների դասը ներկայացված է 347 տեսակներով։ Նշված քանակությունից 108 տեսակը հանդիսանում են հազվագյուտ՝ Dicranoweisia intermedia, Orthotrichum urnaceum, Antitrichia curtipendula, Pterogonium gracile, Lindbergia brachyptera և այլն։

Ձիաձետանմանների ընդհանուր բազմազանությունը կազմում է շուրջ 30 տեսակ, որոնցից 6-ը հանդիպում են Հայաստանի տարածքում։ Ձիաձետները տարածված են հանրապետության համեմատաբար խոնավ անտառային և մարգագետնային շրջաններում և հանդիպում են գերխոնավ գետահովիտներում, առուների եզրերին և գետափերին, երբեմն ավազոտ տեղերում ու թփուտներում։ Տեսակների մեծ մասը հանդիսանում են դեղաբույսեր։ Առավել տարածված են դաշտային, ճահճային և ճյուղավոր ձիաձետները (Equisetum arvense, E. palustre, E. ramosissimum)։

Հայաստանի ֆլորայում մերկասերմերը ներկայացված են չափազանց աղքատ՝ ընդամենը 9 տեսակներով, այդ թվում՝ 5 գիհի (Juniperus), 1 սոճի (Pinus), 1 կենի (Taxus) և 2 էֆեդրա (Ephedra)։ Հանրապետության դեկորատիվ տնկարկներում հանդիպող մերկասերմ ծառատեսակների մեծ մասը օտարածին է՝ ներմուծված այլ բուսաաշխարհագրական տարածաշրջաններից։ Հայաստանում հանդիպում է նաև պտերանմանների 38 տեսակ և ծածկասերմերի մոտ 3500 տեսակ, որից միաշաքիլավորներ՝ 800 տեսակ, երկշաքիլավորներ՝ 2700։ [11]

Օգտակար հանածոները[խմբագրել]

Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ։ Կան նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի հսկայական պաշարներ։ Կա նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի։

Տնտեսություն[խմբագրել]

ՀՀ տնտեսության ճյուղերը
Հայկական ատոմակայանը

Հայաստանի անկախացումից (1991) հետո հանրապետությունում սկսվել է ազատ շուկայական հարաբերություններին, սեփականության պետական միասնական ձևից սեփականության բազմաբնույթ ձևերին անցնելու գործընթացը։

1999-ին սեփականաշնորհվել է 1492 փոքր, միջին և խոշոր ձեռնարկություն, պետ․ գույքը, առևտրի, հասարակական սննդի, բնակչության կենցաղային սպասարկման, անավարտ շինարարության օբյեկտների գերակշռող մասը։ Գյուղատնտեսության մեջ (սկսած 1991-ից) սեփականաշնորհվել են հողը, գյուղատնտեսական կենդանիները, մեքենաների և արտադրական այլ միջոցների 85-90%-ը։ 1993-ի նոյեմբերին արմատավորվել է ՀՀ ազգային արժույթը՝ դրամը, որով հնարավոր է դարձել վարել անկախ և ինքնուրույն դրամավարկային ու գանձարանային քաղաքականություն։ 1992-ից ազատականացվել են գները և արտաքին տնտեսական կապերը։ Արմատավորվել են հարկային և բյուջետային նոր համակարգեր, գործողության մեջ են դրվել հարկերի տարբեր տեսակներ, կրճատվել բյուջեի հաշվին կապիտալ ներդրումները, բացառվել լրավճարները, ստեղծվել արտաբյուջետային հիմնադրամներ։

Երկրաշարժի, ապա ԽՍՀՄ փլուզման, արցախյան հակամարտության, տրանսպորտատնտեսական շրջափակման, տնտեսության համակարգային փոփոխությունների, անցումային փուլում թույլ տված սխալների հետևանքով 1991-93-ին թողարկվող արտադրանքի ծավալը կրճատվել է 60%-ով, աշխատավարձի աճը հետ է մնացել գերսղաճի տեմպից, պետական բյուջեի եկամուտների անկումը հանգեցրել է սոցիալական բնույթի ծախսերի և կենսական նշանակության սպասարկման ծառայությունների կտրուկ կրճատման, աճել է գործազրկությունը։ Չեն ձևավորվել արտադրական ներուժի լիարժեք օգտագործման և արտադրության արդյունավետ վարելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքները, չեն լուծվել հումքի մատակարարման և արտաքին շուկա դուրս գալու խնդիրները։ Տնտեսության համակարգային փոփոխությունները, երկրաշարժը, ավանդական շուկաների կորուստը ևն հանգեցրել են շատ ձեռնարկությունների չաշխատելուն, մյուսները գործում են արտադրական հզորությունների նվազագույն կարողությամբ։ Արտադրանքի ծավալի նվազում հատկապես նկատելի էր մեքենաշինության և մետաղամշակման, թղթի-թաղանթանյութի, փայտամշակման, շինանյութերի, թեթև և արդյունաբերության այլ ճյուղերում։ Անցման փուլում տնտեսության քանակական ցուցանիշների բացասական միտումները հանգեցրել են որակական ձևախեղումների։ Եթե 1987-ին համախառն ներքին արդյունքում արդյունաբերության բաժինը 45% էր, գյուղատնտեսությանը՝ 14%, ապա 1994-ին դրանք համապատասխանաբար եղել են 25, 9% և 48%։ 1998-ին արդյունաբերության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքում նվազել է մինչև 24%, գյուղատնտեսության բաժինը կազմել է 34, 2, ծառայությունների ոլորտինը՝ 32, 3%։

1994-ից արդյունաբերության առանձին ճյուղերում (էներգետիկա, տրանսպորտ, սննդի ու վերամշակող ևն) նկատվում են արտադրության անկումային գործընթացների կասեցում և մասնակի աճի միտումներ։ Ֆինանսավորման բոլոր աղբյուրների հաշվին գործարկվել են 12715, 1 մլն դրամի հիմնական ֆոնդեր (1999)։ Կապիտալ ներդրումների ֆինանսավորման աղբյուրների մեջ զգալի է օտարերկրյա ֆինանսական կազմակերպությունների բաժինը (46, 4%)։ ՀՀ առևտրատնտեսական կապեր ունի 33 պետությունների (այդ թվում՝ ԱՊՀ 9 երկիր) հետ։ 1999-ին ԱՊՀ երկրների բաժինն ապրանքների արտահանման ծավալի մեջ կազմել է 24, 3%, ներմուծման մեջ՝ 23, 9%, այլ երկրներինը համապատասխանաբար՝ 75, 7% և 76, 1%։

Էներգետիկա[խմբագրել]

Հայաստանի Հանրապետությունը ունի բավականին զարգացած էներգահամակարգ, որն ընդգրկում է արտադրող կայաններ, էլեկտրոցանցային ընկերություններ, գազի ընկերություններ, ինստիտուտներ։ [12]

Քիմիական արդյունաբերություն[խմբագրել]

Մինչև ԽՍՀՄ փլուզումը քիմիական արդյունաբերության տեսական կշիռն արդյունաբերական արտադրանքի ընդհանուր ծավալում կազմել է 6-7% (1990)։ Արտադրվել են կալցիումի կարբիդ, կաուչուկ, արհեստական խեժեր, ազոտական պարարտանյութ, արհեստական մանրաթել, վիտամիններ, ավտոդողեր, լայն սպառման առարկաներ ևն։ Պատկերը խիստ փոխվել է ՀՀ անկախացումից հետո։

Մեքենաշինություն[խմբագրել]

ՀՀ-ում մեքենաշինությունը ձևավորվել է 1929-40-ին, իսկ հետպատերազմյան տարիներին զարգացումն ուղեկցվել է որակական տեղաշարժերով։ Ճյուղը ներառում է էլեկտրատեխնիկական արդյունաբերությունը, ռադիոէլեկտրոնային արդյունաբերությունը, հաստոցաշինությունը, ավտոմոբիլային արդյունաբերությունը ևն։

Գունավոր մետաղաձուլություն[խմբագրել]

Գունավոր մետաղաձուլության զարգացման հիմքը պղնձի, պղինձ-մոլիբդենի, բազմամետաղային, ոսկի-բազմամետաղային ու ոսկու արդյունահանումն է։ Դրանց հանքանյութերը պարունակում են նաև հազվագյուտ և ազնիվ մետաղներ։ Ճյուղը ներառում է պղնձամոլիբդենային, բազմամետաղային ու ոսկու արդյունաբերությունները։ 1999-ին մասնակիորեն գործել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային, Ալավերդու լեռնամետալուրգիական կոմբինատները, Կապանի հանքահարստացուցիչ ֆաբրիկան, «Հայոսկի» ՓԲԸ։ Ճյուղը թողարկում է մոլիբդենի, պղնձի խտանյութ, պղնձի գլանվածք, փայլաթիթեղ ևն։ ՀՀ մոլիբդենի պաշարներով հայտնի է Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրը, որի բազայի վրա գործում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։

Շինանյութեր և անտառանյութ[խմբագրել]

Շինանյութերի արդյունաբերության զարգացման հիմքը հրաբխային ապարների՝ տուֆի (արդյունահանումը՝ հիմնականում Շիրակի ու Արագածոտնի մարզերում), պեռլիտի (Արագածի պեռլիտի գործարան), բազալտի (գրեթե բոլոր մարզերում), մարմարի (Արզականի, Խոր վիրապի հանքավայրեր), գրանիտի (Կոտայքի, Լոռու, Տավուշի, Վայքի մարզերի հանքավայրեր) արդյունահանումն է։ Ճյուղը ձևավորվել է 1920-ական թթ․, երբ հիմնադրվել են «Անիպեմզա», «Արթիկտուֆ», Ջաջուռի կրի կոմբինատները, 1936-41-ին՝ Արարատի ցեմենտի գործարանը։ Ճյուղը ներառել է հավաքովի երկաթբետոնե կառուցվածքների ու տարրերի, ցեմենտի, ոչ հանքային շինանյութերի, երեսպատման նյութերի ու տարրերի, խեցեգործական արդյունաբերությունները։

Անտառանյութի, փայտամշակման եվ թղթի-թաղանթանյութի արդյունաբերության առաջին արդյունաբերական կենտրոններ են եղել Իջևանը, Տավուշը, Ալավերդին։ 1945-90-ին կահույքի ֆաբրիկաներ են կառուցվել Երևանում, Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում և այլուր։ Թողարկվում է կահույք, նրբատախտակ, մանրատախտակ, սղոցանյութ ևն։ 1999-ին արտադրվել է սղոցանյութ, մանրատախտակ, շինափայտ ևն։

Թեթև արդյունաբերություն[խմբագրել]

Թեթև արդյունաբերությունը մինչև ԽՍՀՄ փլուզումը ներառել է 7 ճյուղ (բամբակազտիչ, բրդի, մետաքսի, տրիկոտաժի, կարի, կաշվի և կոշիկի), կազմելով սպառման առարկաների թողարկման ընդհանուր ծավալի մոտ 60%-ը։ Համախառն արտադրանքի ծավալով մեքենաշինությունից հետո գրավել է 2-րդ տեղը (1990)։ 1988-ի դեկտեմբերի երկրաշարժի, ԽՍՀՄ փլուզման և տնտեսական շրջափակման հետևանքով ճյուղի ձեռնարկությունների գերակշռող մասը դադարեց գործելուց, անկում ապրեցին արտադրանքի թողարկման ծավալները։ 1994-ից սկսած ճյուղի 160 ձեռնարկություններից 85-ը սեփականաշնորհվել է։ 1999-ի հունվար-հունիսին թողարկվել է 1894, 3 մլն դրամի տեքստիլ և կարի արտադրանք։ 1999-ին գործել են Երևանի «Գարուն», «Տոսպ», «Էրեբունի», «Հայք», Գյումրու «Տավրոս», Վանաձորի «Բազում» ԲԲԸ-ները, Երևանի «Հայգորգ», «Մահուդ» ՓԲԸ-ները ևն։

Սննդի արդյունաբերությունն անցյալում միավորել է 200-ից ավելի ձեռնարկություններ, 18 տարբեր ճյուղեր և տվել ՀՀ արդյունաբերության համախառն արտադրանքի ընդհանուր ծավալի 18, 8%-ը։ Թողարկել է կոնյակ, գինի, սննդամթերք, ծխախոտ, ոչ ալկոհոլային խմիչքներ, հաց, ձուկ, պահածո ևն։

Շինարարության ոլորտը ներառում է արդյունաբերական շինարարությունը, գյուղական շինարարությունը և բնակարանային շինարարությունը։

Զբոսաշրջություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Զբոսաշրջությունը Հայաստանում


Տրանսպորտ[խմբագրել]

ՀՀ խորհրդանիշները[խմբագրել]

Դրոշը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի դրոշ
ՀՀ պետական դրոշը

Հայաստանի Հանրապետության դրոշը կարմիր, կապույտ, ծիրանագույն (վերևից ներքև), հավասարաչափ հորիզոնական շերտերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1 ։ 2 հարաբերակցությամբ։ Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին Հանրապետության (1918-1920 թթ) դրոշի կրկնությունն է։ Կարմիր գույնը խորհրդանշում է անկախության համար հայ ժողովրդի թափած արյունը, կապույտ գույնը՝ Հայաստանի երկինքը, ծիրանագույնը՝ ժողովրդի ստեղծարար աշխատանքը։

Զինանշանը[խմբագրել]

ՀՀ զինանշանը։

Հայաստանի Հանրապետության զինանշանի կենտրոնական մասում՝ վահանի վրա, պատկերված են հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների և Ռուբինյանների (Կիլիկյան թագավորություն) զինանշանները։ Դրանք բոլորում են բիբլիական Արարատ լեռան պատկերը, որի գագաթին ուրվագծվում է Նոյյան տապանը։

Վահանի երկու կողմից պատկերված են առյուծ և արծիվ, որոնք խորհրդանշում են ոգու, իշխանության, աննկունության և արիության ուժը։ Ներքևում պատկերված սուրը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարը հանուն ազատության և անկախության, փետուրն ու հասկերը՝ հայ ժողովրդի ստեղծարար տաղանդը և խաղաղասիրությունը։

Հայաստանի Հանրապետության պետական զինանշանի մասին օրենքն ընդունվել է Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից 1992 թ. ապրիլի 19-ին։ 2006 թ. հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ զինանշանի մասին» նոր օրենքը Ազգային ժողովից։ Հայաստանի զինանշանի հեղինակներն են նկարիչ Հակոբ Կոջոյանը և Ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանը։ [13]

Ազգային օրհներգը[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Մեր Հայրենիք

Հայաստանի Հանրապետության ազգային օրհներգը ընդունվել է 1991 թվականի հուլիսի 1-ին և հիմնված է Առաջին Հանրապետության օրհներգի վրա՝ տեքստի չնչին փոփոխությունենրով։ Հիմնի տեքստը մշակվել է Միքայել Նալբանդյանի կողմից գրված Իտալացի աղջկա երգը բանաստեղծությունից, երաժշտության հեղինակն է Բարսեղ Կանաչյան։

Պետական կառուցվածք[խմբագրել]

Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։ Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների տարանջատման և հավասարակշռման սկզբունքի հիման վրա։

Նախագահ[խմբագրել]

Հանրապետության Նախագահը պետության գլուխն է։ Հանրապետության Նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը, ապահովում է օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բնականոն գործունեությունը։ Նախագահը Հանրապետության անկախության, տարածքային ամբողջականության և անվտանգության երաշխավորն է։ Հանրապետության նախագահն ընտրվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից՝ հինգ տարի ժամկետով։ [14]

Գործադիր իշխանություն[խմբագրել]

Գործադիր իշխանությունն իրականացնում է ՀՀ կառավարությունը։ Կառավարությունը կազմված է վարչապետից և նախարարներից։ Ազգային ժողովում պատգամավորական տեղերի բաշխման և պատգամավորական խմբակցությունների հետ խորհրդակցությունների հիման վրա Նախագահը վարչապետ է նշանակում պատգամավորների մեծամասնության վստահությունը վայելող անձին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա առավել թվով պատգամավորների վստահությունը վայելող անձին։ Վարչապետի առաջարկությամբ նշանակում և ազատում է կառավարության անդամներին։

Այսօր ՀՀ-ում գործում են հետևյալ նախարարությունները.[15]

  1. ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
  2. ՀՀ Առողջապահության նախարարություն
  3. ՀՀ Արդարադատության նախարարություն
  4. ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն
  5. ՀՀ Արտաքին գործերի նախարարություն
  6. ՀՀ Բնապահպանության նախարարություն
  7. ՀՀ Գյուղատնտեսության նախարարություն
  8. ՀՀ Էկոնոմիկայի նախարարություն
  9. ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն
  10. ՀՀ Կրթության և գիտության նախարարություն
  11. ՀՀ Մշակույթի նախարարություն
  12. ՀՀ Պաշտպանության նախարարություն
  13. ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն
  14. ՀՀ Սփյուռքի նախարարություն
  15. ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն
  16. ՀՀ Քաղաքաշինության նախարարություն
  17. ՀՀ Ֆինանսների նախարարություն
  18. ՀՀ Միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարություն

Կառավարությանն առընթեր մարմիններն են՝

  1. ՀՀ Ազգային անվտանգության ծառայություն
  2. ՀՀ Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտե
  3. ՀՀ Ոստիկանություն
  4. ՀՀ Պետական գույքի կառավարման վարչություն
  5. ՀՀ Պետական եկամուտների կոմիտե
  6. ՀՀ Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե
  7. ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն

Օրենսդիր իշխանություն[խմբագրել]

Հայաստանում բարձրագույն օրենսդիր մարմինը միապալատ Ազգային Ժողովն է։ Ազգային Ժողովը կազմված է հարյուր երեսունմեկ պատգամավորից։ Ազգային Ժողովն ընտրվում է համապետական ընտրությունների միջոցով՝ հինգ տարի ժամկետով։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր՝ 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 25-ին։ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» (63 պատգամավոր), «Բարգավաճ Հայաստան» (26 պատգամավոր), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» (16 պատգամավոր), «Օրինաց երկիր» (8 պատգամավոր), «Ժառանգություն» (7 պատգամավոր)։ Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին։ Դրանցում ընդգրկված չէ 11 պատգամավոր։ [16]

Դատական իշխանություն[խմբագրել]

Հայաստանի Հանրապետությունում արդարադատությունն իրականացնում են միայն դատարանները՝ Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան։ Հայաստանում ընդհանուր իրավասության դատարաններն են՝ առաջին ատյանի, վերաքննիչ դատարանները և վճռաբեկ դատարանը։ Գործում է նաև վարչական դատարանը, օրենքով կարող են նախատեսվել այլ մասնագիտացված դատարաններ։ Սահմանադրական արդարադատությունն իրականացնում է Սահմանադրական դատարանը։

Արտաքին հարաբերություններ[խմբագրել]

Հայաստանը անդամակցում է ՄԱԿ-ին, Եվրոպայի Խորհրդին, ԵԱՀԿ-ին (Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպություն), Համաշխարհային բանկին, Արժույթի միջազգային հիմնադրամին, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկին, Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, ՍԾՏՀ-ին (Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպություն), ՄԱԳԱՏԵ-ին (Միջուկային էներգիայի միջազգային գործակալություն), Ինտերպոլին (Միջազգային քրեական ոստիկանություն), ԱՀԿ-ին (Առողջապահության համաշխարհային կազմակերպություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ին, և այլն։

Զինված Ուժեր[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայաստանի Զինված Ուժեր
ՀՀ Զինված Ուժերի զինանշանը
Armenianunits.jpg
3-b.jpg

1992 թ.-ի հունվարի 28-ին ՀՀ Կառավարությունը ընդունեց «Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության մասին» որոշում՝ դրանով իսկ իրավականորեն ազդարարեց Հայոց Ազգային բանակի ստեղծումը։ Հայաստանի Հանրապետության բանակի թվաքանակը կազմում է 125.000 զինվոր (ժամկետային զինծառայողներ)‌[փա՞ստ], գումարած ևս 560.000 պահեստային զինվորներ։ Բանակի բյուջեն կազմում է $600 միլիոն։ Բանակը բաժանված է երեք հիմնական ճյուղի՝ ցամաքային զորքեր, հակաօդային պաշտպանության զորքեր և ռազմաօդային ուժեր։ Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը երկրի նախագահն է՝ Սերժ Սարգսյանը։ Պաշտպանության նախարարը՝ Սեյրան Օհանյանը։ Զինված Ուժերի Գլխավոր Շտաբի պետը՝ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը։

Ժողովրդագրություն[խմբագրել]

Քաղաքներ[խմբագրել]


Երեվան
Երեվան
Գյումրի
Գյումրի

Քաղաք Մարզ Բնակչություն Քաղաք Մարզ Բնակչություն

Վանաձոր
Վանաձոր
Վաղարշապատ
Վաղարշապատ

1 Երևան Երեվան 1,060,138 10 Արտաշատ Արարատ 25,600
2 Գյումրի Շիրակ 146,100 11 Չարենցավան Կոտայք 25,100
3 Վանաձոր Լոռի 105,000 12 Գորիս Սյունիք 21,900
4 Վաղարշապատ Արմավիր 57,600 13 Մասիս Արարատ 23,100
5 Հրազդան Կոտայք 53,400 14 Սևան Գեղարկունիք 22,500
6 Աբովյան Կոտայք 46,800 15 Արարատ Արարատ 20,800
7 Կապան Սյունիք 45,500 16 Աշտարակ Արագածոտն 20,900
8 Արմավիր Արմավիր 33,900 17 Իջեվան Տավուշ 20,700
9 Գավառ Գեղարքունիք 25,800 18 Արթիկ Շիրակ 17,400


Յուրաքանչյուր քաղաք բազմաբնույթ կապերի մեջ է գտնվում իրեն շրջապատող տարածքի հետ և այդ տարածքի ծնունդն է։ Միաժամանակ քաղաքը հակադարձ ներգործություն է ունենում շրջակա տարածքի վրա, հանդես է գալիս որպես այդ տարածքի կազմակերպիչ կենտրոն։ Նրա շուրջն են հանգուցվում տարածքը համախմբող տնտեսական-տրանսպորտային կապերը։ Ինչքան հզոր է քաղաքը և բազմազան՝ գործառույթները, այնքան ընդարձակ է դրա ազդեցության ոլորտը շրջակա բնակավայրերի վրա։ Իրենց աշխարհագրական նշանակությամբ, այսինքն՝ աշխատանքի աշխարհագրական բաժանմանն իրենց մասնակցության աստիճանով, ՀՀ քաղաքները բաժանվում են երեք խմբի.

  • 1. Համապետական կենտրոն։ Դա ՀՀ տարաբնակեցման մասնական համապետական համակարգի կենտրոնն է՝ Երևան մայրաքաղաքը։ Երևանում կենտրոնացած են ՀՀ իշխանության բարձրագույն մարանները, այստեղ հանգուցվում են ներհայաստանյան և միջազգային տրանսպորտային ուղիները։
  • 2. Մարզային (տարածաշրջանային) կենտրոններ, որոնցից յուրաքանչյուրը կենտրոն է երկրի ա մասի՝ համեմատաբար ընդարձակ տարածաշրջանի համար։ Լրիվ ձևավորված կամ ձևավորվող այդպիսի կենտրոններ են մարզերի վարչական կենտրոնները։ Դրանց շարքում առավել հասուն և բարձր կարգի կենտրոններ են Գյումրին, Վանաձորը, Կապանը, Գավառը և Իջևանը։
  • 3. Տեղական նշանակության կենտրոններ։ Այդպիսիք են ՀՀ մնացած քաղաքները, այդ թվում նախկին վարչական շրջանների կենտրոնները։ Դրանց ազդեցության ոլորտում են գտնվում շրջակա գյուղական բնակավայրերը։

Եթե Երևանն իրեն է ձգում երկրի տարածքն ամբողջությամբ, ապա տարածաշրջանային (մարզային) կենտրոնն՝ այդ տարածքի միային մի մասը։

Հայաստանի Հանրապետության խոշոր քաղաքներն են (բնակչությունները տրված են 2009 թ. դրությամբ)՝

Բնակչություն[խմբագրել]

2006 թ. հուլիսի 1-ի դրությամբ ազգաբնակչությունը պատշոնական տվյալներով կազմում է 3.219.400 մարդ։ 96%-ը հայեր են։ Բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդներ են։ Ազգային փոքրամասնությունները՝ ռուսներ, եզդիներ, քրդեր, պարսիկներ, ասորիներ, վրացիներ, հույներ, իտալացիներ, ուկրաինացիներ, հրեաներ և այլ։

Կրոն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայ Առաքելական Եկեղեցի


Բնակչության մոտ 94%-ը տոկոսը իրեն Հայ Առաքելական Եկեղեցու հետևորդ է համարում։ [1] Կրոնական փոքրամասնությունների թվում են. կաթոլիկներ, մոլոկաններ, ռուս ուղղափառներ, ավետարանականներ, բապտիստներ, հոգեգալստականներ, խարիզմատական քրիստոնյաներ, Եհովայի վկաներ, մորմոններ, եզդիներ, հուդայականներ, սուննի մուսուլմաններ (հիմնականում՝ քրդեր) և շիա մահմեդականներ։ [1] Ընդհանուր առմամբ Հայաստանի Հանրապետությունում գրանցված է 66 կրոնական համայնք։ [17]

Էջմիածնի Մայր տաճարը

Այսօր Հայաստանի Հանրապետությունը աշխարհիկ պետություն է, սակայն սահմանադրությունը ճանաչում է Հայ Առաքելական Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում՝ միևնույն ժամանակ երաշխավորելով կրոնական փոքրամասնությունների ազատությունը։

Հայաստանյայց առաքելական եկեղեցին հայ ժողովրդի ազգային եկեղեցին է։ Կենտրոնը Մայր աթոռ Սուրբ Էջմիածինն է։ Եկեղեցու գլուխ կանգնած է Ամենայն հայոց կաթողիկոսը։ «Առաքելական» է կոչվում, որովհետև նրա հիմնադիրներն են Հիսուս Քրիստոսի առաքյալներ Սուրբ Թադեոսը և Սուրբ Բարդուղիմեոսը, ովքեր Հայաստանում առաջինն են քարոզել Քրիստոնեությունը և այստեղ էլ նահատակվել (մ. թ. I դար)։ Այդ ժամանակ էլ Քրիստոնեությունը Ասորիքից ու Կապադովկիայից մուտք է գործել Հայաստան և սկզբում տարածվել Մեծ Հայքի թագավորության հարավային ու արևմտյան երկրամասերում ու գավառներում։ 301-ին, Հայոց Տրդատ Գ թագավորի օրոք, Հայոց առաջին հայրապետ Գրիգոր Ա Լուսավորիչի ջանքերով Քրիստոնեությունը պաշտոնապես հռչակվել է Մեծ Հայքի թագավորության պետական կրոն։

Հայաստանյայց առաքելական եկեղեցի են կազմում՝ Կաթողիկոսություն ամենայն հայոց, Կաթողիկոսություն Մեծի Տանն Կիլիկիո, Երուսաղեմի հայոց պատրիարքություն, Պատրիարքություն հայոց Թուրքիո։ ՀՀ և Արցախի տարածքում գործում են հետևյալ թեմերը․ Այրարատյան հայրապետական, Շիրակի, Գուգարաց, Սյունյաց, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունյաց, Կոտայքի, Արցախի։ ՀՀ տարածքից դուրս գործում են Վրաստանի, Ռուսաստանի, Նոր Նախիջևանի, Ուկրաինայի, Ատրպատականի (Թավրիզ), Սպահանի (Նոր Ջուղա), Թեհրանի (Թեհրան), Եգիպտոսի թեմերը, Փարիզի (հայրապետական պատվիրակ), Մարսելի շրջան, Լիոնի շրջան, Անգլիա-Լոնդոն (հայրապետական պատվիրակ), Ռումինիայի, Բուլղարիայի թեմերը, Իտալիայի հոգևոր հովվությունը, Հունաստանի թեմը, Կենտրոնական Եվրոպայի հայրապետական պատվիրակ (Ավստրիա և Շվեդիա), Շվեդիայի հոգևոր հովվությունը, Գերմանիայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի Արևելյան (Նյու Յորք), ԱՄՆ-ի Արևմտյան (Լոս Անջելես), Կանադայի, Արգենտինայի, Բրազիլիայի, Ուրուգվայի թեմերը, Իրաքի թեմը, Հնդկաստանի և Ծայրագույն Արևելքի հայրապետական պատվիրակ, Կալկաթայի հոգևոր հովիվ, Սուդանի հոգևոր հովվությունը, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի թեմը։

Հայ եկեղեցին ունի իր ներկայացուցիչները Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքության, Քենթրբերիի և Համայն Անգլիո արքեպիսկոպոսության մոտ։

Կա հինգ վանահայրություն՝ Սուրբ Հռիփսիմեի, Սուրբ Գայանեի, Սուրբ Շողակաթի, Սուրբ Գեղարդի, Խոր վիրապի։

Վարչատարածքային բաժանում[խմբագրել]

Հայաստանի Հանրապետությունը բաժանվում է 10 մարզերի և մայրաքաղաքի, որոնք են՝

Մարզ

Մարզկենտրոն

Տարածք

Բնակչություն

1.Արագածոտն ք.Աշտարակ 2, 753 կմ² 126, 278
2.Արարատ ք.Արտաշատ 2, 096 կմ² 252, 665
3.Արմավիր ք.Արմավիր 1, 242 կմ² 255, 861
4.Գեղարքունիք ք.Գավառ 5, 348 կմ² 215, 371
5.Կոտայք ք.Հրազդան 2, 089 կմ² 241, 337
6.Լոռի ք.Վանաձոր 3, 789 կմ² 253, 351
7.Շիրակ ք.Գյումրի 2, 681 կմ² 257, 242
8.Սյունիք ք.Կապան 4, 506 կմ² 134, 061
9.Տավուշ ք.Իջևան 2, 704 կմ² 121, 963
10.Վայոց Ձոր ք.Եղեգնաձոր 2, 308 կմ² 53, 230
11.Երևան - 227 կմ² 1, 091, 235

Մարզերը իրենց հերթին կազմված են քաղաքային և գյուղական համայնքներից, որոնցում իրականացվում է տեղական ինքնակառավարում։ Մարզպետներին նշանակում և ազատում է Հայաստանի կառավարությունը, որի տվյալ որոշումները վավերացնում է Հանրապետության Նախագահը։ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվում է 926 համայնք, որոնցից 48 քաղաքային համայնքներ, 866 գյուղական համայնքներ և 12 վարչական շրջաններ՝ Երևան քաղաքում։ ՀՀ-ում կա 949 գյուղ։ [18]

Լեզու[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայերեն

Հայաստանի Հանրապետության պետական լեզուն հայերենն է, որի գրերը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը։

Կրթություն[խմբագրել]

ՀՀ-ում ուսումնական հաստատությունների վերաբերյալ ցուցանիշների դինամիկան ցույց է տրված հետևյալ աղյուսակում.

Ցուցանիշներ 2004-05 2005-06 2006-07 2007-08 2008-09
Հանրակրթական դպրոցների ընդհանուր թիվը 1434 1467 1467 1452 1475
Քաղաքներում 575 598 601 598 601
Գյուղերում 859 869 866 861 867
Հանրակրթական դպրոցներում սովորողների թվաքանակը 488.1 հզ. 477.9 հզ. 465.4 հզ. 431.3 հզ. 414.8 հզ.
Քաղաքներում 290.1 հզ. 283.7 հզ. 277.8 հզ. 234.3 հզ. 252.9 հզ.
Գյուղերում 198.0 հզ. 194.2 հզ. 187.6 հզ. 197 հզ. 161.9 հզ.
Ուսուցիչների թվաքանակը 43.3 հզ. 42.7 հզ. 43.1 հզ. 41.7 հզ. 42.6 հզ.
Երեկոյան հանրակրթական դպրոցների թվաքանակը 2 2 2 2 2
Վարժարանների քանակը 37 42 42 37 43
Ճեմարանների քանակը 1 1 1 1 1
Միջին մասնագիտական ուս. հաստ.-ի քանակը 108 111 108 106 104
ՄՄՈՒՀ-երում սովորող ուսանողների թվաքանակը 30.5հզ. 30.8հզ. 30.8հզ. 31.1հզ. 31.8հզ.
ԲՈՒՀ-երի քանակը 88 89 87 85 90
ԲՈՒՀ-երում սովորող ուսանողների թվաքանակը 85.1հզ. 97.8հզ. 105.8հզ. 112.2հզ. 114.4հզ.[19]

Գիտություն[խմբագրել]

Հայաստանը զարգացած է գիտության ոլորտով։ Երևանում է գտնվում Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան։ Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան գիտական համագործակցության պայմանագրեր ունի Ռուսաստանի, Վրաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Թուրքմենստանի, Հունգարիայի, Չինաստանի գիտությունների ակադեմիաների, Մեծ Բրիտանիայի թագավորական ընկերության հետ։

Առողջապահություն[խմբագրել]

Մշակույթ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական մշակույթ

Հայաստանի մշակույթը գրականություն, ճարտարապետության, ժողովրդական պարերի, և երաժշտության տարրեր է պարունակում։ . Մշակույթը և նման է և տարբեր որքան սահմանակից երկրների՝ ինչքան Ռուսաստանի, Վրաստանի, և Իրանի նույնքան և Միջերկրական ծովի երկրների Հունաստանի և Կիպրոսի մշակույթներին։ Հայկական մշակույթի վրա մեծ ազդեցություն է ունեցել թե արևելյան հարևանների մշակույթը և թե Եվրոպական երկրների մշակույթը։

Ճարտարապետություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական ճարտարապետություն
Գառնիի հեթանոսական տաճարը կառուցված I դարում

Ամենավաղ ճարտարապետական շինությունը, որ հայտնաբերվել է Հայաստանում, դա Էրեբունի ամրոցն է։‌[փա՞ստ] Էրեբունի ամրոցը կառուցված է ուրարտական ճարտարապետությամբ։ Ամրոցի հարավ-արևմտյան մասի գլխավոր շենքը «Խալդ» աստծո տաճարն է։ Ըստ Մովսես Խորենացու՝ Վան քաղաքն ուներ գույնզգույն քարերով զարդարված 2-3 հարկանի ապարանքներ, չքնաղ բարիքներ, ջրանցքներով ոռոգվող ծաղկազարդ այգիներ։ Տիգրան Մեծի օրոք զարգանում է քաղաքաշինությունը և Հելենիստական մշակույթը։ Այդ ժամանակներում ամենահայտնի հեթանոսական տաճարը Երիզա ավանում գտնվող Անահիտ աստվածուհու տաճարն էր։ Տաճարում տեղադրված էր աստվածուհու արձանը, որն ամբողջովին ոսկեձույլ էր։ Երբ Անտոնիոսը իր արշավանքի ժամանակ ավերում է տաճարը և ոսկեձույլ արձանն իր հետ է տանում, տաճարը վերականգնում են և արձանը կրկին ձուլում են ոսկուց։ Տաճարն այնքան մեծ նշանակություն ուներ, որ ամբողջ գավառը կոչում էին «անահատական»։ Սակայն 301 թ.-ից սկսած, երբ քրիստոնեությունը ընդունվեց որպես պետական կրոն, ողջ հելենիստական մշակույթը կործանման դատապարտվեց։ Քանդվեցին բոլոր հեթանոսական տաճարները, բացառությամբ Գառնիի հեթանոսական տաճարի, որը կառուցված է եղել ի պատիվ Միհր աստծո։ Տաճարի 24 սյուները խորհրդանշում են օրվա ժամերը։ [20]

Հայկական ճարտարապետությունը վերելք է ապրում 7-րդ դարում, երբ կառուցվում են Սուրբ Հռիփսիմե եկեղեցին, Թալինի Կաթողիկե եկեղեցին, Սուրբ Գրիգոր եկեղեցին, Մրենի տաճարը, Սուրբ Հովհաննես եկեղեցին, Սիսավանը և այլն։ 7-րդ դարի հայկական ճարտարապետության գլուխգործոցն է համարվում Զվարթնոցի տաճարը, որը կառուցվել է 641-661-ական թվականներին։ Ճարտարաբետությունը բուռն զարգացում է ապրել նաև 10-րդ դարում՝ հայկական ինքնիշխան պետության զարգացման ժամանակաշրջանում։ Այս ժամանակ են կառուցվել Տաթևի վանքը (895-905), Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին (915-921), Վահանավանքը (911թ), Գնդեվանքը (930թ), Սանահինի վանքը (957-962), Հաղպատավանքը (976-991) և այլն։ Հայկական ճարտարապետության զարգացումը 12-13-րդ դարերում կապված է Զաքարյանների կողմից Հայաստանի ազատագրմամբ։ Կառուցվեցին մի շարք քարե շինություններ։ Այդ ժամանակաշրջանի առավել հայտնի հուշարձաններն են՝ Հառիճի վանքը (1201), Մակարավանքը (1205), Տեղերի վանքը (1213-1232), Դադիվանքը (1214), Գեղարդի վանքը (1215), Սաղմոսավանքը (1215-1235), Հովհաննավանքը (1216), Գանձասարը (1216-1238), Հաղարծնի վանքը (1281) և այլն։

Հայկական ճարտարապետության մեջ մեծ դեր է խաղում տուֆը, որը ամենատարածված շինանյութն է Հայաստանում, որտեղ և գտնվում է աշխարհում տուֆի երկու ամենախոշոր հանքավայրերից մեկը (մյուսը գտնվում է Իտալիայում)։ Տուֆը շինարարության մեջ օգտագործվում է վաղնջական ժամանակներից։ [21]

Կերպարվեստ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական կերպարվեստ

Հայկական կերպարվեստը ներկայացվում է որմնանկարչության, գեղանկարչության, մանրանկարչության, քանդակագործության, գորգագործության, դեկորատիվ-կիրառական արվեստի տարբեր տարատեսակներով։

Որմնանկարչություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Որմնանկարչությունը Հայաստանում
Որմնանկար Դադիվանքում, XIII դարի սկիզբ

Հայկական որմնանկարչության առավել հայտնի նմուշները պատկանում են 5-րդ դարի կեսերին։ Դրանք Երևանի Պողոս-Պետրոս եկեղեցու որմնանկարներն են։ Ավելի վաղ նմուշները պատկանում են 7-րդ դարին (Լմբատավանք, Սուրբ Գրիգոր եկեղեցի և այլն) և վկայում են ինտերիերի նկարազարդման մնայուն ավանդույթի մասին։ [22] Մինչ օրերս պահպանված Տաթևի վանքի որմնանկարի մի հատվածը մոտավորապես 930 թվականի աշխատանք է,[23] իսկ Գնդեվանքի որմնանկարները՝ 914 թվականի։ [23]

Քանդակագործություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Քանդակագործությունը Հայաստանում
1rightarrow.png  Տես նաև Խաչքար 

Հայկական վաղ միջնադարյան քանդակները ներկայացված են 4-5-րդ դարերի քարակոթողներով, զարդաքանդակավոր և սյուժետային ռելիեֆներով։ Առավել վաղ նմուշները՝ Աղձքի Արշակունիների գերեզմանաքարերի ռելիեֆները, պատկանում են 364 թվականին։ [22] Պահպանվել է հուշակոթողների խոյակ Քասախում (մոտ 4-րդ դար) և Էջմիածնի Մայր Տաճարի ճակատին քանդակած 2 ռելիեֆ (4-րդ դարի վերջ)։ [22] Ընդհանուր առմամբ հայկական քանդակագործությունը ներկայացված է 3 հիմնական դպրոցներով՝ Այրարատյան, Տաշիրյան և Սյունիքյան։ 6-7-րդ դարերում սկսվում է քանդակագործական արվեստի զարգացման նոր շրջան (կլոր քանդակ և ռելիեֆներ), որը տարբերվում էր դեկորատիվ տարրերի հարստությամբ․ առանձնանում են ոճական ուղղություններ։ [22] Այդ ժամանակաշրջանի ճարտարապետության և կերպարվեստի գլուխգործոցն է դառնում Զվարթնոցի տաճարը, որը կառուցվել է 640-650-ական թվականներին։ Հայտնվում են սյուժետային պատկերավոր ռելիեֆներ (Պտղնիի, Մրենի եկեղեցիներում), երեցփոխների բարձրաքանդակային պատկերներ (Սիսիան)։

5-7-րդ դարերում ձևավորվում է խաչքարերի արվեստը՝ հուշակոթողներ, որոնք իրենցից ներկայացնում են քարակոթողներ՝ խաչի փորագրված պատկերով։ Խաչքարային արվեստը հասնում է իր զարգացման գագաթնակետին 12-13-րդ դարերում։ Հայաստանի տարածքում հաշվվում է մոտ մի քանի հազար խաչքար, որոնցից յուրաքանչյուրն առանձնանում է իր անկրկնելի նախշով, թեև բոլոր նախշերը սովորաբար արվում են նույն ոճով։

Մանրանկարչություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական մանրանկարչություն
13-րդ դարի մանրանկար

Միջնադարյան Հայաստանի կերպարվեստի պատմության մեջ առաջատար տեղ է զբաղեցրել գրքային մանրանկարչությունը։ Ամենավաղ նմուշները պատկանում են 6-7-րդ դարերին։ [24] Հայկական մանրանկարչության յուրահատկությունն է հանդիսանում տեղական տարբեր դպրոցների՝ Կիլիկիայի, Գլաձորի, Տաթևի, Վասպուրականի և այլն դպրոցների բազմազան ոճերը։ Հայկական մանրանկարչական արվեստի վաղ նմուշներից են «Մլքե թագուհու Ավետարանը» (862թ), Ավետարանը (986թ), «Էջմիածնի Ավետարանը» (989թ), «Մուղնիի Ավետարանը» (11-րդ դար) և այլն։ Ոճաձևային բազմազանությամբ է առանձնանում 13-14-րդ դարերի մանրանկարչությունը, երբ զարգանում են հայկական մանրանկարչության մի շարք տեղային ինքնաբավ դպրոցներ։

Դեկորատիվ-կիրառական արվեստ[խմբագրել]

Միջնադարյան Հայաստանի կիրառական արվեստը ներկայացված է հարուստ և բազմաբնույթ կերամիկայով՝ նկարազարդված և փորագրված ջնարակած կերամիկայով, ոչ ջնարակված, խորացված և ռելիեֆային զարդանկարով կերամիկայով։ Խեցեգործական արտադրության հիմնական կենտրոնները տեղակայված էին Անի և Դվին քաղաքներում, որոնք ծաղկում էին ապրում մինչև 12-13-րդ դարերը։ Պահպանվել են 14-րդ դարի գործվածքներ, մետաղական գեղարվեստական պատրաստվածքներ՝ այդ թվում 13-14-րդ դարերի դրվագակերտ արծաթե և ոսկեզօծ կերտվածքներ, եկեղեցական նշանակության պարագաներ, ձեռագիր գրքերի արծաթե և ոսկե շրջանակներ (օրինակ Կիլիկիայում պատրաստված Ավետարանի շրջանակը, 1255թ)։ Անիում՝ Գագիկաշեն եկեղեցու պեղումների ժամանակ, հայտնաբերվել է 11-րդ դարի ջահ։ Հայտնի են նաև փայտի վրա փորագրված բարձրակարգ գեղարվեստական նմուշներ, որոնց ամենավաղ օրինակները պատկանում են 10-րդ դարին։ Այս արվեստում իրենց ուրույն տեղն են զբաղեցնում տաճարների փայտե դռները (դուռ Մուշից, 1134թ, Սևանա լճի մոտ գտնվող Առաքելոց եկեղեցու դռները, 1176թ և այլն)։

Միջնադարում եկեղեցիները և տաճարները զարդարվել են նաև խճանկարներով։ Վաղ քրիստոնեական շրջանի խճանկարների հատվածներ են հայտնաբերվել Էջմիածնի Մայր տաճարում, Զվարթնոցի և Դվինի տաճարներում։ [22]

Գորգագործություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական գորգ


Հայկական գորգը տերմին է, որը բնութագրում է խավավոր և ոչ խավավոր գորգերը, որոնք գործվել են Հայկական լեռնաշխարհի տարածքում և նրա սահմաններից դուրս ապրող հայերը՝ սկսած նախաքրիստոնեական շրջանից (մինչև մ․թ․ա․ 4-րդ դար) մինչև մեր օրերը։ [25][26][27][28][29][30][31][32][33][34]

Գորգագործությունը հանդիսանում է հայկական դեկորատիվ-կիրառական արվեստի տարատեսակներից մեկը։ [35] Այն անքակտելիորեն կապված է հայերի դեկորատիվ-կիրառական արվեստի այլ տարատեսակների հետ՝ շարունակելով ազգային կերպարվեստի մյուս տեսակների ավանդույթները։ Հայկական գորգերը պարսկական, ադրբեջանական և այլ գորգերից հիմնականում տարբերվում են նրանով, որ հայկական զարդանախշերում կիրառվում են մարդկանց և կենդանիների ոճավորված պատկերներ։ [36] Սովորաբար Հայաստանում գորգերը փռում են հատակին, տան ներքին պատերին, բազմոցներին, սնդուկներին և մահճակալներին։ [37][38] Մինչ այժմ հաճախ գորգեր են կախվում դռան մուտքի մոտ, տաճարների և եկեղեցիների խորաններում։ Զարգանալով հինավուրց ժամանակներից՝ գորգագործությունը Հայաստանում հանդիսանում էր կենցաղի անբաժանելի մասը, քանի որ գորգագործությամբ զբաղվում էին գրեթե յուրաքանչյուր հայ ընտանիքում։ Ընդ որում գորգագործությունը ամենուրեք հայ կանանց զբաղմունքն էր։ [39]

Թատրոն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական թատրոն
Պետրոս Ադամյանը Համլետի դերում

Հայկական թատրոնն առաջացել է մ.թ.ա. I հազարամյակում՝ ստրկատիրական համայնական կարգերի ժամանակ Գիսանե և Անահիտ աստվածուհիներին նվիրված ծիսակատարություններից։ Հայկական պրոֆեսիոնալ թատրոնն առաջացել է հելլենիստական դարաշրջանի հայկական միապետություններում ողբերգությունից և ժողովրդական կատակերգությունից։

Հույն պատմաբան Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69թՏիգրան Մեծ (Տիգրան Բ Մեծ) արքան պատմական Հայաստանի հարավային մայրաքաղաք Տիգրանակերտում [40][41][42] կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Հայտնի է նաև, որ Տիգրանի որդի Արտավազդ Բ-ն (մ․թ․ա․ 56-34 թթ, ով ողբերգություններ էր գրում Հայաստանի հյուսիսային մայրաքաղաք Արտաշատում (որին հռոմեացիները Հայաստանի Կարթագեն էին անվանում), ստեղծել է հելլենիստական ոճի թատրոն։ [40]

Մեզ հասած առաջին դրամատուրգիական ստեղծագործություններն են Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը»։ 17-19-րդ դարերում թատրոնը զարգացավ նաև Լվովի, Մոսկվայի, Վենետիկի, Վիեննայի, Չենայի (Մադրաս), Կալկուտայի հայկական գաղթօջախներում։ 1810 թվականին Կոստանդնուպոլսում Մ․ Բժիշկյանի ղեկավարությամբ բեմադրվում են առաջին հայկական ներկայացումները։ 1846-1866թթ այստեղ աշխատում է «Արամյան թատրոն»-ը (ղեկավար՝ Հովհաննես Գասպարյան), որը հյուրախաղերով հանդես էր գալիս Թբիլիսիում, Երևանում, Թավրիզում։ 1836թ Գ․ Շերմազանյանը Թիֆլիսում ստեղծում է «Շերմազանյան դարպաս» թատրոնը։ 19-րդ դարի 1850-ական թվականներին Կոստանդնուպոլսում գործում էին մի քանի սիրողական թատրոններ, որտեղ բեմադրվում էին Մ․ Պեշիկթաշլյանի, Ս․ Հեքիմյանի, Թ․ Թերզյանի և այլոց պիեսները։ 1860-ական թվականների սկզբին սիրողական թատերախմբերից ձևավորվում են հայկական պրոֆեսիոնալ թատրոններից «Արևելյան թատրոնը»՝ Հեքիմյանի գլխավորությամբ Կոստանդնուպոլսում (1861) և Գ․ Չմշկյանի ղեկավարությամբ Թիֆլիսում (1863)։ Թբիլիսյան թատերախմբի գործունեությունը, հայկական ռեալիստական դրամատուրգիայի հիմնադիր Գաբրիել Սունդուկյանի ստեղծագործությունները («Պեպո», «Խաթաբալա», «Էլի մեկ զոհ» և այլն) հաստատեցին ռեալիզմը հայկական բեմի վրա։ 19-րդ դարի վերջին 20-րդ դարի սկզբին ազգային դրամատուրգիայի ռեալիստական ավանդույթներն արտահայտվեցին Հակոբ Պարոնյանի («Պաղտասար աղբար»), Ալեքսանդր Շիրվանզադեի («Պատվի համար», «Եվգինե», «Արմենուհի» և այլն), Լևոն Շանթի («Հին Աստվածներ») ստեղծագործություններում։ Այդ ժամանակ սկսեցին ստեղծագործել դրամատուրգներ Վրթանես Փափազյանը («Ժայռ»), Ս․ Տարայանը («Սոկրատես»), Է․ Տեր-Գրիգորյանը, Նար-Դոսը, Լ․ Մանվելյանը, Դերենիկ Դեմիրճյանը և այլն։

Խոհանոց[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական խոհանոց

Հայկական խոհանոցը համարվում է Անդրկովկասի ամենահին, իսկ Ասիայի ամենահին խոհանոցներից մեկը։ [43] Հայտնի է, որ հայերը գիտեին խմորման և թխման գործընթացների մասին դեռևս 2500 տարի առաջ։ Շատ հայկական կերակրատեսակների պատրաստման ավանդույթները մինչ այսօր անփոփոխ են մնացել։

Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ, որոնք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։ Հայկական լեռնաշխարհում մի ժամանակ գտնվում էր Ուրարտու պետությունը։ Եվ Հայաստանում պահպանվել են այդ հնագույն պետության նյութական մշակույթի հուշարձանները։ Իսկ հայկական խոհանոցը իր վրա կրել է դեռևս այն ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։

Գրականություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայ գրականություն
Մովսես Խորենացի

Մեզ հասած հայերեն լեզվով ամենահին գրական ստեղծագործությունները պատկանում են 5-6-րդ դարերին։ Նախ և առաջ դրանք Մովսես Խորենացու («Պատմություն Հայոց»), Կորյունի («Վարք Մաշտոցի») պատմական ստեղծագործություններն են, ինչպես նաև աստվածաբանական գրքերի հայերեն թարգմանությունները։ Վաղ միջնադարում (11-րդ դար) է ստեղծագործել Գրիգոր Մագիստրոս Պահլավունին՝ «Թղթեր» աշխատության հեղինակը, որտեղ շոշափվում են փիլիսոփայական, քաղաքական, աստվածաբանական և գիտական հարցեր։ Նա հայերեն է թարգմանել նաև Էվկլիդեսի «Սկզբունքներ» աշխատությունը։

Պատմական հայտնի աշխատություններ են գրել նաև Հովհաննես Դրասխանակերտցին («Հայոց պատմություն» և «Շարից հայրապետացն Հայոց», 9-րդ դարի վերջ և 10-րդ դարի սկիզբ), Թովմա Արծրունին (960-1030), Ստեփանոս Օրբելյանը (13-րդ դար) և այլոք։ «Սասունցի Դավիթ» էպոսը, որտեղ պատկերվում է հայ ժողովրդի պայքարը ազատության համար, ստեղծվել է 7-10-րդ դարերի ընթացքում։ Հայկական պոեզիայի ավելի հին քնարական, բարոյախրատական և փիլիսոփայական արտացոլումը կարելի է գտնել Գրիգոր Նարեկացու (951-1003), Ներսես Շնորհալու (1112-1173), Հովհաննես Թլկուրանցու (14–15 դարեր), Ֆրիկի (13–14 դարեր) և այլոց ստեղծագործություններում։ 12-13-րդ դարերում են ստեղծագործել առակագիրներ Մխիթար Գոշը և Վարդան Այգեկցին։

19-րդ դարում հայ գրականությունն ու արվեստը զարգանում էին ռուսական և արևմտաեվրոպական մշակույթի ազդեցության ներքո։ Այս ժամանակաշրջանում են ստեղծվել Ղևոնդ Ալիշանի պատմությունները, Խաչատուր Աբովյանի, Րաֆֆու, Մուրացանի (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան), Ալեքսանդր Շիրվանզադեի վեպերը, Պետրոս Դուրյանի, Սիամանթոյի (Ատոմ Յարճանյան), Դանիել Վարուժանի, Վահան Տերյանի, Հովհաննես Թումանյանի պոեմներն ու բանաստեղծությունները, Գաբրիել Սունդուկյանի, Հակոբ Պարոնյանի դրամաները։ Հայ երգահաններ Կոմիտասը և Գրիգոր Սյունին հավաքում էին ժողովրդական երգեր և օգտագործում համերգային ելույթների ժամանակ։ Հայտնի երգահաններից են նաև Տիգրան Չուխաջյանը (1837-1898թթ, հայ առաջին օպերաների, օպերետաների, սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունների հեղինակ), Ալեքսանդր Սպենդիարյանը (1871-1928) և Արմեն Տիգրանյանը (1879-1950)։ Հայաստանում են ստեղծագործել նաև այնպիսի պոետները, ինչպիսին են Վահան Միրաքյանը, Ավետիք Իսահակյանը, Եղիշե Չարենցը, Նաիրի Զարյանը։

Երաժշտություն[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական երաժշտություն
1rightarrow.png  Տես նաև Հայկական ժողովրդական երաժշտություն 
Երգերի ժողովածու, 1322թ

Հայկական երաժշտությունը հազարամյակների պատմություն ունի։ Այն առաջացել է հայերեն լեզվի ձևավորման հետ մեկտեղ։ Մ․թ․ա․ 3-րդ դարում ձևավորվեցին հայկական երաժշտության սկզբնական ճյուղերը՝ գյուղացիական, պաշտամունքային (հեթանոսական) և գուսանների ժողովրդական արվեստը։ Քրիստոնեությունը 301թ ընդունելուց հետո առաջ է գալիս նաև նոր ճյուղ՝ քրիստոնեական եկեղեցու երաժշտությունը։

Գուսանները՝ հայ ժողովրդական երգիչներն են։ [44] Նրանց գործունեությունը բացառապես աշխարհիկ է։ Նախաքրիստոնեական Հայաստանում հելլենիզմի դարաշրջանում գուսաններն ի սկզբանե ծառայում էին Գիսանե աստվածուհուն նվիրված տաճարում։ [44] Գուսանական երաժշտությունն սկիզբ է առնում ստրկատիրական դարաշրջանի Հայաստանի «վիպասանների» արվեստից։ Զարգացած ֆեոդալիզմի դարաշրջանից ի հայտ եկան գուսանները և վարձակները։ Գուսանների մասին վկայություն են տվել 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը, Փավստոս Բուզանդը, Մովսես Խորենացին, Եղիշեն և այլն։ [44] Գուսանները հանդես էին գալիս խնջույքներում, հարսանիքներում և ժողովրդական գործիքների ուղեկցությամբ կատարում էին իրենց երգերը։ [44] 301 թվականից հետո հայկական եկեղեցին հետապնդում էր գուսաններին։ [44]

Շարականները հոգևոր երգերն են։ [45] Ամենաշատը պահպանվել են V-XV դարերի շարականներից։ Հին հայկական հոգևոր երաժշտությունը կազմված է 4 հիմնական ժանրից՝ կցուրդ, կացուրդ, կանոն և տաղ։ [45] Շարականներն իրենցից ներկայացնում են հին հայկական մշակույթի՝ մասնավորապես պոեզիայի, երաժշտության և պրոֆեսիոնալ երգարվեստի սինթեզից։ Արդեն 17-րդ դարում Բարսեղ Տչոն կաթողիկոս Ներսեսի կարգադրությամբ կազմեց «Շարակնոց» ժողովածուն։ Ըստ Կիրակոս Գանձակեցու՝ ․ «Այդ ժամանակ Հայաստանում այնքան շատ էին կանոնական եկեղեցական երգերը, որ մի թեմի երգիչները չգիտեին մյուս թեմի երգերը»։

Տաղերը շարականների պես երաժշտական և բանաստեղծական արվեստի սինթեզ են։ Նրանք համեմատաբար ծավալուն մոնոդիաներ էին, որոնք իրենց բովանդակությամբ և մեղեդայնությամբ հիշեցնում էին հետագա ժամանակաշրջանների վոկալ և գործիքային արիաները։ Տարբերակվում են հոգևոր և աշխարհիկ տաղեր։ Առաջինները ավելի ծավալուն են, քան աշխարհիկները։ Տաղը, որպես երաժշտական ժանր, գլխավորապես զարգացել է 10-րդ դարում՝ հիմնականում Գրիգոր Նարեկացու շնորհիվ։ Հոգևոր տաղերը, ի տարբերություն շարականների, կանոնական երգեր չէին և տոնակատարությունների ժամանակ կատարվում էին տվյալ իրադարձությանն ավելի մեծ հանդիսավորություն հաղորդելու համար։ Աշխարհիկ տաղը զարգանում է Ֆրիկի ստեղծագործությունների մեջ (13-րդ դար)։ Ամենահին աշխարհիկ տաղերից մեկը՝ «Կռունկ»-ը, ստեղծվել է միջնադարում և պահպանվել է 17-րդ դարի տեքստերում։

Հայկական երաժշտական գործիքներ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդվածներ՝ Դուդուկ և Դհոլ
Հայկական դուդուկ

Հայկական դուդուկը պատրաստվում է բացառապես ծիրանենուց։ Ծիրանենին ձայնն անդրադարձնելու յուրահատուկ հատկություն ունի։ Դուդուկանման գործիքներն այլ երկրներում պատրաստում են այլ նյութերից (սալորենի, ընկուզենի), սակայն ըստ որոշ մասնագետների պնդման՝ նման դուդուկին բնորոշ է բավականին սուր, ռնգային ձայնը, մինչդեռ հայկական դուդուկը տարբերվում է մեղմ հնչողությամբ, որն ավելի շատ մարդկային ձայնի է նման։ Լեզվակը պատրաստվում է 2 կտոր եղեգից, որն աճում է Արաքս գետի ափին։ Ի տարբերություն երկակի լեզվակ ունեցող այլ գործիքների՝ դուդուկի աղեղաձողը բավականին լայն է, որն էլ գործիքին հաղորդում է իր տխուր հնչողությունը։ 1920-1930-ական թվականներին հայկական դուդուկը բարելավվեց Վ․ Բունիի կողմից, ով, պահպանելով ժողովրդական գործիքի հիմնական ձևը, ստեղծեց տարբեր ռեգիստրերի 3 տիպի դուդուկ։ Նրանցից վերջինը, որն ամենացածր, բարիտոնային ռեգիստր ուներ, իրեն ստեղծողի պատվին անվանվեց «բունիֆոն»։ [46][47]

Դհոլ

Դհոլը (թմբուկ՝ drum) հայկական [48][49] հարվածային երաժշտական գործիք է։ Պատկանում է երկկողմանի թմբուկի ընտանիքին, որն ունի գլանի ձև և ծածկված է մեկ կամ երկու թաղանթներով։ Նախկինում հայերը դհոլն օգտագործել են ռազմական արշավներից առաջ, իսկ ներկայումս կիրառվում է անսամբլներում՝ զուռնաների հետ և ուղեկցվում է պարերով։

Դհոլի առաջացումը կապված է Հայաստանի պատմության հեթանոսական շրջանին։ Սակայն այս երաժշտական գործիքը դեռևս կիրառվում է Հայկական եկեղեցում։

Դհոլ նվագելու համար անհրաժեշտ է 2 փայտե ձողեր (հաստ՝ կոպալ, բարակ՝ ճիպոտ)՝ պատրաստված բամբուկից կամ եղեգից։ Ձայնը դուրս է գալիս դհոլին այդ ձողերի հարվածից կամ էլ դհոլին ձեռքի ափերի, մատերի հարվածներից (վերջինս առավել հայտնի է)։

Կինո[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Հայկական կինեմատոգրաֆ

Հայկական կինեմատոգրաֆը ստեղծվել է 1923թ ապրիլի 16-ին, երբ կառավարության որոշմամբ ստեղծվեց Հայաստանի Կինոյի Պետական Կոմիտեն։

1924թ մարտին Երևանում ստեղծվեց առաջին հայկական կինոստուդիան՝ Հայֆիլմը՝ նույն թվականին նկարահանելով Խորհրդային Հայաստանի առաջին փաստագրական ֆիլմը։

«Նամուս»-ը առաջին հայկական սև-սպիտակ համր ֆիլմն է (1925), որը նկարահանվել է Ալեքսանդր Շիրվանզադեի համանուն վեպի հիման վրա, որը պատմում է 2 սիրահարների դաժան ճակատագրի մասին։ Ֆիլմի ռեժիսորն է Համո Բեկնազարյանը, ով նկարահանել է նաև առաջին ձայնային ֆիլմը՝ «Պեպո»1935թ։

Հայտնի ռեժիսորներից են նաև Սերգեյ Փարաջանովը («Նռան գույնը»), Հենրիկ Մալյանը («Նահապետ»), Արտավազդ Փելեշյանը («Տարվա եղանակները»), Էդմոնդ Քեոսայանը, Ֆրունզե Դովլաթյանը, Միքայել Վարդանովը («Փարաջանով։Վերջին գարուն»), Լևոն Մկրտչյանը («Հովհաննես Շիրազ»), Ատոմ Էգոյանը («Արարատ»), Մայքլ Հակոբ Հակոբյանը, ով հայտնի է հայկական ցեղասպանության, ժամանակակից հայկական պատմության և պատմական Հայաստանի մասին փաստագրական ֆիլմերով։

Ժամանակակից հայկական կինեմատոգրաֆն ամեն տարի նկարահանում է 2 կամ 3 խաղարկային ֆիլմ, 8 կարճամետրաժ և 15 վավերագրական ֆիլմեր։ [50]

Սպորտ[խմբագրել]

    1rightarrow.png Հիմնական հոդված՝ Սպորտը Հայաստանում
1rightarrow.png  Տես նաև Հայաստանը օլիմպիական խաղերում 
Յուրի Վարդանյանը 1980 թվականի Մոսկվայի օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր
Լևոն Արոնյան. 19.08.2007
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Դուբլինում, Իռլանդիա

Հայաստանում շատ սպորտաձևեր են հայտնի, որոնցից են ըմբշամարտը, ծանրամարտը, ձյուդոն, ֆուտբոլը, շախմատը և բռնցքամարտը։ Հայաստանի լեռնային ռելիեֆը հնարավորություն է տալիս զբաղվել այնպիսի սպորտաձևերով, ինչպիսին են դահուկասահքը, լեռնագնացությունը։ Լինելով լեռնային երկիր՝ ջրային սպորտաձևերով կարելի է զբաղվել լճերում՝ հիմնականում Սևանա լճում։ Հայաստանը հաջողությամբ հանդես է գալիս շախմատի, ծանրամարտի և ըմբշամարտի միջազգային մրցաշարերում։ Հայաստանը նաև միջազգային սպորտային համայնքի ակտիվ անդամն է․ հանդիսանում է Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) և Հոկեյի միջազգային ֆեդերացիայի անդամ։ Պարբերաբար անց են կացվում նաև Համահայկական խաղեր։

Մինչ 1992 թվականը հայերը մասնակցում էին Օլիմպիական խաղերին՝ ներկայացնելով ԽՍՀՄ-ն։ Հանդիսանալով ԽՍՀՄ-ի մի մասը՝ Հայաստանը հաջողությամբ էր հանդես գալիս մրցաշարերում՝ արժանանալով բազմաթիվ մեդալների։ Ժամանակակից Օլիմպիական խաղերում առաջին հայ մարզիկը, ով մեդալի է արժանացել մարմնամարզիկ Հրանտ Շահինյանն էր, ով 1952 թվականին Հելսինկիում կայացած Օլիմպիական խաղերին ստացել է 2 ոսկե և 2 արծաթե մեդալներ։

Հայաստանը ԱՊՀ միասնական թիմի կազմում մասնակցել է 1992 թվականի Ամառային Օլիմպիական խաղերին, որը տեղի է ունեցել Բարսելոնայում։ Ունենալով ընդամենը 5 մարզիկ՝ այս խաղերին ստացել է 3 ոսկե և 1 արծաթե մեդալ ծանրամարտում և ըմբշամարտում։ 1994 թվականի Լիլեհամերի Ձմեռային Օլիմպիական խաղերին Հայաստանը մասնակցել է որպես անկախ պետություն։

Հայաստանը մասնակցում է Ամառային Օլիմպիական խաղերի բոքսի, ըմբշամարտի, ծանրամարտի, ձյուդոյի, մարմնամարզության, վազքի, ջրասուզման, լողի մրցաշարերին։ Երկիրը մասնակցում է նաև Ձմեռային Օլիմպիական խաղերի լեռնադահուկային, դահուկավազքի և գեղասահքի մրցաշարերին։

Ֆուտբոլը նույնպես հայտնի է Հայաստանում։ Ամենահայտնի ֆուտբոլային թիմը 1970-ական թվականների Երևանի Արարատն է, որը 1973թ դարձավ Խորհրդային Միության գավաթակիր և 1975թ Խորհրդային Միության Բարձրագույն լիգայի հաղթող։ Արարատ ՖԱ-ի վերջին հաջողությունը 1974-1975թթ Եվրոպայի Գավաթի առաջնությունն էր, որտեղ չնայած տանը տարած հաղթանակին՝ քառորդ եզրափակիչում պարտվեց Մյունխենի Բավարիային։ Հայաստանը մասնակցում էր միջազգային մրցաշարերին ԽՍՀՄ-ի ֆուտբոլային թիմի կազմի մեջ մինչև ԽՍՀՄ-ի փլուզումից հետո 1992թ Հայաստանի Ֆուտբոլի Ազգային հավաքականի ձևավորվելը։ Հայաստանի հավաքականը մեծ մրցաշարերում լուրջ հաջողությունների չի հասել թեև վերջին բարելավումների շնորհիվ հավաքականը 2011թ սեպտեմբերի տվյալներով ՈՒԵՖԱ-ի համաշխարհային վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 44-րդ տեղը։ Ազգային հավաքականը ղեկավարում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան։ Հայաստանի Բարձրագույն լիգան երկրի ֆուտբոլային մրցաշարի բարձրագույն մակարդակն է և վերջին շրջանում գլխավորում է հիմնականում Փյունիկ ՖԱ-ը։

Հայազգի հայտնի շատ ֆուտբոլիստներ կան՝ Հենրիխ Մխիթարյան, Յուրա Մովսիսյան, Յուրի Ջորկաեֆ, Ալեն Բողոսյան, Անդրանիկ Իսքանտարեան, Անդրանիկ Թեյմուրյան, Էդգար Մանուչարյան և Նիկիտա Սիմոնյան։ Ջորկաեֆը և Բողոսյանը Ֆրանսիայի ազգային հավաքականի կազմում հաղթել են 1998թ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում։ Անդրանիկ Թեյմուրյանը Իրանի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2006թ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում, Էդգար Մանուչարյանը հանդես է եկել Այաքս ՖԱ-ում, իսկ Հենրիխ Մխիթարյանը ներկա պահին հանդես է գալիս Գերմանիայի Բունդեսլիգայի Բորուսիա Դորտմունդ ակումբում և համարվում է Եվրոպայի լավագույն ռմբարկուներից մեկը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիան (սկզբնական շրջանում՝ սեկցիա) ստեղծվել է 1927 թվականին։ Հայաստանը ՖԻԴԵ-ի անդամ է 1992 թվականից։ Հայաստանի տղամարդկանց հավաքականը 2006 և 2008թթ. դարձել է շախմատի համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն, երեք անգամ՝ (1992, 2002, 2004թթ.) օլիմպիադայի բրոնզե մեդալակիր, 2011թ. դարձել է աշխարհի թիմային առաջնության հաղթող, երեք անգամ երրորդ տեղն է գրավել աշխարհի թիմային առաջնություններում (1997, 2001, 2005 թթ.), Եվրոպայի չեմպիոն (1999թ.)։ Երևան թիմը հաղթել է եվրոպական ակումբների գավաթի խաղարկությունում (1995թ.)։ Հայաստանի կանանց հավաքականը 2003թ. դարձել է Եվրոպայի չեմպիոն, Երևանի Միկա կանանց ակումբը՝ 2006 թ. Եվրագավաթի հաղթող։ Լևոն Արոնյանը 2005-ին դարձել է աշխարհի գավաթակիր, Վլադիմիր Հակոբյանը 1999-ին՝ աշխարհի փոխչեմպիոն։ Հայաստանն այժմ ունի 33 գրոսմայստեր, 22 միջազգային վարպետ, 8 ՖԻԴԵ-ի վարպետ։ Միջազգային վարկանիշներ ունեն 285, ազգային՝ ավելի քանի 3000 շախմատիստներ։ Հայաստանում անցկացվել են բազմաթիվ խոշորագույն միջազգային մրցաշարեր, աշխարհի և Եվրոպայի պատանեկան առաջնություններ։ 1996-ին Երևանում անցկացվել է շախմատի 32-րդ համաշխարհային օլիմպիադան, 2001-ին՝ աշխարհի 5-րդ թիմային առաջնությունը։ [51]

Մամուլ[խմբագրել]

Ուրբաթագիրք՝ հայկական առաջին տպագիր գիրքը, Վենետիկ, 1512թ

Հայաստանում գործում են ԶԼՄ-ի բոլոր տեսակները՝ թերթեր, ամսագրեր, ռադիո, հեռուստատեսություն, ինտերնետ։ Գրաքննությունն արգելված է 2004թ. ընդունված ԶԼՄ-ի վերաբերյալ օրենքով։ Հայաստանում առավել հայտնի են հեռարձակվող ԶԼՄ-ները։ Ընդհանուր առմամբ գործում են 40 մասնավոր հեռուստաալիք և 2 հասարակական հեռուստատեսային ցանցեր, ինչպես նաև ռուսախոս հեռուստաալիքներ[52] և բազմաթիվ ռադիոկայաններ։ [53]

1926թ. Երևանում հեռարձակվում են առաջին ռադիոհաղորդումները։ 1956թ սկսում է աշխատել երևանյան հեռուստակենտրոնը։ 1968թ. 2 հանրապետական ռադիոծրագրով և 1 հեռուստածրագրով սկսեցին հաղորդումներ հեռարձակվել հայերեն, ռուսերեն, ադրբեջաներեն, քրդերեն լեզուներով։ Հեռուստածրագրեր էին հեռարձակվում նաև հայերեն և արաբերեն լեզուներով արտասահմանյան հանդիսատեսի համար։ Փոխանցումալող սարքերը թույլ էին տալիս հեռուստահաղորդումներ դիտել գրեթե ամբողջ հանրապետության տարածքում։

1512-1513 թվականներին Վենետիկում տպագրվեցին առաջին հայերեն գրքերը՝ «Պարզատումար», «Աղթարք», «Պատարագատետր», «Պարզատումար», «Տաղարան»։ Այնուհետև հայերեն լեզվով տպագիր գրքեր հայտնվեցին նաև Կոստանդնուպոլսում (1567), Հռոմում (1584), Փարիզում (1633), Լայպցիգում (1680), Ամստերդամում, Նոր Ջուլֆայում (Իրան), Լվովում, Էջմիածնում (1771), Պետերբուրգում (1780), Աստրախանում, Մոսկվայում, Թիֆլիս, Բաքվում։

1794թ. Մադրասում (Հնդկաստան) լույս տեսավ հայերեն առաջին շաբաթաթերթը՝ «Ազդարար»-ը, իսկ ավելի ուշ Կալկուտայում՝ «Ազգասեր» ամսագիրը։ 19-րդ դարի առաջին կեսին աշխարհի տարբեր երկրներում հայերեն լեզվով լույս էր տեսնում մոտ 30 ամսագիր և թերթ, որոնցից 6-ը՝ Կոստանդնուպոլսում, 5-ը՝ Վենետիկում, 3-ը՝ (այդ թվում «Կովկաս» և «Արարատ» թերթերը) Թիֆլիսում։ Մոսկվայում լույս էր տեսնում «Հյուսիսափայլ» ամսագիրը, որը մեծ դեր խաղաց հայկական սփյուռքի հոգևոր կյանքում։

Տոներ և հիշատակի օրեր[խմբագրել]

  • Դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 6-ը - Ամանոր և Ծննդյան տոներ. Դեկտեմբերի 31-ին, Հունվարի 1-ին և 2-ին՝ Ամանոր, Հունվարի 3-ին, 4-ին և 5-ին՝ նախածննդյան տոներ, Հունվարի 6-ին՝ Սուրբ Ծնունդ և Հայտնություն (ոչ աշխատանքային օրեր)
  • Հունվարի 7 - Մեռելոց հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
  • Հունվարի 28 - Բանակի օր (ոչ աշխատանքային օր)
  • Փետրվարի 21 - Մայրենի լեզվի օր
  • Փետրվարի 28 - Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օր
  • Մարտի 8 - Կանանց տոն (ոչ աշխատանքային օր)
  • Ապրիլի 1 - Երգիծանքի և հումորի օր
  • Ապրիլի 7 - Մայրության, գեղեցկության և սիրո տոն
  • Ապրիլի 24 - Ցեղասպանության զոհերի հիշատակի օր (ոչ աշխատանքային օր)
  • Մայիսի 1 - Աշխատանքի օր (ոչ աշխատանքային օր)
  • Մայիսի 8 - Երկրապահի օր
  • Մայիսի 9 - Հաղթանակի և խաղաղության տոն (ոչ աշխատանքային օր)
  • Մայիսի 28 - Հանրապետության տոն (ոչ աշխատանքային օր)
  • Հունիսի 1 - Երեխաների իրավունքների պաշտպանության օր
  • Հունիսի 14 - Բռնադատվածների հիշատակի օր
  • Հուլիսի 5 - Սահմանադրության օր (ոչ աշխատանքային օր)
  • Սեպտեմբերի 1 - Գիտելիքի, գրի և դպրության օր
  • Սեպտեմբերի 21 - Անկախության տոն (ոչ աշխատանքային օր)
  • Հոկտեմբերի առաջին կիրակի օրը - Ուսուցչի օր
  • Հոկտեմբերի երկրորդ շաբաթ օրը - Թարգմանչաց տոն
  • Դեկտեմբերի 7 - Երկրաշարժի զոհերի հիշատակի օր
  • Սուրբ Զատկից 8 շաբաթ առաջ՝ հինգշաբթի օրը - Սուրբ Վարդանանց տոն՝ բարի գործի և ազգային տուրքի օր
  • Սուրբ Զատկից 64 օր հետո՝ կիրակի օրը - Սուրբ Էջմիածնի տոն [54]

Տես նաև[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. 1,0 1,1 1,2 (Անգլերեն) U.S. Department of State, International Religious Freedom Report 2009, Armenia, 26 oktober 2009.
  2. ՀՀ Ազգային Վիճակագրության ծառայություն, ՀՀ ԱՎԾ «ՀՀ մշտական բնակչության թվաքանակը 2014թ․ հոկտեմբերի 1–ի դրությամբ»
  3. Լեո // Երկերի ժողովածու // Երևան Հ. 1.
  4. Հ․ Գ․ Ժամկոչյան «Հայոց պատմություն
  5. Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 15-21։
  6. Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 21-24։
  7. Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 31-37։
  8. Ծ. Պ. Աղայան. «Հայ ժողովրդի պատմության նկարազարդ ակնարկներ» էջ 37-39։
  9. http://www.armstat.am/file/article/marz_09_1.pdf
  10. http://www.unece.org/env/europe/monitoring/Armenia/ru/Part%20V%20_1.pdf
  11. http://www.nature-ic.am/biodiv/arm/armenia/index.html
  12. ՀՀ էներգահամակարգը
  13. Հայաստանի Հանրապետության կառավարություն։
  14. 2 ՀՀ նախագահի կայք։
  15. «ՀՀ Կառավարության ցանկ» վերցված 5 Դեկտեմբերի 2014(հայերեն)
  16. http://parliament.am/parliament.php?id=parliament&lang=arm
  17. ՀՀ կառավարություն, Ցանկ ՀՀ-ում գրանցված կրոնական կազմակերպությունների։
  18. http://armstat.am/file/doc/99459668.pdf
  19. http://armstat.am/file/doc/99458073.pdf
  20. Հրայր Իսաբեկյան «Հայկական ռենեսանսի ճարտարապետությունը» էջ 9-21
  21. «Տուֆը, որով կառուցված է ողջ Հայաստանը» Հայկական ինտերնետ պորտալ
  22. 22,0 22,1 22,2 22,3 22,4 Ուղղափառ հանրագիտարան, հատոր 3, էջ 286-322, ք․ Մոսկվա, 2001թ
  23. 23,0 23,1 [http://www.icon-art.info/book_contents.php?lng=ru&book_id=29&chap=7&ch_l2=10 Վիկտոր Լազարև «Արվեստը Հայաստանում», ք․ Մոսկվա, 1986թ}}
  24. Մ․ Չահին «Հայաստանի Թագավորություն», էջ 269, 2001թ
  25. Բ․ Թեմուրջյան «Գորգագործությունը Հայաստանում», ք․ Երևան, 1955թ
  26. Ս․ Դավթյան «Հայկական կարպետ», ք․ Երևան, 1975թ
  27. Տիգրան Կույումջյան «"Les tapis à inscriptions arméniennes", in "Tapis et textiles arméniens"», էջ 247-253 ք․ Մարսել, 1991թ
  28. Վ․ Ազատյան, Ա․ Մարգարյան «Հայկական գորգեր», էջ 286, ք․ Երևան, 1986թ
  29. Լյուսի Տեր-Մանուելյան «Ջուլհակներ, վաճառականներ և թագավորներ․ Հայկական մակագրված գորգեր», 1984թ
  30. Էմեթ Իլանդ «Կովկասի ներգաղթած հայկական գորգերը», էջ 8, ք․ Բերքլի, Կալիֆորնիա, ԱՄՆ, 1990թ
  31. Մյուրեյ Իլանդ «Celebrating Rites of Passage in Inscribed Armenian Rugs», էջ 155, ք․ Սան Ֆրանցիսկո, 2002թ
  32. Մանյա Ղազարյան «Հայկական կարպետ», էջ 288, ք․ Լոս Անջելես, 1988թ
  33. Մանիա Ղազարյան «Հայկական կարպետներ», էջ 111, ք․ Մոսկվա, 1985թ
  34. Ա․ Պողոսյան «Կարպետները հայկական ժողովրդական արվեստի, մշակույթի և ինքնության մեջ», էջ 150-165, ք․ Բլումինգտոն և Ինդիանապոլիս, 2001թ
  35. Տիգրան Կույմջյան «Հայկական տեքստիլ․ ամփոփում», 2007թ
  36. Սերգեյ Տոկարև «ԽՍՀՄ ժողովուրդների ազգագրություն․ կենցաղի և մշակույթի պատմական հիմքեր», էջ 295, 1958թ
  37. Ն․ Մառ «Արմգիզ», էջ 197, ք․ Երևան, 1939թ
  38. Ա․ Գադլո «Անդրկովկասի և Միջին Ասիայի ժողովուրդների ազգագրություն․ ավանդական մշակույթ»
  39. «Հայեր․ 19-րդ դարի վերջ և 20-րդ դարի սկիզբ»
  40. 40,0 40,1 Театральная Энциклопедия, М., издательство Советская энциклопедия, 1961, том I
  41. История Древнего мира, издание 2-е, Под ред. И. М. Дьяконова, В. Д. Нероновой, И. С. Свенцицкой, М., 1983, том 2 стр. 399-414
  42. Плутарх, Сравнительные жизнеописания, Лукулл, 29
  43. Վ․ Պոխլեբկին «Աշխարհի ժողովուրդների ազգային խոհանոցները», ք․ Մոսկվա, 1990թ
  44. 44,0 44,1 44,2 44,3 44,4 Գուսաններ
  45. 45,0 45,1 Ն․ Տագմիզյան «Շարականներ։ Սուրեն Զոլյանի թարգմանությունները», 1990թ
  46. Երաժշտական հանրագիտարան։ Դուդուկ։ Խմբ․՝ Յու․ Կելդիշ
  47. Duduk.com (անգլերեն)
  48. Դհոլ
  49. Հայկական դհոլի պատմությունը
  50. Յան Հայդեն Սմիթ «Ֆիլմերի միջազգային ուղեցույց», 2012թ
  51. http://www.chessfed.am/index.php?Page=Federation&Lang= 1
  52. ԶԼՄ-ները Հայաստանում
  53. Հայաստանի ռադիոկայանները http://radiomap.eu կայքում
  54. http://www.spyur.am/am/armenia/

Արտաքին հղումներ[խմբագրել]

Կառավարություն

Քարտեզներ


Wiktfavicon en.svg Ընթերցեք Հայաստան բացատրությունը հայերեն Վիքիբառարանում։
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png