Գնողունակության համարժեքություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գնողունակության համարժեքություն, ձգտում է մեկ գնի օրենքը տարածել մեկ ապրանքից ապրանքային զամբյուղի վրա, որը ձևավորում է երկրում գների միջին մակարդակը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնողունակության համարժեքության գաղափարը նոր չի առաջացել։ Գնողունակության համարժեքությունը լայն տարածում է ստացել 20-րդ դարի 20-ական թվականներին, երբ շվեդ տնտեսագետ Գուստավ Կասսելը սահմանել է գնողունակության համարժեքության տեսությունը և լայնորեն քարոզել դրա կիրառումը։

Տեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ գնողունակության համարժեքության տեսության՝ եթե մեկ գնի օրենքը կիրառելի է բոլոր ապրանքների նկատմամբ, այն կգործի նաև ապրանքային ամբողջ զամբյուղի համար։ Այս դեպքում P և P* գները ապրանքային զամբյուղների կշռված գնային ինդեքսներ են։ Գնողունակության համարժեքության տեսությունը կիրառվում է նաև այն դեպքում, երբ մեկ գնի օրենքը չի գործում յուրաքանչյուր ապրանքի համար, գները և փոխարժեքները չեն կարող էապես տարբերվել բանաձևով հաշվարկվող մակարդակներից։ Երբ մի երկրում ապրանքների և ծառայությունների գները ժամանակավորապես բարձրանում են, այդ երկրի ապրանքների և արժույթի նկատմամբ պահանջարկը նվազում է, գները և փոխարժեքը ճշգրտվում են՝ գնողունակության համարժեքության տեսությանը համապատասխան, և ընդհակառակը։ Ըստ գնողունակության համարժեքության, եթե նույնիսկ մեկ գնի օրենքը չի գործում տվյալ պահին, դրա հիմքում ընկած տնտեսական ուժերը հանգեցնում են բոլոր երկրների արժույթների գնողունակության հավասարեցման։ Գնողունակության համարժեքության տեսությունը ենթադրում է, որ երկրների միջև առևտրի բնական կամ արհեստական խոչընդոտներ չկան։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Rudiger Dornbusch, “Purchasing Power Parity”, in The New Palgrave։ A Dictionary of Economics (New York։ Stockton Press, 1988)։
  • Gustav Cassel, “The Present Situation of Foreign Exchanges”, Economic Journal, march 1916, P. 62-65 and “Abnormal Deviations from International Exchanges”, Economic Journal, December 1918, P. 413-415.