Ֆրիկ
| Ֆրիկ | |
|---|---|
| Ծնվել է | 1230-ական թթ. |
| Մահացել է | 1310-ական թթ. |
| Գրական անուն | Ֆրիկ |
| Մասնագիտություն | Բանաստեղծ |
| Ազգություն | Հայ |
Ֆրիկը (մոտ 1230-ական թթ- մոտ 1310-ական թթ) միջնադարյան մեծատաղանդ հայ բանաստեղծ է:
Բովանդակություն |
Կյանքը[խմբագրել]
Կենսագրական տեղեկություններ չեն պահպանվել. հայտնի են միայն հոր և հորեղբոր անունները` Թագվոշ և Դոդոնա: Ֆրիկի քերթվածքներում եղած որոշ անուղղակի տվյալներից ենթադրվում է, որ ծնվել է մոնղոլների Հայաստան կատարած արշավանքների սկզբներում: Հավանաբար գերի է ընկել մոնղոլների ձեռքը, ապա փրկագնով ազատվել: Եղել է հարուստ, սակայն հետագայում մասասչիներից (մոնղոլերեն` բանակին հանդերձանք, ձի, զենք մատակարարողներ) մեկի ընկերակիցը դառնալով` սնանկացել է, ընկել ծանր պարտքերի տակ և նույնիսկ պարտքերի դիմաց գրավ դրել որդուն: Ծերության հասակում թշվառ ու մենակ է եղել: Ցանկացել է վանք մտնել, վանական դառնալ սակայն պարզ չէ արդյոք նա արել է այդ քայլը:
Բանաստեղծությունները[խմբագրել]
Ֆրիկից պահպանվել են մոտ հինգ տասնյակ բանաստեղծություններ, որոնց մեծ մասը հայտնաբերել, հավաքել և հրատարակության է պատրաստել Տիրայր Վարդապետը:[1] Ֆրիկը գրել է ժողովրդին հասկանալի պարզ ու հստակ լեզվով: Ահա թե ինչպես է հենց ինքը Ֆրիկը գրում իր մասին.
| Ֆրիկը հանցեղ պարզ է խօսել, որ ամենայն մարդ իմանայ
— [2]
|
Նա իր տաղերում առատորեն օգտագործել է ժողովրդական բանահյուսության պատկերով արտահայտությունները, համեմատություններ, առածներն ու ասացվածքները, ինչպես նաև հայրեն տեսակը:[3]
Թեմաները[խմբագրել]
Հասունության տարիներին Ֆրիկի ստեղծագործության կարևոր թեմաներն են դարձել ազգային ու սոցիալական խնդիրները:[4] Մոնղոլական տիրապետության շրջանի գեղարվեստական արձագանքն են Ֆրիկի մեզ հասած չորս բանքերը` «Ընդդէմ ֆալաքին եւ վասն բախտի, «Վասն Արղուն ղանին եւ Բուղային», «Բան ի Ֆրիկ գրքոյն» («Գանգատ»), «Վասն դալեհի եւ բրջի»: «Ընդդէմ ֆալաքին…» քերթվածում Ֆրիկը գրում է.
| Հիմիկ դժարեց բաներս, որ թաթարն եղաւ թագաւոր. Զրկեց զամենայն աշխարհս Ու զգողերն էդիր մեծաւոր |
Ազգային քաղաքական խնդիրն ավելի սուր է արծարծված «Վասն Արղուն ղանին եւ Բուղային» և «Գանգատ» բանաստեղծություններում, որոնցում այն հանդես է գալիս սոցիալական խնդրի հետ զուգորդված: Առաջին բանաստեղծության մեջ Ֆրիկը վրեժխնդիր սրտով երազում է թաթար-մոնղոլների դաժան բռնատիրության վերջնական անկումը: «Գանգատի» մեջ հայրենասեր հեղինակը ողբում է ժողովրդի ծանր վիճակը: Դեռևս «Ընդդէմ ֆալաքին» բանքում Ֆրիկը ֆալաքին (ճակատագրին) համարում է անարդար դատավոր, որ անգետ, վատ, հիմար մարդկանց մեծ հարստության տեր է դարձնում, իսկ արժանավորներին` «ուղորդ», իմաստուն մարդկանց թողնում դժբախտ: Բայց ըստ ֆալաքի` այդ անհավասարության պատճառը ոչ թե ինքն է, այլ Աստված. «Արարչէն լինին»,- պատասխանում է ճակատագիրը: «Գանգատ» բանաստեղծության մեջ Ֆրիկը վեճի մեջ է մտնում ուղղակի Աստծու հետ: Խորհելով կյանքի ու մահվան, տնտեսության ու սոցիալական անհավասարության մասին` նա լայն ընդհանրացումներ է անում: Ֆեոդալական հասարակարգում եղած խոր հակասությունները, հասարակական դասերի վիճակների մեծ տարբերությունը բացատրում է բախտով կամ աստծու կամքով («Եւ այ՞ս էր բան քոյ հրամանի, Արդար, իրաւ դատաւորի, Մէկն ի պապանց պարոնորդի, Մէկն ի հարանց մուրող լինի…»): Շարունակելով հակադրությունների շարքը` միջնադարյան հեղինակը աստիճանաբար բացահայտում է սոցիալական անհավասարությունների ամբողջական շղթան:[5] Այս չորս բանքերով Ֆրիկը համարվում է ոչ միայն միջնադարյան հայ սոցիալական քնարերգության սկզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը, այլև համաշխարհային գրականության նշանավոր դեմքերից մեկը:[6]
Ծանոթագրություններ[խմբագրել]
- ↑ (1986) խմբ․ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա: Հայկական սովետական հանրագիտարան, հ., 12, 735-736։
- ↑ (2000) խմբ․ Բախչինյան Հ., Սարինյան Ս., Թամրազյան Հ.: Հայ գրականություն» դասագիրք հանրակրթական դպրոցի աշակերտների համար։ «Լույս», 54-55։
- ↑ (1955) խմբ․ Հովհաննիսյան Ա.: , Ֆրիկը պատմաքննական լույսի տակ։
- ↑ (1986) խմբ․ Նալբանդեան Վ.Ս., Ներսիսեան Վ.Ս., Բախչինեան Հ.Գ.: Հայ միջնադարեան գրականութիւն. համառօտ պատմութիւն։ «Սովետական գրող», 115-117։
- ↑ (1958) խմբ․ Ժամկոչյան Հ.: Պատմաբանասիրական դիտողություններ Ֆրիկի և նրա տաղերի մասին։ «ՊԲՀ»։
- ↑ (1986) խմբ․ ՀԽՍՀ Գիտությունների ակադեմիա: Հայկական սովետական հանրագիտարան հ., 12, 735-736։