Շուշի
| Քաղաք
Շուշի
|
|||||||||||||||||||||||
Շուշի, բերդաքաղաք Արցախում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Համարվում է Լեռնային Ղարաբաղի նախկին մայրաքաղաքը և մինչև 20-րդ դարի սկիզբը կարևոր դեր է խաղացել ինչպես Արցախի, այնպես էլ ողջ Անդրկովկասի մշակութային և տնտեսական կյանքում։ Ավերվել է և հայաթափվել է 1920-ին, ազատագրվել է 1992 թվական մայիսի 9-ին։ Ներկայում Շուշին հայտարարված է պատմաճարտարապետական արգելոց և վերականգնվում է։
Բովանդակություն |
Աշխարհագրություն [խմբագրել]
Շուշին ընկած է Իրանը Անդրկովկասին, Հայաստանի երկու կարևոր երկրամասերը՝ Զանգեզուրն ու Արցախը միացնող ճանապարհների հանգուցակետում: Շուշին գտնվում է Ստեփանակերտից ընդամենը 10 կմ հարավ, A 317 մայրուղու վրա, որը Ստեփանակերտը կապում է Գորիս քաղաքի հետ։ Քաղաքը հիմնված է շրջապատի վրա իշխող դիրք ունեցող ժայռահարթի վրա, ծովի մակարդակից 1500 մ բարձրությամբ։ Բերդաքաղաքը ունի կարևոր ռազմական նշանակություն։ Շուշիում իրականացված հնագիտական պեղումները վկայում են, որ այն բնակեցված է եղել մ.թ.ա. առաջին հազարամյակում: 1823 թ. Ռուսաստանի կազմում, եղել է Ղարաբաղի երկրամասի վարչական կենտրոնը: 1840թ. Շուշին դարձել է Շուշիի գավառի վարչական կենտրոնը, 1868թ. նույն կարգավիճակով մտել է Եղիսաբեթպոլիսյան նահանգի կազմի մեջ: 19 րդ դարի երկրորդ կեսին և 20 րդ դարի սկիզբին Շուշին նույնանուն գավառի վարչական կենտրոնն էր, որը պատկանում էր Եղիսաբեթպոլիս նահանգին, ուներ քաղաքային դումա, քաղաքագլուխ, գավառապետ, ոստիկանատուն, հաշտարար դատարան, փոխադարձ վարկի դրամատուն, գանձարան, փոստ-հեռագրատուն, զորանոց և այլ հիմնարկներ:
Կլիմա [խմբագրել]
Կլիման չափավոր, առողջարանային է։ Հունվարին միջին ջերմաստիճանը +2,9 է, ապրիլին՝ +7,4, հուլիսին՝ +18,9, նոյեմբերին՝ +4,7 °C։ Նվազագույն գրանցված ջերմաստիճանը եղել է -19,5 °C։ Տարեկան տեղումների քանակը կազմում է 640 մմ։
Պատմություն [խմբագրել]
Շուշին եղել է բնական անմատչելի ամրոց Արցախ նահանգի Վարանդա գավառում։ Քաղաքի մոտ կան հնադարյան գերեզամանատեղիներ, պեղվել են 9-12-րդ դարերի հայկական խաչքարեր և խեցեղեն։ 18-րդ դարի կեսին Վարանդայի իշխան Մելիք-Շահնազար Բ-ն, դավաճանելով Արցախի մելիքությունների միությանը, այն հանձնել է Ջևանշեր քոչվոր ցեղի առաջնորդ Փանահ Ալի խանին, որը հաստատվելով այստեղ հիմնել է բերդավան։ Արցախի մելիքները երկար ժամանակ արյունահեղ մարտեր են մղել զավթիչ խանի դեմ մինչև Ռուսական տիրապետության շրջանը։ Ռուս-պարսկական պատերազմների շրջանում Շուշին պաշարվել է պարսկական բանակի կողմից, սակայն հերոսական դիմադրություն է ցույց տվել։
1828-ից հետո Շուշին ապրել է ծաղկման շրջան, դառնալով կարևոր մշակութային և արհեստագործական կենտրոն։ Առևտրական կապեր է ունեցել Պարսկաստանի, Ռուսաստանի և եվրոպական երկրների հետ։ 19-րդ դարի վերջին 60.000 բնակչությամբ Թիֆլիսից հետո Անդրկովկասի երկրորդ քաղաքն էր ։ Մեծամասնություն կազմող հայերից բացի բնակվում էին նաև կովկասյան թաթարներ (ադրբեջանցիներ) և ռուսներ։ 1918-1920 թթ. Ղարաբաղի Ժողովրդական Կառավարության նստավայրն էր։ 1920-ի մարտի 22-ի գիշերը թուրք զորավար Նուրի Փաշայի և Խոսրով Սուլթանովի գլխավորությամբ ադրբեջանական բանակը ավերել են քաղաքի հայկական մասը[2], այդ թվում շուրջ 7.000 շինություն, և կոտորել հայ բնակչությանը[3]։ 1923 թ. նոր մայրաքաղաք է հայտարարվել Ստեփանակերտը, իսկ Շուշին այլևս չի վերականգնվել։ Խորհրդային շրջանում այն գրեթե բացառապես ադրբեջանցիներով բնակեցված մի քաղաք էր ԼՂԻՄ-ում։
Լեոն իր «Գավառական հերոսներ» պատմվածքում գրել է. «...Այդտեղ հայերը քաղաքի մեծ մասն են գրավում, թուրքերը` փոքր մասը: Երկու ազգերը ապրում են զատ-զատ, բոլորովին առանձնացած միմյանցից: Թուրքը հայի մասին շատ և շատ բան գիտե, որովհետև թուրք է, ոչ ոքից վախ չունի, գալիս է արձակ-համարձակ հայի թաղն է շրջում: Իսկ հայը թուրքի մասին, ասին ոչինչ չգիտե, որովհետև վախում է թուրքից և թուրքի թաղից, վախում է այդ թաղի ծուռումուռ փողոցներից և այդ փողոցներում թավալվող «թուրքի լակոտներից», որոնց անունով հայ մայրերը վախեցնում են իրանց երեխաներին: Թուրքերի ահագին թաղը հայերի համար անծանոթ երկիր է: Ես էլ, իբր հայ, թուրքերին չեմ ճանաչում և հայերի մասին եմ խոսում»:
Արցախյան ազատամարտի ընթացքում քաղաքը ադրբեջանցիների կողմից օգտագործվել է որպես ռազմական հենակետ։ 1991-1992 թթ. Շուշիից ինտենսիվ գնդակոծման է ենթարկվել Ստեփանակերտը և այլ հայկական բնակավայրեր, որին զոհ են գնացել հարյուրավոր մարդիկ[4]։ 1992 թ. մայիսի 9-ին ազատագրվել է Արցախի բանակի կողմից։
Ներկա դրությամբ Շուշիում բնակվում է 4.100 հայ, որոնց մի զգալի մասը փախստականներ են Սումգայիթ և Բաքու քաղաքներից[5]։ Քաղաքը պատերազմից զգալիորեն վնասվել է։ 2007 թ. հունիսի 11-ին ստեղծվել է քաղաքի նոր հատակագիծը։ Նախատեսվում է Շուշին մինչև 2020 թ. վերականգնել որպես Արցախի մշակութային կենտրոն[6]։
Ժողովրդագրական աճ [խմբագրել]

- Աղբյուր. Անգլերեն Վիքիպեդիայի Շուշի հոդվածը
- Ծանոթ. Բնակչությունը ըստ հազարների
Կրթություն [խմբագրել]
Շուշիի դպրոցներ [խմբագրել]
Շուշիի դպրոցները մինչև ԽՍՀՄ կազմավորումը [խմբագրել]
- Շուշիի թեմական հոգևոր դպրոց
- Շուշիի Մարիամյան օրիորդաց դպրոց
- Շուշիի Հռիփսիմյան օրիորդաց միջնակարգ դպրոց
- Շուշիի կույսերի մենաստանին կից ծխական դպրոց
- Շուշիի հոգևոր ծխական դպրոց
- Շուշիի ագուլեցոց ծխական դպրոց
- Շուշիի հայ բողոքականների դպրոց
- Շուշիի մեղրեցոց Ս. Աստվածածին եկեղեցու արական դպրոց
- Շուշիի Վերին թաղի Ս. Հովհաննես-Մկրտիչ եկեղեցու Թադևոսյան արական ծխական դպրոց
- Շուշիի տիրացու Գայանե Դանիելյանի երկսեռ դպրոց
- Շուշիի Մարիամ-Ղուկասյան օրիորդաց միջնակարգ դպրոց
- Շուշիի Ա. Բաղդասարյանի մասնավոր դպրոց
- Շուշիի Ա. Պարոնանի մասնավոր դպրոց
- Շուշիի Ա. Տեր-Գրիգորյանի մասնավոր դպրոց
- Շուշիի Ա. Տեր-Հովհաննիսյանի մասնավոր դպրոց
- Շուշիի Վ. Շախունցի մասնավոր դպրոց
Հայտնի շուշեցիներ [խմբագրել]
- Ալեքսանդր Բեկզադյան
- Արամ Մանուկյան
- Արմեն Թախտաջյան
- Բաղդասար Մետրոպոլիտ Հասան Ջալալյան
- Եղիշե Իշխանյան
- Թուման Թումյան (Թորգոմ)
- Իվան Լազարև
- Իվան Կնունյանց
- Լեո (Առաքել Բաբախանյան)
- Հակոբ Գյուրջյան
- Հարություն Թումյան
- Մուրացան
- Նելսոն Ստեփանյան
- Նիկոլայ Զինին
- Ռաֆայել Իսրայելյան
- Ստեփան Աղաջանյան
- Վաղարշ Վաղարշյան
Տես նաև [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- «Շուշի» բարեգործական հիմնադրամ
- armeniapedia.org — Շուշի
- shoushi.nk.am
- Շուշիի «Արամ Մանուկեան» ճամբար
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ 2005 թվականի ԼՂՀ մարդահաշիվ
- ↑ Conciliation Resources. Nagorny Karabakh: Chronology
- ↑ Massacres of Armenians in Shushi
- ↑ 'Jerusalem of Karabakh' at the heart of Armenia-Azerbaijan conflict
- ↑ Institute of War & Peace Reporting. Karabakh: A Tale of Two Cities
- ↑ Shoushi Revival Fund. Arts Revival: Plan to rebuild Shushi by returning to its roots as a center of culture
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք՝ Ստեփանակերտ | ||
| Ասկերան • Հադրութ • Մարտակերտ • Մարտունի • Քարվաճառ • Շուշի • Բերձոր • Կովսական • Միջնավան | ||
| Պորտալ:ԼՂՀ | ||
|
|
||
|---|---|---|
| Վարչական կենտրոն՝ Շուշի | ||
| Գյուղեր | Եղցահող | Լիսագոր | Կանաչ թալա | Հինշեն | Մեծշեն | Տասը Վերստ | Քարին տակ | Քիրսավան | |