Հրաչյա Աճառյան
Հրաչյա Աճառյանը (1876-1953), ականավոր հայ բանասեր, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն:[1]
Բովանդակություն |
Կենսագրություն [խմբագրել]
Ծնվել է Կ. Պոլսում, 1876 թ. մարտի 8 (20)-ին, կոշկակարի ընտանիքում, վախճանվել՝ Երևանում՝ 1953 թվականին։ Սովորել է նախ իր ծննդավայրի Կենտրոնական վարժարանում, հետո մեկնել է Փարիզ՝ բարձրագույն կրթություն ստանալու Սորբոնի համալսարանում, որտեղ աշակարտել է Անտուան Մեյեին։ 1897 թ. Փարիզի լեզվաբանական ընկերությանը ներկայացրել է իր ուսումնասիությունը լազերինի մասին և ընտրվել է այդ ընկերության անդամ։ Նույն թվին նա Փարիզում մասնակցել է արևելագետների 13-րդ կոնգրեսին և հայերենի մասին ներկայացրել է երկու զեկուցում։ 1898 թվականին մեկնելով Ստրասբուրգ՝ Աճառյանը մի սեմեստեր լսել է հայագետ Հյուբշմանի դասախոսությունները։ Ավարտելով մասնագիտական բարձրագույն կրթությունը՝ 1898 թ. Աճառյանը գալիս է Անդրկովկաս և նվիրվում է ուսուցչությանն ու գիտական աշխատանքներին։
Երկար տարիներ նա ուսուցչություն է արել Էջմիածնում, Շուշիում, Թավրիզում, Նոր–Նախիջևանում, Կարինում և այլուր։ Կարինում Աճառյանը կազմել է Սանասարյան վարժարանի ձեռագրերի ցուցակը՝ կորստից փրկելով հայ մշակույթի որոշ արժեքները։
Աճառյանը շրջել է պատմական Հայաստանի շատ վայրեր, ուսումնասիրել է մագաղաթներ, հուշարձաններ՝ հատկապես խորանալով մի շարք բարբառների հետազոտության մեջ և զանազան նյութեր է հավաքել հայագիտության տարբեր ճյուղերի համար։ Գավառական ուսուցչի թափառական դրությունը Աճառյանին թույլ չի տվել հրապարակելու իր կարևոր աշխատությունները։ Սովետական կարգերի հաստատումից հետո Աճառյանը նշանակվում է Պետական Համալսարանի դասախոս, և ամբողջապես նվիրվում է գիտական ու մանկավարժական աշխատանքների և իրար ետևից լույս է ընծայում բազմաթիվ գիտական աշխատություններ։
Աշխատություններ [խմբագրել]
- «Քննություն Ղարաբաղի բարբառի» Վաղարշապատ(1901)
- «Թուրքերենե փոխառյալ բառեր հայերենի մեջ» Վաղարշապատ (1902)
- «Classification des dialectes arméniens» (1909)
- «Գավառական բառարան» (1913)
- «Քննություն Նոր–Նախիջևանի բարբառի» (1925)
- «Քննություն Մարաղայի բարբառի» (1926)
- «Քննություն Ագուլիսի բարբառի» (1936)
- «Քննություն Նոր-Ջուղայի բարբառի», Երևան (1940)
- «Քննություն Պոլսահայ բարբառի» (1940)
- «Հայ բառագիտություն» (1941)
- «Քննություն Համշենի բարբառի» (1941)
- «Քննություն Վանի բարբառի» Երևան(1952)
- «Քննություն Առտիալի բարբառի» Երևան(1953)
- «Հայոց անձնանունների բառարան»
- «Հայերեն Արմատական Բառարան» (1926-1935)
- «Տաճկահայոց հարցի պատմությունը» (Սկզբից մինչև 1915 թ.). Նոր Նախիջևան, 1915:
- «Կյանքիս հուշերից» Երևան(1967)
Իր կյանք վերջին տարիններին Աճառյանը նվիրվել էր «Լիակատար քերականություն հայոց լեզվի» մեծածավալ աշխատությանը՝ կազմված 12 հատորներից, որտեղ քննարկվում է հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ։ Բացի նշված աշխատություններից, Աճառյանը մոտ քառասուն տարի աշխատակցել է հայ բազմաթիվ պարբերականների, մի քանի տասնյակ հոդվածներ է գրել թե՛ հասարակական հարցերի և թե՛ գիտական-լեզվաբանական ուղղությամբ։ 1935 թվականին նրան շնորհվել է Գիտական վաստակավոր գործչի կոչում, իսկ 1943 թվականին նա ընտրվել է Հայաստանի Գիտությունների Ազգային Ակադեմիայի անդամ։ Լեզվաբան և ճարտապարետ և թարգմանիչ հրապարակախոս
Աղբյուրներ [խմբագրել]
Հ. Պետրոսյան, Հայ գիտնականներ, հրապարակախոսներ, ժուռնալիստներ, Երևան, 1960, էջ 263-273։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Խաչիկ Բադիկյանի «Հրաչյա Աճառյան, մարդը և գիտնականը» աշխատության մասին
- ՀԱՅԵՐԷՆ ԱՐՄԱՏԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ 1971ի հրատարակութիւնը առ ցանց իր ամբողջութեամբ եւ որոնելի իր գլխաբառերով։
- ՀԱՅԵՐԷՆ ԳԱՒԱՐԱԿԱՆ ԲԱՌԱՐԱՆ (1913)
- Հրաչյա Աճառյանի «Հայերէն Արմատական Բառարանի» էլեկտրոնային տարբերակը ՊԴՖ ձևաչափով (տեսածրված է, տառաճանաչված չէ)
- Հայագիտական համազագային կենտրոն
