Արտեմ Ալիխանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արտեմ Ալիխանյան.jpg

Արտեմ Իսահակի Ալիխանյան (1908, հունիսի 24 - 1978, փետրվարի 25), հայ ֆիզիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր (1940), պրոֆեսոր (1942), ԽՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1967), ԽՍՀՄ Պետական (1941, 1948) և Լենինյան (1970) մրցանակակիր։ Աբրահամ Ալիխանովի եղբայրը։

Ծնվել է Թիֆլիսում։ Ավարտել է Լենինգրադի համալսարանը (1931)։ 1943-73-ին` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն։ 1946-60-ին` Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական իսնստիտուտի տարրական մասնիկների լաբարատորիայի վարիչ։

Աշխատությունները վերաբերում են միջուկային ֆիզիկային, տիեզերական ճառագայթների և տարրական մասնիկների ֆիզիկային, արագացուցիչների տեսությանը և ստեղծմանը։ 1934-ին Աբրահամ Ալիխանովի և Մ. Կոզադաևի հետ հայտնաբերել է գրգռված միջուկներից էլեկտրոն-պոզիտրոն զույգերի առաքման երևույթը, իսկ 1936-ին Ա. Ալիխանովի և Լ. Արցիմովիչի հետ փորձով հիմնավորել է իմպուլսի պահպանման օրենքը էլեկտրոն-պոզիտրոն զույգերի անիհիլացման ժամանակ։

1942-ին Ալիխանովի հետ հիմնադրել է Արագածի տիեզերական ճառագայթների հետազոտման կայանը, հայտնաբերել լիցքավորված մասնիկների «նեղ» հեղեղները (1943), մեծ էներգիայով պրոտոնների առատ հոսքի գոյությունը տիեզերական ճառագայթներում (1945), տիեզերական նեյտրոնների ազդեցությամբ ատոմից արագ պրոտոններ անջատվելու երևույթը (1950)։ Ալիխանովի հետ փորձարարական հետազոտությունների հիման վրա առաջինն է նշել (1946) տարրական նոր մասնիկների գոյությունը տիեզերական ճառագայթներում։ Ալիխանյանը ստեղծել և կատարելագործել է մեծ էներգիայով մասնիկների հետազոտման սարքեր (մագնիսական մասսպեկտրոմետր, բշտիկային և կայծային խցիկներ)։ Ալիխանյանի նախաձեռնությամբ ստեղծվել է Երևանի էլեկտրոնային օղակաձև արագացուցիչը։ Կազմակերպել է Մոսկվայի ճարտարագիտաֆիզիկական ինստիտուտի միջուկային ֆիզիկայի ամբիոնը (1946), հիմնադրել Նոր Ամբերդի կայանը (1958), ղեկավարել տեսական և փորձարարական ֆիզիկայի Նոր Ամբերդի դպրոցը։ Վախճանվել է Մոսկվայում, թաղված է Երևանում։[1]

Գրականություն[խմբագրել]

  • Արտեմ Իսահակի Ալիխանյան։ Կենսամատենագիտություն, Երևան, 1993 (Նյութեր Հայաստանի գիտնականների կենսամատենագիտության, 46)։
  • Л. А. Арцимович (и др.), Артем Исаакович Алиханян, «Успехи физических наук», 1968, т. 95, в. 2.

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (2005) Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին։ Երևան: ՀՀ ԳԱԱ, Հայկական հանրագիտարան հրատարակչություն, էջ 52-53։