Թբիլիսի
-
Անվան այլ գործածումների համար տես՝ Թբիլիսի (այլ կիրառումներ)
Քաղաք
|
|||||||||||||||||||||||||||||||||||||
Թբիլիսի (վրաց.՝ თბილისი, հին հայկական անվանումը` Տփղիս, 19-րդ դարում և 20-րդ դարի առաջին կեսում հայկական միջավայրում տարածված էր նաև Թիֆլիս անվանումը (փոխառություն ռուսերենից (Тифлис), որը մինչև այսօր գործածվում է ավանդական Սփյուռքի և արևմտահայերի կողմից), Վրաստանի մայրաքաղաք և Կովկասի խոշորագույն բնակավայրերից մեկը: Գտնվում է Կուր գետի ափին։ Բնակչությունը՝ 1.181.700 մարդ, որից 82,600 (7,63 %), ը` հայեր (2002 թ. մարդահամարի տվյալներ)[3]։
Թբիլիսիի հիմնումը և անվան ծագումը [խմբագրել]
Թբիլիսի անվան հետ կապված շատ լեգենդներ կան։ Լեգենդներից մեկում պատմվում է, որ Թբիլիսիի տարածքը եղել է անտառապատ։ Մի օր թագավորը (ըստ տարբերակներից մեկի` Վախթանգ Գորգասալ) որսորդության ժամանակ կեռնեխ է վիրավորում։ Կեռնեխն ընկնում է ջուրը և բուժված դուրս է թռչում ու փախչում որսորդներից։ Այլ տարբերակով` թագավորի բազեն իրեն զոհելով բռնում է փասիանին ու երկուսով ընկնելով ջուրը` եփվում են: Տաք ջուրը բուժիչ հատկություն ուներ, իսկ տարածքը բարենպաստ էր։ Դրանից ոգևորվելով` թագավորը որոշում է քաղաք հիմնել:
«Թբիլիսի» բառը ծագել է «թբիլի» — «տաք» (հին վրացերեն տբիլի) և «սի»` «աղբյուրի տակ» բառերից։ Հանքային ջրերի առատության պատճառով քաղաքը կոչվեց Թբիլիսի։ Աշնանն այդ վայրում Գոգիրդի բաղնիքներ կառուցվեցին ու այն Թբիլիսիի համար պատմական վայր դարձավ (վրաց.` աբանոուբանի` აბანოთუბანია — բաղնիքների թաղ)։
Պատմություն [խմբագրել]
Թբիլիսին հիմնադրել է Վախթանգ Գորգասալը 5-րդ դարի վերջում։ Սկսած 12-րդ դարից մինչև Հոկտեմբերյան Հեղափոխությունը Թբիլիսիի թվով 47 քաղաքապետերից 45-ը ազգությամբ հայեր են եղել և մինչև 1922 թ. բնակչության գերակշռող մասը հայեր են եղել, աոաջ լինելով վրացիներից, ռուսներից և այլ ազգերից[4]։
Թբիլիսին մայրաքաղաք [խմբագրել]
Վախթանգ Գորգասալի որդին ու ժառանգը` Դաչի առաջինը (VI դարի սկիզբ) ավարտեց քաղաքի պարսպապատումը, որը տարածվելու էր քաղաքի սահմաններով։ Համաձայն հոր կամքի` Մցխեթի փոխարեն մայրաքաղաքը պետք է դառնար Թբիլիսին։ Թբիլիսիի առաջին բնակիչները հաստատվել են հանքային աղբյուրների թաղամասում (ներկայիս Գորգասալի հրապարակի տարածքը)։ Հին Թբիլիսիի տարածքը զբաղեցրել է հարավ-արելքում Օռտաճալայի պարտեզը, հյուսիս-արևելքում` Կուր գետը, հարավ-արևմուտքում` Թաբորի սարալանջերը, հյուսիս-արևմուտքում` Ծավկիսծղալի (Ծավկի ջուրը)։ IV դարում ընդարձակվեց Թբիլիսիի երկրորդ թաղամասը` Կալա Բարդանը։ Հետագայում քաղաքը զարգանում էր հին Թբիլիսիի և Կալայի շրջանակից դուրս։ Քաղաքի զարգացմանը նպաստում էր բարեխառն կլիման։ Թբիլիսիի միջով էր անցնում նշանակալից առևտրային ճանապարհը։ Այն Կովկասը Ասիային միացնող գլխավոր ճանապարհներից էր։ Թբիլիսին դարձել էր Մերձավոր Արևելքի կենտրոններից մեկը: Հարևան երկրները սկսեցին հետևել քաղաքի ռազմական և տնտեսական աճին։ VI դարավերջին սկսվեց երկարատև պայքար Թբիլիսիի համար։
Թբիլիսին օտար նվաճողների տիրապետության տակ [խմբագրել]
Վրաց քաղաքական ու մշակութային վիճակն ուղղակիորեն կախված էր մայրաքաղաքի դրությունից։ 570-580 թվականներին Թբիլիսին գտնվում էր պարսիկների ձեռքում։ 627 թվականին Թբիլիսին շրջապատեցին Բյուզանդիայի Հերակլիոս Ա կայսեր զորքերը, սակայն քաղաքը գրավել չկարողացան։ Հերակլիոսը թողեց Թբիլիսին և անցավ Միջագետք։ 628 թվականին խազարները գրավեցին Թբիլիսին` Կիբուր խաքանի գլխավորությամբ և հրի ու սրի մատնեցին քաղաքը։ 735-737 թթ. արաբ ոստիկան Մըրվան II-ը և Իբն Մուհամեդը գրավեցին քաղաքը։ Արաբական տիրապետության օրոք Թբիլիսին նոր զարգացում ապրեց։ Այս տարածաշրջանում վրաց մայրաքաղաքը դարձավ Արաբական ամիրայության կենտրոններից մեկը։ 764 թվականին խազարներների դիրքը թուլացավ Թբիլիսիում։ 853 թվին Խալիֆայության իշխանությունն ամրապնդելու նպատակով թուրք ոստիկան Բուղայի հրամանատարությամբ արաբական զորքերը կենտրոնացվեցին Թբիլիսիում։ 1037-1051 թվականներին վրաց թագավոր Բագրատ IV թագավորն անընդհատ փորձեր էր կատարում ազատագրել Թբիլիսին, բայց երկրում տիրող երկպառակտության պատճառով այն չհաջողվեց։ 1045 թվականին Թբիլիսիի կառավարումն անցավ օտարների ձեռքը։ 1068 թվականին սելջուկ թուրքերի սուլթան Ալփ-Արսլանը հարձակվեց և գրավեց Թբիլիսին։ XI դարի 80-ական թվականներին քաղաքը դեռ օտարականների ձեռքում էր։
Վրաստանի վերածնունդը և Թբիլիսին [խմբագրել]
1122 թվականին քաղաքը օտարերկրացիների ձեռքից ազատագրեց Դավիթ IV Շինարարը։ Միասնական վրաց պետության մայրաքաղաք վերահաստատվեց Թբիլիսին` դառնալով թագավորանիստ քաղաք։ XII-XIII դարերում Թբիլիսիի տնտեսությունը առաջընթաց ապրեց։ Այն դարձավ ժամանակի զարգացած քաղաքներից մեկը, որի բնակչությունը հասնում էր 80 հազարի։ Զարգանում էին առևտուրը և արվեստը։ Ձևավորվեցին վաճառականների միություններ (համքարություններ), վաճառքի վարկային ընկերություններ (օրթաղեբի/ ორთაღები)։ Այս ամենի արդյուքում բարելավվեց բնակչության վիճակը և քաղաքն ընդլայնեց իր տարածքը։ Թբիլիսիի կազմում ընդգրկվեցին նաև Քաշեթի եկեղեցին և Լուրջի վանքը (ლურჯი/Կապույտ վանք)։ Նրա պարսպից դուրս գտնվում էր նշանակալի վայրերից մեկը` Դիդուբեն։ Քաղաքն ընդարձակվեց նաև Կուրի ձախ ափին, որտեղ կառուցվեց Թագավորական ամրոցը։ Այս ժամանակաշրջանում Թբիլիսին բազմազգ քաղաք էր։ Վրաց թագավորները վարում էին տարբեր ազգության ու կրոնի պատկանող ժողովուրդներին սիրաշահող և խրախուսող քաղաքականություն, որը նպաստում էր քաղաքի տնտեսական և սոցալական կյանքի կայունությանը։ Այդ ժամանակաշրջանը վրաց պատմության մեջ հայտնի է «Ոսկե տարիներ» կամ «Վրաստանի վերածնունդ» անուններով։ Թամար թագուհու (1184-1213) իշխանության սկզբներին Թբիլիսիի ազնվականները ընդվզեցին` ցանկանալով ընդլայնել իրենց իրավունքները։ Այդ պատճառուվ պահանջեցին նոր թագավորական խորհուրդ (սրահ) և հիմնվեց «Կարավի» հաստատությունը։
Զավթիչների ներխուժումը [խմբագրել]
1226 թվականին խազար ոստիկան Ջալալեդին Թբիլիսին պաշարեց, ավերեց քաղաքը և բնակչությանը դաժանաբար կոտորեց։ XIII դարի 40-ական թվականներին մոնղոլները գրավեցին քաղաքը։ Նրանք չվերացրեցին վրաց իշխանությունը և Թբիլիսին նորից դարձավ երկրի կենտրոն։ 1259 թվականին վրաց թագավոր Դավիթ VI-ի գլխավորությամբ վրաց զորքը ջախջախեց մոնղոլներին` ազատագրելով Թբիլիսին։ 1260 թվականին Դավիթ VII-ն ապստամբեց մոնղոլների դեմ, սակայն ապստամբությունը ճնշվեց։ XIV դարի 20-ական թվականերին, մոնղոլների լուծը թոթափելուց հետո, Թբիլիսին դարձյալ միացյալ Վրաստանի մայրաքաղաքն է դառնում։ 1366 թ-ին Թբիլիսիում ժանտախտի համաճարակ է սկսվում, որին զոհ է գնում բնակչության կեսը։ 1386 թվականին Լենկթեմուրը պաշարեց Թբիլիսին։ Նա Վրաստանի վրա ութ անգամ է հարձակվել, որոնցից միայն երկուսի ժամանակ նա կարողացավ ծնկի բերել վրացիներին։ Այս արշավանքներից հետո Թբիլիսիի միջազգային դիրքերն թուլացան։ Վրաց Ալեքսանդր I Մեծ թագավորը (1412-1243 թթ.) սկսեց քաղաքի վերականգման աշխատանքները, բայց չկարողացավ վերջացնել իր նախաձեռնածը։ Արտաքին զավթիչների մշտական գրոհները բացասաբար էին ազդել տնտեսության վրա։ Քաղաքի որոշ թաղամասեր շարունակում էին ավերակների մեջ մնալ։ 1444 թվականին քաղաքն անցավ Թավրիզի (Իրան) ենթակայության տակ` Ջահան-Շահի օրոք։ 15-րդ դարի 70-ական թվականներին Թբիլիսին նորից պարսիկների ձեռքում հայտնվեց (Ուզում-Հասանի զորքերը կենտրոնացված էր Վրաստանում)։ 1490 թվականին Վրաստանը մասնատվեց և նրա տարածքում ձևավորվեցին առանձին թագավորություններ` օտար տիրակալների իշխանության տակ։ Միայն Թբիլիսին դարձավ վրաց թագավորների քաղաքական և վարչական կենտրոնը։ 1522 թվականին Թբիլիսիում հաստատվեցին պարսիկները։ Երկու տարի անց վրաց թագավոր Դավիթ X-ը ազատագրեց քաղաքը։ 1524-1541 թվականներին քաղաքը ծաղկում ապրեց։
Վերանորոգվեցին հին շինությունները և կառուցվեցին նորերը, զարգացան առևտուրն ու մշակույթը։ 1541 թվականին քաղաքը գրավեց Իրանի Շահ Թամազ I-ը։ 1578 թվականին Չիլդիրիի պատերազմում օսմանները հաղթեցին վրացիներին, այնուհետև Հյուսիսային Կովկասն անցավ օսմանների տիրապետության տակ։ Թբիլիսին նոր թշնամու ձեռքին հայտնվեց։ Վրաց թագավոր Սիմոն I-ը փորձում էր քաղաքն ազատել նախ պարսիկներից, հետո օսման բռնապետներից, բայց չհաջողվեց։ 1609 թվականին սպարապետ դարձավ Գեորգի Սաակաձեն։ XVII դարի առաջին կեսին պարսիկները դաժան ասպատակություններ իրականացրին Թբիլիսիում, որի արդյունքում այն հիմնովին ավերվեց։ 1633 թվականից, երբ քաղաքի նահանգապետ նշանակվեց Ռոստոմը, Թբիլիսին նորից զարթոնք ապրեց։ Դարձյալ աշխուժացավ տնտեսական և մշակութային կյանքը։ Նա որոշակի գումար տրամադրեց քաղաքի բարելավման համար։ 1700 թվականին Թբիլիսիի բնակչությունը կազմում էր 20 հազար։ Քաղաքը նորից զարթոնք է ապրում, աճում էր բնակչության թիվը։ Այս ընթացքում հանքային ջրերի տարածքում բաղնիքներ կառուցվեցին։ 1709 թվականին հիմնվեց քաղաքի առաջին տպարանը, որտեղ տպագրվեց Շոթա Ռուսթավելու «Ընծենավորը» պոեմը։ 1723 թվականին քաղաքը կրկին գրավեցին օսմանցիները, իսկ 1735 թվականին` Իրանի Շահ Նադիրը ետ գրավեց այն։ 1784 թվականին վրաց թագավոր Հերակլ II-ը ազատագրեց քաղաքը։ 1755 թվականին հիմնվեց իմաստասիրաց ճեմարան: 1762 թվականին Քարթլին ու Կախեթը միավորվեցին և նրանց մայրաքաղաք դարձավ Թբիլիսին։ XVII դարի 70-ական թվականներին Թբիլիսին արտադրում էր աղ և կավե անոթներ։ XVII դարի վերջին արտադրական արդյունաբերությունը առավել զարգացավ։ 1795 թվականին Իրանի շահ Աղա-Մահմեդ Խանը գրավեց Թբիլիսին, որի հետևանքով թուլացավ տնտեսությունը (Կրծանիսի պատերազմ)։
Վարչական բաժանում [խմբագրել]
Ներկա դրությամբ Թբիլիսին բաժանվում է հետևյալ շրջանների.[5]
- Հին Թբիլիսի (ძველი თბილისი)
- Վակե-Սաբուրթալո (ვაკე-საბურთალო)
- Իսանի-Սամգորի (ისანი-სამგორი)
- Դիդուբի-Չուղուեթի (დიდუბე-ჩუღურეთი)
- Գլդանի-Նաձալադեվի (გლდანი-ნაძალადევი)
- Դիդգորի (დიდგორი)
Ֆիզիկաաշխարհագրական առանձնահատկությունները [խմբագրել]
Աշխարհագրական դիրքը [խմբագրել]
Թբիլիսին գտնվում է Թբիլիսյան ավազանում՝ մոտ 30 կիլոմետրանոց նեղ եզրագծով ձգվում է Կուր գետի հովտով և լեռների՝ 3 կողմից կից լանջերով։ Ծովի մակերևույթից բարձրությունը 380-770 մետր է։ Թբիլիսիի մերձակայքում առանձնացվում են 6, 7, 8 բալանի սեյսմիկ գոտիներ։ Արևելքում, հարավում և մասամբ արևմուտքում սահմանն անցնում է Գարդաբանյան շրջանով, հյուսիսում և արևմուտքի մնացյալ մասում՝ Մցխեթյան շրջանով։
Քաղաքի տեսարաններ [խմբագրել]
Մշակույթը [խմբագրել]
Մշակութային նշանակությունը [խմբագրել]
Թբիլիսին Վրաստանի հինավուրց մշակութային կենտրոններից մեկն է։ Քաղաքի հարավ-արևմտյան մասում գտնվում է նրա պատմական ակունքը` Հին քաղաքն իր նեղ փողոցներով, որտեղ մինչ օրս պահպանված են միջնադարյան ճարտարապետության գծերը։
Այստեղ կարելի է գտնել թուրքերի 16 — 17դդ. կողմից վերակառուցված Նարիկալա միջնաբերդի փլատակները, Անչիսխատի քարե և Մետեխի եկեղեցիները, Սիոնի և Սամեբա տաճարները։
Ժամանակից Թբիլիսիի թաղամասերը ստացել են եվրոպական տեսք. շքեղ բազմահարկ տների ճակատամասերը շրջապատված են լայն պուրակներով ու խիտ ծառերով պողոտաներով։
Թատրոնները [խմբագրել]
Թբիլիսին հայտնի էր իր հարուստ թատերական ավանդույթներով։ Հունվարի 14-ին նշվում է վրացական թատրոնի ամենամյա տոնը։ Հենց այդ օրը 1850 թվականին է առաջին անգամ Թբիլիսիում ցուցադրվել վրացական թատրոնի հիմնադիր Գեորգի Էրիսթավիի հեղինակած պիեսը։ Այդ ժամանակաշրջանում այն համարվում էր առաջին ու միակ արհեստավարժ թատրոնը։ Այսօր Վրաստանի մայրաքաղաքում գործում են տարբեր ուղղություններին ու ժանրերին պատկանող ավելի քան մեկ տասնյակ թատրոններ։
Վրաստանի առաջավոր թատրոններն են.
- Թբիլիսիի Կ. Մարջանաշվիլիի անվան ակադեմիական թատրոնը
- Թբիլիսիի Շոթա Ռուստավելիի անվան ակադեմիական թատրոնը, որը գտնվում է Ռուսթավելիի հրապարակում։ [6]
- Թբիլիսիում գործում է նաև աշխարհի առավել հին թատրոններից մեկը` Թբիլիսիի Պ.Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնը, որը միակ մշակութային կառույցն է, որը գտնվում է Հայաստանի տարածքից դուրս։ Նա ավելի քան 150 տարեկան է։
- Թբիլիսիի Ս.Ախմեթելիի անվան պետական թատրոնը;
- Թբիլիսիի Վ.Աբաշիդզեի անվան երաժշտական թատրոնը, որը հիմանդրվել է Միխաիլ Չիաուրելիի և Դ. Դենիլադզեյի ջանքերով 1934 թ.` 1926 թվականից գործող վրացական “Կոոպթատրոն” երաժշտական-դրամատիկական շրջիկ թատրոնի բազայի հիմքում;
- Թբիլիսիի Հեյդար Ալիևի անվան ադրբեջանական դրամատիկական թատրոնը, որը հիմնադրվել է դեռ ցարական ժամանակաշրջանի օրոք` 1909 թվականին: 1922 թ.` Խորհրդային ժամանակաշրջանում ստացել է պետական թատրոնի կարգավիճակ;
- Թբիլիսիի Ցարական թաղամասի թատրոնը;
- Թբիլիսիի թատերական նկուղը;
- Վրաստանի Պալաիշվիլիի անվան օպերայի և բալետի թատրոնը` մայրաքաղաքի խոշոր մշակութային օջախներից մեկը, որը հիմնադրվել է 1851 թ. և գտնվում է Ռուսթավելիի պողոտայում;
- Թբիլիսիի Ռեզո Գաբրիադզեյի անվան տիկնիկային թատրոնը;
- Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնը` Կովկասի տարածքում առաջին մանկական թատրոններից մեկն է, որը հիմնադրվել է 1927 թվականին` Նիկոլայ Մարշակի կողմից;
- Թբիլիսիի Ա.Գրիբոեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնը, որը հիմնադրվել է 1932 թվականին: Այն գնտվում է Ռուսթավելիի պողոտայում;
- Թբիլիսիի Վերիկո թատրոնը, որը հիմնադրվել է Կոտե Մախարաձեի և Սոֆիկո Չիաուրելիի կողմից:
Հայտնի թբիլիսահայեր [խմբագրել]
- Արամ Խաչատրյան, երգահան
- Հակոբ Հակոբյան, գրող
- Նար-Դոս, գրող
- Սայաթ-Նովա, միջնադարյան հայ բանաստեղծ-աշուղ
- Սերգեյ Փարաջանով, ռեժիսոր
- Վիկտոր Համբարձումյան, աստղաֆիզիկոս
- Տիգրան Պետրոսյան, աշխարհի շախմատի նախկին չեմպիոն
- Ակիմ Թամիրով, ամերիկայում հանդես եկած հայտնի դերասան
- Ժորժ Փիթոև
- Արթյուր Ադամով
- Միքայել Թարիվերդիև
- Իսահակ Ալիխանյան
Քույր քաղաքներ [խմբագրել]
Նանտ (ֆր.՝ Nantes), Ֆրանսիա (1979)[8]
Լյուբլյանա (սլովեն. Ljubljana), Սլովենիա (1975)[8]
Ինսբրուք (գերմ.՝ Innsbruck), Ավստրիա (1982)[8]
Ատլանտա (անգլ.՝ Atlanta), ԱՄՆ (1987)[8]
Սան Անտոնիո (անգլ.՝ San Antonio), ԱՄՆ (1994)
Պալերմո (իտ.՝ Palermo), Իտալիա (1987)[8]
Բրիստոլ (անգլ.՝ Bristol), Մեծ Բրիտանիա (1988)[8]
Բիլբաո (իսպ.՝ Bilbao, բասկ. Bilbo), Իսպանիա (1989)[8]
Կիև (ուկր.՝ Київ), Ուկրաինա (1999)[8]
Աստանա (ղազ. Астана), Ղազախստան (2005)[8]
Վիլնյուս (լիտ.՝ Vilnus), Լիտվա (2009)[8]
Վարշավա (լեհ.՝ Warszawa), Լեհաստան (2010)[8]
Քիշնև (մոլդ. Chişinău), Մոլդովա (2011)[9]
Տոմսկ (ռուս.՝ Томск), Ռուսաստան (2002)
Գրոզնի (չեչ. Соьлжа-ГӀала), Ռուսաստան
Դոհա (արաբ.՝ قطر), Քաթար (2012)[10]
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Թբիլիսիի նկարներ
- Ինֆո-Թբիլիսի
- Թբիլիսիի հյուրանոցները
- ”Тифлисъ и его окрестности” 1913 թվականի հրատարակում
- Weekend-ը Վրաստանում
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Population by municipalities for the beginning of the year
- ↑ Վրաստանի էթնիկկազմը ըստ 2002 թվականի մարդահամարի (անգ.)
- ↑ http://www.statistics.ge/_files/english/census/2002/Ethnic%20groups.pdf
- ↑ «Թիֆլիսի(Թբիլիսի) քաղաքապետերը» գիտական հետազոտություն, գիրք 5, Սամվել Կարապետյան, Երևան-2003, «Գիտություն», ISBN 5-8080-0521-3(ռուս.)
- ↑ Տարածաշրջանային տարածքային միավորներ // Թբիլիսիի մունիցիպալային պորտալ։
- ↑ Սովետական Մեծ Հանրագիտարան
- ↑ Եղբայր քաղաքներ
- ↑ 8,00 8,01 8,02 8,03 8,04 8,05 8,06 8,07 8,08 8,09 8,10 8,11 Եղբայր քաղաքներ
- ↑ Oraşe înfrăţite // Քիշնևի պաշտոնական կայքէջ (մոլդովերեն)
- ↑ Թբիլիսին և Դոհան դարձան քույր քաղաքներ
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք՝ Թբիլիսի | ||
| Աբխազիայի ԻՀ | Գագրա • Գալի • Գուդաութա • Նոր Աֆոն • Տղվարչելի • Սուխում • Օչամչիրա | |
| Աջարիայի ԻՀ | Բաթում • Քոբուլեթ | |
| Գուրիա | Լանչխութ • Օզուրգեթ | |
| Իմերեթ | Վանի • Զեստաֆոն • Քութայիս • Սամտրեդիա • Սաչխերե • Թերժոլա • Տղիբուլ • Խոնի • Ծղալտուբո • Ճիաթուրա | |
| Կախեթ | Ախմետա • Գուրջաան • Դեդոփլիս Ծղարո • Ղվարել • Լագոդեխ • Սագարեջո • Սղնախ • Թելավ • Ծնորի | |
| Քվեմո Քարթլի | Բոլնիս • Գարդաբան • Դմանիս • Մառնեուլ • Ռուսթավի • Թեթրի Ծղարո • Ծալկա | |
| Մցխեթա-Մթիանեթ | Դուշեթ • Մցխեթ | |
| Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ | Ամբրոլաուրի • Օնի • Ցագեր | |
| Սամեգրելո-Զեմո Սվանեթ | Աբաշա • Անակլիա • Ջվարի • Զուգդիդ • Մառնեուլ • Մարտվիլ • Փոթի • Սենակ • Խոբի • Ծալենջիխա | |
| Սամցխե-Ջավախք | Ախալքալաք • Ախալցխա • Բորժոմ • Վալե • Նինոծմինդա | |
| Շիդա Քարթլի | Գորի • Քարել • Կասպի • Խաշուր • Ցխինվալի | |
| Պորտալ:Վրաստան | ||
|
|||||
|
|
||
|---|---|---|
| Մայրաքաղաք | Թբիլիսի | |
| Ինքնավար հանրապետություններ | Աբխազիա1 · Աջարիա | |
| Երկրամասեր | Գուրիա • Իմերեթ • Կախեթ • Քվեմո Քարթլի • Մցխեթա-Մթիանեթ • Ռաճա-Լեչխում և Քվեմո Սվանեթ • Սամեգրելո-Զեմո Սվանեթ • Սամցխե-Ջավախք • Շիդա Քարթլի | |
| 1 Որոշ երկրներ Աբխազիան ճանաչել են որպես անկախ պետություն 2 Այդ երկրամասերի որոշ մասերը գտնվում են մասամբ ճանապված Հարավային Օսիա Հանրապետության վերահսկման տակ |
||
| Այս հոդվածն ընտրվել է Հայերեն Վիքիպեդիայի շաբաթվա հոդված |
