Երևանի պետական համալսարան
| Երևանի Պետական Համալսարան | |
|---|---|
| Հապավում | ԵՊՀ |
| Ռեկտոր | Արամ Սիմոնյան |
| Ուսանողներ | 12.794 |
| Բակալավրիատ | 9.500 |
| Ասպիրանտուրա | 250 |
| Իրավաբանական հասցե | Հայաստանի Հանրապետություն, 0025, ք.Երևան, Ալեք Մանուկյան փող., 1. |
| Կայք | www.ysu.am |
Երևանի Պետական Համալսարանը բարձրագույն ուսումնական հաստատություն է և համարվում է ՀՀ մայր բուհը:
Բովանդակություն |
Պատմությունը [խմբագրել]
1919 թ. մայիսի 16-ին Հայաստանի Հանրապետության նախարարների խորհուրդը Երեւանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշում է ընդունում: 1920թ․ հունվարի 31-ին Ալեքսանդրապոլի (այժմ` Գյումրի) առեւտրային դպրոցի շենքում մեծ շուքով կատարվում է Հայաստանի համալսարանի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցում էին ինչպես հանրապետության ղեկավարները, այնպես էլ բազմաթիվ հյուրեր արտասահմանից: Համալսարանում դասերի մեկնարկը տրվեց նշանավոր հայագետ Ստեփան Մալխասյանցի` 1920 թ-ի փետրվարի 1-ին կարդացած դասախոսությամբ:
Առաջին ուսումնական տարում համալսարանն ուներ մեկ` պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս: Ի պատիվ համալսարանի առաջին ռեկտոր Յուրի Ղամբարյանի պետք է նշել, որ հիմնադրման առաջին իսկ տարում համալսարանում դասախոսելու հրավիրվեցին արտասահմանյան բուհեր ավարտած, մանկավարժական ու գիտական աշխատանքի փորձ ունեցող այնպիսի անվանի մասնագետներ, ինչպիսիք էին` Հակոբ Մանանդյանը, Մանուկ Աբեղյանը, Ստեփան Մալխասյանցը եւ ուրիշներ: Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո, ՀԽՍՀ առաջին լուսժողկոմ Աշոտ Հովհաննիսյանի ՙԵրեւանի համալսարանի վերակազմության մասին՚ հրամանով, 1920 թ-ի դեկտեմբերի 17-ին Հայաստանի համալսարանը վերանվանվեց Երեւանի ժողովրդական համալսարան: Երեւանում վերաբացված կրթօջախի ռեկտոր ընտրվեց հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը:
Նախորդ դարասկզբի 20-ական թթ-ին համալսարանը գործում էր Աստաֆյան (այժմ` Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի` սեւ տուֆով կառուցված երկհարկանի շենքի առաջին հարկում: Ժողովրդական համալսարանում գործում էր ընդամենը երկու ֆակուլտետª հասարակագիտական եւ բնագիտական: Իսկ արդեն 1921 թ-ի հոկտեմբերից համալսարանն ուներ հինգ ֆակուլտետª բնագիտական, արեւելագիտական, տեխնիկական, մանկավարժական եւ խորհրդային շինարարության: Այնուհետեւ բնագիտական ֆակուլտետը վերաձեւավորվեց գյուղատնտեսականի, իսկ 1922 թ-ի մարտին բացվեց նաեւ բժշկական ֆակուլտետը:
Կառավարության 1923 թ-ի հոկտեմբերի 20-ի որոշման համաձայն` ժողհամալսարանը վերանվանվեց Պետական համալսարան: Ըստ այդմ` բարձրացավ Մայր բուհի կարգավիճակն ու պատասխանատվությունը, ինչպես նաեւ խստացան կրթօջախին ներկայացված պահանջները: Համալսարանի ղեկավարությունը հատուկ ընտրությամբ աշխատանքի հրավիրեց արտասահմանյան բուհեր ավարտած եւ մի քանի օտար լեզուների տիրապետող, մանկավարժական հարուստ փորձ ունեցող գիտնականների:
1933-34 ուսումնական տարում համալսարանում գործում էին տնտեսագիտական, բնապատմական, պատմալեզվագրական, ֆիզիկամաթեմատիկական եւ մանկավարժական ֆակուլտետները: 1934 թ-ին մանկավարժական ֆակուլտետն առանձնացավ, եւ նրա հիմքի վրա կազմավորվեց Մանկավարժական ինստիտուտը (այժմª Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան): Նույն ուստարում բնագիտական ֆակուլտետը բաժանվեց երկու` կենսաբանական եւ քիմիական ֆակուլտետների:
Այսպիսով, 1935-36 ուստարվանից համալսարանում ձեւավորվում եւ սկսում են գործել ութ ֆակուլտետներª պատմության, բանասիրական, իրավաբանական, երկրաբանա-աշխարհագրական, քիմիական, ֆիզիկամաթեմատիկական, կենսաբանական: 1945 թ-ին բացվում եւ մինչեւ 1953 թ-ը գործում է նաեւ միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
1957 թ-ին Պետական համալսարանին որպես առանձին ֆակուլտետ միացվում է Ռուսաց եւ օտար լեզուների ինստիտուտը, որը 1961 թ-ին կրկին առանձնանում է:
1959 թ-ին ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետից անջատվում եւ ինքնուրույն միավոր է դառնում ֆիզիկայի ֆակուլտետը, որից էլ 1975 թ-ին առանձնանում է ռադիոֆիզիկայի ֆակուլտետը:
Հատկապես 1960-1990-ական թվականները համալսարանի համար դարձան աննախադեպ զարգացման տարիներ. կազմավորվեցին նոր ֆակուլտետներ, ստեղծվեցին գիտական նոր լաբորատորիաներ, հիմնվեց հայագիտական կենտրոն: Զգալիորեն աշխուժացավ հրատարակչական գործը. ուսումնական դասագրքերից ու ձեռնարկներից բացի, հրատարակվեցին նաեւ անվանի դասախոսների գիտական աշխատություններ, գիտական ամսագրեր, բազմաբնույթ ժողովածուներ եւ այլն:
1991 թվականին Երեւանի պետական համալսարանն արդեն ուներ 17 ֆակուլտետ, որոնցում կադրեր էին պատրաստվում 32 մասնագիտությունների գծով:
1994 թ-ին հիմնադրվել է ԵՊՀ Իջեւանի մասնաճյուղը: Մասնաճյուղն ունի 4 ֆակուլտետ, որտեղ սովորում են շուրջ 1400 ուսանողներ:
1995-96 ուսումնական տարին Երեւանի պետական համալսարանի համար նշանավորվեց նոր ուսումնական գործընթացի սկզբնավորմամբ: Հանրապետությունում միջազգային չափանիշներին համապատասխան նոր եւ որակյալ կրթակարգ ունենալու նպատակով ԵՊՀ-ն, ինչպես նաեւ հայաստանյան մի շարք բուհեր, անցան երկաստիճան կրթական համակարգին:
90-ականների կեսերից մինչ օրս հետեւողական աշխատանք է տարվել բակալավրի եւ մագիստրոսի կրթական ծրագրերի չափորոշիչների, ուսումնական գործընթացի բարելավման հետ կապված չափանիշների եւ կանոնակարգերի մշակման ու ներդրման ուղղությամբ: Ուսումնառության գործընթացն առավել ճկուն դարձնելու համար մշակվել եւ կիրառվում է գիտելիքների գնահատման կանոնակարգ, որը նախատեսում է մասնագիտական առարկաներից ընթացիկ քննությունների հանձնում:
Համալսարանում գործում է նաեւ կրթական երրորդ աստիճանը, որի ծրագրով իրագործվում է հետդիպլոմային պատրաստություն` ասպիրանտական եռամյա կրթություն: Ուսումնառությունն ավարտվում է ասպիրանտի կողմից ատենախոսության պաշտպանությամբ եւ գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի շնորհմամբ: Համալսարանում գործում են ատենախոսության պաշտպանության մասնագիտական 11 խորհուրդներ:
Մինչ օրս ԵՊՀ-ն տվել է 100 հազարից ավելի շրջանավարտ: Համալսարանում այսօր գործող 19 ֆակուլտետներում մասնագիտանում են շուրջ 20 հազար ուսանողներ: Բուհի ավելի քան 1600 պրոֆեսորադասախոսական կազմից շուրջ 215-ը պրոֆեսորներ են, 546-ը` դոցենտներ, 424-ը` ասիստենտներ, 489-ը` դասախոսներ:
Համալսարանում գիտամանկավարժական աշխատանք են կատարում ՀՀ ԳԱԱ 39 ակադեմիկոսներ եւ 25 թղթակից անդամներ: Բարձր որակավորում ունեցող գիտնականների շնորհիվ բուհում իրականացվում են ժամանակակից գիտության տարբեր ոլորտներին առնչվող հիմնարար եւ կիրառական կարեւորագույն հետազոտություններ: Ինչ վերաբերում է ուսումնագիտական աշխատանքներին, ապա դրանք կազմակերպվում են ավելի քան 100 ամբիոններում, որոնք համալրված են նորագույն տեխնիկայով եւ սարքավորումներով:
2006 թ-ից ԵՊՀ ռեկտորն է ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր Արամ Սիմոնյանը:
Ֆակուլտետներ [խմբագրել]
- Պատմության
- Հայ բանասիրության
- Քիմիայի
- Ֆիզիկայի
- Տնտեսագիտության
- Մաթեմատիկայի և մեխանիկայի
- Կենսաբանության
- Աշխարհագրության և երկրաբանության
- Իրավագիտության
- Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ
- Ռուս բանասիրության
- Արևելագիտության
- Ժուռնալիստիկայի
- Փիլիսոփայության և հոգեբանության
- Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի
- Ռադիոֆիզիկայի
- Սոցիոլոգիայի
- Ռոմանագերմանական բանասիրության
- Աստվածաբանության
- Օտարերկրյա քաղաքացիների նախապատրաստական ֆակուլտետ
Ռեկտորներ [խմբագրել]
- 1991-1993 Նորայր Առաքելյան
- 1993-2006 Ռադիկ Մարտիրոսյան
- 2006 - մինչ այժմ Արամ Սիմոնյան