Երևանի պետական բժշկական համալսարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Երևանի պետական բժշկական համալսարան
YSMU logo.png
Հապավում ԵՊԲՀ
Միջազգային անվանում Yerevan State Medical Univerity after Mkhitar Heratsi
Նախկին անվանումներ Երևանի բժշկական ինստիտուտ
Հիմնադրում մայիսի 16, 1919
Տիպ Բարձրագույն ուսումնական հաստատություն
Ռեկտոր Միքայել Նարիմանյան
Ուսանողներ 6000
Դոկտորներ 171
Ակադեմիկոսներ 7
Իրավաբանական հասցե Հայաստանի Հանրապետություն, 0025, ք.Երևան, Կորյունի 2
Կայք ysmu.am

Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) ՀՀ բարձրագույն բժշկական հաստատություններից է։ Հիմնադրվել է 1919թ[1] Տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։ Անդամակցում է Համալսարանների միջազգային ասոցիացիային[2], Եվրոպայում ատամնաբուժական կրթության, Եվրոպայում բժշկական կրթության ասոցիացիաների անդամ է։[3] Կրում է միջնադարի բժիշկ Մխիթար Հերացու անունը։

Պատմություն[խմբագրել]

Հիմնադրում[խմբագրել]

Նախքան Հայաստանի Առաջին Հանրապետությունում համալսարանի հիմնումը հայ ուսանողների թիվը մեծ է եղել Անդրկովկասյան մասնավոր համալսարանում, որը տեղակայված էր Թիֆլիսում։ 1919թ. տեղի ունեցած խորհրդակցությամբ քննարկվում է համալսարանը տեղափոխել Երևան։ Հանրային խորհրդին ուղղված դիմումի հանրային կրթության նախարարը նշում է.

«Հայաստանում հսկայական է բուժօգնության պահանջարկը... քանի որ եղեռնի, պատերազմի ու ավերածությունների սարսափները վերապրած հայերը ոչ միայն կարիք ունեն խնամակալությանն և բուժման, այլ նրանցից ծնված սերունդը նույնպես կարիք կունենա բուժօգնության: Բժշկական ֆակուլտետի բացումը հետաձգելու հիմք չկա»:

Հայաստանում համալսարանի բացման մասին օրինագիծը նախարարների խորհուրդը հաստատում 1919թ. մայիսի 16-ին։ Օրինագծի առաջին և երկրորդ կետերում նշվում է.

«Հիմնել Երևանում համալսարան՝ հետևյալ 4 բաժիններով՝ պատմալեզվաբանական, տնտեսաիրավաբանական, բժշկական, ֆիզիկամաթեմատիկական... Համալսարանը բանալ 1919-20 ճեմարանական տարում»:[4]

1921-ի հունվարի 24-ին համալսարանը բացվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենքում

1919թ. մայիս և հունիս ամիսներին տեղի է ունենում համալսարանի բացման հետ կապված 3 խորհրդակցություն՝ կրթության մատչելիության, ամբիոնների, բժշկական ֆակուլտետի ծրագրերի և այլնի մասին։ 1920 թ. հունվարի 31-ին համալսարանը ժամանակավորապես բացվում է Ալեքսանդրապոլի առևտրական դպրոցի շենքում։ Հաջորդ ուսումնական տարվանից համալսարանը տեղափոխվում է Երևանի ուսուցչական սեմինարիայի շենք և կոչվում Հայաստանի ժողովրդական համալսարան, իսկ 1922-ից՝ պետական համալսարան։ 1920-ի հոկտեմբերի վերջին նախարարապետ Հ. Օհանջանյանի և հանրային կրթության նախարար Գ. Ղազարյանի ստորագրությամբ ընդունվում է որոշում՝ «Համալսարանում բժշկական ֆակուլտետի մասին բացման մասին» օրենք, սակայն կյանքի չի կոչվում։[5] 1920 թ. Հայաստանի խորհրդայնացումից հետո 1921 թ. նոյեմբերի 3-ին Երևանում բացվում է բժշկական կադրերի պատրաստման դպրոց։ Իսկ 1922 թ. մարտի 15-ին, ուսումնական կանոնավոր գործընթացի ապահովման համար, Երևանի բժշկական դպրոցի բազայի վրա հիմնվում է Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Առաջին դեկանը բժշիկ Սպանդարատ Կամսարականն էր, իսկ պրոֆեսորադասախոսական կազմը բաղկացած էր 6 հոգուց։[6]

Խորհրդային տարիներ[խմբագրել]

1922-27թթ.-ին հիմնականում ավարտվում է ամբիոնների կազմավորումը։ 1927-ին բժշկական ֆակուլտետը տալիս է իր առաջին 32 շրջանավարտը։ 1930-ին ՀԽՍՀ կառավարության որոշմամբ՝ պետական համալսարանի ֆակուլտետների հիման վրա ստեղծվում են ինքնուրույն ինստիտուտներ, այդ թվում և՝ պետական բժշկականը։ 1936թ. ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ ինստիտուտին ատենախոսությունների պաշտպանության իրավունք է տրվում։ Հայրենական պատերազմի սկզբից Երևան են փոխադրվում Կրասնոդարի և Օրջոնիկիձեի բժշկական ինստիտուտները՝ ուսանողներով և պրոֆեսորադասախոսական կազմով։

1947թ. ստեղծվում է ուսանողական գիտական ընկերությունը։ 1958-ին սկսվում է հրատարակվել «Ապագա բժիշկ» թերթը, որը լույս է տեսնում մինչ օրս։ 1957թ. սփյուռքահայերի համար ստեղծվում է արտասահմանցի ուսանողների բաժին։ Բժշկական բարձրորակ կադրերի պատրաստման գործում ձեռք բերած հաջողությունների և հիմնադրման 50-ամյակի առթիվ 1980-ին Երևանի բժշկական ինստիտուտը պարգևատրվում է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Հայաստանի նախարարների խորհրդի 1989թ. մայիսի 25-ի որոշմամբ Երևանի բժշակական ինստիտուտը կոչվում է միջնադարի բժշկապետ Մխիթար Հերացու անունով։

1988-ի դեկտեմբերյան երկրաշարժի օրը՝ դեկտեմբերի 7-ին, ինստիտուտում ստեղծվում է օպերատիվ շտաբ։ Ամեն օր աղետի գոտի են մեկնում ուսանողների 200-250-հոգանոց ջոկատներ։ Ինստիտուտում կազմակերպվում է դոնորական կետ։[7]

Անկախությունից ի վեր[խմբագրել]

1992-ին ստեղծված ռազմական ամբիոնի հիման վրա 1994-ին համալսարանի հիմնադրվում է ռազմաբժշկական ֆակուլտետը։ 1992-ին համալսարանի ուսանողների նախաձեռնությամբ կազմավորվում է Ուսանողական խորհրդարանը, որը կարևոր դերակատարություն է ունենում ներբուհական աշխատանքների կազմակերպման գործում։ ՀՀ կառավարությունը 1995-ին ինստիտուտին տալիս է համալսարանի կարգավիճակ։ Նույն թվականին բժշկական համալսարանի ենթակայությանն է հանձնվում հարևանությամբ գտնվող հիվանդանոցային ողջ համալիրը։ 2005-2006 ուսումնական տարում ԵՊԲՀ-ն անցնում է երկաստիճան կրթական համակարգի։ Առողջապահության ազգային ինստիտուտի կրթական բաղադրիչը կառավարության որոշմամբ 2011-ին միավորվում է բժշկական համալսարանի կրթական համակարգին։[7]

Կրթություն[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև ԵՊԲՀ ամբիոնների ցանկ 

Բժշկական համալսարանում գործում են 98 ամբիոն, 6 ֆակուլտետ և ֆակուլտետի կարգավիճակով՝ օտարերկրացիների ուսուցման դեկանատը, որը հիմնվել է 1957-ին՝ սփյուռքահայերի ընդունելության նպատակով, ապա 1985-ից սկսվել է օտարազգի ուսանողների ուսուցում։ Համալսարանի բաղադրիչն է Երևանի պետական բժշկական քոլեջը, որտեղ կրթությունը կատարվում է 2 տարով՝ քույրական գործ, մանկաբարձություն, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ մասնագիտություններով։[8] Քոլեջը ղեկավարվում է տնօրենի կողմից։

Բացարձակ գերազանցություն, գիտական աշխատանքներ ունեցող համալսարանի ուսանողներն ստանում են անվանական կրթաթոշակներ։ Առաջադրման պայմաններից են օտար լեզվի տիրապետումն ու հասարակական ակտիվությունը։ Տրվում են տարբեր հիմնադրամների և Մխիթար Հերացու անվան, Ռուբեն Յոլյանի, Վահան Արծրունու, Լևոն Հովհաննիսյանի, Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակներ։

Ֆակուլտետներ[խմբագրել]

ԵՊԲՀ Ընդհանուր բժշկություն ֆակուլտետը կազմվել է 1999-2000 ուսումնական տարում բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետները միավորումից։ 1961թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվել է ստոմատոլոգիական ֆակուլտետը։ 1966-1967 ուստարում ֆակուլտետը տվել է առաջին 47 շրջանավատը։ Ֆակուլտետում սովորում է ավելի քան 800 ուսանող։ Դեղագիտական ֆակուլտետը ստեղծվել է 1972-ին։ Առաջին շրջանավարտները տվել է 1975-ին։ ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ստեղծվել է ՀՀ կառավարության 1994թ. մայիսի 19-ի որոշմամբ։ 2011թ. հիմնադրվել է Հանրային առողջության ֆակուլտետը։ Բժիշկների, ստոմատոլոգների և դեղագետների պատրաստումն իրականացնում է 2005թ. մասնագիտական ուսուցման ֆակուլտետի վրա հիմնված Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը։[9]

Ուսանողներ[խմբագրել]

1rightarrow.png  Տես նաև ԵՊԲՀ Ուսանողական խորհրդարան 

ԵՊԲՀ-ում է ստեղծվել Հայաստանի առաջին ուսանողական կառույցը։[10] Ուսանողների հասարակական ակտիվը ներկայացված է Ուսանողական խորհրդարանով։ Վերջինը ֆակուլտետների ուսանողական խորհուրդներ, ակումբները, ընկերությունները ղեկավարող մարմինն է։ Ուսանողական գիտական ընկերությունը ստեղծվել է 1947-ին,[11] այն ամբիոններում իրագործում է ուսումնական, հետազոտական աշխատանքներ։ Առաջին ուսանողական թերթի հեղինակը Բժշկական համալսարանի ուսանողներն են,[10] նրանց կողմից է կազմվում և խմբագրվում «Մեդիկուս» ամսագիրը։ Ուսանողներն անդամակցում են Բժիշկ ուսանողների ասոցիացիաների միջազգային ‎ֆեդերացիային (IFMSA), Ատամնաբույժ ուսանողների միջազգային ասոցիացիային (IADS), Դեղագետ ուսանողների միջազգային ‎‎ֆեդերացիային (IPSF)։ Բժշկական համալսարանի ուսանողներից 1000-ից ավելին արտասահմանցիներ են, նրանք խորհրդարանի ենթակայությամբ ունեն առանձին ուսանողական խորհուրդ։

Բժշկական համալսարանին պատկանում են երկու ուսանողական հանրակացարաններ Նոր Զեյթուն թաղամասում՝ ուսանողական ավանում։

Այցելեք նաև[խմբագրել]

Հայաստանի Բարձրագույն Ուսումնական Հաստատությունների ցանկ

Արտաքին հղումներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]

Երևանի բուհեր

Երևանի պետական համալսարանԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիաԵրևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտԵրևանի գեղարվեստի պետական ակադեմիաԵրևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԽաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանՀայաստանի ազգային ագրարային համալսարանՃարտարապետության և շինարարության պետական համալսարանՀայաստանի պետական տնտեսագիտական համալսարանՀայաստանի պետական ճարտարագիտական համալսարանԵրևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանՖիզիկական կուլտուրայի հայկական համալսարանՎալերի Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարան«Հայբուսակ» համալսարան


Հայաստանի ամերիկյան համալսարանՍլավոնական կամ ռուս–հայկական համալսարանԵվրոպական կամ ֆրանսիական համալսարան