Սիրական Տիգրանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիրական Տիգրանյան
Դիմանկար
Ծնվել է1875
ԾննդավայրԱլեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն
Մահացել է1937
Քաղաքացիություն ԽՍՀՄ
ԿրթությունՍանկտ Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետ
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության պետական դումայի անդամ և Համառուսաստանյան հիմնադիր ժողովի անդամ
ԿուսակցությունՀՅԴ
 Sirakan Tigranyan Վիքիպահեստում

Սիրական Թադևոսի Տիգրանյան (1875, Ալեքսանդրապոլ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - 1937), հասարակական-քաղաքական գործիչ, ՀՅԴ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան։ Ընդունվել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, մասնակցել ուսանողական շարժմանը։ Իրավաբանի դիպլոմը նրան իրավունք է տվել Էջմիածնի հոգևոր ճեմարանում զբաղեցնելու իրավաբանական ու փիլիսոփայական գիտությունների ուսուցչի պաշտոն։

Երկրորդ դումայի պատգամավոր է ընտրվել Երևանի նահանգի ոչ մուսուլման ազգաբնակչության կողմից։ Եղել է էսեռների խմբի անդամ, ղեկավարել է դումայի 8 Բաժինը։ Աշխատել է խղճի ազատության, ժողովրդական կրթության հանձնաժողովներում։ Դուման ցրելուց հետո շնորհազրկվել է, ապա աքսորվել ու փախել։

1918 նոյեմբերի 4-ից մինչև 1919 ապրիլի 27 եղել է Հայաստանի առաջին Հանրապետության Արտաքին գործերի նախարարը, Հովհաննես Քաջազնունու կառավարության կազմում[1]։

1918-1920 թթ. Հայաստանի Հանրապետության գոյության տարբեր ժամանակահատվածներում զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ՝ Արտաքին գործերի նախարարը, ՀՀ հանրային կրթության և արվեստի նախարար, Ազգային ժողովի պատգամավոր, Ազգային ժողովի փոխնախագահ։

Խորհրդային իշխանության հաստատումից հետո տեղափոխվել է Իրան, ավելի ուշ՝ վերադարձել Հայաստան։ 1924 թ. և 1933 թ. Հայաստանի Պետական քաղաքական վարչության (ՊՔՎ)[2] կողմից ձերբակալվել է որպես ակտիվ դաշնակցական, և երկու դեպքում էլ ազատ է արձակվել։

Սիրական Տիգրանյանը ձերբակալվել է 1937 թվականին դեկտեմբերի 3-ին։ 2 օր անց՝ դեկտեմբերի 5-ին ՆԳԺԿ եռյակի որոշմամբ դատապարտվել է գնդակահարության այն մեղադրանքով, որ «դաշնակցական կառավարությունում» զբաղեցրել է պատասխանատու պաշտոններ, դաշնակցական մամուլում հանդես է եկել խորհրդային իշխանությունների դեմ, եղել է Դաշնակցություն կուսակցության անդամ։ Դատավճիռը իրականացվել է նույն օրը[3]։

Արդարացվել է 1958 թ. հոկտեմբերի 20-ին՝ ՀԽՍՀ Գերագույն դատարանի քրեական գործերի դատական կոլեգիայի որոշումով։

Ընտանիքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիգրանյանների ընտանիքը։ Մեջտեղի շարքում աջից երկրորդը՝ Նիկողայոս Տիգրանյան, կողքին՝ Սիրական Տիգրանյան

Սիրական Տիգրանյանը մեծ ընտանիքի զավակ է եղել։ Նրա եղբայրներից են եղել կոմպոզիտոր Նիկողայոս Տիգրանյանը, տարբեր տարիներին Ներսիսյան դպրոցի հոգաբարձուների խորհրդի անդամներ Հովսեփ ու Ղազար Տիգրանյանները։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Сиракан Татевосович Тигранян
  2. «ՀՀ ԱԱԾ կայքում նշված է, որ կառույցը 1926-1934թթ կոչվել է ՊՔՎ». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 20-ին.
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆոնդ 1191, ցուցակ 9, գործեր 1017, 1018։