Նագուշ Հարությունյան
| Նագուշ Հարությունյան | |
|---|---|
![]() |
|
| ԱԱՀ՝ | Նագուշ Հարությունյան |
| Ծննդյան օր՝ | 1912, նոյեմբերի 23 |
| Ծննդավայր՝ | Երևան |
| Վախճանի օր՝ | 1993, հունվարի 18 |
| Վախճանի վայր՝ | Մոսկվա |
Նագուշ Խաչատուրի Հարությունյան (1912, նոյեմբերի 23 - 1993, հունվարի 18), հայ մեխանիկ, պետական-քաղաքական գործիչ, տեխնիկական գիտությունների դոկտոր (1949), պրոֆեսոր (1950), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1950), ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1962)։
Ծնվել է Երևանում։ 1930-ին ընդունվել է Մոսկվայի Վ. Կույբիշևի անվան ռազմաճարտարագիտական ակադեմիա։ 1936-ին ավարտելով այն և ստանալով ճարտարագետ-հիդրոշինարարի որակավորում` աշխատանքի է անցել Սևան-Զանգուշին վարչությունում որպես ճարտարագետ` միաժամանակ դասավանդելով Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում։
1937-ին ընդունվել է Լենինգրադի պոլիտեխնիկական ինստիտուտի ասպիրանտուրա։ 1941-ին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և մեկնել ռազմաճակատ։ 1945-ին զորացրվել է, վերադարձել Հայաստան և վերսկսել գիտամանկավարժական գործունեությունը։ 1949-ին ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն։ 1950-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում, նույն թվականին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։
1952-1955-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ տեխնիկական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար։ 1955-ին նշանակվել է ՀԽՍՀ ԳԱ մաթեմատիկայի և տեխնիկայի ինստիտուտի սողքի և ամրության նորաստեղծ լաբորատորիայի վարիչ։ 1959-ին ընտրվել է ՀԽՍՀ ԳԱ փոխնախագահ։
1945-51-ին դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում, 1951-ից ԵՊՀ-ում` լինելով տեսական մեխանիկայի ամբիոնի պրոֆեսոր, իսկ 1958-78-ին` առանձգայանության և պլաստիկության տեսության նորաստեղծ (ներկայիս հոծ միջավայրի մեխանիկայի) ամբիոնի վարիչ։
1961-ին նշանակվել է ԵՊՀ ռեկտոր։ Նրա նախաձեռնությամբ ԵՊՀ-ում ստեղծվել են բջջաբանության ամբիոնը, ՀԽՍՀ ԳԱ և ԵՊՀ միացյալ հաշվողական կենտրոնը, ամրապնդվել ԵՊՀ գիտական և ուսումնական կապերը Մոսկվայի, Լենինգրադի պետական համալսարանների, ինչպես նաև ԽՍՀՄ և արտասահմանյան այլ առաջնակարգ բուհերի ու գիտական կենտրոնների հետ։
Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների և ութ հիմնարար մենագրության։ Նրա «Սողքի տեսության մի քանի հարցեր» (Մոսկվա, 1952) հիմնարար մենագրությունը թարգմանվել և հրատարակվել է Անգլիայում, Ֆրանսիայում, Չինաստանում, իսկ առանձին գլուխներ` նաև Գերմանիայում, Լեհաստանում, Ռումինիայում։
1962-75-ին եղել է ՀԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ։
1975-ին տեղափոխվել է Մոսկվա և գլխավորել ԽՍՀՄ ԳԱ մեխանիկայի պրոբլեմային ինստիտուտի առաձգակամածուցիկ մարմինների մեխանիկայի բաժինը` զուգահեռաբար ղեկավարելով նաև ՀԽՍՀ ԳԱ մեխանիկայի ինստիտուտի առաձգակամածուցիկության տեսության բաժինը։
Ղեկավարել է բազմաթիվ գիտական աշխատանքներ, ստեղծել ուրույն գիտական դպրոց։ Երկար տարիներ եղել է ԽՍՀՄ տեսական և կիրառական մեխանիկայի գծով ազգային կոմիտեի նախագահության անդամ, «Հայկական ԽՍՀ ԳԱ տեղեկագիր, մեխանիկա» գիտական պարբերականի գլխավոր խմբագիր։, «ԽՍՀՄ ԳԱ տեղեկագիր, պինդ մարմնի մեխանիկա» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ։ Բազմիցս ընտրվել է ՀԽՍՀ և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր։
Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ աստիճանի, «Կարմիր աստղ», Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։
Երկեր [խմբագրել]
- Некоторые бопросы теории ползучести, М.-Л., 1952.
- Кручения упругых тел, М., 1963 (համահեղինակ).
- Теория ползучести неоднородых тел, М., 1983 (համահեղինակ).
- Механика растущих вязкоупроугопластических тел, М., 1987 (համահեղինակ).[3]
Աղբյուրներ [խմբագրել]
- ↑ Ն. Հարությունյանի մասին ՀՀ ԳԱԱ կայքում
- ↑ Կենսագրական բառարան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 34-35։
- ↑ Ով ով է. Կենսագրական հանրագիտարան. Հայեր, հատոր 1, Երևան, ՀՀՀ, 2005, էջ 637։
