Հակոբ Մանանդյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հակոբ Մանանդյան
Հակոբ Համազասպի Մանանդյան
Manandyan2.jpg
Ծնվել է նոյեմբերի 22, 1873
Ծննդավայր Ախալցխա
Մահացել է փետրվարի 4, 1952
Մահվան վայր Երևան

Հակոբ Համազասպի Մանանդյան (1873, նոյեմբերի 22 - 1952, փետրվարի 4), հայ պատմաբան, բանասեր, աղբյուրագետ, պատմական գիտությունների դոկտոր (1938), պրոֆեսոր (1925), ԽՍՀՄ ԳԱ (1939) և ՀԽՍՀ ԳԱ (1943) ակադեմիկոս, ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1935)։

Կենսագրություն[խմբագրել]

Հակոբ Մանանդյանի կիսանդրին Կոմիտասի անվան պանթեոնում

Ծնվել է Ախալցխայում։ Սկզբնական կրթությունն ստացել է 1880-1983 թվականի ծննդավայրի Կարապետյան վարժարանում։ 1883-1893 թվականին սովորել է Թիֆլիսի I գիմնազիայում, 1893-1897 թվականներին՝ Ենայի, Լայպցիգի և Ստրասբուրգի համալսարաններում և ստացել փիլիսոփայության դոկտորի աստիճան։ 1898 թվականին ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելյան լեզուների, իսկ 1909 թվականին՝ Դորպատի համալսարանի իրավաբանական ֆակուլտետները։

1900-1905 թվականներին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1905-1907 թվականներին՝ Թիֆլիսի առաջին և երկրորդ արական գիմնազիաներում, 1906-1907 թվականներին՝ Ներսիսյան դպրոցում, 1911-1913 թվականներին՝ Բաքվի ժողովրդական համալսարանում և 1915-1919 թվականներին՝ առևտրական դպրոցում։ 1919 թվականի դեկտեմբերին հրավիրվել է ԵՊՀ, նշանակվել պատմալեզվագրական ֆակուլտետի դեկանի դեկանի պաշտոնակատար, 1921-1922 թվականին՝ ռեկտոր, 1921-1923 թվականներին՝ արևելագիտության և պատմագրական ֆակուլտետների դեկան, 1921-1925 թվականներին՝ հայ ժողովրդի պատմության ամբիոնի վարիչ, 1925-1931 թվականներին՝ նույն ամբիոնի պրոֆեսոր։ ԵՊՀ-ում առաջինն է դասավանդել հայ ժողովրդի հին և միջնադարյան պատմություն։ 1931 թվականին ընդհատել է մանկավարժական աշխատանքը և զբաղվել միայն գիտական գործունեությամբ։

Գիտական գործունեությունը[խմբագրել]

Հեղինակ է հայերեն, ռուսերեն և գերմաներեն ավելի քան 150 աշխատությունների՝ նվիրված հայոց հին և միջնադարյան պատմությանն ու բանասիրությանը, պատմական աշխարհագրությանը, չափագիտությանն ու մշակույթին։ Զբաղվել է հունական իմաստասիրական երկերի հայերեն թարգմանությունների, հունաբան դպրոցի գործունեության, հատկապես Դավիթ Անհաղթի իմաստասիրական ժառանգության ուսումնասիրությամբ[1]։ Այս բնագավառում հայագիտական մնայուն արժեք է «Հունաբան դպրոցն և նրա զարգացման շրջանները» (Վիեննա, 1928)[2] ուսումնասիրությունը։ Հայ պատմագիտական մտքի մնայուն գործերից են հին և միջնադարյան Հայաստանի հասարակական-տնտեսական հարաբերություններին[3][4] նվիրված «Հայաստանի առևտրի և քաղաքների մասին» (ռուսերեն, Եր., 1930, 1954, 1985), «Ֆեոդալիզմը հին Հայաստանում» (Երևան, 1934,[5] 1981), «Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում» (Եր., 1930, 1985)[6], «Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը»[7], «Հին Հայաստանի գլխավոր ճանապարհները» (Եր., 1936,[8] 1985), «Տիգրան Բ և Հռոմը» (Եր., 1940,[9] 1972[10], 1977, ռուսերեն՝ 1943, ֆրանսերեն՝ 1963), Արմավիրի հունարեն արձանագրությունները[11] և այլ մենագրություններ։

Ձեռնարկել է «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության» բազմահատոր աշխատության ստեղծումը՝ նպատակ ունենալով շարադրել Հայաստանի մ թ.ա. VI - XVI դարերի ամբողջական պատմությունը (հ. I-III, 1945, 1952, 1957, նաև՝ 1977, 1978), որը, սակայն, մնացել է անավարտ։ Դեռևս 1920-ին, Հրաչյա Աճառյանի աշխատակցությամբ, հրատարակել է XII-XIX դարերի հայկական վկայաբանական գրականության հայտնի բոլոր բնագրերը (հ. I-II), գիտական հրատարակության է պատրաստել հին հունական իմաստասերների (Նոնոս, Էլիաս, Զենոն Ստոիկ, Արիստոտել և այլք) երկերի հայերեն թարգմանությունների բնագրերը։

Աշխատություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Հովհաննիսյան Պ., Ակադեմիկոս Հակոբ Մանանդյան։ (Ծննդյան 100-ամյակի առթիվ).- «Երևանի համալսարան» (Լրատու), 1973, N 3, էջ 32-37։
  • Հովհաննիսյան Պ., Հայաստանում ֆեոդալիզմի ծագման պրոբլեմի ուսումնասիրությունը ակադեմիկոս Հ.Մանանդյանի աշխատություններում.- ԵԳԱ, 1975, N 1, էջ 37-45։
  • Մանանդյան Հակոբ Համազասպի.- ՀՍՀ, հատ.7, Երևան, 1981, էջ 212-213։
  • Հովհաննիսյան Պ., Ակադեմիկոս Հ. Մանանդյանի նամականիից.- ԼՀԳ, 1989, N 8, էջ 80-89։
  • Հովհաննիսյան Պ., Հ.Մանանդյանի նորահայտ հոդվածը բուդդայականության մասին.- ԲԵՀ, 1990, N 2, էջ 115-120։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Հ. Մանանդյան. Մեկնութիւն ստորոգութեանցն Արիստոտելի, Տպարան գիտութեանց ճեմարանի կայսերականի։ Ս.-Պետերբուրգ 1911։
  2. Յակոբ Մանանդեան. Յունաբան դպրոցը եւ նրա զարգացման շրջանները: Քննական ուսումնասիրութիւն, Վիեննա: Մխիթարեան տպարան, 1928 (Ազգային մատենադարան, ՃԺԹ)։
  3. Հ. Մանանդյան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կյանքի պատմության, Հտ. 1, Արտատպ. ՀՍԽՀ Գիտության և արվեստի ինստիտուտի Տեղեկագրի №2-ից։ Երևան 1927։
  4. Հ. Մանանդյան. Նյութեր Հին Հայաստանի տնտեսական կյանքի պատմության, Հտ. 2, Արտատպ. ՀՍԽՀ Գիտության և արվեստի ինստիտուտի Տեղեկագրի №4-ից ։ Երևան 1927։
  5. Հ. Մանանդյան. Ֆեոդալիզմը Հին Հայաստանում։ Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի։ Երևան 1934։
  6. Հ. Մանանդյան. Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, Երևան 1930։
  7. Հ. Մանանդյան. Երատոսթենեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, Հրատարակություն Մելքոնյան ֆոնդի, Երևան 1934։
  8. Հ. Մանանդյան. Հայաստանի գլխավոր ճանապարհները ըստ Պևտինգերյան քարտեզի, Գիտհրատի տպարան։ Երևան 1936։
  9. Հ. Մանանդյան. Տիգրան Բ և Հռոմը, ԱՐՄՖԱՆ–ի հրատարակչություն, Երևան 1940։
  10. Հ. Մանանդյան. Տիգրան Երկրորդը և Հռոմը, Երևանի Պետական Համալսարանի հրատարակչություն։ Երևան, 1972։
  11. Հ. Մանանդյան. Արմավիրի հունարեն արձանագրությունները նոր լուսաբանությամբ, Պետհամալսարանի Հրատարակչություն, Երևան 1946։

Աղբյուրներ[խմբագրել]

  • Կենսագրական հանրագիտարան, Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 15-16։