Մայրաքաղաք
Հռոմ
իտ.՝ Roma, Roma Capitale
|
Հռոմ (իտ.՝ Roma), Իտալիայի մայրաքաղաք, Լացիո մարզի վարչական կենտրոն: Գտնվում է Տիբեր գետի ափին, ունի միջազգային օդանավակայաններ (Լեոնարդո դա Վինչի դի Ֆյումինչո և Չամպինո): Հռոմի սահմաններում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը:
Պատմագրական և ավանդական տեղեկություններ[խմբագրել]
Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը: Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից: Ըստ ավանդության, Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753-ին: Հռոմուլոսի և նրա երկվորյակ եղբայր Հռեմոսի ծնողները եղել են լատինների Ալբա Լոնգա քաղաքի թագավոր Նումիտորի դուստր, Վեստա աստվածուհու քրմուհի Հռեա Սիլվիան և Մարս աստվածը: Ալբա Լոնգայի գահը գավթած Ամուլիոսը գահի օրինական ժառանգորդ երկվորյակներին հրամայել է գցել Տիբեր գետը: Երկվորյակները փրկվել են, սնվել գայլի կաթով և կրթվել հովվի մոտ: Չափահաս դառնալով՝ պատժել են Ամուլիոսին, ապա որոշել քաղաք հիմնել իրենց փրկված տեղում: Քաղաքի անուն տալու վեճի ժամանակ Հռեմոսը սպանվել է և քաղաքը Հռոմուլոսի (լատիներեն՝ Romulus) անունով կոչվել է Հռոմ (լատիներեն՝ Roma): Հռոմը եղել է հռոմեական անտիկ պետության մայրաքաղաքը, VI-VIII դդ. գտնվել է Բյուզանդիայի տիրապետության տակ: 756 - 1870-ը կարճ ընդմիջումներով եղել է Պապական մարզի մայրաքաղաքը: Ռիսորջիմենտոյի (իտալերեն բառացի՝ «վերածնունդ») շնորհիվ 1870-ին վերամիավորվեց Իտալիայի հետ, 1871-ից դարձավ միավորված Իտալական թագավորություն, իսկ 1946-ից՝ Իտալական հանրապետության մայրաքաղաք:
Հայերի բնակության մասին Հ-ում հիշատակություններ կան դեռևս մ.թ.ա. I դարից: Մ.թ. 65-ին Հայոց թագավոր Տրդատ Ա այցելել է (շուրջ 3 հզ-անոց շքախմբով) Հռոմ և թագադրվել Ներոն կայսրի կողմից: IV դ. Հռոմում հռչակված էր հռետոր Պարույր Հայկազնը (որին Հռոմում հուշարձան է կանգնեցվել): 552-ին բյուզանդական զորքերի հրամանատար և Ռավեննայի փոխարքա (541-568) Նարսես Պատրիկը քաղաքն ազատագրել է գոթերից և այնուհետև շինարարական լայն գործունեություն ծավալել Հռոմում (ավանդությունը Նարսեսին է վերագրում «Կիլիկյան» վանքի շին-ը): VII դ. Հռոմում եղել է հայկական վանք (որի աբբա Թաղասիոսը մասնակցել է 649-ի Լատերանի տիեզերաժողովին), XI դ.՝ հայկական եկեղեցի: Հռոմում եղել է հայկական թաղամաս:
XIII-XVI դդ. Հռոմի հայ համայնքը, ինչպես նաև իտալահայ մյուս համայնքները, ստվարացել են: Հռոմ են եկել հայ մտավորականներ, եկեղեցական գործիչներ, վաճառականներ: Այստեղ ընդօրինակվել են բազմաթիվ արժեքավոր ձեռագրեր, առաջին հայերեն գիրքը («Տոմար Գրիգորյան») Հռոմում տպագրվել է 1584-ին: 1883-ին հիմնադրվել է Լևոնյան վարժարանը (կաթոլիկ հայ հոգևորականների պատրաստման բարձրագույն դպրոց): Հռոմի պետական համալսարանի դասախոսներ (պրոֆ-ներ՝ Գ. Ֆրանկովիչ, Պ. Կունեո, ճարտ. Հ. Վահրամյան) զբաղվել են հայ միջնադարյան ճարտարապետության ուսումնասիրությամբ: 1960-ական թթ. գրեթե ամեն տարի կատարել են բազմաթիվ գիտարշավներ Խորհրդային Հայաստան և Արմ. Հայաստանի տարածքներ: 1968-ին Հռոմում կայացել է հայ ճարտարապետության առաջին ցուցահանդեսը, հրատարակվել հայ ճարտարապետությանը նվիրված չորս մենագրություն: Ներկայումս Հռոմում բնակվում է 500 հայ :
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարան ից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։  |