Երկրորդ համաշխարհային պատերազմ
Երկրորդ համաշխարհային պատերազմ (սեպտեմբերի 1[1], 1939 — սեպտեմբերի 2, 1945[2]), պատերազմ երկու համաշխարհային ռազմաքաղաքական կոալիցիաների միջև, մարդկային պատմության մեջ ամենաարյունառու հակամարտությունը (համաշխարհային պատերազմ)։ Վերջինիս մեջ են ներքաշվել այդ ժամանակ գոյություն ունեցող պետություններից 61-ը (աշխարհի բնակչության 80%-ը[3])։ Ռազմական գործողությունները տեղի են ունեցել երեք մայրցամաքներում և չորս օվկիանոսներում։ Երբևէ տեղի ունեցած միակ ռազմական բախումն է, երբ օգտագործվել է ատոմային զենք։ Պատերազմը դարձավ շուրջ 60 միլիոն զոհերի պատճառ։
Բովանդակություն
|
Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը [խմբագրել]
Պատերազմի պատճառները [խմբագրել]
Երկրորդ համաշխարհային պատերազմը արդյունքն էր խոշոր պետությունների միջև քաղաքական, տնտեսական և գաղափարական խոր ու անհաշտ հակասությունների։ Գերմանիան, Իտալիան և Ճապոնիան, գտնելով, որ ուժերի հարաբերակցությունը փոխվել է հօգուտ իրենց, պայքար ծավալեցին աշխարհում Անգլիայի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի քաղաքական տիրապետող դիրքերը վերացնելու և աշխարհի նոր վերաբաժանման նպատակով։
Նրանց համար կարևոր խնդիր էր նաև Խորհրդային Միության տապալումը և կոմունիստական վտանգի վերացումը։ Իսկ Անգլիայի և Ֆրանսիայի հիմնական նպատակն էր պահպանել իրենց տիրապետող քաղաքական և տնտեսական դիրքերը, ձախողել «Բեռլին-Հռոմ-Տոկիո» առանցքի` համաշխարհային տիրապետության հասնելու ծրագրերը։ ԱՄՆ-ն թեև պատերազմի առաջին փուլում պաշտոնապես չեզոք դիրք էր գրավում, սակայն ավելի համակիր էր անգլո-ֆրանսիական խմբավորմանը։
Պատերազմի սկիզբը և Լեհաստանի գրավումը [խմբագրել]
Ֆաշիստական Գերմանիայի առաջին զոհը եղավ Լեհաստանը։ Պատրաստվելով ռազմական գործողությունների ընդդեմ Լեհաստանի` Հիտլերը դեռ 1939 թվականի ապրիլին նշել էր, որ անհրաժեշտ է «հարձակվել Լեհաստանի վրա առաջին իսկ հնարավորության դեպքում»։ Նա և նրա զինակիցները վստահ էին, որ Անգլիան ու Ֆրանսիան այս անգամ ևս ագրեսիայի զոհին գործնական օգնություն ցույց չեն տա և Լեհաստանի պատճառով մեծ պատերազմ չի առաջանա։
Պատերազմի սկզբում Գերմանիան ուներ 100-ից ավել դիվիզիա, 4400 ինքնաթիռ և մոտ 100 խոշոր նավեր և սուզանավեր։ Հիտլերը 1939 թվականին օգոստոսի 22-ին Օբերզալցբուրգում գերմանական բարձրագույն զինվորական հրամանատարության հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել էր.
| «Ես այժմ Արևելք եմ ուղարկում իմ «մահվան ջոկատները», որոնց հրամայված է առանց խղճահարության ու ներողամտության սպանել լեհ ցեղին պատկանող և լեհերեն խոսող բոլոր տղամարդկանց, կանանց ու երեխաներին։ Միայն այս ճանապարհով մենք կշահենք այն կենսական տարածքը, որ մեզ անհրաժեշտ է... Ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին...»[4]։ |
Հիտլերն ակնարկում էր երիտթուրքերի կողմից 1915թ. Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության մյուս տարածքներում իրականացված հայերի ցեղասպանությունը, որը մնացել էր անպատիժ։
1939թ. սեպտեմբերի 1-ի առավոտյան գերմանական զորքերը ներխուժեցին Լեհաստան։ Այդ տարեթիվը պաշտոնապես ընդունված է որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի սկիզբ։ Նույն օրը երեկոյան Գերմանիային հանձնվեց Անգլիայի և Ֆրանսիայի բողոքի նոտան[5]։ Վերջիններս սպառնացին, որ եթե Գերմանիան չդադարեցնի ռազմական գործողությունները և իր զորքերը դուրս չբերի Լեհաստանի տարածքից, ապա նրանք կկատարեն Լեհաստանի հանդեպ իրենց պարտավորությունները։ Խոսքն այստեղ այն մասին էր, որ 1939թ. օգոստոսի 25-ին Անգլիայի և Լեհաստանի միջև ստորագրվել էր փոխադարձ օգնության պայմանագիր։ Համանման պայմանագիր էր կնքվել նաև Ֆրանսիայի և Լեհաստանի միջև։ Սակայն Գերմանիան` հաշվի չառնելով վերջնագրի բնույթ կրող անգլո-ֆրանսիական նոտան, շարունակեց իր հարձակողական գործողությունները։
1939թ. սեպտեմբերի 3-ին Անգլիան և Ֆրանսիան պատերազմ հայտարարեցին Գերմանիային։ Նրան պատերազմ հայտարարեցին նաև Մեծ Բրիտանիայի դոմինիոններ Ավստրալիան, Նոր Զելանդիան, Կանադան և Հարավ-Աֆրիկյան Միությունը։[6]. Սակայն Հիտլերը վստահ էր, որ Անգլիան և Ֆրանսիան լուրջ քայլերի չեն դիմի Լեհաստանը փրկելու համար, և նա չսխալվեց։ Անգլո-ֆրանսիական սպառնալիքները խոսքից այն կողմ չանցան։ Նրանք ոչինչ չձեռնարկեցին գերմանական ագրեսիան սանձելու և իրենց դաշնակցին իրական օգնություն ցույց տալու համար։ Լեհաստանը մնաց միայնակ գերմանական հզոր ռազմական մեքենայի առջև։ Նա չէր կարող նաև ակնկալել օգնություն նաև այլ երկրներից։ Գերմանիայի հարձակումից անմիջապես հետո ԽՍՀՄ-ը և ԱՄՆ-ն հայտարարեցին իրենց չեզոքության մասին։
Սեպտեմբերի կեսերին Գերմանիան արդեն գրավել էր Լեհաստանի տարածքի համարյա կեսը, վերջինիս ռազմաքաղաքական պարտությունն այլևս ոչ մի կասկած չէր հարուցում։ Հենց այդ պահին խաղի մեջ մտավ Խորհրդային Միությունը։
ԽՍՀՄ-ի տարածքային ընդարձակումը [խմբագրել]
Խորհրդային Միությունը Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբնական փուլն օգտագործեց իր տարածքն ընդարձակելու և միջազգային դիրքերն ուժեղացնելու համար։ 1939թ. սեպտեմբերի 17-ին Խորհրդային զորքերը մտան Լեհաստան։[7] 12 օր տևած պատերազմական գործողությունների ընթացքում խորհրդային զորքերը առաջ շարժվեցին 250-350 կիլոմետր, գրավեցին Արևմտյան Ուկրաինան և Արևմտյան Բելոռուսիան, որոնց Լեհաստանին էին անցել 1920թ.։ Անցկացված ընտրությունների արդյունքում այդ երկու շրջաններում էլ հայտարարվեց խորհրդային իշխանություն։ Նրանք դիմեցին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին` ԽՍՀՄ-ի կազմի մեջ մտնելու խնդրանքով։ 1939թ. նոյեմբերի 1-ին բավարարվեց ուկրաինացիների, իսկ նոյեմբերի 2-ին` բելոռուսների պահանջը: Այդ շրջանները համապատասխանաբար մտան Ուկրաինական և Բելոռուսական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների կազմի մեջ։
Այսպիսով` գերմանական և խորհրդային զորքերի հարվածների տակ ընկավ լեհական պետությունը։ Խորհրդային միությունը 1939թ. աշնանը Էստոնիային, Լատվիային և Լիտվային պարտադրեց փոխադարձ օգնության համաձայնագիր ստորագրել։ Նա, ըստ այդ հրամանագրի, «Խորհրդային միության և մերձբալթյան երկրների անվտանգությունն ամրապնդելու նպատակով» իրավունք ստացավ այդ երկրներում ունենալ ռազմածովային և ռազմաօդային հենակայաններ։
Խորհրդա-ֆիննական պատերազմը [խմբագրել]
Խորհրդային Միությունը, իր հյուսիսային սահմանների և Լենինգրադի (այժմ` Սանկտ Պետերբուրգ) անվտանգությունն ապահովելու պատրվակով, 1939թ. նոյեմբերի 30-ին պատերազմ սկսեց Ֆինլանդիայի դեմ։ Ֆիննական պատերազմը ցույց տվեց Խորհրդային Միության անբավարար պատրաստվածությունը ռազմական տեսակետից։ Հարձակումը Ֆինլանդիայի վրա բողոքի մեծ ալիք առաջացրեց աշխարհում։ 1939թ. դեկտեմբերի 14-ին Ազգերի լիգան ԽՍՀՄ-ին, որպես ագրեսորի, վտարեց իր շարքերից։ ԽՍՀՄ-ին մեծ զոհողությունների գնով հաջողվեց հասնել որոշակի հաջողությունների, և 1940թ. մարտի 13-ին ստորագրվեց խորհրդա-ֆիննական հաշտության պայմանագիր։ Խորհրդային միությանն անցավ Կարելական պարանոցը` հարակից տարածքներով։ Բացի այդ, Խորհրդային Միությունը 30 տարի ժամկետով վարձակալելու էր Խանկո թերակղզին և հարակից կղզիները` ռազմական հենակայան կառուցելու համար[8]։
Խորհրդային Միության հետագա առաջխաղացումները [խմբագրել]
Հաջորդ ամսվա ամռանը Խորհրդային Միության մաս դարձան Բեսարաբիան և Հյուսիսային Բուկովինան։ Այդ տարածքները, որ պատկանում էին Ռումինիային, նա հարկադրված եղավ զիջել ԽՍՀՄ-ին` վերջինիս ճնշման ներքո։
1940թ. ամռանը սրվեցին Խորհրդային Միության հարաբերությունները մերձբալթյան պետությունների հետ։ ԽՍՀՄ-ը անհանգստանում էր, որ նրանք կարող են Գերմանիայի, ինչպես նաև Անգլիայի և Ֆրանսիայի հակախորհրդային քաղաքականության հենակետ դառնալ։ Հունիս ամսվա ընթացքում Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում, ոչ առանց Խորհրդային Միության միջամտության, տեղի ունեցան պետական հեղաշրջումներ, և այդ երկրներում հաստատվեցին խորհրդային կարգեր։ Նրանք դիմեցին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդին` ԽՍՀՄ կազմի մեջ մտնելու խնդրանքով։ 1940թ. օգոստոսին նրանց այդ խնդրանքը բավարարվեց։
Երկրորդ համաշխարհային պատերազմի առաջին փուլը [խմբագրել]
Իրադարձություններն Արևմտյան Եվրոպայում [խմբագրել]
Թեև Անգլիան ու Ֆրանսիան գտնվում էին պատերազմական վիճակում Գերմանիայի հետ, սակայն որևէ ռազմական գործողություն չէին մղում նրա դեմ։ Խրամատավորված զորքերը «ձանձրանում էին» անգործությունից։ Այս յուրահատուկ իրավիճակի պատճառով այս պատերազմափուլը կոչվեց «տարօրինակ պատերազմ»[նշում 1]։
Գերմանիան բթացնելով իր հակառակորդների զգոնությունը, նախապատրաստվում էր վճռական գործողություններ իրականացնել Եվրոպայի արևմուտքում։ Գերմանական զորքերը ընդամենը երկու օրվա ընթացքում` 1940թ. ապրիլի 9-10-ը, գրավեցին Դանիան և Նորվեգիան։ Դրա հետևանքով սրվեց քաղաքական իրադրությունն Անգլիայում։ Ընդդիմության ճնշման տակ Անգլիայի վարչապետ Նևիլ Չեմբեռլենը 1940թ. մայիսի 8-ին հրաժարական տվեց։ Մայիսի 10-ին Ուինսթոն Չերչիլը, որ գերմանաֆաշիստական ագրեսորներին վճռական հարված տալու կողմնակիցներից էր, կազմեց կոալիցիոն կառավարություն։ Իսկ այդ ժամանակ Գերմանիան Արևմտյան ռազմաճակատում կենտրոնացրեց գլխավոր ռազմական ուժերը` 136 դիվիզիա (3,3 մլն զինվոր), 2600 տանկ, 3600 ինքնաթիռ և ռազմական այլ տեխնիկա[9]։
Ֆրանսիայի անձնատուր լինելը [խմբագրել]
Գերմանիան շուտով ձեռամուխ եղավ այսպես կոչված «Դեղին պլանի»[10] կենագործմանը: 1940թ. մայիսի 10-ին գերմանական զորքերն անցան Բելգիայի, Հոլանդիայի, Լյուքսեմբուրգի սահմանները և ներխուժեցին Ֆրանսիա։ Շուտով գերմանացիները հարձակում սկսեցին Փարիզի ուղղությամբ։ Ֆրանսիական բանակն ի վիճակի չեղավ որևէ լուրջ դիմադրություն ցույց տալ և հուլիսի 14-ին Փարիզն անձնատուր եղավ։ Ֆրանսիայի նոր կառավարության ղեկավար մարշալ Պետենը դիմեց Գերմանիային` հաշտության նպատակով։ Ֆրանսիայի անձնատուր լինելու ակտը ստորագրվեց 1940թ. հունիսի 22-ին։ Ֆրանսիան բաժանվեց երկու գոտիների` Հյուսիսային և Հարավային։ Հյուսիսային գոտին օկուպացրեց Գերմանիան, իսկ Հարավային Ֆրանսիայում ստեղծվեց մի կառավարություն, որը ենթարկվում էր «նախագահ» Պետենը։ Պետենը համագործակցում էր գերմանացիների հետ, ուստի դասվեց ազգային դավաճանների շարքը։
Սակայն ֆրանսիական մի խումբ հայրենասերներ, գեներալ Շառլ դը Գոլի գլխավորությամբ, չընդունեցին անձնատուր լինելու ակտը։ Գեներալ Շարլ դը Գոլը Լոնդոնի ռադիոյով կոչ արեց բոլոր հայրենասեր ֆրանսիացիներին շարունակել պայքարը հիտլերյան զավթիչների դեմ և միավորվել «Ազատ Ֆրանսիայի» շարժման մեջ։
| Ֆրանսիան տանուլ է տվել ճակատամարտը, բայց ոչ պատերազմն ամբողջությամբ[11]։
— հատված Շառլ դը Գոլի ելույթից։
|
Այնուհետև Անգլիական կառավարությունը 1940թ. հունիսի 28-ին դը Գոլին պաշտոնապես ճանաչեց «Ազատ Ֆրանսիայի» ղեկավար։ 1942թ. «Ազատ Ֆրանսիան» վերանվանվեց «Մարտնչող Ֆրանսիա»։
Ճակատամարտ Անգլիայի համար [խմբագրել]
Ֆրանսիայի անձնատուր լինելուց հետո Հիտլերը կարծում էր, որ Անգլիան Գերմանիային կդիմի հաշտության խնդրանքով։ Սակայն Ուինսթոն Չերչիլը ոչ միայն չէր դիմում նման խնդրանքով, այլև արագորեն ամրացնում էր իր երկրի պաշտպանունականությունը։ Գերմանական գլխավոր շտաբը մշակեց Անգլիա ներխուժելու պլանը, որն ստացավ «Ծովային առյուծ» ծածկանունը[12]։ Անգլիայի ռմբակոծումը սկսվեց 1940թ. օգոստոսին։ Ամիսներ շարունակ գերմանական ռազմական ավիացիան ռմբակոծում էր Լոնդոնը և բրիտանական մյուս քաղաքները։ Բայց նրանից չհաջողվեց կոտրել անգլիացիների կամքը։ Անգլիայի համար մղված ճակատամարտում Գերմանիային չհաջողվեց հասնել գերակայության օդում, ինչը պետք է հանդիսանար Անգլիա մտնելու գրավականը։
Ցամաքային Եվրոպայի նվաճումը [խմբագրել]
Գերմանական զորքերը 1940թ. հոկտեմբերի 12-ին մտան Ռումինիա, որը նոյեմբերի 23-ին միացավ ֆաշիստական խմբավորմանը։ Մինչ այդ` նոյեմբերի 20-ին, ֆաշիստական խմբավորմանն էր միացել Հունգարիան։ 1941թ. մարտին նրան միացավ նաև Բուլղարիան։ Գերմանիան ապրիլի 6-ին հարձակման անցավ Հարավսլավիայի և Հունաստանի վրա։ Ապրիլի 17-ին հարավսլավական բանակն անձնատուր եղավ, իսկ ապրիլի 29-ին գերմանական զորքերը մտան Աթենք։
Հայրենական մեծ պատերազմը [խմբագրել]
Գերմանիայի հարձակումը Խորհրդային Միության վրա [խմբագրել]
Դեռևս 1940թ. վերջերին Հիտլերը հաստատել էր ԽՍՀՄ-ի վրա հարձակվելու իր պլանը` «Բարբարոսա» ծածկանվան տակ[13]։ Նախատեսվում էր կայծակնային հարձակմամբ գրավել ԽՍՀՄ-ը և 1941թ. աշնանն ավարտել պատերազմը: Ստալինը համոզված էր, որ Գերմանիան 1941թ. ընթացքում չէր հարձակվի ԽՍՀՄ-ի վրա: Ուստի, Գերմանիայի հետ պատերազմի մասին բոլոր խոսակցությունները նրա կողմից դիտվում էին որպես սադրանք։ Սակայն 1941թ. հունիսի 22-ին, վաղ առավոտյան, Գերմանիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Խորհրդային Միության վրա։ Միայն դրանից հետո, առավոտյան 03:30 րոպեին, Մոսկվայում Գերմանիայի դեսպան կոմս Շուլենբուրգը Կրեմլում հանդիպեց ԽՍՀՄ արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Վ. Մոլոտովին։ Դեսպանը հայտարարեց, որ «խորհրդային զորքերի կենտրոնացումը գերմանական սահմանի մոտ հասել է այնպիսի չափերի, որ գերմանական կառավարությունն այլևս չի կարող համբերել։ Այդ պատճառով էլ նա որոշեց ձեռնարկել համապատասխան հակամիջոցառումներ»։ Կոմս Շուլենբուրգը պատերազմ բառը չօգտագործեց, թեև այն արդեն սկսվել էր։ Այդ պատճառով էլ Վ. Մոլոտովը հարցրեց նրան. «Դա ի՞նչ է, պատերազմի հայտարարությո՞ւն է»։ Շուլենբուրգը ոչինչ չպատասխանեց։ Նա միայն հուսահատորեն թափահարեց ձեռքը և հեռացավ Կրեմլից[14]։
Գերմանիայի հետ միասին Խորհրդային Միության վրա հարձակվեցին Ռումինիան և Ֆինլանդիան։ ԽՍՀՄ-ին պատերազմ հայտարարեցին Իտալիան և Սլովակիան, իսկ հունիսի 21-ին` Հունգարիան։ Իսպանիան թեև հայտարարեց իր չեզոքության մասին, սակայն գեներալ Ֆրանկոն, որպես օգնություն Գերմանիային, խորհրդա-գերմանական ճակատ ուղարկեց «Երկնագույն դիվիզիան»[15]։ Գերմանիայի դաշնակիցն էր նաև Բուլղարիան։
Գերմանիան և նրա դաշնակիցները խորհրդային երկրի դեմ կենտրոնացրել էին 190 դիվիզիա, հսկայական քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա` հրետանի, տանկեր, ինքնաթիռներ: Գերմանիայի տնօրինության տակ էր նրա կողմից նվաճված եվրոպական երկրների ամբողջ ռազմական և տնտեսական ներուժը:
Պատերազմական գործողությունները ծավալվեցին Բալթիկ ծովից մինչև Սև ծով ընկած հսկայական տարածքի վրա։ Պատերազմ սկսելով ԽՍՀՄ-ի դեմ` Գերմանիայի նպատակն էր մահացու հարված հասցնել իր գլխավոր գաղափարական հակառակորդին` կոմունիզմին, վերացնել Խորհրդային Միությունը որպես պետություն և այդ ուղիով լուծել իր համար կենսական տարածք ապահովելու խնդիրը: Պատերազմի հենց սկզբից ԽՍՀՄ-ը հայտնվեց ծանր վիճակում։ Ռազմական առավելությունը և նախաձեռնությունը Գերմանիայի կողմն էր: Խորհրդային երկրի վրա կախվել էր մահացու վտանգ։ 1941թ. հունիսի 30-ին ստեղծվեց Պաշտպանության պետական կոմիտե` Ստալինի նախագահությամբ։ Այդ կոմիտեի ձեռքում կենտրոնացվեց երկրի ռազմական, քաղաքական և տնտեսական ամբողջ կառավարումը։ Արագ տեմպերով սկսվեց թիկունքի աշխատանքների վերակառուցումը։ Ամբողջ ժողովուրդը ոտքի էր կանգնել ֆաշիստական զավթիչների դեմ կենաց և մահու պայքարի։ Դա Հայրենական մեծ պատերազմ էր։
Գերմանիան Խորհրդային Միության դեմ հարձակողական գործողությունները զարգացրեց երեք ուղղություններով` Հյուսիսային, նպատակ ունենալով գրավել Մերձբալթիկան և Լենինգրադը (այժմ` Սանկտ Պետերբուրգ), Կենտրոնական, որի գլխավոր նպատակը Մոսկվայի գրավումն էր, և Հարավային` ձգտելով տիրանալ Կիևին, Խարկովին, և Դոնբասին։ Հիտլերականները ծրագրել էին պատերազմը հաղթանակով ավարտել մինչև 1941թ. դեկտեմբերը։ Սկզբանական փուլում գերմանական զորքերը հասան տպավորիչ հաղթանակների։ Նրանք գրավեցին Մերձբալթիկան և շրջափակման օղակի մեջ վերցրին Լենինգրադը, տիրեցին Կիևին, Խարկովին և Դոնբասի մեծ մասին։ Իսկ 1941թ. սեպտեմբեր ամսին հայտնվեցին Մոսկվայի մատույցներում, որտեղ ընթանում էին կատաղի մարտեր։
Խորհրդային հրամանատարությանը հաջողվեց մոբիլիզացնել բոլոր հնարավոր ուժերը և հակահարձակման անցնել սկզբում Ռոստովի, Տիխվինի և Ղրիմի շրջաններում, իսկ 1941թ. դեկտեմբերի 6-ին` Մոսկվայի տակ։ Խորհրդային զորքերը ծանր հարված հասցրին գերմանական զորքերին և մինչև 1942թ. մարտ ամիսը նրանց հետ շպրտեցին մոտ 400 կիլոմետր։ Դա առաջին լուրջ պարտությունն էր, որ Գերմանիան կրեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում, ինչը ցույց տվեց գերմանական բանակի անպարտելիության մասին տարածված տեսակետի սնանկ լինելը։ Շնորհիվ Մոսկվայի տակ տարած հաղթանակի` ձախողվեց հիտլերականների «Կայծակնային պատերազմի» («Բլիցկրիգի») ծրագիրը[16]։
Ստալինգրադի (1942թ.) և Կուրսկի (1943թ.) ճակատամարտերը [խմբագրել]
1942թ. վերջերին Վոլգայի ափերին` Ստալինգրադից ոչ հեռու, ծավալվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր և արյունալի ճակատամարտերից մեկը։ Մինչ այդ գերմանացիներին հաջողվել էր ուշքի գալ Մոսկվայի մատույցներում կրած ծանր պարտությունից, հակահարձակման անցնել հարավային ուղղությամբ ու դուրս գալ Ստալինգրադի մատույցները։ Ստալինգրադի ճակատամարտի ելքը կարևոր էր ինչպես ընդհանուր պատերազմի ճակատագրի, այնպես էլ Անդրկովկասի, մասնավորապես Հայաստանի համար։ Թուրքիան իր ռազմական ուժերը կենտրոնացրել էր Անդրկովկասի սահմանների մոտ, պատրաստ էր Ստալինգրադի անկման դեպքում ներխուժել Հայաստան և Անդրկովկաս, որը կարող էր ողբերգական հետևանքներ ունենալ հայ ժողովրդի համար։ Բարեբախտաբար դա տեղի չունեցավ։ Խորհրդային զորքերը 1942թ. նոյեմբերի 19-ին անցան հակահարձակման և շրջապատեցին գերմանացիների ստալինգրադյան խմբավորումը, որը բաղկացած էր 22 դիվիզիայից` մոտ 330 հազար զինվոր և սպա[17]։ 1943թ. փետրվարի 2-ին, ծանր կորուստներից հետո, այդ խմբավորումն անձնատուր եղավ։
Խորհրդային զորքերի հաղթանակը Ստալինգրադի մոտ Երկրորդ համաշխարհային պատերազմում արմատական բեկման սկիզբ դրեց։
Ստալինգրադից հետո խորհրդային բանակը խոշոր հաջողություններ ձեռք բերեց նաև հյուսիսում։ 1943թ. հունվարին խորհրդային զորքերին հաջողվեց ճեղքել Լենինգրադի շրջափակման օղակը, իսկ հուլիս-օգոստոսին` կարևոր հաղթանակ տանել Կուրսկի ճակատամարտում։ 1943թ. վերջերին Կարմիր բանակի զորամիավորումները անցան Դնեպրը և ազատագրեցին Կիևը։
ԱՄՆ-ի` պատերազմի մեջ մտնելը [խմբագրել]
1941թ. դեկտեմբերի 7-ի առավոտյան ճապոնական ռազմանավերը և ավիացիան հանկածակի հարձակվեցին Հավայան կղզիներում գտնվող ամերիկյան Պիրլ Հարբոր ռազմածովային հենակայանի վրա։ Հաջորդ օրը ԱՄՆ-ն պատերազմ հայտարարեց Ճապոնիային։ Դեկտեմբերի 11-ին ԱՄՆ-ին պատերազմ հայտարարեցին Ճապոնիայի դաշնակիցներ Գերմանիան և Իտալիան։ ԱՄՆ-ն էլ իր հերթին պատերազմ հայտարարեց նրանց։
Զարգացնելով իրենց հաջողությունները` ճապոնացիները մինչև 1942թ. գարունը գրավեցին Թաիլանդը, Ֆիլիպինները, Մալայան, Բիրման, Ինդոնեզիան, Սինգապուրը, Հոնկոնգը և ներխուժեցին Հարավարևմտյան Չինաստան ու Արևելյան Հնդկաստան։ Այսպիսով` 1941թ. վերջին պատերազմի մեջ ներգրավվեցին աշխարհի բոլոր խոշոր պետությունները։
Հակահիտլերյան կոալիցիան [խմբագրել]
Հակահիտլերյան կոալիցիայի ստեղծումը [խմբագրել]
Գերմանիայի և նրա դաշնակիցների դեմ պատերազմի մեջ ներգրավված պետությունները միավորվեցին հակահիտլերյան կոալիցիայի մեջ։ Այդ կոալիցիան ձևավորվեց 1941թ. վերջերից մինչև 1942թ. կեսերն ընկած ժամանակաշրջանում։ Նրա առաջատար ուժերն էին ԽՍՀՄ-ը, ԱՄՆ-ն և Անգլիան։
Ռուզվելտն ու Չերչիլը 1941թ. օգոստոսի 14-ին հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որն ավելի հայտնի է Ատլանտյան խարտիա անվանումով։ Այդ հայտարարությամբ նրանք հավաստում էին իրենց վճռականությունը` անհրաժեշտ զենքով և զինամթերքով օգնել Խորհրդային Միությանը։ Խորհրդային Միությունը 1941թ. սեպտեմբերի 24-ին միացավ Ատլանտյան խարտիային։ Այդ փաստաթղթում նշվում էր, որ ԱՄՆ-ն և Անգլիան տարածքային նվաճումների չեն ձգտում: Նրանք ընդունում են բոլոր ժողովուրդների իրավունքները` կամովին ընտրելու իրենց կառավարման ձևը, և օգնելու են, որպեսզի բռնի միջոցներով ինքնուրույնությունից զրկված ժողովուրդները վերստանան իրենց իրավունքները։
Կարևոր քաղաքական իրադարձություն էր 1942թ. հունվարի 1-ին Վաշինգտոնում հակահիտլերյան կոալիցիայի անդամ 26 պետությունների, այդ թվում` ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Անգլիայի կողմից Միացյալ ազգերի հռչակագրի ստորագրումը։ Նրանք ստանձնեցին ագրեսորների դեմ համագործակցելու և նրանց հետ անջատ հաշտություն կնքելու պարտավորությունները։
1942թ. մայիսի 26-ին Խորհրդային Միության և Անգլիայի միջև համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագիր ստորագրվել Լոնդոնում` քսան տարի ժամանակով։ Իսկ Վաշինգտոնում 1942թ. հունիսի 11-ին ստորագրվեց խորհրդա-ամերիկյան համաձայնագիրը։ Կողմերը պարտավորություն էին ստանձնում աջակցելու միմյանց պաշտպանունականության ամրապնդմանը։
Հակահիտլերյան կոալիցիայի մեջ միավորվեցին միմյանց հակադիր հասարակական-քաղաքական կառուցվածք ունեցող երկրներ. մի կողմից կապիտալիստական ԱՄՆ-ն, Անգլիան և այլ երկրներ, մյուս կողմից` սոցիալիստական ԽՍՀՄ-ը։ Սակայն այդ միավորումը հնարավոր եղավ այն պատճառով, որ, ինչպես Չերչիլն է դիպուկ նկարագրել, պատերազմը Գերմանիայի դեմ «դասակարգային պատերազմ չէր»։ Ազգային անկախության և ազատության հարցերը գերադաս էին նեղ դասակարգային խնդիրներից։
Թեհրանի խորհրդաժողովը [խմբագրել]
1943թ. պատերազմի այլ թատերաբերում հաջողության հասան հակաֆաշիստական կոալիցիայի մյուս երկրները։ Անգլո-ամերիկյան զորքերը մտան Իտալիա, սակայն նրանք չէին շտապում Ֆրանսիա դուրս գալ և բացել երկրորդ ճակատը։ Այս հանգամանքը նյարդայնացնում էր խորհրդային կառավարությանը։ Դաշնակիցների միջև կուտակվել էին բազմաթիվ հարցեր, որոնց լուծումը հնարավոր էր միայն երեք պետությունների ղեկավարների հանդիպման դեպքում։ Այդ նպատակով 1943թ. նոյեմբերի 28-ից մինչև դեկտեմբերի 1-ը Թեհրանում տեղի ունեցավ խորհրդաժողով` ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի և Անգլիայի ղեկավարների Ֆ. Ռուզվելտի, Ի. Ստալինի և Ու. Չերչիլի մասնակցությամբ։ Թեհրանի խորհրդաժողովում քննարկման կենտրոնական հարցը դարձավ Եվրոպայում Գերմանիայի դեմ երկրորդ ճակատի բացման խնդիրը։ Այդ խնդրի շուրջ տարաձայնություններ կային դաշնակիցների միջև։ Սկզբնական շրջանում Անգլիան և ԱՄՆ-ն ԽՍՀՄ-ին խոստացել էին երկրորդ ճակատ բացել Եվրոպայում 1942թ., իսկ այնուհետև` 1943թ։ Սակայն երկրորդ ճակատը այդպես էլ չբացվեց։
Թեհրանում որոշվեց, որ ԱՄՆ-ն և Անգլիան երկրորդ ճակատ կբացեն Ֆրանսիա ներխուժելով, և դա կարվի 1944թ. մայիսից ոչ ուշ։ Երեք մեծ տերությունները համաձայնվեցին նաև, որ պատերազմից հետո պետք է վերականգնվի Լեհաստանի անկախությունը` ավելի ընդարձակ սահմաններով։
Ընդունեց հռչակագիր նաև Իրանի մասին, որտեղ ասվում էր, որ երեք մեծ տերությունները միահամուռ են Իրանի լրիվ անկախության, ինքնիշխանության և տարածքային անձեռնամխելիության պահպանման հարցում։
Չերչիլին շատ էր մտահոգում նաև Թուրքիայի ճակատագիրը։ Նա փորձում էր Ստալինից Թուրքիայի նկատմամբ ագրեսիվ քայլեր չձեռնարկելու խոստում կորզել։ Ստալինը կարող էր նման քայլ անել` որպես պատրվակ օգտագործելով ԽՍՀՄ-ի անվտանգության ապահովումը և նկատի առնելով Թուրքիայի գերմանամետ քաղաքականությունը։ Չերչիլը ձգտում էր Թուրքիային զերծ պահել ԽՍՀՄ-ի վրեժխնդրությունից և պահպանել այն իբրև պատնեշ` դեպի Մերձավոր Արևելք և Միջերկրական ծով ռուսների առաջխաղացման դեմ։ Այդտեղով էր անցնում Բրիտանական կայսրությունը մայր երկրին կապող զարկերակը։ Ըստ էության, Անգլիան փորձում էր կանխել դեպքերի այնպիսի զարգացումը, որը կարող էր տանել դեպի Հայկական հարցի ամբողջական կամ մասնակի լուծում։
Երկրորդ ճակատի բացումը և պատերազմի արդյունքները 1944 թվականին [խմբագրել]
1944թ. հունիսի 6-ին անգլիական և ամերիկյան զորքերը ամերիկյան գեներալ Էյզենհաուերի հրամանատարությամբ հաջողությամբ անցան Լա Մանշ նեղուցը և դուրս եկան ֆրանսիական ափ։ Երկրորդ ճակատը բացվեց, և Գերմանիան պատերազմի հինգերորդ տարում հարկադրված եղավ կռվելու երկու ճակատով։
Սկսվեց Ֆրանսիայի ազատագրումը։ 1944թ օգոստոսի 19-ին Փարիզում ապստամբություն սկսվեց, որը մի քանի օր անց պսակվեց հաղթանակով։ Հոկտեմբերի 23-ին ԱՄՆ-ն, Անգլիան և Խորհրդային Միությունը ճանաչեցին Ֆրանսիայի ժամանակավոր կառավարությանը` գեներալ դը Գոլի գլխավորությամբ։
Որոշ ժամանակ անց Խորհրդային զորքերին հաջողվեց ազատագրել ԽՍՀՄ-ի ամբողջ տարածքը և պատերազմը տեղափոխել ֆաշիստական զորքերի կողմից գրավված տարածքներ։ Խորհրդային զորքերի գործողությունները ղեկավարում էին զորահրամանատարներ Գ. Ժուկովը, Ա. Վասիլևսկին, Ի. Կոնևը, Կ. Ռոստովսկին, Հ. Բաղրամյանը և ուրիշներ։
Գերմանիայի հետ հարաբերությունները խզեցին ու պատերազմից դուրս եկան Ռումինիան, Բուլղարիան ու Հունգարիան։ Տեղաշարժեր նկատվեցին նաև Խաղաղօվկիանոսյան ճակատում։ 1944թ. հոկտեմբերին ամերիկյան զորքերը սկսեցին Ֆիլիպինների ազատագրումը ճապոնացիներից։
Յալթայի խորհրդաժողովը [խմբագրել]
1945թ. սկզբներին ակնառու դարձավ, որ Գերմանիայի պարտությունը մոտակա ամիսների հարց է։ Ստեղծված իրադրությունն անհրաժեշտ դարձրեց հակահիտլերյան կոալիցիայի առաջատար երեք պետությունների` ԽՍՀՄ-ի, ԱՄՆ-ի և Անգլիայի ղեկավարների հանդիպումը: Այն կայացավ 1945թ. փետրվարի 4-11-ը Ղրիմում` Յալթայում։ Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ի նախագահ Ֆ. Ռուզվելտը, ԽՍՀՄ-ի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ի. Ստալինը և Անգլիայի վարչապետ Ու. Չերչիլը։
Դաշնակից երեք պետությունների ղեկավարները պայմանավորվեցին շարունակել համաձայնեցված գործողությունները և հիտլերյան Գերմանիային միաժամանակ հարված հասցնել արևելքից, արևմուտքից, հյուսիսից և հարավից։ Կողմերը համաձայնվեցին, որ իրենք պատերազմը կդադարեցնեն միայն Գերմանիայի անվերապահորեն կապիտուլյացիայից հետո։
Որոշում ընդունվեց նաև Միավորված ազգերի կազմակերպություն (ՄԱԿ) ստեղծելու վերաբերյալ։ Այդ նպատակով հանձնարարվեց 1945թ. ապրիլի 25-ին Սան Ֆրանցիսկոյում գումարել հիմնադիր ժողով։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը [խմբագրել]
Գերմանիայի անձնատուր լինելը [խմբագրել]
Շարունակելով զարգացնել ռազմական հաջողությունները` դաշնակիցներն արևելքից և արևմուտքից շարժվում էին դեպի Գերմանիա։ Մեկը մյուսի հետևից ազատագրվեցին ֆաշիստական լծի տակ գտնվող եվրոպական պետությունները։ Խորհրդային զորքերը ընդհուպ մոտեցան Բեռլինին։
1945թ. ապրիլի 16-ին սկսվեց Բեռլինի գրոհը։ Այն ծանր և համառ պայքար էր։ Հիտլերյան Գերմանիան վերջին ջանքերն էր գործադրում փրկվելու համար։ Ապրիլի 25-ին Էլբայի ափերին հանդիպեցին խորհրդային և ամերիկյան զորամիավորումները։ Իսկ մարտերը դեռ շարունակվում էին Բեռլինի փողոցներում: Ապրիլի 30-ին պարզ դարձավ, որ Հիտլերը ինքնասպանություն է գործել: Երկու օր անց Բեռլինը հանձնվեց։ Մայիսի 8-ից 9-ի գիշերը ստորագրվեց Գերմանիայի անվերապահ կապիտուլյացիայի ակտը։
Խորհրդային կառավարության որոշմամբ` մայիսի 9-ը ԽՍՀՄ-ում հայտարարվեց տոն` Մեծ հաղթանակի օր։
Պատերազմը Եվրոպայում ավարտվեց։
Պոտսդամի խորհրդաժողովը [խմբագրել]
Եվրոպայում պատերազմի ավարտից հետո դաշնակիցների առջև կանգնեց նրա արդյունքները հանրագումարի բերելու և հետպատերազմյան զարգացման հիմնական ուղղությունները որոշելու խնդիրը։ Այս նպատակով 1945թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 2-ը Պոտսդամում (Բեռլինի մոտ) գումարվեց հակահիտլերյան կոալիցիայի երեք մեծ տերությունների ղեկավարների հանդիպումը։
Խորհրդաժողովին մասնակցում էին ԱՄՆ-ի նոր նախագահ Հարրի Տրումենը (նա այդ պաշտոնում փոխարինել էր ապրիլի 12-ին հանկարծամահ եղած Ֆ. Ռուզվելտին), Ի. Ստալինը։ Անգլիան հուլիսի 17-25-ը ներկայացնում էր վարչապետ Ու. Չերչիլը։ Իսկ պառլամենտական ընտրություններում պահպանողականների պարտությունից հետո նրա տեղը զբաղեցրեց հաղթանակ տարած լեյբորիստական կուսակցության ղեկավար, նոր վարչապետ Կլեմենտ Էտլին:
Երեք մեծ տերությունները հաստատեցին Գերմանիայի նկատմամբ քաղաքականույան գլխավոր սկզբուքնները` ապառազմականացում, նացիզմի վերացում և դեմոկրատացում։
Մասնակիցները համաձայնության եկան Լեհաստանի նոր սահմանների խնդրի շուրջը` նրան հանձնելով նախկինում Գերմանիայի տիրապետության տակ գտնվող որոշ տարածքներ: Խորհրդային Միությանը հանձնվեց Քյոնիգսբերգը (այժմ` Կալինինգրադ)։
Իտալիայի, Ֆինլանդիայի, Ռումինիայի, Հունգարիայի և Բուլղարիայի հետ հաշտության պայմանագրեր պատրաստելու համար խորհրդաժողովը ստեղծեց ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի և Չինաստանի արտաքին գործերի նախարարների խորհուրդ։ Խորհրդային Միությունը հավաստեց իր պատրաստակամությունը` մտնել պատերազմի մեջ ընդդեմ Ճապոնիայի։
Ճապոնիայի պարտությունը [խմբագրել]
Իտալիայի և Գերմանիայի պարտությունից հետո հերթը հասավ Ճապոնիային։ 1945թ. օգոստոսի 6-ի առավոտյան ամերիկյան ռմբակոծիչները, մարդկության պատմության մեջ առաջին անգամ ատոմային ռումբ նետեցին Հերոսիմա, իսկ օգոստոսի 9-ին` Նագասակի քաղաքների վրա` մոխրի ու ավերակների կույտի վերածելով դրանք։ 1945թ. օգոստոսի 8-ին Խորհրդային կառավարությունը հանդես եկավ հայտարությամբ, որտեղ նշվում էր, որ ԽՍՀՄ-ն օգոստոսի 9-ից իրեն համարում է պատերազմի մեջ ընդդեմ Ճապոնիայի։
Խորհրդային զորքերն անցան հարձակման Հեռավոր Արևելքում կենտրոնացված մեկ միլիոնանոց Կվանտունյան բանակի դեմ։ Դաշնակիցների ռազմական գործողությունները թե՛ ցամաքում և թե՛ ծովում ընթանում էին հաջողությամբ։
Ճապոնիան 1945թ. սեպտեմբերի 2-ին անձնատուր եղավ։ Դրանով Երկրորդ համաշխարհային պատերազմն ավարտվեց։
Պատերազմի հետևանքները [խմբագրել]
Երկրորդ համաշխարհային պատերազմը շատ ծանր հարված հասցրեց մարդկությանը: Պատերազմի մեջ էին ներքաշվել 61 երկրներ` 1.7 մլրդ բնակչությամբ, որոնց ռազմական ուժերում աշխատում էր 110 մլն մարդ: Պատերազմական գործողություններն ընթանում էին մոտ 22 մլն քառ. կմ տարածքի վրա։ Վեց տարի տևած պատերազմի ընթացքում զոհվեց ավելի քան 50 մլն և հաշմանդամ դարձավ 95 մլն մարդ[18]։ Վիթխարի էին նաև նյութական կորուստները։ Պատերազմից հետո, 1945-1946թթ. Նյուրնբերգում կայացած դատավարությունը մահվան դատապարտեց հիտլերյան հանցագործներին։
Հայ ժողովրդի մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին [խմբագրել]
Ֆաշիզմի դեմ մղվող պայքարին ակտիվ մասնակցություն ցույց տվեց նաև հայ ժողովուրդը։
Պատերազմի տարիներին բանակ զորակոչվեցին մոտ 600 հազար հայորդիներ[19]։ Հայաստանից, որի բնակչությունն այդ ժամանակ կազմում էր 1 մլն 300 հազար մարդ, զորակոչվեց 250 հազար մարդ։ Նրանցից կազմավորվեցին 76, 89, 261, 390, 408 և 409-րդ դիվիզիաները[20]։ Հայկական դիվիզիաները և խորհրդային բանակի այլ զորամիավորումներում ծառայող հայերը մարտնչում էին բոլոր ռազմաճակատներում և զորատեսակներում` ցամաքային, տանկային, ռազմածովային, ռազմաօդային և այլն։ Նրանք Կարմիր բանակի մյուս զորամիավորումների հետ կռվեցին Կովկասի պաշտպանության համար, իսկ հետագայում մասնակցեցին Ռուսաստանի տարածքների, Ուկրաինայի, Բելոռուսիայի, Մերձբալթիկայի, Բալկանների, Լեհաստանի, Կոնտրոնական Եվրոպայի և Գերմանիայի ազատագրմանը։ Միակ դիվիզիան, որ մասնակցեց Բեռլինի գրոհին 89-րդ դիվիզիան էր` գեներալ-մայոր Նվեր Սարաֆյանի հրամանատարությամբ։ Պատերազմի զոհվեցին ավելի քան 250 հազար հայորդիներ։
Հայ ժողովրդի 107 անձնուրաց զավակներ արժանացան ամենաբարձր` Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ մարշալ Հովհաննես Բաղրամյանը և օդաչու Նելսոն Ստեփանյանը դարձան կրկնակի հերոսներ։ 63 հայ գեներալներ ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ` դիվիզիաներ, կորպուսներ, բանակներ, իսկ Հ. Բաղրամյանը Մերձբալթյան Առաջին ռազմաճակատի հրամանատարն էր։ Հայ զորահրամանատարներից չորսը արժանացան ռազմական ամենաբարձր` մարշալի կոչմանը։ Նրանք էին` Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանը, ավիացիայի մարշալ Ս. Խուդակովը (Արմենակ Խամփերյանց), զրահատանկային զորքերի մարշալ Համազասպ Բաբաջանյանը և ԽՍՀՄ նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը (Տես-Իսահակյան)։ Ընդ որում Խորհրդային Միությունում առաջինը Հ. Իսակովին շնորհվեց ռազմածովային ուժերում եղած ամենաբարձր կոչումը։
Պատերազմին եռանդուն մասնակցություն ունեցավ նաև սփյուռքահայությունը։ Նրանք ԽՍՀՄ դաշնակիցների բանակում մարտնչում էին գերմանա-իտալական ֆաշիստների և ճապոնական բանակի դեմ` պատերազմի բոլոր թատերաբեմերում։ Միայն ամերիկյան բանակի շարքերում պատերազմին մասնակցեց 18.5 հազար հայ։ Բազմաթիվ հայեր մասնակցում էին Դիմադրության շարժմանը[նշում 2]։ Սփյուռքահայությունն ակտիվ մասնակցեց «Սասունցի Դավիթ» տանկային շարասյան ստեղծման համար միջոցների հանգանակմանը և բազմաթիվ այլ միջոցառումների։
Ծանոթագրություններ [խմբագրել]
- ↑ Երկրորդ համաշխարհային պատերազմի նշված ամսաթիվը պայմանական է և վիճարկվում է որոշ մասնագետների կողմից։ Տես, օրինակ, Ե՞րբ է սկսվել Երկրորդ համաշխարհային պատերազմը։ — Վալենտինա Ֆալինի հիշողությունները // «Արգումենտի նեդելի» № 18 (104), 7 մայիսի 2008 (ռուս.)
- ↑ Երկրորդ համաշխարհային պատերազմի պատմություն 1939—1945. 1982. С. 465. Սեպտեմբերի 2 — Ճապոնիայի անվերապահ կապիտուլիացիայի ստորագրման օր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջ։ (ռուս.)
- ↑ Երկրորդ համաշխարհային պատերազմ 1939 — 1945 — Յանդեքս(ռուս.)
- ↑ Հիտլերը «Ո՞վ է հիշում Հայոց ցեղասպանության մասին»։
- ↑ Gerhart Binder. Epoche der Entscheidungen/ Eine Geschichte des 20. Jahrhunderts. Sechste Auflage. Stuttgart-Degerloch: Seewald Verlag. 1960.
- ↑ II. Weltkrieg / Dokumentation Das III.Reich. Gütersloch: Mohndruck Graphische Betriebe GmbH. 1989
- ↑ Գաբրիել Գորոդեցկի «Լեդակոլի միֆը։ «Պատերազմի նախօրեին»։ (ռուս.)
- ↑ Ռուս-ֆինլանդական հաշտության պայմանագիր Հոդված III, Մոսկվա, 12 մարտ 1940. (ռուս.)
- ↑ Երկրորդ համաշխարհային պատերազմ
- ↑ «Դեղին պլան», Է. Պերեսլեգին (ռուս.)
- ↑ Մոլչանով, 147—149; (Շառդ դը Գոլի ձայնագրությունից (ֆրանսերեն)
- ↑ Օպերացիա «Ծովային առյուծ»։ Տապալված ծրագիր։
- ↑ 1940 թվականի դեկտեմբերի 18-ին, Ադոլֆ Հիտլերը ստորագրեց «Բարբարոսա» պլան մշակելու և իրականացնելու փաստաթուղթը(ռուս.)
- ↑ Հայրենական Մեծ պատերազմի սկզբնական փուլ։(ռուս.)
- ↑ Իսպանական «Երկնագույն դիվիզիան» ռուսական ռազմաճակատում: (ռուս.)
- ↑ Բլիցկրիգը որպես ռազմական տեխնոլոգիա։ (ռուս.)
- ↑ Վլադիմիր Բուշին. Մաս 10 - X-libri
- ↑ Երկրորդ համաշխարհային պատերազմի հետևանքները(ռուս.)
- ↑ Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք II
- ↑ Հայկական դիվիզիաների կազմակերպումը և մարտական ուղին։
Նշումներ [խմբագրել]
- ↑ Այս տերմինով բնութագրվում է Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևմտյան ճակատում 1939թ. սեպտեմբերի 3-ից 1940թ. մայիսի 10-ը տիրող իրավիճակը։ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, պատերազմ հայտարարելով Գերմանիային ակտիվ ռազմական գործողություններ չմղեցին նրա դեմ, թեև ունեին թվական գերակշռություն։
- ↑ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծավալված ազգային-ազատագրական, հակաֆաշիստական շարժում։ Ծագել է ֆաշիստների կողմից զավթաց եվրոպական երկրների տարածքում, ընդգրկել բնակչության բոլոր խավերը, քաղաքական տարբեր հայացքներ ունեցող մարդկանց։
Արտաքին հղումներ [խմբագրել]
- Անգլո-լեհական փոխօգնության պայմանագիր (1939) (ռուս.)։
- Ֆրանս-լեհական փոխօգնության պայմանագիր (1921)(անգ.)։
Գրականություն [խմբագրել]
- Նիկոլայ Հովհաննիսյան, Գուրգեն Գեղամյան, Նորագույն պատմություն 8
