Ամերիկայի Միացյալ Նահանգներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է ԱՄՆ-ից)
Ամերիկայի Միացյալ Նահանգներ
United States of America
Ամերիկայի Միացյալ Նահանգների դրոշ Ամերիկայի Միացյալ Նահանգների
Նշանաբան՝
In God We Trust
Մենք Աստծուն ենք վստահում
Հիմն՝
The Star-Spangled Banner
Ամերիկայի Միացյալ Նահանգների դիրքը
Մայրաքաղաք Վաշինգտոն
38°53′N, 77°02′W
Ամենամեծ քաղաք Նյու Յորք
Պետական լեզու(ներ) Փաստացիորեն անգլերեն
Կառավարում Դաշնային սահմանադրական հանրապետություն
 -  Նախագահ Բարաք Օբամա (Դ)
 -  Փոխնախագահ Ջո Բայդեն (Դ)
 -  Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոհն Բոեհներ (Հ)
 -  Գլխավոր դատավոր Ջոն Ռոբերտս
Անկախություն Բրիտանական կայսրությունից 
 -  Հայտարարված հուլիսի 4, 1776 
 -  Ճանաչված սեպտեմբերի 3, 1783 
Տարածք
 -  Ընդհանուր 9,826,675 կմ² (4-րդ)
3,794,101 մղոն² 
 -  Ջրային (%) 6.76
Բնակչություն
 -  2012 նախահաշիվը 312 941 000[1] (3-րդ)
 -  2000 մարդահամարը 281,421,906 
 -  Խտություն 33.7 /կմ² (172-րդ)
87.4 /մղոն²
ՀՆԱ (ԳՀ) 2011 գնահատում
 -  Ընդհանուր $15.065 տրիլիոն [2] (1st)
 -  Մեկ շնչի հաշվով $43,444 (4րդ)
ՀՆԱ (անվանական) 2006 գնահատում
 -  Ընդհանուր $13,244,550m [2] (1րդ)
 -  Մեկ շնչի հաշվով $44,190 (8րդ)
Ջինի (2005) 46.9[3] 
ՄԶՀ (2004) 0.948 (բարձր) (8րդ)
Դրամական միավոր Ամերիկայի Միացյալ Նահանգների դոլար ($) (USD)
Ժամային գոտի (UTC-5 to -10)
 -  Ամռանը (DST)  (UTC-4 to -10)
Ինտերնետ .us .gov .mil
Հեռախոսային կոդ +1

Ամերիկայի Միացյալ Նահանգները դաշնային սահմանադրական հանրապետություն է, բաղկացած 50 նահանգներից։ Երկիրը մեծ մասամբ գտնվում է Արևմտյան կիսագնդում։

ԱՄՆ-ի բնակչության թիվը կազմում է ավելի քան 309 մլն, այդ ցուցանիշով աշխարհում 3-րդ պետությունն է։ Տարածքի մեծությամբ աշխարհի 3-4-րդ պետությունն է (վիճարկելի)։

Ձևավորվել է 1776 թ-ին, երբ բրիտանական 13 նահանգ միավորվեցին և հռչակեցին իրենց անկախությունը։ ԱՄՆ-ն համարվում է աշխարհի առաջին միջուկային տերությունը և ունի ամենամեծ տնտեսությունը։ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ է։

ԱՄՆ-ի 2 նահանգները ցամաքային սահման չունեն ԱՄՆ-ի հիմնական տարածքի հետ։ Դրանք են` Ալյասկան` Հյուսիսային Ամերիկայի հյուսիս-արևմտյան հատվածում, և Հավայան կղզիները` Խաղաղ օվկիանոսում։

Բովանդակություն

[խմբագրել] Աշխարհագրություն

ԱՄՆ-ի գրեթե ողջ տարածքը գտնվում է Հյուսիսային Ամերիկայում, բաղկացած է երեք մասից՝ ԱՄՆ-ի բուն տարածքից, Ալյասկա նահանգից և Հավայան կղզիներից (Խաղաղ օվկիանոսում): ԱՄՆ-ը գաղութատեր պետություն է: Նրա տիրապետություններն են Պուերտո Ռիկոն և Վիրջինյան կղզիները՝ Կարիբյան ծովում, Արևելյան Սամոան, Գուամը և մի շարք փոքր կղզիներ` Խաղաղ օվկիանոսում: Դրանցում տեղաբաշխված են ԱՄՆ-ի ռազմաօդային և ռազմածովային հենակետեր: ԱՄՆ-ի արևելյան ափերը ողողում են Ատլանտյան, իսկ արևմտյանը՝ Խաղաղ, Ալյասկայի հյուսիսը՝ Հյուսիսային սառուցյալ օվկիանոսների ջրերը:

[խմբագրել] Ռելիեֆ

Երկրի մակերևույթը խիստ բազմազան է: Կենտրոնում և արևելքում տարածվում են Մեծ հարթավայրերը, Կենտրոնական հարթավայրերը, Մերձատլանտյան դաշտավայրն ու Ապալաչյան լեռները: Արևմուտքում երիտասարդ, բարձր Կորդիլիերներն են՝ Ալյասկայի, Ժայռոտ, Կասկադյան, Սիեռա Նևադա, Առափնյա լեռնաճյուղերով և Մեծ Ավազան, Կոլորադոյի, Կալիֆոռնիական ու Կոլումբիական միջլեռնային գոգավորություններով:

[խմբագրել] Օգտակար հանածոներ

Լեռների, հատկապես Ապալաչների ընդերքը հարուստ է քարածխով, նավթով, բնական գազով, երկաթի, գունավոր մետաղների հանքաքարերով և այլ օգտակար հանածոներով: Ժայռոտ լեռներում կան ոսկու, ուրանի, երկաթի, վոլֆրամի մեծ պաշարներ, այստեղ են գտնվում նաև աշխարհում մոլիբդենի ամենամեծ Կլայմաքսր և Կուեստա հանքավայրերը: Ածխի, անագի, նիկելի, ծարիրի, ասբեստի և այլ հանածոների արդյունաբերական նշանակության հանքավայրեր են հայտնաբերվել Ալյասկայում, Մեքսիկական ծոցի շրջանում, իսկ Ֆլորիդայի հյուսիսում առանձնանում են ֆոսֆորիտների ու ծծմբի համաշխարհային նշանակության պաշարները: Ապալաչների օգտակար հանածոների մեծ բազմազանությունը պայմանավորված է նախկինում Չուկոտյան թերակղզու հետ կապն եղել քանի որովհետև վերոհիշյալ թերակղզում ինչպես նաև դրա հարակից շրջաններում հայտնի են օգտակար հանածոների մեծ պաշարներ:

[խմբագրել] Ջրագրություն

ԱՄՆ-ի խոշորագույն գետը Միսիսիպին է՝ Միսուրի և Արկանզաս վտակներով: Այստեղ է գտնվում աշխարհի ամենամեծ լճային համակարգը՝ Մեծ Լճերը, որոնք ունեն տրանսպորտային, էներգետիկ և ռեկրեացիոն մեծ նշանակություն:

[խմբագրել] Էլեկտրակայաններ

Երկրում գործում է 1300 ջրէկ: ԱՄՆ-ում մեծ ուշադրություն է դարձվում ոչ ավանդական էլեկտրակայանների կառուցմանը: Առավել մեծ դեր ունեն 7 տասնյակի հասնող երկրաջերմային էլեկտրակայանները: Լոս Անջելեսի մոտ է գտնվում աշխարհում ամենահզոր «Գեյզերս» երկրաջերմային էլեկտրակայանը: Լայն տարածում է ստացել արևային և քամու էներգիայի օգտագործումը, իսկ Ֆանդի ծոցի ափին, որտեղ մակընթացային ալիքը հասնում է 18 մ բարձրության, գործում է մակընթացային էլեկտրակայան:

[խմբագրել] Կլիմա

ԱՄՆ-ի կլիման հիմնականում բարեխառն է ու մերձարևադարձային: Մինչդեռ Հավայան կղզիներում կլիման արևադարձային է, իսկ Ալյասկա հյուսիսային նահանգում ձմռանը լինում է արկտիկական սառնամանիք:

[խմբագրել] Պատմություն

Եվրոպացիներն սկսել են Հյուսիսային Ամերիկա գաղթել դեռևս XVI դարում, այն բանից հետո, երբ Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ամերիկան: Նրանք դուրս էին մղում հնդկացիներին՝ ամերիկյան մայրցամաքի բնիկներին, վտարում նրանց դեպի անջրդի, ամայի տարածություններ՝ արգելաբնակավայրեր; XVII դարում վերաբնակիչները (հիմնականում՝ անգլիացի) Ատլանտյան օվկիանոսի ափին հիմնադրեցին իրենց բնակավայրերը՝ գաղութները: 1776 թ-ի հուլիսի 4-ին 13 գաղութ ազատագրվեց անգլիացիների տիրապետությունից, և աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեց նոր անկախ պետություն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների Հանրապետությունը:

Տարիների ընթացքում ԱՄՆ-ի պետական տարածքն անընդհատ ընդարձակվել է հոլանդական, շվեդական, անգլիական, ֆրանսիական տիրապետությունների հաշվին: Դրանց մի մասը նվաճվել է (Մեքսիկայից՝ 1848 թ-ին, Իսպանիայից՝ 1819 և 1898 թթ-ին), իսկ մի մասն էլ գնվել (Ֆրանսիայից՝ 1803 թ-ին, Անգլիայից՝ 1846 թ-ին, Ռուսաստանից՝ 1867 թ-ին): XIX դարի կեսերին ԱՄՆ-ն ուներ 48 նահանգ: Այնուհետև նահանգի կարգավիճակ ստացան Ալյասկան (1958 թ.) և Հավայան կղզիները (1959 թ.):

Ամեն անգամ, երբ ԱՄՆ-ի տարածքը համալրվում էր նոր նահանգներով, նրա պետական դրոշը փոխվում էր: ԱՄՆ-ի պետական դրոշի վրա կան սպիտակ ու կարմիր 13 զոլեր, որոնք խորհրդանշում են առաջինը միավորված 13 գաղութները: Դրոշի վերին ձախ անկյունում գտնվող կապույտ ուղղանկյան մեջ նկարված 50 սպիտակ աստղիկները համապատասխանում են ԱՄՆ-ի նահանգների այժմյան թվին:

[խմբագրել] Պետական համակարգ

Պետության և կառավարության գլուխ նախագահն է, որն ընտրվում է չորս տարի ժամկետով և օժտված է մեծ լիազորություններով. նա զինված ուժերի գխավոր հրամանատարն է, ղեկավարում է կառավարական մարմինները, նշանակում բարձրաստիճան պետական գործիչներին: ԱՄՆ պատմության մեջ նախագահել է 44 նախագահ: Ամենաերկարը ղեկավարել է Ֆրանկլին Ռուզվելտը (1933–45): Առավել նշանավոր են եղել Աբրահամ Լինքոլնը (1861–65) և Ջոն Ֆիցջերալդ Քենեդին (1961–63), ովքեր դավադրաբար սպանվել են: ԱՄՆ-ն այն եզակի երկրներից է, որոնց տարածքում երկար ժամանակ պատերազմներ չեն եղել: Չնայած դրան՝ ԱՄՆ-ը մասնակցել է ինչպես Առաջին, այնպես և Երկրորդ համաշխարհային պատերազմներին և մեծապես նպաստել դաշնակիցների՝ Գերմանիայի դեմ մղած պայքարին: Հետագա տարիներին պատերազմական գործողություններ է վարել Կուբայում, Կորեայում, Վիետնամում, Իրաքում և Աֆղանստանում:

[խմբագրել] Արդյունաբերություն

ԱՄՆ-ում զարգացած են ժամանակակից արդյունաբերության բոլոր ճյուղերը, հատկապես ավտոմոբիլային, ավիատիեզերահրթիռային, նավթավերամշակման, քիմիական, մեքենաշինական, հաստոցաշինական և ատոմային արդյունաբերությունը: ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային մեքենաշինության արտադրանքի 25%-ը: Տրանսպորտային մեքենաշինության գլխավոր ճյուղը ավտոմոբիլաշինությունն է, որն աչքի է ընկնում արտադրական և տարածքային համակենտրոնացման բարձր աստիճանով: Հիմնական արտադրանքը բաժին է ընկնում «Ջեներալ Մոթորս», «Ֆորդ Մոթորս» ընկերություններին: Ավտոմեքենաներ են արտադրվում 26 նահանգի մոտ 150 քաղաքում: Գլխավորը Միչիգանի նահանգն է, որտեղ գտնվում է «ավտոմեքենաշինության մայրաքաղաք» Դետրոյտը: Ավտոմեքենան շատ մեծ դեր ունի ամերիկացու կյանքում: Քաղաքային ուղևորափոխադրումների 82%-ը բաժին է ընկնում անձնական օգտագործման ավտոմեքենաներին, հեծանվորդներին և հետիոտներին` 10%-ը, իսկ հասարակական տրանսպորտին՝ ընդամենը 3%-ը: Մեծ զարգացում է ստացել ավիատիեզերահրթիռային արդյունաբերությունը, որն արտադրում է մարդատար, ռազմական, բեռնատար օդանավեր, տիեզերանավեր, հրթիռներ:

ԱՄՆ-ում են գտնվում նաև աշխարհահռչակ «Բոինգ» (օդանավեր արտադրող) և «Իսթման Կոդակ» (օպտիկական սարքեր, լուսանկարչական ապարատներ արտադրող) ֆիրմաները: Համաշխարհային ճանաչում են ձեռք բերել համակարգիչները (Սիլիկոնյան հովիտ), ռադիոէլեկտրոնային, էլեկտրատեխնիկական սարքերի արտադրոթյունը:

ԱՄՆ-ն աշխարհում առաջին տեղն է գրավում նաև քիմիական արդյունաբերության արտադրանքի, գործվածքների, ծխախոտի («Մալբորոյի երկիր») արտադրության ծավալով:

[խմբագրել] Գյուղատնտեսություն

Շատ զարգացած է նաև գյուղատնտեսությունը, որի բոլոր ճյուղերում լայն կիրառում ունի տեխնիկան: Գյուղատնտեսական գլխավոր մշակաբույսերն են եգիպտացորենը, ցորենը, սոյան, բամբակենին, ցիտրուսները, ծխախոտը, գետնանուշը, շաքարի ճակնդեղը: ԱՄՆ-ը տալիս է համաշխարհային գյուղատնտեսական արտադրանքի մոտ 25%-ը, այդ թվում՝ սոյայի 60%-ը, եգիպտացորենի, ցիտրուսների, մսի 20%-ը, կաթի, բամբակի, ցորենի, ձվի 15%-ը:

[խմբագրել] Բնակչություն

ԱՄՆ-ի ներկայիս ազգային կազմը խիստ խայտաբղետ է: Բնակչության հիմնական մասը կազմում են ներգաղթած¬ անգլիացիներն ու իռլանդացիները և Աֆրիկայից ժամանակին բռնի բերված սևամորթները, կան նաև տեղաբնիկ հնդկացիներ, գերմանացիներ, շվեդներ, հոլանդացիներ և այլք: Պետական լեզուն անգլերենն է, որը բառապաշարով և արտասանությամբ տարբերվում է բուն (բրիտանական) անգլերենից: Այդ լեզուն ստացել է «ամերիկյան անգլերեն» անվանումը: ԱՄՆ-ի բնակչությունը հիմնականում ապրում է քաղաքներում:

[խմբագրել] ԱՄՆ-ի քաղաքներ

[խմբագրել] Նյու Յորք

Նյու Յորքը ԱՄՆ-ի ամենամեծ քաղաքն է, որն արդյունաբերական, գիտական, ֆինանսական, մշակութային խոշոր կենտրոն է և նավահանգիստ Ատլանտյան օվկիանոսի ափին: Քաղաքի խորհրդանիշը Ազատության արձանն է՝ Ֆրանսիայի նվերը ԱՄՆ-ին: Արձանի բարձրությունը 92 մ է. կնոջ ձեռքի ջահը ազատության խորհրդանիշն է, իսկ գիրքը` օրենքի: Նյու Յորքի գլխավոր առանձնահատկությունը 60–80-հարկանի երկնաքեր շենքերն են, իսկ մետրոպոլիտենը՝ 460 կայարաններով և 1200 կմ ձգվածությամբ, խոշորագույններից է աշխարհում: Նյու Յորքի կենտրոնում, Մանհեթեն կղզում, տեղավորված են ամերիկյան խոշորագույն ձեռնարկությունների վարչությունները, պետական և քաղաքային հիմնարկները, բանկերը, ամերիկյան ամենախոշոր հեռուստատեսային ընկերությունները: Նյու Յորքում է գտնվում Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) գրասենյակը:

[խմբագրել] Վաշինգտոն

Պոտոմակ գետի ափին է գտնվում ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնը, որը հիմնադրվել է 1791 թ-ին և կոչվել ի պատիվ երկրի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի: 1800 թ-ից ԱՄՆ-ի նախագահների նստավայրը երկհարկանի Սպիտակ տունն է, որը նաև նախագահի բնակարանն է: Վաշինգտոնում է գտնվում ԱՄՆ-ի խորհրդարանի` Կոնգրեսի շենքը՝ Կապիտոլիումը, ԱՄՆ-ի Ազգային պատկերասրահը, Ազգային թանգարանը, Գիտությունների ակադեմիան և Կոնգրեսի գրադարանը: Նյու Յորքից մինչև մայրաքաղաք երկաթուղով հինգ ժամվա ճանապարհ է:

[խմբագրել] Այլ քաղաքներ

Ամերիկյան Մեծ Լճերից մեկի՝ Միչիգանի ափին է գտնվում արդյունաբերական խոշոր քաղաք Չիկագոն: Նրանից ոչ հեռու Դետրոյտ քաղաքն է, որի Դիրբոռն արվարձանում է գտնվում աշխարհի նշանավոր տրանսպորտային թանգարանը՝ ավտոմեքենաների, ջերմաքարշերի, ինքնաթիռների բոլոր տեսակների հավաքածուով: Ուշագրավ է Բոստոն քաղաքը, որտեղ ավելի շատ, քան ԱՄՆ-ի որևէ այլ քաղաքում, կարելի է հանդիպել պատմամշակութային հուշարձանների: Նրա արվարձան Քեմբրիջում է գտնվում ԱՄՆ-ի հնագույն՝ Հարվարդի համալսարանը: Խաղաղ օվկիանոսի ափին ընկած ամենախոշոր քաղաքներն են Լոս Անջելեսը և Սան Ֆրանցիսկոն: Լոս Անջելեսը (իսպաներենից թարգմանաբար՝ հրեշտակապետ) հիմնադրել են իսպանացիները XVIII դարի վերջին: Այն զանգվածային զվարճությունների, համազգային նորաձևությունների կենտրոն է: Նրա արվարձաններից մեկում է գտնվում Դիսնեյլենդ հայտնի համալիրը: Այստեղ է գտնվում «Հոլիվուդ» ֆիրման, որը ներկայումս ունի 75 կինոստուդիա և թողարկում է ամերիկյան գրեթե բոլոր կինոնկարները: Սան Ֆրանցիսկոն, որը գտնվում է Կալիֆոռնիայի ծաղկուն հովտում, ԱՄՆ-ի արևմտյան հատվածի ամենախոշոր նավահանգիստն ու արդյունաբերական կենտրոնն է:

[խմբագրել] Կինոարտադրությունը

ԱՄՆ-ն ֆիլմերի արտադրության թերևս ամենահայտնի երկրներից մեկն է: Ամերիկյան կինեմատոգրաֆիան ամենազարգացած ու հզորն է ամբողջ աշխարհում, որը մեզ ազդեցություն է ունեցել և ունի այլ երկրների կինեմատոգրաֆիայի և կինոգործիչների աշխատանքների վրա: Աշխարհի ամենահեղինակավոր կինոմրցանակներից են ամերիկյան «Օսկարը» և «Ոսկե Գլոբուսը»: ԱՄՆ-ն աշխարհին տվել է նշանավոր շատ կինոգործիչներ:

[խմբագրել] Զբոսաշրջություն

ԱՄՆ-ը նաև զբոսաշրջության երկիր է: Յուրահատուկ լանդշաֆտները, արևոտ լողափերը, ազգային պարկերը, աշխարհահռչակ քարանձավները (Մամոնտի, Կարլսբադի), հիասքանչ ջրվեժները (Նիագարա, Յոսեմիթյան) և սպասարկման ժամանակակից ծառայությունները լայն հնարավորություններ են ապահովում հանգստի և զբոսաշրջության համար: Տարեկան ԱՄՆ է այցելում 35 մլն զբոսաշրջիկ:

[խմբագրել] Նշանավոր անձինք

ԱՄՆ-ը նշանավոր շատ մարդկանց հայրենիքն է. հայտնի են ականավոր քաղաքական գործիչներ Բենջամին Ֆրանկլինն ու Աբրահամ Լինքոլնը, գյուտարարներ Ռոբերտ Ֆուլտոնը կառուցել է առաջին շոգենավը, Պ. Կուպերը ստեղծել է շոգեքարշը, Ու. Հանթը՝ կարի մեքենան, Ս. Մորզեն՝ հեռագրական սարքը, Ալեքսանդր Բելը՝ հեռախոսը, Թոմաս Էդիսոնը՝ շիկացման էլեկտրական լամպը և էլի մի շարք նշանավոր գյուետր, Ու. Բարրոուզը՝ հաշվիչ մեքենան, Ռ. Օպենհայմերը՝ առաջին ատոմային ռումբը: ԱՄՆ-ը համարվում է առանձին գիտությունների «հայրենիքը»: Կիբեռնետիկայի «հայրը» Ն. Վիներն է, սաղմնաբանության հիմնադիրը՝ Ռ. Հարրիսոնը, երկրաքիմիայինը՝ Ֆ. Քլարկը, գենետիկայինը՝ Թ. Մորգանը: Վիթխարի են ԱՄՆ-ի նվաճումներն աստղագիտության և տիեզերքի ուսումնասիրության բնագավառում. ղեկավարվելով ամերիկյան աստղագետ Փ. Լոուելի տեսական կանխագուշակումներով՝ Ք. Թումբոն 1930 թ-ին հայտնագործել է Պլուտոն մոլորակը, Գ. Դեյպերը՝ տիեզերական միգամածությունը, Ն. Արմսթրոնգը և Է. Օլդրինը առաջինն են վայրէջք կատարել Լուսնի վրա (1969 թ.): Գրողներ Մարկ Տվենը, Ջեկ Լոնդոնը, Թեոդոր Դրայզերը, Էդգար Ալլան Պոն, Ուիլյամ Ֆոլկները, Ֆրենսիս Ֆիցջերալդը, Ուիլյամ Օ'Հենրին, Ջերոմ Սելինջերը, Հերբերտ Ուելսը, հայազգի Վիլյամ Սարոյանը և շատ ուրիշներ հայտնի են ամբողջ աշխարհում:

[խմբագրել] Հայերը ԱՄՆ-ում

    1rightarrow.png Հիմնական հոդված ՝ Հայերը ԱՄՆ-ում :


Հայ-ամերիկյան առնչություններն իրենց վաղեմի պատմությունն ունեն. դեռևս XIX դարի սկզբներին ամերիկացի միսիոներները (կրոնական քարոզիչներ) Արևմտյան Հայաստանում բացել են բազմաթիվ դպրոցներ (քոլեջներ), որտեղ սովորել են հայ երեխաներ: Ամերիկյան այդ կրոնավորներն էլ հենց ականատես են եղել այնտեղ ապրող հայ ժողովրդի հալածանքներին և իրենց կառավարության առջև հարց բարձրացրել՝ հանդես գալու հայերի պաշտպանությամբ: Ամերիկացի շատ գործիչներ, ինչպես, օրինակ, բանաստեղծուհիներ Ջուլյա Ուորդ Հաուն և Ալիս Բլեքուելը, լրագրողներ Սամյուել Բարրոուն և Հենրի Բլեքուելը, գիտնականներ Հենրի Ալենը, Վիլյամ Ուորդը և ուրիշներ իրենց բողոքի ձայնն են բարձրացրել հայերի նկատմամբ թուրքական իշխանությունների գործադրած գազանությունների դեմ: Ամերիկյան հասարակայնությունը զայրույթով արձագանքեց 1915 թ-ի Մեծ Եղեռնին: Այդ բռնություններից ցնցված` ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Վուդրո Վիլսոնը 1920 թ-ին նույնիսկ փորձ արեց ստանձնել Հայաստանի մանդատը, այսինքն հայ ժողովրդի հովանավորությունը: Սևրի պայմանագրի համաձայն՝ կազմվեց Հայաստանի քարտեզը` ըստ Վուդրո Վիլսոնի, որը Արևմտյան Հայաստանի տարածքում նախատեսում էր հայկական ինքնավարություն՝ դեպի Սև ծով ելքով: Սակայն Եվրոպայի մեծ տերությունների և ԱՄՆ-ի միջև ծագած ներհակությունները խանգարեցին այդ ծրագրի իրականացմանը: ԱՄՆ-ը սահմանափակվեց Թուրքիայից փախած հայ գաղթականներին սոսկ նյութական օգնություն ցուցաբերելով, որը շարունակվեց մինչև 1930-ական թվականները: Այդպիսի բարեգործական կազմակերպություններից էր Ամերկոմը (Ամերիկյան օգնության կոմիտե), որը բազմաթիվ որբանոցներ էր պահում Հայաստանում և հարակից երկրներում:

Ամերիկյան Կոնգրեսն այժմ էլ պարբերաբար քննարկում է 1915 թ-ի Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը: ԱՄՆ-ը շոշափելի օգնություն ցուցաբերեց նաև Սպիտակի 1988 թ-ի դեկտեմբերյան երկրաշարժի աղետյալներին:

Հայերի գաղթն ԱՄՆ շարունակվել է նաև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ապա և 1950-70-ական թվականներին, երբ Մերձավոր Արևելքի երկրներում գլուխ բարձրացրեց արաբական ազգայնամոլությունը, և Լիբանանում բռնկեց քաղաքացիական պատերազմ: Ցավոք, այդ գաղթականության շարքերն այսօր համալրում են նաև Հայաստանից մեկնող մեր հայրենակիցները: Ներկայումս ԱՄՆ-ում բնակվում է շուրջ 1.400.000 հայ:

[խմբագրել] Տես նաև

[խմբագրել] Արտաքին հղումներ

[խմբագրել] Ծանոթագրություններ

Անձնական գործիքներ
Անվանատարածքներ

Տարբերակներ
Գործողություններ
Նավարկում
Մասնակցել
Գործիքներ
Այլ լեզուներով