Միջուկային զենք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ատոմային ռումբից)
Նագասակիի միջուկային պայթյունից առաջացած սնկաձև ամպը, օգոստոսի 9, 1945 թ

Միջուկային զենք, պայթուցիկ սարք, որն իր կործանարար ուժը ստանում է միջուկային ռեակցիաներից կամ ճեղքումից կամ ճեղքման և ձուլման համադրությունից։ Երկու ռեակցիաներն էլ անջատում են հսկայական քանակության էներգիա՝ անհամեմատ փոքրաքանակ հումքից։ Առաջին ատոմային ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է նույնքան էներգիա, որքան 20.000 տոննա տրոտիլից։ Առաջին «ջրածնային» ռումբի փորձարկման ժամանակ անջատվել է մոտավորապես նույն էներգիան, որքան տասը միլիոն տոննա տրոտիլից։

Ժամանակակից ջրածնային զենքը քաշով մի փոքր ավելի է, քան 1100 կգ, այն կարող է արտադրել պայթուցիկ ուժ համեմատելի ավելի քան 1,2 միլիոն տոննա տրոտիլի պայթյունին։ Այսպիսով, նույնիսկ ավանդական ռումբերի չափ փոքր միջուկային սարքը կարող է ավերել մի ամբողջ քաղաք՝ պայթյունի, հրդեհի և ճառագայթացման հետևանքով։ Միջուկային զենքերը համարվում են զանգվածային ոչնչացման զենքեր և դրանց օգտագործումն ու վերահսկողությունը նրանց ստեղծման օրվանից եղել են միջազգային հարաբերությունների քաղաքականության հիմնական նպատակը։

«Փոքրիկ տղա» կոդային անունով միջուկային զենքն առաջինը կիրառել է ԱՄՆ1945 թվականի օգոստոսի 6-ին ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա։ Երեք օր անց՝ օգոստոսի 9-ին «Գերմարդ» կոդային անունով ռումբը պայթեց Ճապոնիայի Նագասակի քաղաքում։ Ատոմային ռմբակոծության արդյունքում Հիրոսիմա քաղաքում տուժել է 136 000 մարդ, որից 45 000-ը մահացել է առաջին օրը։ 11 500 կմ² մակերեսի վրա 75 000 շենքից ամբողջովին ավերվել և մասնակիորեն քանդվել է 60 000-ը։ Նագասակիում զոհվել է 64 000 մարդ, որից առաջին օրը՝ 22 000։

1950-ական թվականների կեսերից միջուկային զենքը ներդրվել է մի շարք երկրների զինված ուժերում։ Հիրոսիմայի և Նագասակիի վրա գցված ռումբերի ընդհանուր հզորությունը 40 կտ էր (համազոր է 40 000 տ սովորական պայթուցիկ նյութի՝ տրինիտրոտոլուոլի

Սկսած Հիրոսիմայից և Նագասակիից՝ գրանցվել են փորձարկման կամ ցուցադրության նպատակով իրականացված մոտ 2000 միջուկային զենքի պայթեցման դեպք։ Միայն մի քանի երկիր ունեն այդպիսի զենք կամ կասկածվում են դրանց ստեղծելու փորձեր անելու մեջ։ Պայթեցրած միջուկային զենք ունեցող և իրենց այդպիսի զենք ունենալը հաստատող երկրներն են Ամերիկայի Միացյալ Նահանգները, Ռուսաստանի Դաշնությունը, Միացյալ Թագավորությունը, Ֆրանսիան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը, Հնդկաստանը, Պակիստանը և Հյուսիսային Կորեան։ Բացի դա, ենթադրվում է, որ Իսրայելը նույնպես տիրապետում է միջուկային զենքի, սակայն նա չի ընդունում դա։ Ենթադրվում է նաև, որ միջուկային զենք ստեղծելու փորձեր է անում Իրանի Իսլամական Հանրապետությունը։

Միջուկային զենքը՝ որպես հավաքական հասկացություն, ներառում է տարատեսակ միջուկային մարտագլխիկներ և դրանք մինչև նպատակակետը տեղափոխող ու կառավարման միջոցները։ Միջուկային մարտագլխիկներ կրող ամենաարդյունավետ միջոցները տարբեր տիպի և կայանման հրթիռներ են։ Միջուկային մարտագլխիկները նպատակակետին հասցվում են նաև ինքնաթիռներով ու այլ միջոցներով։ Միջուկային զենք կիրառելիս, կախված դրա հզորությունից ու լիցքի տեսակից, տեղանքի բնույթից ու պաշտպանվածությունից, զորքն ու բնակչությունը կարող են կրել տարբեր չափի վնասներ։

Պայթյունների տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային զենքի փորձարկում (1953)

Տարբերում են օդային, վերգետնյա (վերջրյա), ստորգետնյա (ստորջրյա) և բարձունքային միջուկային պայթյուններ։

Օդային միջուկային պայթյունի ժամանակ առաջանում է արագ տարածվող կուրացուցիչ պայծառ կրակե գունդ, որի լուսարձակման ժամանակն ու չափերը կախված են պայթյունի հզորությունից։ Լուսարձարկող հատվածն սկսում է բարձրանալ ծխի ամպի ձևով՝ գետներեսից իր հետևից քաշելով փոշու սյուն։ Այդ ամպն աստիճանաբար ստանում է սնկի ձև, որի վերին մասը ծածկվում է խտացած գոլորշու սպիտակ գլխարկով։ Հսկայական քանակությամբ ռադիոակտիվ նյութեր (մակածված ռադիոակտիվությամբ գրունտի մասնիկներ, լիցքերի միջուկային տրոհման արգասիքներ) պարունակող սնկաձև ամպը քամու հետ քշվում է տասնյակ և հարյուրավոր կիլոմետրեր։ Դրանում պարունակվող նյութերն ամպի շարժման ճանապարհին նստում Են ռադիոակտիվ տեղումների ձևով։ Մեծ բարձրություններում պայթյունի դեպքում առաջացող փոշու սյունը չի միանում պայթյունի ամպի հետ, որի հետևանքով տեղանքի ռադիոակտիվ աղտոտում գործնականում տեղի չի ունենում։

Վերգետնյա միջուկային պայթյունի դեպքում գետնի մակերեսին առաջանում է կուրացուցիչ պայծառ լույս արձակող կիսագունդ, որը հետագայում մեծանում է՝ հասնելով ավելի մեծ չափերի, քան նույն հզորության օդային պայթյունից առաջացածը։ Փոշու ամպը և փոշու սյունը նույնպես ավելի մեծ են, քան բարձունքային պայթյունի դեպքում։ Վերգետնյա պայթյունի էպիկենտրոնում առաջանում է ձագար։ Վերգետնյա միջուկային պայթյունի զարգացման մնացած պատկերը նույնն է, ինչ օդային պայթյունինը։

Պայթյունի ազդող գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Միջուկային պայթյունի ազդող գործոններն են հարվածային ալիքը, լուսային ճառագայթումը, թափանցող ճառագայթումը, տեղանքի ռադիոակտիվ աղտոտումը, էլեկտրամագնիսական ազդակը և սեյսմապայթյունային ալիքները։

Հարվածային ալիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարվածային ալիքը միջուկային զենքը վնասող գործոններից հիմնականն է։ Դրան բաժին է ընկնում միջուկային պայթյունի էներգիայի մոտ 50 %-ը։ Այն պայթյունի կենտրոնից բոլոր ուղղություններով գերձայնային արագությամբ շարժվող սեղմված օդի խիստ սահմանափակ շերտ է։ Ազդեցության աստիճանը, հետևաբար նաև ավերածությունների շառավիղը, մակերեսն ու ծավալը, կախված են միջուկային պայթյունի հզորությունից և բարձրությունից։ Հարվածային ալիքի ազդեցության և տարածման վրա էական ազդեցություն են թողնում տեղանքի ռելիեֆը և օդերևութաբանական պայմանները (մթնոլորտի անհամասեռությունը, օդի ջերմաստիճանը, քամու արագությունը)։ Հարվածային ալիքը կարող է քանդել շենքեր, տարբեր շինություններ և վնասել մարդկանց՝ պայթյունի էպիկենտրոնից զգալի հեռավորությունների վրա։

Լուսային ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուսային ճառագայթումը միջուկային պայթյունի պահին առաջացող էլեկտրամագնիսական ճառագայթների խումբ է՝ անդրամանուշակագույն, ենթակարմիր և տեսանելի տիրույթում։ Ազդեցության տևողությունը մեծ չէ 9-15 վայրկյանից, սակայն դրան բաժին է ընկնում միջուկային պայթյունի էներգիայի 1/8-ը։ Դրա վնասող ազդեցությունը բնութագրվում է լուսային ազդակի մեծությամբ՝ ամբողջ ճառագայթման ընթացքում պայթյունի կենտրոնից անշարժ, չէկրանավորված միավոր մակերեսին ուղղահայաց ուղղությամբ ընկնող լուսային ճառագայթման էներգիայի քանակով։ Լուսային ազդակը չափվում է կալ/սմ² միավորներով։ Լուսային ճառագայթումը մարդկանց և կենդանիների մոտ առաջացնում է տարբեր աստիճանի այրվածքներ ու ժամանակավոր կամ լրիվ կուրություն։ Պայթյունի էպիկենտրոնից մեծ հեռավորությունների վրա կարող են առաջանալ հրդեհներ։ Օրինակ՝ Հիրոսիմայում ատոմային ռումբի պայթյունի ժամանակ ծառերն ածխացել էին էպիկենտրոնից 3 կմ հեռավորության վրա։ 1 Մտ հզորության մարտագլխիկի պայթյունի ժամանակ նման արդյունք կարող է դիտվել 6-8 կմ, 5 Մտ-ի դեպքում՝ 17-20 կմ շառավղով։

Թափանցող ճառագայթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թափանցող ճառագայթումը գամմա (γ) ճառագայթների և նեյտրոնների հոսք է, որն անջատվում է պայթյունի գոտուց պայթյունի պահից սկսած 10-25 վրկ տևողությամբ։ Թափանցող ճառագայթման հիմնական աղբյուրը տրոհվող միջուկներն ու տրոհման արգասիքներն են։ γ ճառագայթներն ու նեյտրոնների հոսքն օժտված են մեծ թափանցունակությամբ և կարող են տարածվել հարյուրավոր ու հազարավոր կմ-եր։ Պայթյունի ժամանակ առաջանում են նաև բետա (β)- և ալֆա (α)- մասնիկներ, բայց դրանք հեռու չեն տարածվում. առաջինների վազքի երկարությունը մի քանի մ է, երկրորդներինը՝ մի քանի սմ։ γ-ճառագայթներն ու նեյտրոնները լուրջ ախտահարող ազդեցություն են թողնում մարդկանց վրա (առաջացնում են ճառագայթային ախտահարում, ճառագայթային հիվանդություն)։ Նեյտրոնների հոսքն առաջացնում է նաև մակածված ճառագայթում իր ազդեցության գոտում գտնվող նյութերում, այսինքն՝ նրա ազդեցությամբ վերջինները ձեռք են բերում ինքնուրույն ճառագայթելու հատկություն։ Թափանցող ճառագայթման ախտահարող ազդեցությունը մարդու կենդանի հյուսվածքների և օրգանների բջիջների վրա արտահայտվում է իոնացնող ազդեցությամբ, որի հետևանքով, կլանված չափաքանակից կախված, առաջանում է ծանրության տարբեր աստիճանի ճառագայթային ախտահարում։ Ճառագայթման նեյտրոնների կլանման չափաքանակը չափվում է գրեյներով (Գր) կամ ռադերով (ռադ)՝ 1 Գր = 100 ռադ։

Տեղանքի ռադիոակտիվ աղտոտում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղանքի ռադիոակտիվ աղտոտումը պայմանավորված է միջուկային պայթյունի ամպից թափվող ռադիոակտիվ տեղումներով, ինչպես նաև մակածված ռադիոակտիվությամբ։ Ռադիոակտիվ խարամը, փոշին, մինչև վերջ չտրոհված բեկորները նախ փոշու հետ բարձրանում են վերև՝ առաջացնելով ռադիոակտիվ ամպ, ապա ամպի տեղաշարժի ճանապարհին թափվում են գետնի մակերևույթին։ Աղտոտված տարածքի ուրվագիծը սովորաբար նման է ձգված էլիպսի։

Տեղանքի ռադիոակտիվ աղտոտում առաջանում է α, (β և γ ռադիոակտիվ նյութից, որոնցից ամենավտանգավորը β և y ակտիվ նյութերն են։ Ռադիոակտիվ ամպի տեղաշարժի ճանապարհին ամենասաստիկ ճառագայթումը (մարդու համար ամենավտանգավորը) դիտվում է պայթյունի էպիկենտրոնամերձ շրջաններում։ Ռադիոակտիվ ամպի տեղաշարժի տարածքը բաժանում են 4 գոտու՝ չափավոր, ուժեղ, վտանգավոր և արտակարգ վտանգավոր։ Ամենավտանգավորն այդ առումով վերգետնյա միջուկային պայթյունն է։ Օդային միջուկային պայթյունի դեպքում ռադիոակտիվ ճառագայթման հիմնական զանգվածները ցրվում են մթնոլորտում։

Միջուկային պայթյունի ռադիոակտիվ արգասիքների մեծ մասը կարճ ապրող ռադիոակտիվ տարրեր են, այդ պատճառով ժամանակի ընթացքում ռադիոակտիվ ամպի տեղաշարժի ճանապարհին ռադիոակտիվությունը նվազում է։ ժամանակի յուրաքանչյուր 7-ապատիկ աճը՝ պայթյունի սկզբից հաշված, հանգեցնում է տեղանքի ռադիոակտիվության մակարդակի 10-ապատիկ նվազման։ Տեղանքի ռադիոակտիվ աղտոտումը հիմնականում վտանգավոր է առաջին 2 օրվա ընթացքում։

Էլեկտրամագնիսական ազդակ[խմբագրել | խմբագրել կոդը]

էլեկտրամագնիսական ազդակը (ԷՄԱ) տարբեր տեսակի միջուկային պայթյունների հետևանքով առաջացող կարճատև էլեկտրական և մագնիսական դաշտեր են՝ ռադիոհաճախությունների ընդգրկույթում։ ԷՄԱ-ն կարող է օդով և գրունտով տարածվել մեծ հեռավորություններ։ Դրա ազդեցության հետևանքով մետաղական օբյեկտներում առաջանում են էլեկտրական բարձր լարումներ, որոնք կարող են վնասել սարքավորումները, խափանել էլեկտրական սարքերի աշխատանքը, առաջացնել հրդեհներ և պայթյուններ։

Սեյսմապայթյունային ալիքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեյսմապայթյունային ալիքներն առաջանում են գրունտում։ Դրանց ազդեցությամբ կարող են քանդվել խորացված և ստորգետնյա կառույցներն ու հաղորդակցուղիները։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Հանրամատչելի բժշկական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 1, էջ 659