Հովհաննես Իսակով
| Հովհաննես Իսակով | |
|---|---|
![]() |
|
| օգոստոսի 22, 1894 - հոկտեմբերի 11, 1967 | |
| Ծննդավայր | գ. Հաջիքենդ, Կարսի մարզ |
| Մահվան վայրը | Մոսկվա, Ռուսաստան |
| Կոչումը | Սովետական Միության նավատորմի Ադմիրալ (1955) |
| Հրամանատարու- թյան տակ էր |
Բալթիական նավատորմ |
| Պատերազմ | Երկրորդ Համաշխարհային Պատերազմ |
| Պարգևներ |
|
Հովհաննես (Իվան) Ստեփանի Իսակով (օգոստոսի 22 1894 թ. - հոկտեմբերի 11, 1967 թ.), հայազգի Սովետական Միության նավատորմի Ծովակալ է։ Սովետական Միության հերոս է (մայիսի 7 1965), ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1958), ՀՍՍՀ ԳԱ պատվավոր անդամ (1967)։
Հայ զինհրամանատար, գիտնական, գրող, Խորհրդային Միության ռազմածովային նավատորմի ադմիրալ, Խորհրդային Միության հերոս Հովհաննես Ստեփանի Իսակովը ծնվել է 1894թ օգոստոսի 22-ին` Կարսի շրջանի Հաջիկհենդ գյուղում` երկաթուղային բանվորի ընտանիքում: Իսակովը պատկանում է այն մարդկանց թվին, որոնց կյանքն անհամեմատ ավելի հարուստ է, քան նրանց մասին հյուսված լեգենդները: Մեծ է նրա ավանդը Խորհրդային նավատորմի` հատկապես Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ Բալթիկ և Սև ծովերի նավատորմերի ստեղծման գործում: Ռազմական գործչից բացի, Իսակովը նաև գրող էր: 1958 թ.-ից Խորհրդային Միության Գիտությունների Ակադեմիայի օվկիանոսագիտության կոմիտեի անդամ է եղել, իսկ 1967 թ.-ից` Հայաստանի ԳԱԱ պատվավոր անդամ: Նախ սովորել է Թիֆլիսի վարժարանի մաթեմատիկայի և գիտության բաժնում: 1913 թ. ընդունվել է Սանկտ-Պետերբուրգի տեխնոլոգիական ինստիտուտը: 1917 թ. Իսակովը մեկնել է Պետրոգրադ և ընդունվել ծովային դպրոց: Ավարտելով` ստացել է սպայի կոչում: Ռուսական հեղափոխությունից հետո ծառայությունը շարունակել է Բալթիկ ծովի նավատորմում, ուր ծառայել է "Իզյասլավ", "Ռիգա", "Կոբչիկ" ռազմական նավերի վրա: 1918 թ. մինչև Բրեստ-Լիտովսկի համաձայնագրի կնքումը մասնակցել է գերմանական նավատորմի դեմ մղված բազմաթիվ մարտերին: 1920 թ.-ից տեղափոխվել է Կասպից ծով և ծառայել որպես "Դյատելնըստ" հեծելավաշտային ականակիրի հրամանատար: 1922-23 թթ. ղեկավարել է Սև ծովի կապի և հետաքննության ծառայության հարավային ստորաբաժանումը: 1923-27 թթ. աշխատել է սևծովյան նավատորմի ռազմածովային ուժերի շտաբի պետի տեղակալ: 1928 թ. Իսակովն ավարտել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի բարձրաստիճան հրամանատարական կազմի կատարելագործման դասընթացները:1932 թ.-ից Իսակովը դարձել է Լենինգրադի ռազմածովային ակադեմիայի օպերատիվ արվեստի ամբիոնի պրոֆեսոր և դասավանդել է միևնույն ուսումնական հաստատությունում` մինչ բալթյան նավատորմի հրամանատար նշանակվելը: 1938 թ. ստացել է լեյտենանտ-գնդապետի կոչում և նշանակվել ռազմածովային գլխավոր վարչությունների ղեկավար: Երկրոդ Աշխարհամարտի ժամանակ Իսակովը ղեկավարել է հյուսիսկովկասյան ճակատը: 1942 թ. հոկտեմբերի 4-ին գերմանացիների հարձակումից Իսակովը վիրավորվել է Տուափսեում, որի պատճառով ստիպված են եղել մի ոտքն անդամահատել: Պատերազմի մնացած ժամանակահատվածը անց է կացրել ռազմական հոսպիտալում: 1944 թ. մայիսի 31-ին Իսակովին շնորհվել է Խորհրդային Միության ռազմածովային ադմիրալի կոչում: Մեծ է նրա ավանդը նաև ռազմական ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու գործում: 1932 թ. ստանալով պրոֆեսորի կոչում` Իսակովը իր ժամանակի մեծ մասը ծախսել է ռազմածովային տակտիկաների և ստրատեգիաների մշակման վրա, որոնք ի դեպ շատ են օգտագործվել Երկրորդ Աշխարհամարտի ժամանակ նացիստական Գերմանիայի դեմ մղված մարտերում: 1937 թ. պաշտպանելով դիսերտացիան` Իսակովը ստացել է ռազմական գիտությունների դոկտորի աստիճան: Արժանացել է բազմաթիվ մրցանակների ու պարգևների: Մահացել է 1967 թ. հոկտեմբերի 11-ին` Մոսկվայում:
