Հաջիշեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուղ
Հաջիշեն
ադրբ.՝ Hacıkənd
Հաջիշեն․ 19–րդ դար
ԵրկիրԱդրբեջան Ադրբեջան
ԵնթարկումԱդրբեջան
ՇրջանԽանլարի շրջան
Մակերես1,07 կմ²
ԲԾՄ1259,2 մետր
Պաշտոնական լեզուԱդրբեջաներեն
Բնակչություն400 (թուրքեր) մարդ
Ազգային կազմնախքան բռնագաղթը՝ հայեր, բռնազավթումից հետո՝ ադրբեջանցիներ
Ժամային գոտիUTC+4, ամառը UTC+5
Փոստային դասիչAZ 2523
Հաջիշեն (Ադրբեջան)##
Հաջիշեն (Ադրբեջան)

Հաջիշեն (Հաջիքենդ, Աջիքենդ), գյուղ ներկայիս Ադրբեջանի Հանրապետության Խանլարի շրջանում, պատմական Մեծ Հայքի Ուտիք նահանգի Գարդման գավառում։ Գտնվում է շրջկենտրոն Խանլարից (այժմ՝ Գյոլգյոլ) (հնում՝ Շակաշեն) 8 կմ հարավ՝ սաղարթախիտ անտառների գրկում, ծովի մակերևույթից 1210-1290 մ բարձրության վրա, Ալհարակ (այժմ՝ Գյոյգյոլ) լիճ տանող ճանապարհին[1]։

Ականատեսները գյուղին նվիրած համառոտ նկարագրականներում գրել են. «տեղը գեղեցիկ է, անտառի մեջ, ձորի վրայ...», «...թէ տեղի դիրքը, թէ անտառաւէտ զովասուն օդն և առողջարար ջուրը Հաջի-քէնդին տալիս են արդարև ամառանոցի արժանաւորութիւն»[1][2][3]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեղում պահպանված կիսավեր եկեղեցին և խաչքարով գերեզմանոցը փաստում են Հաջիշենի գոյությունն առնվազն միջնադարում[1]։ Սակայն գրավոր աղբյուրներում գյուղն առաջին անգամ «Հաճիշին» անվամբ հիշատակվում է Փիլիպոս Ա Աղբակեցի կաթողիկոսի (1638-1655) կոնդակներից մեկում[1][4]։

Հաշվի առնելով հանգստի համար անհրաժեշտ բնական պայմանների առկայությունը՝ 1870 թ.–ին կառավարությունը (Բուտալով նահանգապետի օրոք) որոշում է բնության այդ գողտրիկ անկյունում Գանձակ քաղաքի մեծահարուստների և պաշտոնյանների համար հիմնել ամառանոց։ Տեղացիներին էլ առաջարկվում է վերաբնակվել պատմական Բախշիք գյուղատեղիում։ Բնակիչների մեծ մասն անմիջապես փոխադրվում և հիմնավորվում է նոր բնակավայրում. «Այստեղ մի քանի տարի յառաջ բնակելիս են եղել հայեր, որոնք ցրուել են ուրիշ գիւղեր, թողնելով իրանց շէնքերն և աւերակ, եկեղեցին իւր շրջապատ գերեզմանատնով»[1][3][5]։ Ի դեպ, 1889 թ.–ին այս առթիվ մեկ այլ հոդվածագիր նշել է. «...Հաջի-Քեանդն առաջները եղել է հայի գիւղ, որը ապացուցւում է կիսաւեր հայոց եկեղեցով և բազմաթիւ հին գերեզմաններով. բայց տեղի ժողովուրդը հետզհետէ թողել է Հաջի-Քեանդը և նրանից մի քիչ հեռու (2-3 վերստ) հիմնել մի նոր գիւղ «Բախշիկ» անունով...»[2]:

19–րդ դարի վերջերին Վերին Հաջիքենդն արդեն իրենից ներկայացնում էր մի փոքր քաղաք, որտեղ ամռան ամիսներին գործում էին նաև հեռագրատունը, փոստը և դատարանը[6][7]։ Հայտնի է նաև, որ գյուղում եղել են բազմաթիվ հյուրանոցներ, այդ թվում 1895 թ.–ին Ա. Միրզոյանցի կառուցածը[2][8]։

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայտնի է, որ մինչև 1870 թ.–ը զուտ հայաբնակ Հաջիշենում բնակվել են 25-30 տուն հայեր[5][8]։ 1870 թ․-ից հետո Վերին թաղամասում, որը հենց սկզբից պաշտոնապես կոչվեց Հաջիքենդ, սկսում են բնակություն հաստատել տարբեր ազգությունների ներկայացուցիչներ։ Հատկապես մեծաթիվ էին ռուսները, որոնք ունեին իրենց առանձին թաղամասը[5][8]։ Միաժամանակ 19–րդ դարի վերջերին բնակավայրի մերձակայքում տարվա ամառային ամիսներին հաստատվում էին խաշնարած թափառական թուրքերը. «Հաջիքենդի շուրջը անտառի մէջ հարիւրաւոր վրաններ, ալաչուխներ կան, սրանցում էլ բնակվում են թուրքերը, մանաւանդ դէպի Սուլուք գիւղը տանող ճանապարհի վերայ «Դաղդան»-ում մի ահագին բազմութիւն է թուրքերի այս կամ այն անկիւնում վրանների մէջ պատսպարուած»[5][8]։

1892 թ.–ի հունիսի 28-29-ին կազմված վիճակագրական տեղեկանքում խաշնարած թուրքերի թվաքանակը ցույց է տրված 631 շունչ[5][8]։ Վիճակագրական նույն աղբյուրի համաձայն՝ Հաջիշենն ունեցել է նաև 585 հայ, 478 ռուս, 7 հայ կաթոլիկ, 631 շիա մուսուլման, 99 լյութերական, 56 հրեա, 51 հռոմեական կաթոլիկ, 9 աղանդավոր, 6 օտարերկրացի, ընդամենը՝ 1924 բնակիչ (1104 ար., 820 իգ.)[5][8]:

Խորհրդային տարիներին ևս Հաջիշենը շարունակում է պահպանել ամառանոցային բնակավայրի իր համբավը և մինչև 1949 թ.–ը բացառապես բնակեցված էր հայերով ու ռուսներով։ Այնուհետև այստեղ բնակություն են հաստատում Խորհրդային Հայաստանից փոխադրված թուրք (ադրբեջանցի) ընտանիքներ։ Այդուհանդերձ, մինչև 1988 թ.–ի գարդմանահայերի բռնագաղթը մոտ 60 տուն կազմող հայերը Հաջիշենում կազմում էին բնակչության մեծամասնությունը։ Բռնագաղթից առաջ մասամբ հայաբնակ էին ինչպես Ներքին, այնպես էլ Վերին թաղերը[8]։

Կառուցապատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամառանոցային բնակավայրը հիմնվում է գյուղի բարձրադիր մասում և կոչվում Վերին թաղամաս։ Բուն Հաջիշեն գյուղը Ներքին թաղն էր։ Այդտեղ ապրող հայերը, եթե պաշտոնյա չէին, իրավունք չունեին Վերին թաղամասում բնակություն հաստատել։ Ամառանոցային հատվածում կառուցվում էին «...արքունական տներ և բնակվում են պաշտոնական անձինք՝ սկսած նահանգապետից և փոխնահանգապետից...»[1][1][5]: Ի դեպ, տակավին 1886 թ.–ին ամառանոցի կալվածքը տիրապետելու խնդրով դատական վեճի մեջ էին գանձակեցի Աթայան եղբայրները[1][3]։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երեւան, 2004, էջ 374։
  2. 2,0 2,1 2,2 «Նոր-Դար», 1890, N 125, էջ 3։
  3. 3,0 3,1 3,2 «Արձագանք», 1886, N 19, էջ 280։
  4. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 48։
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 «Նոր-Դար», 1885, N 191, էջ 2։
  6. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 271-272։
  7. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 374-375։
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 375։