Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն (1941-1942)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կերչ-Թեոդոսիայի դեսանտային գործողություն (1941-1942), Անդրկովկասյան ռազմաճակատի (հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Դ. Կոզլով) 51-րդ և 44-րդ բանակների զորքերի, Սևծովյան նավատորմի (հրամանատար՝ դեր-ծովակալ Ֆ. Օկտյաբրսկի) և Ազովյան ռազմական նավատորմիկի (հրամանատար՝ դեր-ծովակալ Ս. Գորշկով) ռազմանավերի ափհանումը Հայրենական մեծ պատերազմի ժամանակ՝ 1941 թվականի դեկտեմբերի 26-ից 1942 թվականի հունվարի 2-ը։ Ձեռնարկվել է Կերչի թերակղզին գրավելու, հակառակորդի ուժերը պաշարված Սևաստոպոլից հեռացնելու և Ղրիմի հետագա ազատագրման համար պայմաններ ստեղծելու նպատակով։

Գործողություն[խմբագրել]

Ափհանումը նախատեսվում էր 250 Կմ ճակատով՝ Կերչի թերակղզու հյուսիսարևելյան և հարավային ծովափի մի շարք կետերում և Թեոդոսիայում։ Դեկտեմբերի 26-29-ին Ազովի նավատորմիկի և Կերչի ռազմածովային բազայի ռազմանավերը ուժեղ մրրիկի ժամանակ թերակղզու հյուսիսային և արևելյան ծովափ իջեցրին 51-րդ բանակի (հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Վ. Լվով) շուրջ 20 հազար զինվոր։ Հակառակորդի 2 դիվիզիաների կատաղի դիմադրության հետևանքով՝ դեսանտային առանձին խմբերի չհաջողվեց միավորվել։ Դեկտեմբերի 29-ին Սևծովյան նավատորմի ռազմանավերը 44-րդ բանակի (հրամանատար՝ գեներալ-մայոր Ա. Պերվուշին) դեսանտային զորքերով մոտեցան Թեոդոսիային։ Ափ դուրս եկած գրոհայինները գրավեցին ծովապատնեշն ու փարոսը։ Նախ «Շահումյան», ապա «Նեզամոժնիկ» և «Ժելեզնյակով» էսկադրային ականակիրներն ու «Կրասնի Կավկազ» հածանավը մտան նավահանգիստ և թշնամու օդային ուժերի գրոհների ու հրանոթային-ականանետային կրակի տակ 4, 5 հազարանոց դեսանտ իջեցրին։ Դեկտեմբերի 26-31-ին Կերչի թերակղզի և Թեոդոսիայի ափ հանվեց ավելի քան 40 հազար մարդ, 236 հրանոթ և ականանետ, 43 տանկ։ Դեկտեմբերի 30-ի առավոտյան խորհրդային զորքերը գրավեցին Թեոդոսիան և հարձակման անցան հյուսիսային, հյուսիսարևելյան և հյուսիս արևմտյան ուղղություններով։ Թշնամու զորքերը հարկադրված դեկտեմբերի 30-ի գիշերը թողեցին Կերչը և Սևաստոպոլի շրջանից վերցված 2 դիվիզիաների օգնությամբ Կիետ-Նովայա Պոկրովկա-Կոկտեբել գծի վրա պաշտպանական նոր դիրքեր գրավեցին։ Դրանով օպերացիան ավարտվեց։ Խորհրդային զորքերը Կերչի թերակղզու արևելյան ափից դեպի արևմտյան ընդհանուր առմամբ առաջ գնացին 100-110 Կմ և ազատագրեցին Կերչն ու Թեոդոսիան։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png