Տանկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տ-34-85 տանկը

Տանկը կամ Հրասայլը, «Զրահասայլը» զրահապատ թրթուրավոր ռազմական մեքենա է, որի հիմնական զենքը սովորաբար հրանոթն է։

Տանկաշինության սկզբնական ժամանակաշրջաններում տանկերը շատ դեպքերում արտադրվում էին միայն գնդացրային զենքով, իսկ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո փորձեր էին արվում ստեղծելու հրթիռային հիմնական զենքով զինված տանկեր։ Հայտնի են տանկերի տեսակներ, որոնք ունեցել են հրանետ: Տանկը ճշգրիտ նշանակում չունի, քանի որ տարբեր ժամանակաշրջաններում տանկի հայեցակարգը ձևափոխվում էր և տարբեր էր զանազան երկրների բանակներում։ Առաջին Համաշխարհային պատերազմի տանկերն առաջին հայացքից կարող են անճանաչելի թվալ (օրինակ՝ Սեն Շամոնը), կամ նույնիսկ մի քանի շվեդական փորձագետներ Strv-103 մեքենան որակում են որպես տանկեր ոչնչացնող, այլ ոչ տանկ։ Որոշ մեքենաներ (օրինակ՝ 94 տիպը), որոնք ռուսաստանյան գրականության մեջ անվանվում են «փոքր տանկեր», արևմտյան գրականությունում անվանվում են տանկետներ:

ժամանակակից բանակների զինանոցում այժմ համարյա թե կա միայն մեկ տեսակի տանկ՝ այսպես կոչված հիմնական մարտական տանկը։ Այսպիսի տանկի դերը երկակի է` վարել ինքնուրույն մարտական գործողություններ հակառակորդի տանկային ուժերի դեմ և սատարել ռազմական մյուս ենթաուժերին իրենց մարտական խնդիրներում այսպես կոչված «միավորված ուժեր» (combined arms) տակտիկայով։