Սև ծով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սև ծով
Սև ծովի տիեզերական պատկերը նկարահանված NASA արբանյակից
Սև ծովի տիեզերական պատկերը նկարահանված NASA արբանյակից
Հայելու տարածք 422 000 կմ²
Ամենամեծ խորություն 2210 մ
Միջին խորություն 1240 մ
Ջրափնյա գծի երկարություն 3400 կմ
Ծավալ 555 000 կմ³
 

Սև ծով[1], Ատլանտյան օվկիանոսի ներքին ծով Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Վրաստանի և մասամբ ճանաչված Աբխազիայի ափերի մոտ։ Կերչի նեղուցով միանում է Ազովի ծովին, Բոսֆորի նեղուցով՝ Մարմարա ծովին և այնուհետև Դարդանելի նեղուցով՝ Էգեյան և Միջերկրական ծովին։ Մակերեսը՝ 422 հազար կմ քառակուսի։ Առավելագույն խորությունը՝ 2210 մետր։ Առավել խոշոր ծոցերը՝ Կարկինտսկի, Կալամիտսկի, Դնեստրի, և Դնեպրի-Բուգի լիմաները՝ հյուսիս-արևմտյան ափերի մոտ, Սինուպի և Սամսունի՝ հարավային ափերի մոտ։ Ծովն են թափվում Դանուբ, Դնեստր, Հարավային Բուգ, Դնեպր, Ռիոն, Կզըլ Իրմակ խոշոր գետերը։ Ավելի քան 150 մետր խորության մեջ ջուրը վարակված է ծծմբաջրածնով. մեծ խորություններում կենդանի օրգանիզմներ չկան (բացի բակտերիաներից)։ Առավել խոշոր նավահանգիստները՝ Օդեսա, Իլյիչովսկ, Նովոռոսիյսկ, Տուապսե, Փոթի, Բաթում, Կոստանցա, Բուրգաս, Վառնա, Տրաբիզոն, Սամսուն, Զոնգուլդակ։[2]

Անվանումը[խմբագրել]

Մ.թ.ա. VI-V-րդ դարերի առաջին հույն ծովագնացները ծովն անվանել են Աքսենյոս (Աքսինյան Պոնտոս «Անհյուրընկալ ծով») կամ Պոնտոս Մելաս («Սև ծով»)՝ նկատի ունենալով նրա փոթորկոտ ալիքների պատճառած վնասները և դժվարությունները։ Մեր թվարկության սկզբներին հույները, արդեն ծովը յուրացնելով, նրա ափերին գաղութներ հիմնելուց հետո, այն վերանվանեցին Եվքսենյոս (Եվքսինյան Պոնտոս «Հյուրընկալ ծով»)։ Անանիա Շիրակացին (VII-րդ դար) այս ծովը հիշատակում է «Պոնտոս» և «Պոնտական ծով» անուններով։ 9-րդ դարում երևան է եկել «Ռուսական ծով» անվանումը (այս անվանումը հիշատակվել է ռուսական տարեգրություններում և նշվել քարտեզների վրա մինչև XIII-XV-րդ դարերը)։ XV-XVI-րդ դարերում թուրքերը, զավթելով Մերձսևծովյան շրջանը, ծովն անվանել են Կարա Դենիզ («Չար (սև) ծով»՝ ոչ միայն այն պատճառով, որ եղել է մրրկածուփ ու վտանգավոր, այլև, հնարավոր է, նաև թուրք նվաճողներին Մերձսևծովյան շրջանի ժողովուրդների ցույց տված դիմադրության պատճառով)։ Ծովի անվանման առաջացման մեկ այլ վարկած կապված է աշխարհի կողմերը գույներով նշելու հետ։ Ասիայի ժողովուրդների շատ լեզուներով սև գույնը նշանակում է հյուսիս։ Այսպիսով, Սև ծովը «Հյուսիսային ծով» է։[2]

Աղբյուրներ[խմբագրել]

  1. Հովհաննես Բարսեղյան (2006)։ "Աշխարհագրական անունների հայերեն տառադարձության մասին որոշում", Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատու։ Երևան: 9-րդ հրաշալիք, 55։ ISBN 99941-56-03-9։ 
  2. 2,0 2,1 Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան, Աշխարհագրական անունների բառարան (Հ-Ֆ), Երևան, «Լույս», էջ 290։