Սամսուն (քաղաք)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Սամսուն
թուրք.՝ Samsun
Lupus-Collage Samsun.png
Urfaskyline.jpg
41°17′12″ հս. լ. 36°19′48″ ավ. ե. / 41.286667° հս. լ. 36.33° աե. ե.
Երկիր Թուրքիա Թուրքիա
Իլ Սամսուն
Քաղաքապետ Յուսուֆ Զիա Յիլմազ
Հիմնադրված է Մ. թ. ա 4-րդ դար
Այլ անվանումներ մինչև 15-րդ դարԱմիսոս
Մակերես 2.106 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 4 մ
Խոսվող լեզուներ Թուրքերեն
Բնակչություն 532 000 մարդ (2008)
Ազգային կազմ Թուրքեր
Ժամային գոտի UTC+2, ամառը UTC+3
Հեռախոսային կոդ +90 362
Փոստային ինդեքսներ 55000
Պաշտոնական կայք www.ibb.gov.tr(թուրքերեն) (անգլերեն)
##Սամսուն (քաղաք) (Թուրքիա)
Red pog.png

Սամսուն (թուրք.՝ Samsun), Սամսոն, հնում՝ Ամիսոս (հունարեն՝ Aiiuxos), քաղաք և նավահանգիստ Թուրքիայի հյուսիսում, Սև ծովի Սամսուն խորշի ափին, Սամսուն վիլայեթի վարչական կենտրոնը։ Ունի 532 000 բնակիչ։

Արտահանում է ծխախոտ, հացահատիկ, բուրդ, մրգեր։ Ավտոճանապարհների հանգույց է։ Ունի երկաթուղային կայարան, օդանավակայան։ Ծխախոտագործական շրջանի կենտրոն է, ներմուծվող ապրանքների բաշխման կայան։ Կա ծխախոտի, սննդի, քիմիական արդյունաբերություն, հանքային պարարտանյութերի արտադրություն, ձկնորսություն։

Պատմություն[խմբագրել]

Սամսունը հիմնադրել են հույները մ.թ.ա. 6-րդ դարում։ Բարձր ծաղկման է հասել Պոնտոսի թագավորության ժամանակ (մ․ թ․ ա․ 3-ից 1-ին դարերում)։ Մ․ թ․ ա․ 2-րդ դարում վերջին վերակառուցել է Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորը։ Ունեցել է ինքնավար քաղաքի իրավունքներ, եղել առետր․ և արհեստագործ, կենտրոն։ Իր ճառերից մեկում Կիկերոնը գովեստով է խոսում վաճառաշահ Սամսունի մասին։ Պոնտոսի թագավորության անկումից (մ․ թ․ ա․ 66) հետո Սամսուն անցել է Հռոմեական, ապա՝ Բյուզանդական կայսրությանը, իսկ 15-րդ դարում այն նվաճել են օսմանյան թուրքերը։ Քաղաքը փռված է ծովեզրյա լեռնաբլուրներին, որոնց զառիթափ կողերին պահպանվել են վիմափոր հին դամբարաններ (մի քանիսը բաղկացած են բազմահարկ և հարակից սրահներից), արձանագիր և պատկերաքանդակ տապանաքարեր, անդրիներ, անտիկ դրամներ են։ Հին ու միջին դարերում Սամսունը ունեցել է ամուր բերդ (այժմ՝ ավերակ)՝ կառուցված շուրջ 150 մ բարձրությամբ բլրի վրա։ Սամսունում են ծնվել և գործել մաթեմատիկոսներ Դեմետրիոսն ու Դիոնիսիդորոսը, քերականագետ Տիրանիոնոսը (մ․ թ․ ա․ 1-ին դար), որին ունկնդրել է Սարաբոնը։

Հայերը Սամսունում[խմբագրել]

Հնագույն ժամանակներից Սամսունում բնակված հայերը զգալի դեր են խաղացել քաղաքի արհեստագործ․ ու առետրական կյանքում։ Սամսունից արտահանել են մետաղ, փայտանյութ, մետաքս, ընտիր ծխախոտ (հայտնի է «Սամսոն» անունով), մրգեր են։ 1914 թվականին Սամսունում բնակվում էր ավելի քան 10 հազար հայ։ Ունեին 2 եկեղեցի (Առաքելական և Ավետարանական) և 2 վարժարան։ Սամսունի Հայոց առաջնորդական թեմի կենտրոն էր։ Հրատարակվում էր «Դպրոց» պատմագիտական ամսագիրը (1914)։ Սամսունի ծխախոտի և ալյուրի արդյունաբերությունն ու արտահանությունը գրեթե ամբողջովին կենտրոնացած էր Իփեկյան, Եթերյան, Իպրանոսյան, Ասրյան, Աբրահամյան, Պահճեգուլան, Չեքեմյան և այլ գերդաստանների ձեռքում։ 1915 թվականին, Մեծ եղեռնի ժամանակ, Սամսունի հայերը ենթարկվեցին բռնագաղթի և կոտորածների։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանեցին տարբեր երկրներում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png