Նիկոլայ Միկլուխո-Մակլայ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Միկլուխո-Մակլայ

Նիկոլայ Նիկոլաևիչ Միկլուխո-Մակլայ (ռուսերեն՝ Николай Николаевич Миклухо-Маклай) (17.07.1846 - 14.04.1888) ռուս ազգագրագետ, բուսաբան, մարդաբան, ճանապարհորդ և հասարակական գործիչ։

Կենսագրություն[խմբագրել]

Ծնվել է Կայսերական Ռուսաստանի Նովգորոդ քաղաքում։ Սանկտ Պետերբուրգում այցելել է քերականության դպրոց։ 1863 թվականին ընդունվել է Պետերբուրգի համալսարան, 1864 թվականին, ուսանողական շարժմանը մասնակցելու համար, հեռացվել։ Բնագիտական ուսումը շարունակել է Հայդելբերգի (1864), Լայպցիգի (1865) և Ենայի (1866-1868) համալսարաններում։

1866-1867 թվականներին ճանապարհորդել է դեպի Կանարյան կղզիներ և Մարոկկո։ 1869 թվականին Կարմիր ծովի ափերը այցելելուց հետո վերադարձել է Ռուսաստան։ 1870-1880-ական թվականներին ուսումնասիրել է Հարավարևելյան Ասիայի, Ավստրալիայի, Խաղաղ օվկիանոսի կղզիների, հատկապես՝ Նոր Գվինեայի բնիկների մարդաբանական և ազգագրական առանձնահատկությունները։ Միլուխո-Մակլայը պաշտպանել է մարդկային ռասաների տեսակային ընդհանրության և փոխադարձ ազգակցության գաղափարը, ժխտել Նոր Գվինեայի նեգրոիդների (պապուասների) որպես հատուկ մարդկային այլ ռասաներից տարբեր տեսակի վերաբերյալ իր ժամանակ տարածված հայացքները։ Միլուխո-Մակլայն առաջինը հանգամանորեն նկարագրել է մելանեզական մարդաբանական տիպը։ Նա ապացուցեց, որ Օվկիանիայի և Հարավարևելյան Ասիայի ժողովուրդները զարգացման ցածր աստիճանի վրա են գտնվում զուտ պատմական պայմանների հետևանքով և ունակություններով չեն զիջում եվրոպացիներին։

Ավստրալիա ճանապարհորդությունը և գիտական նվաճումները[խմբագրել]

Մտավոր զարգացման անընդունակ ստորին ռասաների վերաբերյալ տեսության լիակատար սնանկությունը ապացուցելու համար Միկլուխո-Մակլայը 1871-ին բնակություն է հաստատել Նոր Գվինեա կղզում, որտեղ ապրում էին սևամորթ ռասայի ներկայացուցիչ պապուասները։ Այն ժամանակ շատ քիչ բան գիտեին պապուսաների՝ կղզու բնիկների մասին, որոնք կապեր չունեին արտաքին աշխարհի հետ և կանգնած էին զարգացման ցածր աստիճանի վրա։ Օրինակ, նրանց կացիններն ու զենքը դեռ քարից էին։

Stamp of Ukraine s111.jpg

Տասնհինգ ամիս նա ապրեց կղզիաբնակների մեջ, մտերմացավ նրանց հետ, ուսումնասիրեց նրանց լեզուն ու բարքերը։ Ճանապարհորդը տեղի բնակիչների շրջանում մեծ հեղինակություն էր վայելում։ Նոր Գվինեայում նա հիվանդացավ արևադարձային տենդով և բուժման համար տեղափոխվեց Ճավա կղզի։ Մոտավորապես մեկուկես տարի անց նա նորից եղավ Նոր Գվինեայում, բայց այս անգամ արդեն կղզու այլ վայրերում։

1882-ին նա վերադարձավ Ռուսաստան։ Շատերի վրա ուժեղ տպավորություն գործեցին Միկլուխո-Մակլայի բարեկամական հարաբերությունները պապուասների հետ։

1883-ին Ավստրալիա մեկնելիս՝ Միկլուխո-Մակլայը ճանապարհին երրորդ անգամ եղավ Նոր Գվինեայում, որտեղ հանդիպեց այն պապուսաների հետ, որոնց հետ ապրել էր իր առաջին ճանապարհորդության ժամանակ։

Միկլուխո-Մակլայը Ավստրալիայում, 1880 թվական։

Ռուս գիտնականի ծառայությունն այն է, որ նա Ռուսաստանում վճռականապես դրեց բոլոր ռասաների միասնության և նրանց փոխադարձ ազգակցության հարցը։ [1][2]

Նա նաև դեմ էր մարդկանց ստրկային առևտրին։ Նա անձամբ քայլեր է ձեռնարկել կառավարություններին ստրուկների տրաֆիկինգի վայրերի մասին տեղյակ պահելու համար։ [3]

Լև Տոլստոյը գրել է նրան. «Դուք, անտարակույս, առաջինը փորձով հաստատեցիք, որ մարդն ամենուրեք մարդ է, այսինքն՝ բարի, սրտամոտ էակ, որի հետ շփման մեջ կարելի է և պետք է մտնել բարությամբ և ճշմարտությամբ, այլ ոչ թե թնդանոթներով և կռվով։ Եվ դուք դա հաստատեցիք իսկական արիության սխրագործությունով»։ [1]

Հիվանդությունը և մահը Ռուսաստանում[խմբագրել]

1887-ին Միկլուխո-Մակլայը Ավստրալիայից մեկնեց Ռուսաստան. նա գնում էր Սանկտ Պետերբուրգ իր աշխատանքները Ռուսական Աշխարհագրական Ընկերությանը ներկայացնելու համար։ Այդ ժամանակաշրջանում նա արդեն վատառողջ էր, այն դարձավ իր վերջին ճանապարհորդությունը։ Կարճ ժամանակ անց, 42 տարեկան հասակում, նա մահացավ (Սանկտ Պետերբուրգում) չախտորոշված ուղեղի քաղցկեղից։

Միլուխո-Մակլայի մարդաբանական և ազգագրական հարուստ հավաքածուները պահպանվել են Լենինգրադի ազգագրության և մարդաբանության թանգարանում։ Միլուխո-Մակլայի անունով էր կոչվում ԽՍՀՄ ԳԱ ազգագրության ինստիտուտը։

Գրականություն[խմբագրել]

  • «Ճանապարհորդություններ։ Ճանապարհորդական օրագրություն» Ն.Ն. Միկլուխո-Մակլայ։ Թարգմ.՝ Ս. Սուքիասյան; Խմբ.՝ Ս. Բերբերյան, Երևան, Հայպետհրատ, 1950
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 1. Путешествия 1870 - 1874 гг. Дневники, путевые заметки, отчеты. - М.։ Наука, 1990.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 2. Путешествия 1874 - 1887 гг. Дневники, путевые заметки, отчеты. - М.։ Наука, 1993.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 3. Статьи и материалы по антропологии и этнографии народов Океании. - М.։ Наука, 1993.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 4. Статьи и материалы по антропологии и этнографии Юго-Восточной Азии и Австралии. Статьи по естественным наукам. - М.։ Наука, 1994.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 5. Письма. Документы и материалы. - М.։ Наука, 1996.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 6. Ч. 1 Этнографические коллекции. Рисунки. - М.։ Наука, 1999.
  • Миклухо-Маклай Н. Н. Собрание сочинений в 6 томах։ Т. 6. Ч. 2 Указатели. - М.։ Наука, 1999.

Աղբյուրներ[խմբագրել]

  1. 1,0 1,1 Ն. Ա. Մաքսիմով «Ֆիզիկական աշխարհագրություն», 1990 թ., «Լույս» հրատարակչություն
  2. Shnukal, A. (1998), 'N. N. Miklouho-Maclay in Torres Strait', Australian Aboriginal Studies, Vol. 1998, 1998)
  3. 'Baron Maclay and the New Guinea Natives', The Brisbane Courier, Tuesday 27 November 1883]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png