Ութոտանիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հասարակ ութոտանի (Octopus vulgaris)

Ութոտանիներ լատ.՝ Octōpoda` հին հունարեն՝ ὀϰτώ «ութ» և πούς «ոտ» բառերից) կամ ութոտնիկներ, երկխռիկավորների ենթադասի ծովային գլխոտանի փափկամորթների կարգ։ Մարմինը կարճ է, ետին մասում ձվաձև, հաճախ 1–2 զույգ լողակներով։ Խեցին ետաճած է, գլխի վրա կան 8 երկար շոշափուկներ՝ «ձեռքեր» (նախկինում կոչվել են «ոտքեր»)։ Արուների 1 կամ 2 շոշափուկները ձևափոխվելով վերածվել են զուգավորման օրգանի՝ հեկտոկոտիլի։ Շոշափուկներն իրար միացած են լողաթաղանթով և ունեն ծծիչներ։ Մարմնի երկարությունը ձգված «ձեռքերի» հետ միասին մի քանի սանտիմետրից մինչև 6 մետր է։

Հայտնի է ութոտանիների մոտ 200 տեսակ։ Ապրում են շատ աղի ջրերում, սկսած ափամերձ գոտուց մինչև 8 կմ խորությունները։ Հատակին շարժվում են «ձեռքերի» միջոցով, բայց կան և ազատ լողացող ձևեր (արգոնավտներ և այլն)։ Ծանծաղուտներում ապրող ութոտանիներն ունեն թանաքագեղձ, որի արտադրանքը պաշտպանվելիս բաց են թողնում ջրի մեջ։ Խորջրյա տեսակները թանաքագեղձ չունեն, որոշ տեսակների բնորոշ են լուսարձակող օրգանները։

Բոլոր ութոտանիները գիշատիչ են։ Իրենց հերթին նրանք կեր են ծառայում որոշ ծովային կաթնասունների և ձկների համար։ Օգտագործվում են սննդի մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png