Անանիա Շիրակացի
Անանիա Շիրակացի (ծն. և մահվան թթ. անհայտ), 7-րդ դարի հայ գիտնական։ Առաջինը կայուն հիմքերի վրա դրեց ճշգրիտ գիտությունների ուսումնասիրությունը Հայաստանում։ [1]
Բովանդակություն |
Ծննդավայրը և ուսումը [խմբագրել]
Անանիա Շիրակացին եղել է Անանիա գյուղից: Նախնական կրթությունը հավանաբար ստացել է Դպրեվանքի դպրոցում[փա՞ստ]: Այդ ընթացքում նա սովորել է Աստվածաշունչը և Սողոմոնի Սաղմոսարան գիրքը, որի իմաստության խորհրդից ներշնչում քաղելով, և համարողություն (թվաբանություն) սիրելով, որոշում է շարունակել ուսումը: Սակայն Հայաստանում որևէ ուսուցիչ և գիտական գրքեր չգտնելով, մեկնում է Բյուզանդիա: Թեուդոպոլիս քաղաքում Եղիազարոս անունով մի անձից լսում է Քրիստոսատուր անունով մի մաթեմատիկոսի մասին, որը ապրում էր Չորրորդ Հայքում: Վեց ամիս Քրիստոսատուրի մոտ անց կացնելուց հետո գալիս է այն եզրակացության, որ նա սպառիչ չի տիրապետում թվաբանության: Ապա ուզում է մեկնել Կոստանդինոպոլիս, երբ հանդիպում է այնտեղից եկող ծանոթների և լսում թէ Տյուքիկոս Բյուզանդացի անվամբ մի գիտուն ապրում է Տրապիզոնում, որը գտնվում էր Պոնտոսի ծովեզրին: Շիրակացին ութ տարի սովորում է Տյուքիկոսի մոտ, և այդ ընթացքում տիրապետում համարողական գիտությանը, ինչպես նաև ծանոթանում այլ գիտությունների և բազմաթիվ գրքերի հետ: Ապա նա վերադառնում է Հայաստան, և փորձում ուսուցանել իր գիտությունը: Նա նաև բացում է դպրոց և գրում դասագրքեր։ [2]
Գիտական գործունեության ոլորտը [խմբագրել]
Մեծ է Անանիա Շիրակացու գիտական գործունեության ոլորտը։ Զբաղվել է աստղագիտությամբ, աշխարհագրությամբ, մաթեմատիկայով, տոմարագիտությամբ։ Նա երկրակենտրոն համակարգի կողմնակից էր և ըստ այդմ էլ բացատրում էր տարվա եղանակների, գիշերվա ու ցերեկվա առաջացումը։ Որոշ համեմատությունների ու դատողությունների միջոցով եզրակացնում էր, որ Արեգակը մեծ է թե՛ Լուսնից, թե՛ Երկրից և գտնվում է շատ մեծ հեռավորության վրա։ Իր աշխատություններում Անանիա Շիրակացին նշել է աստղագիտության մի շարք գործնական կիրառություններ։ Տվել է Հայաստանի միջին լայնության համար ստվերաչափ կազմելու կանոնը։ Կազմել է լուսնային խավարումների 19-ամյա պարբերաշրջանի աղյուսակները։ Մեծ արժեք են ներկայացնում Անանիա Շիրակացու աշխատություններում հանդիպող աստղագիտական հայկական տերմինների մեկնությունները։ Մաթեմատիկական բովանդակություն ունեցող աշխատություններից ամենաարժեքավորը թվաբանության դասագիրքն է՝ գումարման, հանման, բազմապատկման և բաժանման գործողություններն ամփոփող աղյուսակներով։ Գրքում զետեղված են նաև թվաբանական և երկրաչափական պրոգրեսիաներ հիշեցնող աղյուսակներ, մի շարք խնդիրներ։ Անանիա Շիրակացու մեզ հասած աշխատություներից գիտական հետաքրքրություն են ներկայացնում նաև թանկարժեք քարերին, չափ ու կշիռներին, ֆիզիկայի և օդերևութաբանության զանազան հարցերին վերաբերող ուսումնասիրությունները։
Ազդվելով ժամանակի առաջավոր սոցիալ–քաղաքական ու մշակութային շարժումներից և անմիջականորեն ուսումնասիրելով բնությունը՝ նա կարողացել է տեսնել միջնադարյան բնագիտական տեսությունների կրոնական ուղղվածությունը և փորձել է դրանք փոխարինել գիտական տեսակետներով։ Անանիա Շիրակացու գիտա–մանկավարժական գործունեության և աշխարհայացքի վերլուծությունը վկայում է ինչպես նրա հայացքների բացառիկ խորության ու ինքնուրույնության, այնպես էլ միջնադարյան հայ առաջավոր բնագիտական, փիլիսոփայական ու մանկավարժական մտքի զարգացման գործում մատուցած մեծ ծառայությունների մասին։ Անանիա Շիրակացին փաստորեն բնական գիտությունների հիմնադիրն է Հայաստանում[փա՞ստ]։
Շիրակացու ձեռագրերը՝ նվիրված ճշգրիտ գիտություններին [խմբագրել]
Պահպանվել են նաև Շիրակացու «Տիեզերագիտությունը», «Կենդանակերպի համաստեղությունների մասին», «Ամպերի և մթնոլորտային նշանների մասին», « Արեգակի ընթացքի (շարժման) մասին», «Երկնքի շրջագայությունների (օդերևութաբանական երևույթների) մասին», «Ծիր կաթինի մասին» և այլ աշխատություններ: Շիրակացին իր աշխատություններում բերում է եգիպտացիների, հրեաների, ասորիների, հույների, հռոմեացիների և հաբեշների մոտ ընդունված թվագրության սկզբունքները, խոսում է մոլորակների շարժման, Արևի և Լուսնի խավարումների և նրանց պարբերականության մասին և այլն: Ընդունելով երկրի գնդաձևությունը Շիրակացին գտնում է, որ արևը կարող է լուսավորել երկրի երկու կողմերը օրվա տարբեր ժամերին և երբ երկրի մի կողմում ցերեկ է` մյուսում գիշեր : Նա Ծիր Կաթինը համարում է խիտ և աղոտ աստղերի կուտակում”: Պաշտպանում է այն գիտնականների կարծիքը, որոնք գտնում են որ Լուսինը սեփական լույս չունի և լույս ստանում է Արևի միջոցով: Արևի խավարումը բացատրում է Լուսնի` Արևի և Երկրի միջև գտնվելով: Շիրակացին ուշագրավ բացատրություններ է տալիս անձրևի, ձյան, կարկուտի, ամպրոպի, հողմերի, երկրաշարժի և բնության զանազան այլ երևույթների մասին: Շիրակացու գրչին են պատկանում նաև մի շարք աշխարհագրական, պատմական աշխատություններ: [1]
Հղումներ [խմբագրել]
Արտաքին հղումներ [խմբագրել]
Աղբյուրներ [խմբագրել]
- Տեր-Մրտչյան, Գ. Անանիա Շիրակացի, Հաղպատ, 1896
- Աբրահամյան Ա. Գ. Անանիա Շիրակացու մատենագրությունը, ուսումնասիրություն, Ե. 1944
- Առաքելյան Ա. Անանիա Շիրակացի, Երևան, 1955
- Պետրոսյան Գ. Մաթեմատիկան Հայաստանում հին և միջին դարերում, Ե. 1959
- Թումանյան Բ. Հայ աստղագիտության պատմություն, Ե. 1964
- Խռլոպյան Գ.Տ. Անանիա Շիրակացու աշխարհայացքը, Ե. 1964
- Անասյան Հ.Ս. Հայկական մատենագիտություն, հատոր 1 Ե. 1955
- Чалоян В. История армянской филисофии (древний и средневековый период, Е. 1959
- Petri W., Ananija Schirakazi Ejn Armenischer Kosmograph des 7 Jahrhunderds, Zeitschrift der Deutschen Morgenlandischen Gesellschaft B. 114, Munchen, 1964
- Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան // Երևան: «Հայկական Հանրագիտարան հրատարակչություն ՊՈԱԿ», 2002. — էջ {{{մեջբերվող էջեր}}}. — 1076 էջ.
