Սեն Արևշատյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սեն Արևշատյան
Ծնվել էհունվարի 7, 1928(1928-01-07)[1][2]
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2]
Մահացել էհուլիսի 25, 2014(2014-07-25)[3] (86 տարեկան)
Երևան, Հայաստան
Քաղաքացիություն ԽՍՀՄ և  Հայաստան
Մասնագիտությունփիլիսոփա և հայագետ
Հաստատություն(ներ)Մատենադարան[1] և ՀՀ ԳԱԱ[1]
Գործունեության ոլորտփիլիսոփայություն և պատմություն
Պաշտոն(ներ)տնօրեն
Ալմա մատերԵՊՀ պատմության ֆակուլտետ (1951)[1]
Կոչումթղթակից անդամ[2]
Գիտական աստիճանփիլիսոփայական գիտությունների դոկտոր[1][2] (1971)
Տիրապետում է լեզուներինհայերեն[4]
Պարգևներ
ԿուսակցությունԽՄԿԿ[1]
Ամուսին(ներ)Քնարիկ Տեր-Դավթյան
Երեխա(ներ)Աննա Արևշատյան

Սեն Սուրենի Արևշատյան (հունվարի 7, 1928(1928-01-07)[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հուլիսի 25, 2014(2014-07-25)[3], Երևան, Հայաստան), հայ փիլիսոփա, պատմաբան, 1982 - 2007 թվականներին Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1928 թվականի հունվարի 7-ին Երևանում։ Հայրը՝ Սուրեն Արևշատյանը, թատերական ինստիտուտի դասախոս էր, մեծ հարգանք վայելող մտավորական, հռետորության բուհական առաջին ձեռնարկի հեղինակ։ 1951 թ. Սեն Արևշատյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1951-1954 թվականներին ՀՍՍՀ ԳԱ ասպիրանտուրայում մասնագիտացել է հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմության մեջ։ 1956 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն՝ XIV-XV դարերի մատենագիր, ականավոր գիտնական Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքների վերաբերյալ։ 1954-1959 թվականներին Ս. Արևշատյանը եղել է ՀԽՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի սեկտորի գիտաշխատող։ 1959 թվականի ապրիլին նա աշխատանքի է անցել ՀԽՍՀ Մինստրների խորհրդին առընթեր հին ձեռագրերի նորաստեղծ գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում` որպես սկզբնաղբյուրների գիտական թարգմանության բաժնի վարիչ։ 1972 թվականին ստացել է փիլիսոփայական գիտությունների դոկտորի աստիճան։ 1973 թվականին Ս. Արևշատյանը ղեկավարել է Մատենադարանի հին բնագրերի ուսումնասիրության և հրապարակման բաժինը, իսկ 1982 թվականի մարտին նշանակվել է Մատենադարանի տնօրեն, նաև համատեղության կարգով եղել է ՀԽՍՀ ԳԱ պատմաբանասիրական հանդեսի պատասխանատու քարտուղարը (1958-1960 թթ), փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի ավագ գիտաշխատող` 1972-1979 թթ։ Սեն Արևշատյանը 1975-1978 թվականներին դասավանդել է Երևանի պետական համալսարանում։ Մինչև 2014 թվականն այդ ինստիտուտի գիտաթեմատիկ խմբի գիտական ղեկավարն էր։ 1982 թվականին Սեն Արևշատյանն ընտրվում է ՀԽՍՀ ԳԱ թղթակից անդամ, 1996 թվականին՝ ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս[5]։ Ակադեմիկոս Արևշատյանը 25 տարի՝ 1982-2007 թվականներին եղել է Մատենադարանի տնօրեն, իսկ 2007-2014 թվականներին Մատենադարանի կառավարման խորհրդի նախագահ[6]։

Գիտական գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Արևշատյանը հեղինակ է ավելի քան 150 գիտական աշխատությունների, այդ թվում 30 մենագրությունների և բազմաթիվ հոդվածների, որոնք լույս են տեսել ոչ միայն Հայաստանում, այլև՝ Մոսկվայում, Փարիզում, Վարշավայում, Շտուտգարտում, Սանկտ Պետերբուրգում, Աթենքում, Կահիրեում և այլուր։ Դրանք վերաբերում են հիմնականում հայ հին և միջնադարյան փիլիսոփայության պատմությանը, բայց դրանց ընդգրկումն իրականում շատ ավելի լայն է, իսկ տեսական առումով դրանք պարունակում են հայկական մշակույթի և նրա պատմությանը վերաբերող ընդհանուր տեսական հարցադրումներ[7]։ Այս տեսակետից գիտական լուրջ արժեք են ներկայացնում նրա «Գրիգոր Տաթևացու փիլիսոփայական հայացքները», «Միջանադարյան Հայաստանի դպրոցների պատմության շուրջը», «Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (5-6-րդ դարեր)», «Դավիդ Անհաղթ» և այլ մենագրություններ, որոնցից յուրաքանչյուրը բովանդակում է նոր գաղափարներ, մշակույթի պատմության ժամանակաշրջանների նոր իմաստավորում, գրավոր հուշարձանների նոր ընթերցում։ Պրոֆեսոր Արևշատյանի գիտական գործունեության կարևոր մասն են կազմում հայ ականավոր իմաստասերներ Մեսրոպ Մաշտոցի, Եզնիկ Կողբացու, Դավիթ Անհաղթի, Անանիա Շիրակացու, Հովհան Որոտնեցու, Գրիգոր Տաթևացու երկերի ռուսերեն թարգմանությունները[8]։

Պարգևատրումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեն Արևշատյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, պարգևատրվել է շքանշաններով ու մեդալներով, Եվրոպայի մշակույթի «Պո-Արաքս» ընկերության (Վենետիկ) անդամ է, Փիլիսոփայական միջազգային ակադեմիայի իսկական անդամ, «Արարատ» միջազգային ակադեմիայի (Փարիզ) թղթակից անդամ։ 2008 թվականին պարգևատրվել է ՀՀ Կրթության և Գիտության նախարարության ոսկե մեդալով, արժանացել է Հայ Առաքելական եկեղեցու «Սուրբ Սահակ, Սուրբ Մեսրոպ» շքանշանի, 2010 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով[9]։

Գիտական աշխատությունների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դավիթ Անհաղթ (Անյաղթ) «Մեկնութիւն ի վերլուծականն Արիստոտելի» Երևան 1967 ;
  • Փիլիսոփայական գիտության ձևավորումը հին Հայաստանում (V-VI-րդ դդ) Երևան - 1973 ;
  • Արիստոտելը և հայ փիլիսոփայությունը։ Հոդվածների ժողովածու ;
  • Դավիթ Անհաղթ, Երևան - 1980 ;
  • Գլաձորի համալսարանը միջնադարյան Հայաստանի լուսավորության կենտրոն։ Երևան - 1984 ;
  • Հայ Փիլիսոփայության պատմություն։ Հին շրջան և վաղ միջնադար։ Երևան - 2007 ;
  • Սուրբ Գրիգորի վարդապետությունը։ Երևան - 2007 ;
  • Գրիգոր Տաթևացի. Սողոմոնի առակների մեկնությունը։ Երևան 2009 ;
  • Философские взгляды Григора Татеваци. Ер. - 1957 ;
  • Давид Непобидимый (Анахт). Определения философии ;
  • Анания Ширакаци. Космография. Ер. 1962 ;
  • Role of David the Invincible in the development of ancient Armenian philosophy. Er-1980[10] ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 2,7 Հայկական համառոտ հանրագիտարան (հայ.)Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1990. — հատոր 1.
  3. 3,0 3,1 3,2 http://am.hayazg.info/index.php?curid=2152
  4. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  5. «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի իսկական անդամներ». Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  6. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
  7. Գրիգորյան Գևորգ (Թիվ 6, 1979 թ.). «Վաստակաշատ հայագետը». Սովետական Հայաստան: Էջեր 10, 11.
  8. «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսների կենսամատենագիտություններ». greenstone.flib.sci.am. Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
  9. Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին
  10. «ՀՀ ԳԱԱ հիմնարար գիտական գրադարանի էլ․ շտեմարան- Սեն Արևշատյան». Վերցված է 2023 թ․ մայիսի 5-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 46