Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հայաստանի Հանրապետության Գիտությունների Ազգային Ակադեմիա
Armenian Academy of Sciences.jpg
Հապավում ԳԱԱ
Միջազգային անվանում Armenian National Academy of Sciences
Հիմնադրում 1943-ի նոյեմբերի 29
Տիպ Ակադեմիա
Նախագահ Ռադիկ Մարտիրոսյան
Ընդհանուր անձնակազմ 3700
Դոկտորներ 335
Կայք http://www.sci.am/index.php?langid=2

Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիան, ԳԱԱ կամ ՀՀ ԳԱԱ հապավումով, բարձրագույն պետական ինքնակառավարվող ոչ առևտրային հաստատություն է, որի նախագահությունը գտնվում է Երևանում։ Ակադեմիան նաև մասնաճյուղեր ունի Գյումրիում, Սևանում, Գորիսում, Վանաձորում, և Կապանում։

Այն կազմակերպում և իրականացնում է հիմնարար և կիրառական գիտական հետազոտություններ, և համակարգում է հանրապետությունում կատարվող հիմնարար հետազոտությունները։ ԳԱԱ-ն նաև ծառայում է որպես ՀՀ իշխանության բարձրագույն մարմինների պաշտոնական գիտական խորհրդական։

ՀՀ ԳԱԱ-ն 1943 թվականին հիմնադրված Հայաստանի գիտությունների ակադեմիայի իրավահաջորդն է դարձել 1993 թվականից։

Պատմություն[խմբագրել]

1943 թվականի նոյեմբերի 25-ին հիմնադրվել է Հայաստանի գիտությունների ակադեմիան՝ 1935 թվականից գործող Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միության հայկական մասնաճյուղի (ԱրՄՖԱՆ հապավումով) հիման վրա։ Նրա հիմնադիրներից են եղել Հովսեփ Օրբելին, Ստեփան Մալխասյանցը, և Վիկտոր Համբարձումյանը։ Հովսեփ Օրբելին նաև ծառայել է որպես ԳԱԱ-ի առաջին նախագահ մինչև 1947 թվական, որից հետո ԳԱԱ նախագահ է դարձել Վիկտոր Համբարձումյանը մինչ 1993 թվական։

1993 թվականին, Հայաստանի գիտությունների ակադեմիայի անունը փոխվել է Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի, և այդ թվականից մինչ 2007 թվական նրա նախագահի պաշտոնում է ծառայել Ֆադեյ Սարգսյանը, իսկ 2007 թվականի փետրվարի 19–ին այդ պաշտոնը հանձնարարվել է Ռադիկ Մարտիրոսյանին։

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի շենքը կառուցվել է 1955 թվականին։ Շենքը վերանորոգվել է 2009 թվականին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ ու «Տաշիր» բարեգործական հիմնադրամի միջոցներով։[1]

ՀՀ ԳԱԱ Կառուցվածքը[խմբագրել]

ԳԱԱ-ն ֆինանսավորվում է պետական բյուջեից։ Լրացուցիչ ֆինանսավորման աղբյուր են հանդիսանում պետական և մասնավոր հիմնադրամներից տրամադրված, ինչպես նաև հանրապետության և այլ պատվիրատուների հետ կնքած պայմանագրերի արդյունքում ստացվող գումարները։

ՀՀ ԳԱԱ-ն 50-ից ավելի գիտական ինստիտուտների, հաստատությունների, ձեռնարկությունների, և այլ կազմակերպությունների միավորումը և նախագահության միասնությունն է։

Այն ունի գիտության բնագավառների հինգ բաժանմունքներ՝

Սույն գիտությունների բաժանմունքներում գործում են տարբեր գիտական ուղղությունների խորհուրդներ, իսկ ԳԱԱ-ի նախագահության առընթեր նաև գոյություն ունեն գիտահրատարակչական խորհուրդ, հաշվողական տեխնիկայի հանձնաժողով, էներգետիկայի պրոբլեմային գիտական խորհուրդ, և Սևանա լՃի պահպանության փորձագիտական հանձնաժողով։

ԳԱԱ-ի շենքին առընթեր գործում են հիմնակազմ գիտական գրադարան, Գիտական տեղեկատվության կենտրոն, Գիտակրթական միջազգային կենտրոն, «Գիտություն» հրատարակչական-արտադրական միավորումը և տպարանը, ինչպես նաև այլ ծառայություններ։

Անձնակազմ[խմբագրել]

Ակադեմիան ունի ավելի քան 4500 աշխատակից, որոնցից 99-ը ակադեմիկոսներ, 20-ը թղթակից անդամներ, 335-ը գիտության դոկտորներ, և 1156-ը գիտության թեկնածուներ են։ Ակադեմիան նաև իր կազմում ունի 3 պատվավոր անդամ, 24 արտասահմանյան անդամ և 24 պատվավոր դոկտոր։

Կառավարում[խմբագրել]

ՀՀ ԳԱԱ-ն կառավարվում է ակադեմիայի ընդհանուր ժողովի կողմից, որն ընդրգրկում է ակադեմիայի իսկական անդամներին, թղթակից անդամներին և գիտական կազմակերպությունների տնօրեններին։

ԳԱԱի նախագահներ[խմբագրել]

Նախագահի անուն Ծառայության ժամանակաշրջան
Հովսեփ Օրբելի 1943–1947
Վիկտոր Համբարձումյան 1947–1993
Ֆադեյ Սարգսյան 1993–2007
Ռադիկ Մարտիրոսյան 2007–հիմա

Միջազգային գիտական համագործակցություն[խմբագրել]

ՀՀ ԳԱԱ գիտական համագործակցության պայմանագրեր ունի մի շարք երկրների գիտությունների ակադեմիաների հետ, որոնք են՝ Ռուսաստանը, Վրաստանը, Բելառուսը, Ուկրաինան, Թուրքմենիստանը, Հունգարիան, Չինաստանը, և Մեծ Բրիտանիան։

ՀՀ ԳԱԱի ներքո գտնվող գիտահետազոտական ինստիտուտները նաև գիտական համագործակցական լայն կապեր ունեն ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Նեդեռլանդների, Իսրայելի, Իրանի, Կիպրոսի, Մեքսիկայի և այլ երկրներին գիտական կենտրոնների հետ։

ՀՀ ԳԱԱ գիտնականները նաև իրենց մասնակցությունն են բերում միջազգային մի շարք հիմնադրամների և այլ կազմակերպությունների գիտական ծրագրերին։

Հրատարակչական գործունեությունը[խմբագրել]

ՀՀ ԳԱԱ հրատարակում է 15 անուն գիտական տպագիր և էլեկտրոնային ամսագրեր.

  1. ՀՀ ԳԱԱ զեկույցներ
  2. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Երկրի մասին գիտություններ
  3. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Մաթեմատիկա
  4. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Մեխանիկա
  5. ՀՀ ԳԱԱ տեղեկագիր․ Ֆիզիկա
  6. ՀՀ ԳԱԱ և ՀՊՃՀ տեղեկագիր. Տեխնիկական գիտություններ
  7. Հայաստանի քիմիական հանդես
  8. Հայաստանի կենսաբանական հանդես
  9. Հայաստանի բժշկագիտություն (հանդես)
  10. Պատմաբանասիրական հանդես
  11. Լրաբեր հասարակական գիտությունների
  12. Աստղաֆիզիկա (հանդես)
  13. Նեյրոքիմիա (հանդես)
    2008 թվականից սկսած, ակադեմիան նաև առցանց հրատարակում է ևս երկու գիտական էլեկտրոնային հանդես՝
  14. Հայկական ֆիզիկական հանդես
  15. Հայկական մաթեմատիկական հանդես
Ակադեմիան 1993 թվականից նաև հրատարակում է
Գիտություն թերթը։

Աղբյուրներ[խմբագրել]

Արտաքին Հղումներ[խմբագրել]