Եզնիկ Կողբացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Եզնիկ Կողբացի (մոտ 380, Կողբ – 450), հայ փիլիսոփա, թարգմանիչ, հասարակական–եկեղացական գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից։ Մասնակցել է Աստվածաշունչի և այլ երկերի թարգմանությանը։ Եզնիկի մասին հիշատակում են Կորյունը, Եղիշեն, Մովսես Խորենացին։ Եզնիկ Կողբացու աշխատություններից պահպանվել են «Եղծ աղանդոց»–ը՝ հայ փիլիսոփայության կարևոր սկզբնաղբյուրներից մեկը (հայտնի է նաև «Վասն Աստուծոյ» անվամբ)։

Եզնիկ Կողբացին հայ փիլիսոփայության մեջ զարկ է տվել պատրիստիկական–ջատագովական ուղղությանը։ Հիմնականում հետաքրքրվել է գոյաբանական հարցերով, մշակել մոնիստական փիլիսոփայական, աստվածաբանական ուսմունք։ Ըստ նրա, միակ և իրական սուբստանցը Աստվածն է՝ մշտնջենական, ոչնչով չպայմանավորված, բայց ամեն ինչի պատճառ հանդիսացող էակը։ Այս դիրքերից նա սուր պայքար է մղել քրիստոնեական գաղափարախոսությունը հակադրող փիլիսոփայական և կրոնա–աղանդավորական ուսմունքների դեմ, հերքել է հեթանոսական աշխարհայացքը, անտիկ փիլիսոփաների ուսմունքները և հատկապես պարսից զրվանականությունը։ Աղանդների հերքման և քրիստոնեության փիլիսոփայական հիմնավորման առնչությամբ Եզնիկ Կողբացին արտահայտվում է նաև անտիկ փիլիսոփայական ուսմունքների՝ հունական պոլիթեիզմի, ստորկյան պանթեիզմի, էպիկուրյան աթեիզմի դեմ, քննադատում զգայական աշխարհի առաջացման մասին Պլատոնի ուսմունքը։ Ռացիոնալիզմի դիրքերից նա ժխտում է սնահավատությունը, ճակատագրապաշտությունը, աստղագուշակությունը, հեթանոսությունից հավատալիքները։ Ըստ նրա աշխարհը ճանաչվում է զգայության ու բանականության միջոցով։ Զգայությամբ մարդն ընկալում է նյութական աշխարհը, բանականությամբ սահմանում է այն և որոշում իր գործողությունները, վարվելակերպը։ Հետևաբար, բանականությունը, զգայության համեմատությամբ ճանաչողության բարձր ձև է։ Սակայն, զգայությունից և բանականությունից բացի, մարդուն հատուկ է նաև բնազդը։ Մտածելու ունակությունը կորցնելու դեպքում մարդը բացառապես գործում է բնազդով։ Եզնիկ Կողբացին պաշտպանել է չորս տարրի ուսմունքը. ըստ նրա, բնությունը կազմված է աստծու ստեղծած չորս տարրերից՝ կրակից, օդից, ջրից և հողից։ Գիտության պատմության համար կարևոր նշանակություն ունեն Եզնիկ Կողբացու արտահայտած մտքերը բնագիտության (ֆիզիկայի, բժշկության և կենսաբանության) մասին։

Աշխատություններ[խմբագրել]

Գրականություն[խմբագրել]

  • Եզնիկ Կողբացու լիակատար մատենագիտությունը տե՛ս Եզնիկ Կողբացի, [Ճառք ընդդէմ աղանդոց], հատոր Առաջին, Ներածութիւն և քննական բնագիր, սրբագրուած և միակ վաւերական հրատարակութիւն, առանց այլընթերցումների. Աշխատասիրութեամբ Մարտիրոս Մինասեանի, Ժնև, 1992, էջ 17-42,

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են