Կորյուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Կենսագրություն[խմբագրել]

Կորյուն (մոտ 380-մոտ 450), հայ պատմիչ, վարդապետ, թարգմանչաց շարժման գործիչ։ Մեսրոպ Մաշտոցի առաջին աշակերտներից։

Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի հանձնարարությամբ ուսուցանելու է մեկնել Հայաստանի գավառները։ Ապա՝ իր մյուս աշակերտներից ոմանց հետ ուղարկվել է Ասորիք և Կ.Պոլիս՝ ասորերենի և հունարենի մեջ հմտանալու։ Կորյունը և մյուսները հայրենիք են վերադարձել 431–ից հետո՝ իրենց հետ բերելով Ս.Գրքի հունական լավագույն օրինակներ, ինչպես և Նիկիայի առաջին ու Եփեսոսի տիեզերական ժողովների կանոնները։ Դրանից հետո Կորյունը զբաղվել է եկեղեցական և թարգմանչական գործունեությամբ, մասնակցել Աստվածաշնչի հայերեն թարգմանությանը։ Ենթադրվում է, որ թարգմանել է «Նար Մակաբայեցոց» գիրքը և այլ երկեր։ Բայց Կոյրունի հեղինակությամբ մեզ հասած միակ վավերական գործը Մեսրոպ Մաշտոցի կենսագրությունն է, որ շուրջ 442–ին Հայոց կաթողիկոս Հովսեփ Ա Վայոցձորցու պատվերով գրել և ավարտել է 443-450–ին։

«Վարք Մաշտոցի»–ն[1] հայ ազգային մատենագրության առաջին երկերից է, որում Կորյունը վարքաբանական ձևի տակ կարևոր տեղեկություններ է հաղորդել հայոց, վրաց և աղվանից գրերի գյուտի ու դրանց հանգամանքների մասին։ Այն V դ. սկզբին Հայաստանում ծավալված մտավոր ու քաղաքական շարժման մասին առաջին ու միակ հավաստի սկզբնաղբյուրն է՝ գրված ժամանակակցի, իրադառնությունների մասնակցի և ականատեսի կողմից։ Երկը սպառիչ է իր առաջադրված խնդրի սահմաններում։ Բաղկացած է չորս մասից. մուտք, առաջաբանություն, բուն շարադրանք և վերջաբան։ «Վարքում» տեղ են գտել միայն կարևորագույն հանգամանքները, հայտնի, ընդհանուր ճանաչում գտած իրադարձություններն ու փաստերը, որպեսզի տարակարծությունների և ընդդիմության տեղիք չտրվի։ Այստեղ էլ՝ երկի սեղմ, համառոտ և ճշմարտապատում բնույթը։ Հետագա բոլոր պատմիչները գրերի գյուտի, Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի կյանքի ու գործունեության վերաբերյալ, ինչպես և դրանք լրացնող այլ տեղեկություններ քաղել են Կոյրունի երկից և հենվել նրա վրա։ Երկը մեծ հետաքրքրություն է առաջացրել նաև բանասիրության ու պատմագիտության մեջ։


Աշխատություններ[խմբագրել]

  • Կորիւն, Վարք Մաշտոցի բնագիրը ձեռագրական այլ ընթերցվածներով, թարգմանությամբ, առաջաբանով եւ ծանոթագրություններով ի ձեռն պրոֆ. Մանուկ Աբեղյանի, Հայպետհրատ, Երեւան, 1941
  • Կորիւն, Վարք Մեսրոպ Մաշտոցի, աշխատութեամբ Ա. Մաթեւոսեանի, Երեւան, 1994 (Կորիւնի երկի ձեռագրերի ու տպագրերի ցանկը տե՛ս էջ 9-19):
  • Կորիւն, Վարք Մաշտոցի. Յառաջաբան, բնագրի վերակազմութիւն եւ ծանօթագրութիւններ, աշխատասիրեց Հ. Պօղոս Անանեան, Վենետիկ-Ս. Ղազար, 1998 (Հայկական մատենադարան, 4), (մատենագիտութիւնը տե՛ս էջ Ը-ԺԴ)
  • Կորիւն, Վարք Մաշթոցի. Ուղղեալ եւ լուսաբանեալ ի Գառնիկ Ֆնտգլեանէ, Երուսաղէմ, տպ. Սրբ. Յակոբեանց, 1930։
  • Կորիւն, Վարք Մաշտոցի,- «Մատենագիրք Հայոց», հատոր Ա, Ե դար, էջ 229-272։

Գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են