Մխիթար Այրիվանեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մխիթար Այրիվանեցի (1230/35, Երևան– 1297/1300, Այրիվանք, թաղված է իր ճգնարան-քարայրի շեմին), մատենագիր, պատմիչ, մանկավարժ, վարքագիր, բանաստեղծ, երգահան:

Կյանքը և գործունեությունը [խմբագրել]

1265–75-ին Խոր վիրապի վարդապետարանում ծավալել է գիտամանկավարժական լայնածավալ գործունեություն, հիշատակվում է որպես «անդրանիկ վարդապետ», «գերահռչակ և բարերջանիկ, վսեմախոհ րաբունի», «րաբունյաց րաբունի»: Առնչվել է Հովհաննես Վանականի ու Վարդան Արևելցու դպրոցների հետ և շարունակաբար զարգացրել դրանց մանկավարժական ավանդույթները: Մինչև 1275-ը ապրել և գործել է Օրբելյաններին ենթակա հոգևոր կենտրոններում, ապա իր գործունեությունը շարունակել Խաղբակյանների իշխանությանը ենթակա Այրիվանքում: 1277–79-ին որպես «Այրիվանքի սուրբ ուխտի» եպիսկոպոս վարել է Սրկղունիքի Ս. Հակոբ եկեղեցու և Թանահատի վանքի Ս. Ստեփանոս եկեղեցու նավակատյաց տոնակատարությունները: Մինչև 1289-ը որպես արքեպիսկոպոս ղեկավարել է Պռոշյաններին ենթակա հոգևոր կենտրոնների եկեղեցական գործերը: 1289-ին Այրիվանքի բարձրադիր ժայռերից մեկի քարայրում կառուցել է տվել ճգնարան-աշխատատեղի, մեկուսացել արտաքին աշխարհից, ապրել ճգնավորի նախատեսված կանոններով, շարունակել իր ստեղծագործական աշխատանքը:

Մխիթար Այրիվանեցու գիտամանկավարժական և գրական գործունեության առաջին շրջանն աղերսվել է Պատարագամատույց, Հայսմավուրք, Մաշտոց եկեղեցածիսական ժողովածուների հետ՝ «Երրորդ աւուրն գալստեան հոգոյն և աւրհնութիւն ձիթոյ» (1253–73 թթ)գանձը, «Նորակերտ գրոց», եկեղեցականպատկերների օրհնությանը նվիրված երգը, «Աղ աւրհնելոյ», «Խունկաւրհնելոյ», «Դրան եկեղեցւոյ» աղոթքները: Նրա վաղ շրջանի հեղինակած գործերից են նաև Ստեփանոս Ալեքսիանոս Կրոնավորին նվիրված վարքերը:

1280-ական թթ. սկսվել է Մխիթար Այրիվանեցի գիտա-մանկավարժական և գրական գործունեության երկրորդ՝ առավել բեղուն շրջանը: Նրա շնորհիվ մեծ հռչակ է ձեռք բերել Այրիվանքի ուսումնական կենտրոնը՝ «Այրիվանաց մեծ ուխտը»: Այդ տարիների դպրոցի բարձր մակարդակի վկայությունն է Մխիթար Այրիվանեցու կազմած վարդապետական բարձրագույն դպրոցներում եռյակ գիտությունների տեսական, իմաստասիրական, աստվածաμանական առարկաների դասավանդման համար հանձնարարվելիք գրականության ուսումնական ծրագիրը, որը գիտական աշխարհում հայտնի է «Կարգադրութիւն գրոց սրբոց...» խորագրով և թարգմանված է մի քանի լեզուներով: Այրիվանքում 1283-ին ի մի բերելով վերոհիշյալ ծրագրով նախատեսված ամբողջ գրականությունը, կազմել է դրան համապատասխան ուսումնական ձեռնարկ-ժողովածու՝ քրեստոմատիա (հայագիտության մեջ ճանաչված է Ճառընտիր անունով): 2000 մեծադիր էջերից բաղկացած փիլիսոփայական, աստվածաբանական, իմաստասիրական երկերի ինքնագիր այդ ժողովածուն (Մատենադարան, ձեռ.դ 1500) իր կառուցվածքով ու բովանդակությամբ եզակի արժեք ունի ոչ միայն հայ, այլև միջնադարյան համաշխարհային գրական հուշարձանների շարքում:

1268-ին ստեղծել է հոգևոր անհատական երգերի իր չափածո ժողովածուն՝ Գանձարանը, որը մեծ ճանաչման է արժանացել դեռևս միջնադարում: Ժողովածուի հիմնական խմբում ընդգրկվել են տերունական, վկաներին, սրբերին նվիրված 19 գանձ, ծիսական բնույթի 2 գանձ, 2 երգ և ինքնագիր չափածո հիշատակարան (Մատենադարան, ձեռ. դդ 4011, 6529): Մխիթար Այրիվանեցին եղել է իր իսկ գանձերի երգահանը: Նրա գանձերը μանաստեղծական խոսքով օժտված չափածո ստեղծագործություններ են («Սրբոց հայրապետացն երեք ժողովոյն», «Գանձ ամենայն սրբոց թագաւորաց», «Սրբոց թարգմանչացն Սահակայ և Մեսրոպայ», «Սրբոց Հռիփսիմեանց», «Կաթողիկէ եկեղեցւոյ», «Ամենայն սրբոց թագաւորաց») գանձերը:

Մխիթար Այրիվանեցու գրական ժառանգության մեջ ուրույն տեղ են գրավում նրա բանաստեղծությունները, որոնք հիմնականում տաղեր են, օրհնության երգեր՝ հորինված եկեղեցական ձեռնարկների և ծիսական նպատակների համար: Նա հեղինակ է նաև Ստեփանոս Սյունեցուն նվիրված շարականի, որը ցայժմ անհայտ է:

Մխիթար Այրիվանեցուն պատմիչի ճանաչում է բերել «Նոր պատմութիւն» (1289, հրտ. «Պատմութիւն Հայոց», 1860) ժամանակագրական բնույթի երկը, որն ընդգրկում է հայ և հարևան ժողովուրդների պատմությունն Արարչագործությունից մինչև XIII դ: Օգտագործված են կորած սկզբնաղբյուրներ, որի շնորհիվ մեզ են հասել պատմական եզակի տեղեկություններ: Երկը նորություն է իր կառուցվածքով, ոճային առանձնահատկություններով, աշխատության առաջին մասում զետեղված մատենագիտական նշանակության 35 անվանացանկերով:

Մխիթար Այրիվանեցին աշխատել է նպաստել կաթողիկոսական աթոռն ու թագավորական գահը Հայաստան տեղափոխելու ծրագրերի մշակմանը: Կյանքի վերջին տարիներին գրել է «Տոմարի տեսություն» աշխատությունը, որը մեզ չի հասել: Դրա առանձին հատվածներ պահպանվել են «Նոր պատմութիւն» երկում:

Գրականություն [խմբագրել]

Մխիթար Այրիվանեցի (Կյանքն ու ստեղծագործությունը) / Է.Հ. Հարությունյան; Պատ. խմբ.՝ Ա.Շ. Մնացականյան; Մատենադարան. ՀՍՍՀ մինիստրների խորհրդին առընթեր Մաշտոցի անվ. հին ձեռագրերի ին-տ., Երևան, Հայկական ՍՍՀ ԳԱ, 1985. - 240 էջ աղս.

Արտաքին հղումներ [խմբագրել]

Քրիստոնյա Հայաստան հանրագիտարան, Երևան, 2002