Սեբեոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեբեոսը (նաև՝ Եւսեբեոս, Սեբիոս), 7-րդ դարի հայ պատմիչ։

Միջնադարյան մատենագիրներից Ասողիկը, Սամուել Անեցին, Կիրակոս Գանձակեցին և այլոք հաղորդում են, որ Սեբեոսը գրել է պատմություն հունական կայսր Հերակլի մասին` «Պատմութիւն Հերակլի»։ Սակայն այդ պատմությունը երկար ժամանակ կորած էր համարվում: Սեբեոսի երկի բնագիրը գտնվեց 19-րդ դարի սկզբներին` Էջմիածնի մատենադարանի ձեռագրերում և առաջին անգամ հրատարակված 1851-ին։

Կենսագրական պատառիկներ[խմբագրել]

Սեբեոսի մասին կենսագրական տեղեկություն չեն պահպանվել: Պատմության մեջ եղած մի երկու ցուցումներից երևում է, որ ճանապարհորդել է, եղել է Միջագետքում: Պարսից Խոսրով թագավորի պալատում հանդիպել է Չինաստանից եկած դեսպաններին, նրանցից լսել Մամիկի ու Կոնակի զրույցը:

645Դվինի եկեղեցական ժողովի մասնակիցների մեջ եղել է նաև Սեբեոս Բագրատունյաց եպիսկոպոսը: Ենթադրվում է, որ նա էլ հենց Հերակլի մասին գրողն է: Քանի որ պատմությունը վերջանում է 661 թվականով, իսկ մինչ 628 թվականը նա եղել է Խոսրով Ապրուեզի (590-628) պալատում, ուրեմն ծնված պետք է լինի 6-րդ դարի վերջերին, իսկ պատմությունը գրել է մոտ 70 տարեկան հասակում:[1]

Պատմությունը[խմբագրել]

Սեբեոսի աշխատությունը մի տեսակ ամբողջական հայոց պատմություն է սկզբից մինչև 661 թվականը: Սկզբում նա պատմում է Հայկի ու Բելի առասպելը և Հայկի սերունդի մասին: Ապա նա գրում է պարթևների Սելևկյաններից ապստամբելու մասին, Հայաստանի առաջին Արշակունի թագավորի` Արշակի մասին. վերջում դնում է պարթևների և հայոց թագավորների ցուցակը իրենց տարիներով, հայոց Արշակ Փոքրից սկսած մինչև Պապ թագավորը:

Աղբյուրներ[խմբագրել]

  1. (1976) Հայ մշակույթի նշանավոր գործիչները (V-XVIII դարեր)։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն, էջ 125։