Ասորական գրականություն
Ասորական գրականությունը ասորի քրիստոնյաների կողմից գործածվող միջին արամեերեն լեզվով գրված գրականությունն է: Դասական ասորական գրականության մեծ մասը քրիստոնեական կրոնական բնույթի է:
Դասական ասորերենով գրված գրական առաջին նմուշը Աստվածաշնչի թարգմանությունն է՝ Պեշիտտան և Դիաթեսսարոնը (Նոր Կտակարանի համաբարբառ): Մ.թ. 3-րդ դարի ասորական գրականության դեմքերից է Բարդածան Եդեսացին, որն ըստ Մովսես Խորենացու վկայության այցելել է նաև Հայաստան[1]: Մ.թ. 4 դարը համարվում է ասորական գրականության ոսկեդարը: Այդ ժամանակաշրջանի երկու նշանավոր դեմքերն են Հակոբ Ափրաատը և Եփրեմ Ասորին: Հաջորդ երկու դարերի ընթացքում ստեղծագործել են Մարութաս Մայփերկաթցին, Հակոբ Սրճեցին, Ֆիլոքսեն Մաբուկեցին, Սիմեոն Բեթ-Արշամացին:
Իսլամի առաջ գալը և տարածումը ընդհանուր առմամբ բարենպաստ ազդեցություն է ունեցել ասորի մշակույթի վրա: Ասորերենի հունականացման գործընթացը, որն իրեն զգացնել էր տալիս 6-7 դարերի ընթացքում, դանդաղեց և դադարեց: Ասորական գրականությունը 9-րդ դարում մուտք գործեց իր զարգացման արծաթե դար: Տվյալ ժամանակաշրջանի երկերն իրենց բնույթով ավելի հանրագիտարանային և սքոլաստիկ էին՝ ներառելով Աստվածաշնչի մեկնիչներ Իշոդադ Մերվացու և Դիոնիսիոս Բար-Սալիբիի գործերը: Ասորերեն գրականության արծաթե դարի պսակն է հանդիսանում Բար-Հեբրեուսը:
Մոնղոլների կողմից իսլամ ընդունելը հանգեցրեց ասորի համայնքների թուլացմանը և համապատասխանաբար գրական մշակույթի նահանջի: Այնուամենայնիվ, 14-րդ դարից առ այսօր ասորի լեզվով գրականության հասքը չի դադարել: Այն ներառում է քրիստոնյա ասորիների կողմից գործածվող տարբեր խոսակցական նոր-արամեերեն բարբառներով գրականությունը: Նոր-ասորի գրականությունը իր վրա է կրում երկակի ազդեցություն՝ շարունակելով անցյալի ասորական գրականության ավանդույթները և ներառելով ոչ-միատարր խոսակցական լեզուն: Նոր շրջանի գրականությունը հանգեցրեց քաղդեերեն նոր արամեերենի որպես գրական լեզու ձևավորմանը:
Ասորական գրականության թարգմանությունը հայերեն [խմբագրել]
4-6-րդ դարերի ասորական գրականության փոքր ի շատե կարևոր նշանակություն ունեցող եկեղեցական հայրերի՝ Հակոբ Ափրաատի, Եփրեմ Ասորու, Մարութա Մայփերկաթցու, Եդեսիայի եպիսկոպոս Ռաբուլասի, Հակոբ Սրճեցու, Ֆիլոքսեն Նաբուկեցու, Սիմեոն Բեթ-Արշամացու և այլոց գործերը թարգմանված են հայերեն (գրաբար)՝ հայոց նշանագրերի գյուտից անմիջապես հետո[2]:
Պատմաբան Երվանդ Տեր-Մինասյանը գտնում է, որ ասորական գրականության ազդեցությունը հայոց վրա շարունակվել է բացի ամբողջ 5-րդ դարից նաև 6-րդ դարում և հենց 6-րդ դարի առաջին քառորդին էլ վերջացել է, շնորհիվ այն հանգամանքի, որ ասորական եկեղեցին մտել է պառակտման ժամանակաշրջան և թուլացել է[3]: