Դերենիկ Դեմիրճյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Դերենիկ Դեմիրճյան
Դերենիկ Կարապետի Դեմիրճօղլյան
Demirchyan-Derenik (30).JPG
(բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ)
Ծնվել է փետրվարի 18, 1877
Ծննդավայր Ախալքալաք Ռուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Մահացել է դեկտեմբերի 6, 1956
Մահվան վայր Երևան Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Հայկական ԽՍՀ

Դերենիկ Կարապետի Դեմիրճյան (Դեմիրճօղլյան) (1877 փետրվարի 18, Ախալքալաք (այժմ՝ Վրաստան) - 1956 դեկտեմբերի 6, Երևան), հայ գրող, հրապարակախոս։

Կենսագրություն[խմբագրել]

Նախնական կրթությունն ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903-ին մեկնել է Մոսկվա։ 1905-10-ին սովորել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետում, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925-ին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։

Ստեղծագործություններ[խմբագրել]

Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893-ին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ՝ «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899-ին, երկրորդը՝ 1913-ին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր։

Դեմիրճյանի հոգևոր վերածնունդը տեղի ունեցավ 1905–1907-ի հեղափոխության ազդեցությամբ։ Ազատության համար զանգվածային պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ Դեմիրճյանը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը։ Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) ժողովածուն, որն ամփոփում է 1902–1919-ին գրած քառյակները։

Մինչև 1919-ը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։

Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912) և «Հովնան Մեծատուն» (1919) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։

Դեմիրճյանի գրիչը բեղմնավոր է եղել նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923-ին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Հայ դրամատուրգիայի աչքի ընկնող նմուշներից են «Ֆոսֆորային շող» (1932), «Նապոլեոն Կորկոտյան» (1934), «Կապուտան» (1938) պոեմները և «Երկիր հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։

Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայ պատմավիպագրության մեջ նոր որակ է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949), «Հուշ-աղբյուր» (1950) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։

Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ–լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։

Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։

Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։

Ստեղծագործություններ Դ. Դեմիրճյանի և նրա ստեղծագործության մասին[խմբագրել]

  • Տիգրան Հախումյան, Դերենիկ Դեմիրճյանի դրամատուրգիան, Երևան, Հայպետհրատ, 1958, 138 էջ։
  • Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 170 էջ։
  • Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, «Գիտելիք», 1957, 39 էջ։
  • Հրայր Մուրադյան, Դերենիկ Դեմիրճյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 513 էջ։
  • Սուրեն Աղաբաբյան, Դերենիկ Դեմիրճյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Գիտելիք», 1977, 58 էջ։

Պատկերներ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]

Wikiquote-logo-en.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝