Կովկասի փոխարքայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ԿՈՎԿԱՍԻ ՓՈԽԱՐՔԱՅՈՒԹՅՈՒՆ, ռուսական վարչա-տերիտորիալ միավոր Կովկասում։

XVIII դ. 2-րդ կեսին Եկատերինա II կառավարությունը Ռուսաստանի արլ,քաղաքականության ակտիվացման կապակցությամբ, հատկապես Պարսկաստան և Անդրկովկաս ռուս, ազդեցությունը ուժեղացնելու, ինչպես նաև Թուրքիա ոտնձգություններին դիմակայելու նպատակով Հյուսիսային Կովկասում հիմնեց (1785) փոխարքայություն, որը կազմված էր Աստրախանի և Կովկասի նահանգներից (կենտրոնը՝ Եկատերինոգրադ,այժմ Եկատերինոգրադսկայա ստանիցա)։ 1790-ին վերացվեց Կովկասի նահանգը,իսկ 1796-ին՝ փոխարքայությունը։ XIX դ.1-ին երեսնամյակին Արլ. Վրաստանի(1801), Իմերեթի (1811), ներկայիս Ադրբեջանի տարածքի (1813) և Արլ. Հայաստանի (1828)՝ Ռուսաստանի տիրապետության տակ անցնելուց հետո, 1844-ին նորից ստեղծվեց Կ. փ., որի կենտրոնը Թիֆլիսն էր։

Առաջին փոխարքա նշանակվեց իշխան Մ. Վորոնցովը։

1846-ին ձևավորվեց կառավարման ապարատը՝ փոխարքայի խորհուրդը և գրասենյակը։ խորհուրդը կազմված էր կայսեր նշանակած աստիճանավորներից ու նահանգապետներից և հսկում էր կառավարման ու դատական գործը, լուծում օրենքների կիրառման հետ կապված հարցերը։

Փոխարքան օժտված էր անսահմանափակ լիազորություններով. նրան էին ենթարկվում ժանդարմական և հաղորդակցության ճանապարհների օկրուգների պետերը, նա նաև Կովկասյան զորքերի հրամանատարն էր։

Կ. փ-յան մեջ մտնում էին՝

Հս. Կովկասում Ստավրոպոլի նահանգը (կազմված՝ 1847-ին, կենտրոնը՝ Ստավրոպոլ),

Դերբենդի նահանգը(կազմված՝ 1846-ին, որը 1860-ից վերանվանվել է Դաղստանի մարզ, կենտրոնը՝ Թեմիր խան Շուրա, այժմ՝ Բույնակսկ),

Թերեքի և Կուբանի մարզերը (կազմված՝1861-ին) և Սևծովյան օկրուգը (Կուբանի մարզում՝ կազմված 1867-ին),

Անդրկովկասում՝ Թիֆլիսի և Քութայիսի նահանգները (կազմված՝ 1846-ին, նախկին Վրացա-Իմերեթական մարզից),

Երևանի նահանգը (կազմված՝ 1849-ին),

Բաքվի նահանգը (1840-ից՝ Կասպիական մարզ,1846-ից՝ Շամախու նահանգ, 1859-ից Բաքվի նահանգ),

Ելիզավետպոլի նահանգը (կազմված՝ 1868-ին Թիֆլիսի և Բաքվի նահանգների մասերից),

Կարսի մարզը (1878-ից),

Բաթումի մարզը (1878-ից,1883-ից՝ օկրուգ Քութայիսի նահանգում),

Զաքաթալայի օկրուգը (1860-ից)։

Նահանգները գլխավորում էին զինվորական նահանգապետները։ 1850-ական թթ. 2-րդ կեսին նկատելիորեն ուժեղացվեց զինվորական և քաղաքացիական վարչական ապարատը՝ Առաջին Կովկասյան կորպուսը վերակազմվեց Կովկասյան բանակի (1856), ստեղծվեցին գլխավոր շտաբ և մի շարք վարչություններ։ 1859-ին փոխարքայի գրասենյակը վերակազմավորվեց փոխարքայի գլխավոր վարչության, որի մեջ մտնում էին ընդհանուր գործերի, դատական, ֆինանս., պետ. ունեցվածքի և հսկողության դեպարտամենտները։ Փոխարքային կից գործում էր նաև հատուկ դիվանագիտ. գրասենյակ։ 1860—70-ական թթ. բուրժ. ռեֆորմների հետևանքով աստիճանաբար նվազեցին փոխարքայի լիազորությունները՝ 1865-ին վերացվեցին Կովկասյան բանակի գլխ. շտաբը և նրա վարչությունները։