Սուրեն Աղաբաբյան
| Սուրեն Աղաբաբյան | |
|---|---|
![]() (գրականագետ) |
|
| Բնագիր ԱԱՀ՝ | |
| Ծննդյան օր՝ | հունվարի 22, 1922 |
| Ծննդավայր՝ | Կիրովական, (Հայաստան) |
| Վախճանի օր՝ | մարտի 19, 1986 |
| Վախճանի վայր՝ | Երևան, (Հայաստան) |
Սուրեն Աղաբաբյան (1922, հունվարի 22 - 1986, մարտի 19) - հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր (1969), ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (1974), Հայկական ԽՍՀ 1979 թվականի պետական մրցանակի դափնեկիր («Եղիշե Չարենց» երկհատոր մենագրության համար), ԽՍՀՄ գրողների միության անդամ 1949-ից։
Ծնվել է Ղարաքիլիսա (այժմ` Վանաձոր) քաղաքում։ 1944-ին ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի եվրոպական լեզուների և գրականության բաժինը։ 1945-48-ին սովորել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ասպիրանտուրայում։ 1945-51-ին աշխատել է «Ավանգարդ» թերթի խմբագրությունում որպես բաժնի վարիչ, խմբագրի տեղակալ, պատասխանատու քարտուղար։ 1950-51-ին եղել է «Սովետական գրականություն» ամսագրի քննադատության բաժնի վարիչը։ 1954-86-ին եղել է ՀԽՍՀ ԳԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում սովետական գրականության բաժնի վարիչ։
1950-ին «Գյուղը Նաիրի Զարյանի ստեղծագործության մեջ» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ 1963-ին «Ակսել Բակունց» թեմայով դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան։
Կազմել և խմբագրել է «Հայ սովետական գրականության պատմություն» (1966, ռուսերեն) աշխատությունը։ Ռուսերեն լույս են տեսել Ստեփան Զորյանին, Նաիրի Զարյանին և Ակսել Բակունցին նվիրված նրա մենագրությունները։ Միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանի համար գրել է «Հայ սովետական գրականություն» դասագիրքը (1969-86)։ Գրել է «Սովետական բազմազգ գրականության պատմություն» վեցհատորյակի առաջին և երրորդ հատորների (1970, ռուսերեն) հայ գրականությանը նվիրված գլուխները։ 1976-ին Մոսկվայում ռուսերեն լույս տեսավ նրա «Հայ գրականություն» բուհական դասագիրքը (հեղինակակիցներ Վաչե Նալբանդյան, Սերգեյ Սարինյան)։ 1980-ին Երևանում ռուսերեն լույս է տեսել նրա «Հայ գրականության կերպարները և ոճերը» քննադատական հոդվածների ժողովածուն։
Պարգևատրվել է «Պատվո նշան» (1972) և ժողովուրդների բարեկամության (1982) շքանշաններով։ Մահացել է Երևանում։[1]
[խմբագրել] Ս. Աղաբաբյանի երկերի մատենագրություն
- Նաիրի Զարյան, Երևան, Հայպետհրատ, 1954, 220 էջ։
- Նաիրի Զարյան, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1954, 132 էջ։
- Ստեփան Զորյան, Երևան, ՀԱԱՀ ԳԱ, 1955, 207 էջ։
- Ակսել Բակունց, Երևան, Հայպետհրատ, 1959, 252 էջ։
- Գուրգեն Մահարի, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1959, 152 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, առաջին հատոր (1917-1941, հատորի «Սովետահայ գրականությունը 20-ական թվականներին», «Մովսես Արազի», «Ակսել Բակունց», «Ստեփան Զորյան», «Գուրգեն Մահարի» և «Մկրտիչ Արմեն» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1961, 800 էջ։
- Արձագանքներ, Երևան, Հայպետհրատ, 1963, 306 էջ։
- Ակսել Բակունց, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1963, 504 էջ։
- Արդիականություն և գրականություն, Երևան, «Հայաստան», 1965, 268 էջ։
- Սովետահայ գրականության պատմություն, երկրորդ հատոր (1941-1964, հատորի «Գրականությունը Հայրենական մեծ պատերազմի տարիներին», «Հետպատերազմյան արձակը», «Նաիրի Զարյան», «Հրաչյա Քոչար», «Հովհաննես Շիրազ», «Համո Սահյան», «Սերո Խանզադյան» և «Սիլվա Կապուտիկյան» գլուխները գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
- Հայ ժողովրդի պատմություն, հատոր 7 (հատորի «Սովետահայ գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1967, 655 էջ։
- Հայ ժողովրդի պատմություն, հատոր 8 (հատորի «Գրականություն» գլուխը գրել է Ս. Աղաբաբյանը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1970, 580 էջ։
- Ակսել Բակունց, Երևան, «Հայաստան», 1971, 276 էջ։
- Եղիշե Չարենց, գիրք 1, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1973, 442 էջ։
- Գրական հերկերում, Երևան, «Հայաստան», 1974, 316 էջ։
- Գուրգեն Մահարի, Սուրեն Աղաբաբյան, Հրանտ Թամրազյան, Մկրտիչ Սարգսյան, Հովհաննես Շիրազի մասին, Երևան, «Հայաստան», 1974, 104 էջ։
- Ստեփան Զորյան, Երևան, «Սովետական գրող», 1976, 108 էջ։
- Եղիշե Չարենց, գիրք 2, Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1977, 399 էջ։
- Դերենիկ Դեմիրճյան (ծննդյան 100-ամյակի առթիվ), Երևան, «Գիտելիք», 1977, 58 էջ։
- Դեպի աղբյուրը լույսի (գրականագիտական-քննադատական հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1979, 348 էջ։
- Արամաշոտ Պապայան, Երևան, Հայկական թատերական ընկերություն, 1979, 76 էջ։
- Հայ սովետական գրականությունը վաթսուն տարում, Երևան, «Գիտելիք», 1980, 64 էջ։
- Գրականությունը և ժամանակը. սովետահայ գրականության զարգացման հարցեր (ժողովածուում տեղ է գտել նաև Ս. Աղաբաբյանի հոդվածը), Երևան, ՀՍՍՀ ԳԱ, 1980, 360 էջ։
- Հոդվածներ, դիմանկարներ, հուշեր, Երևան, «Սովետական գրող», 1982, 368 էջ։
- XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 1 (հետազոտությունների, հոդվածների, գրախոսությունների և հուշադիմանկարների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1983, 432 էջ։
- XX դարի հայ գրականության զուգահեռականներում, գիրք 2 (հոդվածների ժողովածու), Երևան, «Սովետական գրող», 1984, 524 էջ։
- Հովհաննես Շիրազ (գրական էտյուդներ), Երևան, «Սովետական գրող», 1984, 84 էջ։
[խմբագրել] Աղբյուրներ
- ↑ (1986) Գրական տեղեկատու. Երևան: «Սովետական գրող», էջ 33-34.
