Վանաձոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Վանաձոր
Զինանշան
Զինանշան
Vanadzor.jpeg
Վանաձորի մի մասը բլրի գագաթից
40°48′46″ հս. լ. 44°29′18″ ավ. ե. / 40.812778° հս. լ. 44.488333° աե. ե.
Երկիր Հայաստան Հայաստան
Մարզ Լոռու
Քաղաքապետ Սամվել Դարբինյան
Այլ անվանումներ մինչև 1935Ղարաքիլիս
մինչև 1993Կիրովական
Տվյալ կարգավիճակում 1828-ից
Մակերես 25 կմ²
Բարձր. ծովի մակ-ից 1 350 մ
Խոսվող լեզուներ Հայերեն
Բնակչություն 117 000 մարդ (2008)
Խտություն 4,296 մարդ/կմ²
Ագլոմերացիա 130 000
Ազգային կազմ Հայեր
Կրոնական կազմ Հայ Առաքելական եկեղեցի
Տեղաբնականուն վանաձորցի
Ժամային գոտի UTC+4
Հեռախոսային կոդ +374 (322)
Փոստային ինդեքսներ 2001-2024
Ավտոմոբիլային կոդ 36
Պաշտոնական կայք www.vanadzor.am
##Վանաձոր (Հայաստան)
Red pog.png
##Վանաձոր (Լոռու մարզ)
Red pog.png

Վանաձորը Հայաստանի մեծությամբ երրորդ քաղաքն է և հանրապետության հյուսիսային մասում գտնվող Լոռու մարզի մարզկենտրոնը։ Բնակչությունը 100,000-ից ավելի է։ Վանաձորի նախկին անունը Կիրովական էր, իսկ քաղաքի հին անունը՝ Ղարաքիլիսա։

Պատմություն[խմբագրել]

Քաղաքային բնակավայր է 1924 թ.-ից։ 1929-1930 թթ.-ին կազմվել է Ղարաքիլիսայի (հետագայում՝ Կիրովական, այնուհետև Վանաձոր) առաջին հատակագիծը (ճարտարապետներ՝ Կարո Հալաբյան, Միքայել Մազմանյան, Գևորգ Քոչար), որով նախատեսում էր քաղաքի տարածքն ընդլայնել արևմտյան և արևելյան ուղղություններով՝ Դիմաց թաղամասում։ Մինչև 1935 թ. կոչվել է Ղարաքիլիսա։ 1935 թ.-ի հունվարին Հայկական ՍՍՀ Կենտգործոկոմի նախագահությունը որոշում է հեղափոխական Ս. Մ. Կիրովի հիշատակը հավերժացնելու նպատակով Ղարաքիլիսա քաղաքը վերանվանել Կիրովական։ 1939 թվականին գլխավոր հատակագծով (ճարտարապետներ՝ Ն. Զարգարյան, Ա. Մինասյան) որոշակի է դարձել քաղաքի կերպարը՝ զարգացման նշանակալից հեռանկարներով (արդյունաբերական կենտրոն և ամառանոցային վայր)։ 1949 թ. կազմվել է նոր գլխավոր հատակագիծ (ճարտարապետներ՝ Հ. Դավթյան, Ռ. Գրիգորյան)։ 1950-ական թթ կառուցապատվել է Կիրովի անվան (այժմ՝ Հայքի) հրապարակը՝ քաղաքի վարչակառավարչական կենտրոնը։ Անսամբլային կառուցապատման ուշագրավ նմուշներ են Տիգրան Մեծ պողոտան, Թումանյան փողոցը, Շահումյանի հրապարակը՝ իր արհեստական լճերով, և քաղաքային կենտրոնական այգին։ 19-րդ դարում քաղաքում եղել է երկու եկեղեցի՝ կառուցված 1831թ.-ին (1828-ի երկրաշարժից քանդված հին եկեղեցու տեղում) և 1895-ին (ռուսական եկեղեցին)։

1978 թ.-ին քաղաքում գործել են արդյունաբերական 27 ձեռնարկություններ։ Այդ ժամանակաշրջանի արդյունաբերության առաջատարը Ալ. Մյասնիկյանի անվան քիմիական գործարանն էր (այժմ մասամբ գործում է «Վանաձոր-Քիմպրոմ» քիմկոմբինատ ՓԲԸ-ն)։ Ժամանակին քաղաքի խոշոր ձեռնարկություններից են եղել քիմիական մանրաթելերի, ճշգրիտ հաստոցների, «Ավտոգենմաշ», «Ավտոմատիկա» գործարանները, տրիկոտաժի, կահույքի, կարի արտադրական միավորումները։ «Պոլիմերսոսինձ» գիտաարտադրական միավորումն իր բնագավառի առաջատար գիտական կենտրոններից էր։ Հանրապետությունում և նրա սահմաններից դուրս մեծ համբավ են ունեցել այն ժամանակ Կիրովականի կահույքի, մորթու-մուշտակի, կարի ֆաբրիկաները, «Լոռի» հանքային ջրերի գործարանն ու թեթև արդյունաբերության այլ ձեռնարկություններ։

Նախախորհրդային շրջանում այստեղ գործել են եկեղեցական ծխական (հիմնվել է 1853-ին), Օրիորդաց (1879), պետական երկդասյա ռուսական (1897) և ռուս պաշտոնյաների երեխաների (1908) դպրոցներ։

Վանաձորը ՀՀ երրորդ քաղաքն է (105 000 բնակչություն, 1988 թ.-ին՝ 178 000), Լոռու մարզի վարչական և տնտեսական մշակութային կենտրոնը։ Միկրոաշխարհագրական դիրքին բնորոշ է այն, որ գտնվում է Փամբակի և Բազումի լեռնաշղթաների միջև ընկած նեղ ու երկարավուն գոգավորությունում, Փամբակ և Տանձուտ գետերի միախառնման վայրում։ Քաղաքով են անցնում Թբիլիսի-Գյումրի երկաթուղին, ինչպես նաև մի քանի ավտոխճուղիներ։ Ծովի մակերևույթից բարձր է 1350 մ։ Քաղաքի միջով են հոսում Փամբակ, Տանձուտ և Վանաձոր գետերը։ Քաղաքն ունի մեղմ, բարեխառն կլիմա։ Վանաձորը և նրա շրջակայքը հարուստ են հնագիտական հուշարձաններով։ Օրինակ՝ քաղաքի արևելյան մասում՝ Տանձուտ գետի աջ ափին (Դիմաց թաղամաս) գտնվել են վաղ բրոնզի դարաշրջանից (մ.թ.ա. IV հազարամյակ) վաղ հայկական շրջանին (մ.թ.ա. VI-V դարեր) վերաբերող բնակատեղիներ և այլ հուշարձաններ, որոնցից առանձնապես արժեքավոր են Թագավորանիստը և Մաշտոցի բլուրը՝ իրենց դամբարանաշտերով։ Ենթադրվում է, որ նախկին Ղարաքիլիսա (սև եկեղեցի) անվանումը թաթարական է և դրվել է XIII դարի սկզբին ներկայիս Վանաձորի հյուսիսային բլրի վրայի սև քարե եկեղեցու անունով։ Խաչատուր Աբովյանի վկայությամբ տեղացիները գաղթել են Երևանից։

Կրթություն[խմբագրել]

Վանաձորում գործում են պետական երկու բարձրագույն ուսումնական հաստատություններ՝ Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի Վանաձորի մասնաճյուղը և Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտը, ուսումնարաններ, երաժշտական, գեղարվեստի և սպորտային դպրոցներ։

Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը բացվել է 1969 թ.-ին, Հայկական հեռակա մանկավարժականինստիտուտի հիման վրա։ Ժամանակին ունեցել է 4 (չորս) ֆակուլտետ՝ պատմա-բանասիրական, ֆիզիկա-մաթեմատիկական, կենսաբանական, մանկավարժության և տարրական կրթության մեթոդիկայի (վերջինս՝ հայկական և ռուսական բաժիններով) ստացիոնար և հեռական բաժիններ, 17 (տասնյոթ) ամբիոն, 9 (ինը) ուսումնագիտական լաբորատորիա, գրադարան (շուրջ 16200 հատոր գիրք), մարզական համալիր։ Ինստիտուտը պատրաստում էր հայոց լեզու, հայ գրականություն, մաթեմատիկա, ֆիզիկա, ուսուցման տեխնիկական միջոցներ, պատմություն, կենսաբանություն, քիմիա, երգ-երաժշտություն, գյուղտեխնիկա առարկաների, նախադպրոցական հիմնարկների մասնագետներ, դասվարներ։ Հրատարակում էր գիտաշխատությունների, գիտական զեկուցումների թեզիսների ժողովածուներ։ 1970-1977 թթ. ինստիտուտը տվել է 5732 շրջանավարտ (հեռակա՝ 5000)։ Ժամանակին այստեղ սովորելու են եկել նաև Վրաստանից, Աբխազիայից, Աջարիայից, Ադրբեջանից, Հյուսիսային Կովկասից։

1982 թ. ինստիտուտում բարձրացվեցին հեռանկարում բարձր տեխնոլոգիաների ներդրման, այդ ժամանակահատվածում «Ինֆորմատիկա» մասնագիտության շրջանակներում որակյալ կադրերի պատրաստման խնդիրները։ Այսօր «Կիրառական մաթեմատիկա» մասնագիտության առաջին շրջանավարտները որոշակի դեր ունեն մեր տարածաշրջանում ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման գործում։

Այսօր բուհում ներդրված է կրթության եռաստիճան համակարգ։ Բակալավրիատում և մագիստրատուրայում առաջին անգամ ընդունելություն է կատարվել 2008 թ., ասպիրանտուրայում՝ 2006 թ.։ Առկա ուսուցման համակարգում բակալավրի հիմնական կրթական ծրագրով ուսումնական գործընթաց է կազմակերպվում 29 մասնագիտությունների, իսկ մագիստրոսի հիմնական կրթական ծրագրով՝ դեռևս 4 մասնագիտությունների ուղղությամբ։ Հեռակա ուսուցման համակարգում ներդրված է բակալավրի 25 հիմնական կրթական ծրագիր։ 2007 թվականից ներդրվել է կրեդիտային համակարգ։ Բուհում ուսումնական ամենամեծ ստորաբաժանումները ֆակուլտետներն են՝ մանկավարժության, ֆիզիկամաթեմատիկական, պատմաաշխարհագրական, բանասիրական, կենսաբանաքիմիական։ Ուսումնագիտական գործընթացը կազմակերպվում է 22 մասնագիտական ամբիոնների միջոցով. թողարկող են 20 ամբիոն։ Բուհը մասնագետներ է պատրաստում հիմնականում Հայաստանի հյուսիսային տարածաշրջանի համար. այսօր տարածաշրջանի հանրակրթության բնագավառում աշխատողների շուրջ 70 տոկոսը ՎՊՄԻ-ի շրջանավարտներ են։ ՎՊՄԻ-ի դիպլոմ անցնում է նաև աշխատանքային գործունեության այլ բնագավառներում։ Պրոֆեսորադասախոսական անձնակազմը վերջին երկու տասնամյակների ընթացքում համալրվել է գերազանցապես բուհի շրջանավարտներով. այսօր բուհում դասավանդում է 138 շրջանավարտ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում գիտությունների թեկնածուները, երկուսն ունեն դոկտորի գիտական աստիճան։ 2010-2013 թթ. լուրջ ֆինանսական ներդրումներ են կատարվել ուսումնական բազայի հարստացման ուղղությամբ, բնագիտական ուղղության ավարտական աշխատանքների, մագիստրական թեզերի կատարման համար ստեղծվել է գիտահետազոտական ժամանակակից լաբորատորիա։ 2008 թ. բացվել է նաև Ս. Մերգելյանի անվան համակարգչային լսարանը՝ հագեցված բարձրակարգ սարքավորումներով։ 1988 թ. դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժից հետո մի քանի տարի ուսուցումը կազմակերպվեց տնակային պայմաններում, սակայն տարիներ անց կառուցվեց բուհի նոր մասնաշենքը՝ հագեցած լուսավոր ու ընդարձակ լսարաններով, ջեռուցման համակարգով։ Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտը ԽՍՀՄ տարիներին սերտորեն համագործակցում էր երկրի բազմաթիվ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների հետ։ Մեր դասախոսները վերապատրաստվում և ասպիրանտական կրթություն էին ստանում նախկին ԽՍՀՄ-ի տարբեր հանրապետություններում, մասնակցում էին կոնֆերանսների, ծավալում էին համատեղ աշխատանք տարբեր գիտական նախագծերի շուրջ։ Սակայն ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անհրաժեշտություն առաջացավ վերականգնել այդ կապերը։ Այսօր միջազգային կապերի շրջանակներում ՎՊՄԻ-ն համագործակցություն է ծավալում Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի մի քանի հեղինակավոր բուհերի հետ։ 2010 թ.-ին եռակողմ պայմանագիր է կնքվել ՎՊՄԻ-ի, ՌԴ Կոստրոմայի պետական համալսարանի և Գերմանիայի Դարմշտադտի կիրառական գիտությունների ավետարանչական համալսարանի հետ։ Համագործակցության համաձայնագիր է ստորագրվել նաև Գերմանիայի Օսնաբրյուկի կիրառական գիտությունների համալսարանի հետ։ Այս բուհերը պատրաստվում են համատեղ ծրագիր իրականացնել միջմշակութային հաղորդակցության շրջանակներում։ Ֆրանսիայի Պրովանս մարզի Էքս-Մարսելի ակադեմիայի համալսարանական մանկավարժական ինստիտուտի հետ ստեղծված համաձայնագիրը ներառում է ուսանողների, պրոֆեսորադասախոսական և վարչական կազմի փոխանակումներ, տարբեր բնույթի դասընթացների կազմակերպում երկու բուհերում։ Նախատեսվում է նաև համատեղ ուսումնամեթոդական դասագրքերի ու ձեռնարկների ստեղծում։

Ճարտարապետություն[խմբագրել]

Մշակույթ[խմբագրել]

Ռոք-խումբեր[խմբագրել]

  • Լավ Էլի - հայկական ալտերնատիվ ռոք-խումբ
  • Ան Գորդոնախ - հայ-շոտլանդական ռոք-խումբ
  • Lousnelius - հայկական ալտերնատիվ ռոք խումբ
  • Որդան Կարմիր - հայկական ալտերնատիվ-մետալ խումբ
  • J.E.M. - հայկական ռոք-խումբ
  • Crash - հայկական ռոք-խումբ
  • Evapple - հայկական ալտերնատիվ ռոք-խումբ

Մեդիա[խմբագրել]

  • ՄԻԳ Հեռուստաընկերություն, եթեր է հեռարձակվում Վանաձորում և Լոռու մարզի որոշակի հատվածում։
  • «Վանաձորյան խճանկար» շաբաթաթերթ, որը հրատարակվում է 2000թ.-ից:

Նշանավոր բնակիչներ[խմբագրել]

Քույր-քաղաքներ[խմբագրել]

Տես նաև[խմբագրել]

Պատկերասրահ[խմբագրել]

Վանաձորի ընդհանուր տեսքը

Ծանոթագրություններ[խմբագրել]