Ախուրյան (Շիրակի մարզ)
| Գյուղ
Ախուրյան
|
Ախուրյան, գյուղ Հայաստանի Շիրակի մարզում:
Ախուրյանի հեռավորությունը մայրաքաղաքից 126կմ է: Համայնքը սահմանակից է Արևիկ, Կառնուտ, Մուսայելյան և Կամո համայնքներին: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից միջինը 1536մ բարձրության վրա, կլիման ցուրտ է տեղումները սակավ, դրանց տարեկան միջին քանակը կազմում է 500մմ:
Բովանդակություն |
Պատմություն [խմբագրել]
Ախուրյան գյուղը հիմնադրվել է 1828-1829 թվականներին Արևմտյան Հայաստանի Բասենի, Ղարսի, Սեբաստիայի, Ալաշկերտի գավառներից տեղահանված հայերի կողմից: Գյուղի հիմնադիրները եղել են Ճանճուռյանների, Բաղդիայնների, Մաթոսյանների տոհմից:
Մինչ 1945 թ.-ը գյուղը կոչվել է «Դուզքենդ»՝ հարթ գյուղ: Մ.թ.ա 8-րդ դարում Արգիշտի թագավորը Բասենում Ախուրյան անունով քաղաք է հիմնադրել, որի անունով «Արփաչայ» գետը կոչվել է Ախուրյան, այնուհետև ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1945 թվականի որոշմամբ գյուղը վերանվանվել է Ախուրյան` Արփի լճից սկիզբ առնող և Արաքս գետի աջ վտակը հանդիսացող Ախուրյան` «Արփաչայ» գետի անվամբ:
Ախուրյան անվան ծագման վարկածներից մեկը հետևյալն է. հաճախակի երաշտներից , աղետներից դառնացած հողագործը նայել է կիրճով հոսող գետին և հառաչել . ախ ուր , ախ ուր: Հառաչանքը խառնվել է հոսող ջրի ձայնին և գետակը ստացել է Ախուրյան անվանումը:
Սակայն Ախուրյան անունը շատ հին է, այն առաջացել է Վանի արձանագրություններում հիշատակված «Եթիումի երկիր » Սարիղամիշի մոտակայքում գտնվող Ախուրյանի երկրամասի անունից :
Բնակչություն [խմբագրել]
Ըստ տեղեկատվական բառարանային տվյալների գյուղի բնակչությունը կազմել է.
| Տարեթիվ | Բնակչության թվաքանակ |
|---|---|
| 1831թ. | 456 |
| 1897թ. | 1635 |
| 1926թ. | 2447 |
| 1939թ. | 2320 |
| 1956թ. | 1966 |
| 1970թ. | 3812 |
| 1979թ. | 6364 |
| 1988թ. | 9274 |
| 2000թ. | 10839 |
Խորհրդային կարգերի հաստատվելուց հետո 1920-1924 թվականներին Ախուրյանը գտնվել է Երևանի նահանգի Ալեքսանդրապոլ գավառի կազմում: Մինչև 1930 թվականը Անիի, Ամասիայի, Արթիկի, Ազատանի, Թալինի հետ մտել է Լենինականի գավառի մեջ և կոչվել է Դյուզքենդի գավառակ, իսկ գավառների վերացումից հետո մտել է Լենինականի շրջանի մեջ: 1937 թ. դեկտեմբեր ամսին Հայաստանում կազմավորվել են 11 նոր շրջաններ, որոնց թվում Դյուզքենդի շրջանը: Ախուրյան շրջկենտրոն կոչվող տարածքը կառուցվել է մոտ 1960-ական թվականներին, վերջինս դարձավ Ախուրյանի շրջանի կենտրոնը` շրջկենտրոն: Ունեցել է 41 բարձրահարկ շենքեր, 1404 բնակարաններով : Իսկ 1988 թվականի երկրաշարժից մեծամասամբ ավերվել է շրջկենտրոնային մասը։
Այժմ Ախուրյանը բնակչության թվով համարվում է ՀՀ ամենամեծ գյուղական համայնքը՝ 2465 ընտանիք:
Ժամանակակից Ախուրյանը [խմբագրել]
«Վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով 1996 թվականին Ախուրյան շրջկենտրոնը ընդգրկվել է Ախուրյան համայնքի ցանկում իր մեջ ներառելով երեք բնակավայր` գյուղ Ախուրյան , Ախուրյան շրջկենտրոն և Նոր Ախուրյան: Մինչև 1991 թվականը գյուղում տնտեսավարման ձևը եղել է կոլտնտեսայինը, այնուհետև 1991-1992 թվականներին համայնքում իրականացվել է սեփականաշնորհման ընդհանուր գործընթաց: Մշակության համար պիտանի հողերն ունեն սևահողային կառուցվածք: 1996 թվականի նոյեմբերից մինչև օրս համայնքը անընդմեջ ղեկավարել է Արծրունի Իգիթյանը: Գյուղի «Սուրբ Նշան» գմբեթավոր եկեղեցին կառուցվել է 1858 թվականներին, որը վերակառուցվել է 2008 թվականին:
Նշանավոր ախուրյանցիները [խմբագրել]
- Գեղամ Փիլոսյանը -- Խորհրդային Միության հերոս
- Լուսիկ Բառնակյանը -- գրող
- Սուրեն Մուրադյանը -- մանկագիր
- Հովհաննես Դավթյանը -- քիմիական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր
- Սամվել Ավետիսյանը -- ՀՀ ԱԺ պատգամավոր (1999- 2001թթ.), գյուղատնտեսական գիտությունների դոկտեր պրոֆեսոր, 2001 - 2011 թթ.- ներին ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ
- Ռազմիկ Մաթևոսյանը -- ՀՀ ԱԺ պատգամավոր (1995-1999թթ.), դոցենտ, ԳՄԻ պրոռեկտոր
- Սամսոն Դավոյանը -- տնտեսագիտության դոկտոր, ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի ռեկտոր: