Մարմաշենի վանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մարմաշենի վանք
Մարմաշենի վանքը

##Մարմաշենի վանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Շիրակի մարզ, Մարմաշեն
Կոորդինատներ 40°50′33.68″ հս. լ. 43°45′20.81″ ավ. ե. / 40.842689, 43.75578140°50′33.68″ հս. լ. 43°45′20.81″ ավ. ե. / 40.842689, 43.755781
Դավանանք Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Նահանգ Այրարատ
Տարածք Հայաստան
Մարզ Շիրակի մարզ
Ներկա վիճակ Կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման ավարտ 10-րդ դար
Commons-logo.svg Վիքիպահեստում


Մարմաշենի վանքը Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղի հարավ-արևմտյան մասում՝ Ախուրյան գետի ձախ ափին գտնվող հուշակոթող է։ Վանքը կազմված է երկու շինությունից, գլխավոր՝ Կաթողիկե և կից փոքր եկեղեցիներից։ Գլխավոր եկեղեցին ըստ արձանագրության կառուցել է Վահրամ Պահլավունի հայրենասեր իշխանը 988-1029 թվականներին, երբ դեռ Անին Բագրատունիների ոստանն էր։ Այդ մասին է Վահրամ Պահլավունին եկեղեցու պատի վրա թողել է մի ընդարձակ արձանագրություն, որը պահպանվե է մինչ օրս։ Սելջուկյան արշավանքներից վանքը զգալի ավերվում է, սակայն 1225 թվականին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգում են Կաթողիկեն։ Կոթողի հիմքում ընկած են հայ ազգային ճարտարապետությանը տիպիկ կառույցաձևեր՝ սլացիկ սյունախուրձեր, զույգ կիսասյուներ, որմնակամարներ, բազմանիստ թմբուկ, բուրգաձև ծածկ, մանրաքանդակներ, բարելիեֆներ և այլն։ Մայր եկեղեցու պատերը և ներսից, և դրսից պատված են սրբատաշ կարմրավուն տուֆով, իսկ հիմքային մասերը շարված են բազալտով։

Փոքր հուշարձանախումբը եղել է հայկական կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն։

Տես նաև[խմբագրել]

Մարմաշենի միջնադարյան վանքը գտնվում է Շիրակի մարզի Մարմաշեն գյուղից մոտ 2կմ հյուսիս-արևմուտք, Ախուրյան գետի ձախ ափին։ Բաղկացած է շինությունների երկու խմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հարավային պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029 թթ.-ին։ Սելջուկյան արշավանքներից Մարմաշեն վանքը զգալի ավերվել է։ 1225 թ.-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Ի տարբերություն VII դ նույնատիպ կառույցների, արևելյան խաչաթևը կրճատված է, խորանը իր հարակից երկու ավանդատնով մոտեցվել է գմբեթատակ տարածությանը, որի շնորհիվ գմբեթը շենքի արտաքին ծավալում գրավել է կենտրոնական դիրք։ Արևելյան խորանը, ինչպես Անիի Մայր տաճարում, մշակված է որմնախորշերով։ Ճակատները մշակված են խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով։ Մարմաշենի վանքի Կաթողիկեն հայկական ճարտարապետության Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն կառույցներից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հյուսիս է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել և իրենից ներկայացնում է Կաթողիկեի փոքրացված ընդօրինակությունը թե՛ հորինվածքով (գմբեթավոր դահլիճ), թե՛ ճարտարապետական մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ) Կաթողիկեից հարավ է։ Այն, չորս անկյուններում ավանդատներով, կենտրոնագմբեթ կառույց է։ Կաթողիկեին արևմուտքից կից է, XIII դ. այդ շինություններին բնորոշ, չորս սյուներով, կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (պահպանվել են պատերի ստորին մասերը և սյուների՝ հրդեհից ճաքճքված խարիսխները)։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը ստեղծվել է XIX դ.-ում։ Գավթից հարավ-արևմուտք 1954-56 թթ պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով։ Պահպանվել են նրա բարդ տրամատով, բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը։ Համալիրի արևելքում և հարավում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արևմուտք։ Փոքր Մարմաշենը կամ Վերին վանքը Մեծից հյուսիս է, բլրակի վրա։ Մարմաշենի վանքը եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկական հոգևոր և ճարտարապետության արժեքավոր համալիրներից է։

Արգիշտի Ա-ի սեպագիր արձանագրությունը՝ Մարմաշենի վանքի մոտակայքում. հնագիտական այլ արժեքներ[խմբագրել]

Մարմաշենի վանքը

Մեծ Հայքի Այրարատ նահանգի Շիրակ գավառում բնակավայրեր են հիմնադրվել դեռևս հազարամյակներ առաջ։ Մարզի տարածքում հայտնաբերվել են մ. թ. ա. 3-րդ հազարամյակից մինչև ուշ միջնադարին վերաբերող հնագիտական հուշարձաններ, բրածո կենդանիների մնացորդներ, կավե ու բրոնզե իրեր, ուշ բրոնզի և վաղ երկաթի դարերի գործիքներ ու զենքեր։ Որպես մարդկության հինավուրց օրրանի մեկ այլ վկայություն է Մարմաշենի մերձակայքում պահպանված սեպագիր արձանագրությունը։ Դա Ուրարտուի (կամ ինչպես այսօր է ընդունված ասել՝ Արարտայի) թագավոր Արգիշտի առաջինի արձանագրությունն է, որտեղ ասվում է, որ "Արգիշտին գրավեց Էրիախի երկիրը, Իրդանիունի բնակավայրը, հասավ մինչև Իշկիգուլու"։ Էրիախին այսօրվա Շիրակն է, Իրդանիունին՝ Գյումրին կամ նրա շրջակա տարածքը, իսկ Իշկիգուլուն Աշոցքն է։[1] Պետք է հաշվի առնել, որ Արգիշտին գրավել էր վաղուց արդեն գոյություն ունեցող և ժամանակի չափանիշներով՝ հիշատակման արժանի խոշոր բնակավայրեր։ Արգիշտին գրավել է Էրիախի երկիրը, սակայն հետագայում ուրարտական արշավանքները շարունակվել են դեպի այս տարածքներ։ Նշանակում է՝ Արարտայի արքան պարզապես այն գրավել է, ինչ – որ հարկեր վերցրել, ավար կամ գերիներ ու հեռացել է, իսկ տարածքը չի ընդգրկել իր տիրապետության մեջ։ Հայտնի չեն այնպիսի փաստեր, որ այս տարածքում կառուցվել են ուրարտական ամրոցներ կամ այլ շինություններ, ինչպես օրինակ Էրեբունին կամ Թեյշեբաինին։

Մարմաշենը և սպարապետ Վահրամ Պահլավունին. 10-րդ դար[խմբագրել]

Երբ 885 թվականին Բագրատունիները վերականգնեցին հայոց պետականությունը, սկզբում սպարապետությունը պաշտոնավարում էին արքայի եղբայրները։ Ավելի ուշ, պետության համախմբվածությունն ամրապնդելու նպատակով, այն հանձնվեց Պահլավունիներին։ Նախարարական տանը, մի շարք տարածքների հետ, հատկացվեց նաև Շիրակ գավառը։ Պատմահայր Մովսես Խորենացին հաղորդում է, որ Պահլավունիների տոհմը պարթևական ծագմամբ հայացած ճյուղ է։ Մեզ հասած տվյալներով՝ Մարմաշենի հոգևոր և աշխարհիկ զարթոնքը եղել է հենց 10-րդ դարում, երբ հայոց Վահրամ Պահլավունի սպարապետը շինարարական աշխույժ գործունեություն է ծավալել։ Ենթադրություն կա, որ 10-րդ դարում Պահլավունու ամրոցի դիմաց եղել է ինչ–որ պարտեզ՝ շինություններով։ Եթե այդպես է, հնարավոր է ամրոցը կառուցելիս ավերվել են ավելի վաղ շերտի կառույցները։ Համենայն դեպս, այնտեղ լուրջ պեղումներ չեն կատարվել, որ հստակ նշվի՝ տարածքում ուրարտական կառույցներ կան, թե չէ։

Մարմաշենի վանական համալիրի հոգևոր նշանակությունն անցյալում և ճարտարապետական արժեքն՝ այսօր[խմբագրել]

Սպարապետ Վահրամ Պահլավունու տապանաքարը

Շիրակի մարզում բավականին լավ պահպանված հուշարձաններից է Մարմաշենի վանական համալիրը։ Այս խոշոր վանական համալիրը մեծապես նպաստել է հայ հոգևոր կյանքի զարգացմանը։ Մեծ եկեղեցին կրում է Աստվածամոր անունը։ Հավանաբար այստեղից էլ գալիս է ընդհանուր համալիրի, նաև մոտակա գյուղի անվանումները։ Ըստ որոշ կարծիքների՝ “Մարմաշեն” անվանումը “Մարիամաշեն” բառի ձևափոխումն է։ Իսկ հնավայրի մյուս՝ “Վահրամաբերդ” անվանումը ենթադրել է տալիս, որ այստեղ եղել է նաև իշխանական նստավայր։ Այս կարծիքը հիմնավորում է մերձակա բլրի գերեզմանոցում թաղված Սոփիա իշխանուհու շիրիմը։

Պահպանված եկեղեցիներից բացի, եղել է նաև զվարթնոցատիպ տաճար։ Այն ավերված է եղել անհիշելի ժամանակներից։ Մինչև 1938 թվականն անգամ հայտնի չի եղել, որ համալիրում այսպիսի շինություն է եղել։ Մինչ այդ վանքի տարածքն ընդգրկվել է գյուղի մեջ, իսկ զվարթնոցատիպ տաճարի ավերակները եղել են տներից մեկի գոմի տակ։ 1950-ականներին այստեղ առաջին պեղումներն են իրականացվել, երբ գյուղն արդեն տեղափոխվել էր ավելի վեր։ Ավելի ծավալուն աշխատանքներ իրականացվել են 1970-ականների սկզբից՝ հնագետ Սերգեյ Հարությունյանի գլխավորությամբ և տևել մոտ 10 տարի։

Աստվածածին եկեղեցուն կից, նրանից մոտ երկու դար անց կառուցվել է գավիթ, որտեղ, դրված տապանաքարի արձանագրության համաձայն՝ ամփոփված են 1045 թվականին թուրքաց դեմ պատերազմելիս զոհված Վահրամ Պահլավունու նշխարները։ Գավիթն այսօր չկա, սակայն եկեղեցու պատերին նկատելի են նրա հետքերը։ Ամենայն հավանականությամբ, համալիրը պատկանում է Տրդատ ճարտարապետի թողած արժեքների շարքին։ Համեմատելով այն տաճարների հետ, որոնք պատմական տվյալներով, նրա ստեղծագործություններն են, նկատելի են նույն ձեռագրային նրբությունները։ Մարմաշենի վանական համալիրը, ինչպես և Շիրակ աշխարհի այլ հնագույն հուշարձաններ, պատկերացում է տալիս Անի -Շիրակ ճարտարապետական դպրոցի ավանդույթների և լուծումների մասին։

Մարմաշենի վանքը

Համալիրի հիմնական կառույցները զարդարված են կամարային խորշերով և կեղծ կամարներով։ Ի դեպ, նմանատիպ տաճարներ կան Պիզայում՝ Կամպոսանտո անունով, Ֆրանսիայի Սուանսոն քաղաքում։ Դրանք նույնպես դրսից կեղծ կամարներ ունեն։ Այսօր դժվար է ասել, թե այդ տաճարները կառուցողներն օգտվե՞լ են արդյոք հայ ճարտարապետության առանձնահատկություններից, բայց Մարմաշենի եկեղեցին կառուցված է դրանցից մի քանի դար ավելի վաղ։

11-րդ դարից սկսվում են սելջուկյան արշավանքները, որոնց հաջորդում են այլ նվաճողների ասպատակությունները։ Այս ընթացքում Շիրակ գավառը հայաթափվում է։ Բնակիչները մեծ մասամբ գաղթում են դեպի Ղրիմ, հետագայում՝ նաև Ռոստով։ Լքվում են հոգևոր կյանքի երբեմնի խոշոր կենտրոնները, այդ թվում՝ Մարմաշենը։ 19-րդ դարասկզբին արդեն այն ամայացած էր, ինչպես Հառիճը։ Եթե միջնադարում այն եղել է հոգևոր կյանքի աշխույժ կենտրոն, ապա հետագայում վերածվել է գյուղական եկեղեցու։ Այսօր Մարմաշենը չի գործում իբրև վանական համալիր և տարածքն էլ եկեղեցապատկան չէ։ Հայ Առաքելական Եկեղեցին այստեղ իրավունք ունի ընդամենը պատարագ մատուցել, ժամերգություն, պսակադրություն և մկրտություն կատարել։

Աղբյուրներ եւ գրականություն[խմբագրել]

Ծանոթագրություններ[խմբագրել]

Արտաքին հղումներ[խմբագրել]