Գնդեվանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գնդեվանք
Գնդեվանքը

##Գնդեվանք (Հայաստան)
Set01-church1.svg
Հիմնական տեղեկություններ
Տեղագրություն Հայաստան Հայաստան Վայոց Ձորի մարզ, Ջերմուկի մոտ
Կոորդինատներ 39°45′31.84″ հս. լ. 45°36′38.16″ ավ. ե. / 39.758846, 45.61060239°45′31.84″ հս. լ. 45°36′38.16″ ավ. ե. / 39.758846, 45.610602
Տարածք Հայաստան
Մարզ Վայոց Ձորի մարզ
Հոգևոր կարգավիճակ չգործող
Ներկա վիճակ կանգուն
Ճարտարապետական նկարագրություն
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 10-րդ դար
Կառուցման ավարտ 13-րդ դար

Գնդեվանք, միջնադարյան եկեղեցական համալիր։ Գտնվում է Վայոց ձորի մարզի Գնդեվազ գյուղից դեպի արևմուտք, Արփա գետի ձախ ափին։ Կառուցվել է 931-938 թթ-ին, Սյունյաց իշխանաց իշխան Սմբատի կնոջ՝ Սոփի (Սոփիա) իշխանուհու աջակցությամբ։ Նա Արծրունյաց մեծ նախարար Գրիգոր Գ Դերենիկի դուստրն էր, Գագիկ թագավորի քույրը։ Իշխանուհին հայտնի էր իր շինարարական գործունեությամբ։ Ընդհանրապես, քրիստոնյա հայուհիները՝ մասնավորապես իշխանուհիներն ու թագուհիները հաճախ են կառուցել վանքեր ու եկեղեցիներ՝ նպատակ ունենալով վառ պահել հայ ազգի հավատը։

Գնդեվանքի արևմտյան պատին առկա է իշխանուհու արժանահիշատակ գործունեության վկայությունը։ Արձանագրությունն ասում է հետևյալը. «Մատանի էր անակն Վայոց ձոր, շինեցի զսա եւ եդի ակն ի վերայ»։

Բարեպաշտ տիկին Սոփին երբ առաջին անգամ գնում է Գնդեվանք կոչվող խորաձոր վայրը՝ մենակյացների մոտ ուխտի, տեսնում է սուրբ նահատակների նշխարներ, միաժամանակ տեղեկանում, որ այդտեղ բազմաթիվ ու մեծամեծ բժշկություններ են կատարվում։ Ուստի նա անմիջապես բերել է տալիս ճարտար քարգործ վարպետներին, և սկսվում է շինարարությունը։

Հիմնադրվել է որպես ձորի ճգնավորների մենաստան։ Առաջնորդ է նշանակվել Սարգիս քահանան, իսկ շինարարության ղեկավարն էր նկարիչ Եղիշե երեցը։ Վանքը ճգնավոր Սուփան Գնդունու անունով կոչվել է Գնդեվանք։ Կա նաև մեկ այլ տարբերակ, ըստ որի իշխանուհին վաճառել է իր ականջի գինդերը, որպեսզի կարողանան վերջացնել եկեղեցու շինարարական աշխատանքները, և այդ գինդերի համար վանքը կոչվել է Գնդեվանք։

Սուրբ Ստեփանոս եկեղեցին կառուցվել է 931-936-ին։ Կառույցը սրբատաշ բազալտով է, քառախորան՝ արտաքուստ խաչաձև կենտրոնագմբեթ հորինվածքով։ Եղիշե երեցը եկեղեցու ներսը զարդարել է որմնանկարներով, որոնցից խորանի պատին պահպանվել է Քրիստոսի պատկերի մի փոքր հատված։ Ներսում՝ գմբեթի առագաստների վրա, կան չորս ավետարանիչների բարձրաքանդակները։

999-ին, վանահայր Քրիստափորը կառուցել է եկեղեցու արևմտյան գավիթը։ Վերջինիս հյուսիսային պատի երկայնքով տեղավորված են ուղղանկյուն հատակագծով երկու սենյակներ։ Արևմտյան սենյակը ծառայել է որպես գրատուն։

1008-ին վանահայր Սարգսի մեծ ջանքերով վանքապատկան հողերը ոռոգելու համար 22 կմ երկարությամբ ջրանցք է կառուցվել։

1604-ին պարսից շահ Աբբասը ավերել է Գնդեվանքը և Գնդեվազ գյուղի բնակիչներին տեղահան արել։ 1691-ին վանահայր Պետրոս վարդապետը նորոգել է վանքի եկեղեցին և գավիթը, վանքը շրջապատել աշտարակավոր պարիսպով և նրան կից կառուցել է բնակելի ու տնտեսական շինություններ։ Հավանաբար այդ ժամանակ է կատարվել Աստվածածնի պատկերով որմնանկարը՝ եկեղեցու հյուսիսային ավանդատան պատին։ Դա ուշ միջնադարի հայկական կերպարվեստի լավագույն գործերից է։

Գնդեվանքի բակում կան 10-16-րդ դարերի խաչքարեր և տապանաքարեր։ Պահպանվել են բազմաթիվ վիմագրական արձանագրություններ։ Ուշագրավ է նաև համալիրի հարավային կողմում սեղանատունը, որը մեծ դահլիճ է՝ նկուղով, օժանդակ սենյակներով ու կրակարանով։

Գնդեվանքը շրջապատված է Արփա գետի ձորի հիասքանչ բնությամբ, որտեղ նա գրավում է իր ուրույն դիրքը՝ ևս մեկ անգամ հայկական բնության և ճարտարապետության ներդաշնակության ապացույցը դառնալով։

Պատկերներ[խմբագրել]

Աղբյուրներ[խմբագրել]