Որոտնավանք
|
|
|
| Վանքային համալիր | |
|---|---|
Որոտնավանքը
|
|
| Տեղադրություն | |
| Աշխարհ | Սյունիք |
| Պատմական երկիր | |
| Կրոնադավանություն | |
|
|
|
| Հիմնադիր(ներ) | |
|
|
|
| Կարգավիճակ | Կանգուն |
| Ակտիվ է | Ոչ |
| Ճարտարապ. ոճ | Հայկական |
| Կառուցման սկիզբ | 10-րդ դար |
| Ավերում | Մասամբ 1931 թ-ին |
|
|
|
|
|
|
Որոտնավանք (Վաղատնի վանք), միջնադարյան վանական համալիր ՀՀ Սյունիքի մարզում: Գտնվում է Սիսիանից մոտ 14 կմ արևելք, Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա: Հիմնադրվել է 1000 թ. Սյունյաց թագուհի Շահանդուխտի կողմից: Ըստ պատմիչ Ստեփանոս Օրբելյանի, Որոտնավանքի հնագույն` Ս.Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը, վերակառուցել` հայր Ստեփանոս ճգնավորը: Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի: Ս. Գրիգոր եկեղեցու մոտ՝ նրա հյուսիս-արևելյան կողմում, 1000 թվականին կառուցվել է թաղածածկ, հյուսիսային պատին կից երկու ավանդատնով, հարավից սյունասրահով Ս. Ստեփանոս Նախավկա եկեղեցին, նրա գավիթը, տնտեսական շինությունները, հիմնվել է մեծաթիվ միաբանությամբ վանք: Շահանդուխտի կրտսեր որդի, Սյունյաց Վասակ թագավորի եղբայր իշխան Սևադան Որոտնավանքի արևելյան կողմում 1006 թվականին կառուցել է Ս. Կարապետ եկեղեցին և նրան կից /արևմուտքից/ կամարակապ գավիթ-սրահը: Եկեղեցին ունի կենտրոնագմբեթ, եռախորան, ներքուստ խաչաձև, չորս անկյուններում ավանդատներով հորինվածք: Ներսը զարդարված է եղել որմնանկարներով, որոնցից հյուսիսային խորանում պահպանված հատվածը պատկերում է շրջանի մեջ աստղազարդ կապույտ երկինք, կենտրոնում՝ հրեշտակ: Եկեղեցու հյուսիսային պատին կից, աստիճանաձև պատվանդանի վրա XI դ. հուշասյուն է կանգնեցվել՝ գագաթին խոյակի վրա դրված խաչարձանով: Շահանդուխտ թագուհին վանքի շրջակայքում կառուցում է նաև աղոթարան, արհեստանոցներ, պահեստներ և վանքը շրջափակում պարսպով:
Շահանդուխտ թագուհին և իշխան Սևադան թաղվել են Որոտնավանքում:
1104 թ. Որոտնավանքը ավերվել է սելջուկների կողմից և հետագայում զարթոնք ապրել Օրբելյանների օրոք:
Որոտնավանքում գիտական և եկեղեցական գործունեություն է ծավալել միջնադարի հայ փիլիսոփա Հովհան Որոտնեցին (1315-1388 թթ.), ով 1340-ական թթ. Գլաձորի համալսարանից տեղավոխվել էր Որոտնավանք: Նա սերտ կապեր է ստեղծել Որոտնավանքի և Տաթևի միջև:
XIII դ. 80-ական թթ. Որոտնավանքում է գործել Գրիգոր Տաթևացին, ով 1386 թվականին այստեղ ընդօրինակել է Պետրոս Արագոնացու «Գիրք յոթն առաքինութեանցն» աշխատությունը: 1407 թվականին վանք է այցելել Թովմա Մեծոփեցին: Նույն տարում Որոտնավանքում Առաքել ծաղկողը Ավետարան է գրչագրել և նկարազարդել: 1438 թվականին վանահայր Սարգիս Անգեղակոթցին վերակառուցել է Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը: Որոտնավանքը գործել է մինչև XX դ. սկիզբը: 1931 թվականին երկրաշարժից ավերվել է. քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, հուշասյունը, սյունասրահները, վանքի տնտեսական շինությունները, պարիսպը: