Թարգմանչաց վանք (Խաչակապ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nuvola single chevron right.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Թարգմանչաց վանք (այլ կիրառումներ)
Թարգմանչաց վանք (Խաչակապ)
Վանքային համալիր

Վանքի ավերակները

Տեղադրություն Խաչակապ, Դաշկեսանի շրջան
(Գարդմանք)
Երկիր Ադրբեջան Ադրբեջան
Պատմական երկիր Մեծ Հայք Մեծ Հայք
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ) Սուրբ Մեսրոպ Մաշտոց
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կիսավեր
Ակտիվ է Ոչ
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 4-րդ դար
Կառուցման ավարտ 5-րդ դար-ի սկիզբ
##Թարգմանչաց վանք (Խաչակապ) (Ադրբեջան)
Set01-church1.svg
##Թարգմանչաց վանք (Խաչակապ) (Մեծ Հայք)
Set01-church1.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում


Թարգմանչաց վանք, 4-րդ դարի հայկական վանք ներկայիս Ադրբեջանի Դաշկեսանի շրջանի Խաչակապ գյուղից 1,5 կմ հյուսիս՝ երկու փոքրիկ ձորակների միջև՝ հարավահայաց լեռնալանջի հարթության վրա, ծովի մակերևույթից 1315 մ բարձրության վրա [1]։

Պատմություն[խմբագրել]

Հիմնադրում[խմբագրել]

Վանքի հիմնադրումը ավանդաբար կապվում է Ե դարում Սբ. Մեսրոպ Մաշտոցի կողմից Արցախում քրիստոնեական քարոզչություն ծավալելու հետ (այդտեղից էլ՝ Թարգմանչաց անվանումը)։ Եղել է հյուսիսարևելյան Հայաստանի հոգևոր-մշակութային առավել հայտնի ու արգասավոր կենտրոններից մեկը[2]։

Վանքի միակ եկեղեցին օծվել է Սբ. Սահակ-Մեսրոպի անվամբ[3]։

19-20-րդ դարեր[խմբագրել]

Բարերար-խնամակալի մահից (1896) հետո՝ հաջորդ երկու տասնամյակներում, վանքի դերը սկսել է նվազել, որից մտահոգված՝ Էջմիածնի հոգևոր իշխանությունը որոշում է կայացրել.

Aquote1.png ...Վրաստանի թեմի ժամ. կառավարիչ Տ. Եփրեմ եպիսկոպոսին կարգադրել, որ Գանձակի փոխանորդ Տ. Լևոն վարդապետը կանոնաւոր վերահսկողութիւն ունենայ Թարգմանչաց վանքի վրայ»: Տեղին է նշել, որ դեռևս 1888 թ. վեհափառին հղած մի նամակում վանքի խնամակալ Ն. Տեր-Ներսիսյանցն իր մտահոգությունն էր հայտնել Թարգմանչաց վանքի ապագա կացության առթիվ, մասնավորապես գրելով. «...ինձ աւելի և աւելի զբաղեցնում է մի ծանրակշիռ հոգս, այն է՝ արդեօք ո՞ւմ յուսով պէտք է մնան և պահպանուին այն թանկագին կարասիքը, եկեղեցական սպասները, մատենադարանը, նոր կառուցած շէնքերը և այլն. և այլն, եթէ վանահայր Թէոդորոս վարդապետն Շիրակունի վախճանի, իբրև ծերունի և հիւանդոտ մարդ, չլինի թէ մեր աշխատածը ի կորուստ և յափշտակութիւն մատնուի, որոյ օրինակը Հայոց շատ վանքերում և եկեղեցիներում տեսնվում է ի ցաւ զգացող սրտերի և ի նախատինս ազգի...[4] Aquote2.png


Ցավոք, Ն. Տեր-Ներսիսյանցի մտավախությունն ու կանխատեսումներն իրականանում են և այն էլ ոչ թե վանահոր մահից հետո, այլ հենց նրա կենդանության ու վանահայրության օրոք[5]։

Խնամակալ Ն. Տեր-Ներսիսյանցի մահից հետո՝ 1898 թ. վանահայրը որոշ նորոգություններ ու պակաս կահ-կարասին լրացնելու նպատակով դրամական հանգանակության թույլտվության համար դիմում է Վրաստանի և Իմերեթի Հայոց կոնսիստորիային, որը, ամենայն հավանականությամբ, չի բավարարվում[6]։

Այնուհետև, շուրջ 70 տարի, հինավուրց ու նվիրական վանքը ոչ մեկի կողմից չի մտաբերվել[7]։

Հայտնի է, որ վանքը շրջապարսպից ներս հնուց ի վեր ունեցել է մի շարք շինություններ միաբանների և ուխտավորների համար։ 1847 թ., օրինակ, եղել է «Ի պարսպին մէկ մեծ տուն և երեք փոքրագոյն սենեակք յորս մնան միաբանք»[8]։

1904 թ. վախճանված Կ.Պոլսի պատրիարք Մելքիսեդեկ արքեպիսկոպոս Մուրադյանի կտակի համաձայն՝ Թարգմանչաց վանքին էր ուղարկվել հանգուցյալի զգեստը։ Հայտնի է, որ 1924 թ. փետրվարի 7-ին Գանձակի Հայոց առաջնորդ Լևոն եպիսկոպոսը բողոքել էր Էջմիածնի հոգևոր խորհրդին՝ գյուղի գործկոմի կողմից Թարգմանչաց վանքի եկեղեցական իրերը վաճառելու համար.

Aquote1.png Խաչակապ գյուղի գործկոմը ինքնագլուխ բերել է գյուղ Ս. Թարգմանչաց վանքի պղնձե կաթսաները, խալիչաները, ժամացույցը, շենքերի տախտակները, որոնցից վաճառել է 75 միլիոն ռ. մինչև 1923 թվի փետրվարը[9] Aquote2.png


Նորոգություն[խմբագրել]

Թարգմանչաց վանքը 1911 թվականին

Վանքը բազմիցս ավերվել ու վերաշինվել է։ Դա ոչ միայն հստակ նկատելի է պատերի շարվածքից, այլև վկայված է ժամանակին գրի առնված մի ավանդությամբ.

Aquote1.png ...Լանկթամուրի ժամանակ այս տաճարը քանդել աւերել են, և հազիւ գետնից բարձր կանգունաձև մնացել են պատերը...[10] Aquote2.png


Իրականացված բազում նորոգությունների հետքերն աչքի առաջ ունենալով՝ 1885 թ. այցելուն նշել է. «...դարերի ընթացքում մի քանի անգամ կործանուել և վերստին նորոգուել է և ամեն մի նորոգութեան ժամանակ կորցրել է իւր հնութեան մի մասը։ Ներկայումս եկեղեցու սեղանի կողմը, որ ինչպէս երևում է իւր սկզբնական դիրքը պահպանել է, աւելի մեծ է. այնուհետև տասներորդ դարի սկզբին (1029 թ.) նորոգութեան ենթարկուելով դասը և ժողովրդեան կանգնելու տեղը աւելի նեղ ու փոքր դիրք են առել»[11]։

Հայտնի է, որ 1872-1890 թթ. վանքի վերանորոգման համար հավաքված գումարը կազմել էր 9116 ռուբլի, իսկ ծախսը՝ 9880 ռուբլի, մինչդեռ աշխատանքների ավարտման համար անհրաժեշտ էր ևս 15.000 ռուբլի։ Անդրադառնալով անավարտ մնացած աշխատանքների կարևորությանը՝ 1888 թ. մասնակից լինելու հայց էր ուղղվել ժողովրդին[12][13]։

1902 թ. վանքի սենյակների նորոգության համար վանահորը փոխանցվել է հանգանակված 220 ռուբ. գումարը։ Սակայն, ինչպես երևում է 1910 թ. կազմված տեղեկագրից, վիճակը բնավ էլ չի շտկվել, այլ ընդհակառակը, սենյակները գնալով ավելի ու ավելի են խարխլվել. «...գտայ քայքայւած հացատան և խոհանոցի տանիքները, միւս սենեակները խարխալած, կեղտոտ, որոնք կարօտ են վերանորոգութեան, իսկ այժմ անհրաժեշտ է կարգել խիստ հսկողութիւն, որպէս զի գէթ կործանումից ազատ մնայ»[14][15]։

Ճարտարապետություն[խմբագրել]

1880-ական թվականներին ժամանակակիցը հիացմունքով է խոսել վանքի բարեկարգ վիճակի մասին

Aquote1.png Երբ ճանապարհորդը, անցնելով հարուստ ու զուարճալի լեռնադաշտերից, ճոխ անտառներից և փարթամ վարելահողերից, մոտենում է այն ձորագլխին, որին ներկայ խնամակալը Արջաձոր է անուանել, նորա առաջ, բարձրաւանդակի լանջին, ձորի բերանում, գրաւիչ կերպով պատկերանում է ս. Թարգմանչաց վանքը, շրջապատուած մաքուր ու վայելչաշէն բնակարաններով, պարտէզներով, խոտհարքներով, արտերով և նորաբոյս անտառով։ ...Խնամակալի (հայ վաճառական-արդյունահանող Ներսես Տեր-Ներսիսյանց - Ս.Կ.) բացառիկ ջանքերով և թէ իրան ու թէ այլ բարեմիտ անձանց նուէրներով ս. Թարգմանչաց վանքը ներկայումս ունի մի բնակարան չորս ընդարձակ սենեակից բաղկացած, երկու նախասենեակ և մի կրաշէն ներքնատուն։ Այդ բնակարանին կից կայ վանահոր կացարանը՝ մի ընդարձակ ու վայելուչ սենեակ, որի նմանը ս. էջմիածնայ սրբազան եպիսկոպոսներից քիչերն ունին գուցէ։ ...Ինքը եկեղեցին էլ շատ վայելուչ զարդարած ու նորոգած է. նա ունի երկու գաւիթ, ներքին և արտաքին. արտաքին գաւթի մէջ է անասնատունը։ Վանքին կից ընդարձակ պարսպապատի մէջ, նոր սկսվում է պարտէզ շինուել. պարտիզի վերին մասում դուրս է բերած պարտուական աղբիւր՝ գեղեցիկ աւազանով...[11] Aquote2.png


1890-ական թվականներին վանքը այցելաց եպիսկոպոս Մակար Բարխուտարեանցը նշել է.

Aquote1.png Վանքն ունի ամուր շրջապարիսպ, ութ խուց, պարտէզ, մեղուանոց, կամուրջներ և պատուական աղբիւր։ Իմ շրջած և տեսած բոլոր վանքերից պայծառ է վանքս։ Նորոգուած է վանքս, գաւիթն, շրջապարիսպն, խուցերն, և նորինորոյ շինուած կամուրջներ։ Այս բոլոր նորոգութիւները, պայծառութիւնը և վերակենդանութիւնը պարտական ենք Գանձակեցի մեծ. Ներսէս-բէկ Աբրահամեան Տէր-Ներսիսեանցին
— Մակար Բարխուտարեանց[16]
Aquote2.png


Սակայն արդեն 1980-ական թվականներին իսպառ անհետացած էր երբեմնի դպրոցն ու օժանդակ մյուս շինությունները, գրեթե աննշմար էր շրջապարիսպը, տակնուվրա՝ գերեզմանոցը։ Քայքայված, սակայն կանգուն էին Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցին, գավիթն ու զանգակատունը, ինչպես նաև ստորգետնյա թաղակապ մի շինություն (հավանաբար, ինչ-որ կառույցի նկուղը)[7]։

Կալվածքներ[խմբագրել]

Թարգմանչաց վանքն ավանդաբար տիրապետել է ընդարձակ կալվածքների։ Սակայն, դրանց զբաղեցրած սահմանների, տնտեսական կացության և եկամուտների մասին որոշակի տվյալներ պարունակող վավերագրերը 19-րդ դարից ավելի հին չեն[7]։

Հայտնի է, որ 1840-1860-ական թվականներին Տեր Մովսես քահանա Եպիսկոպոսյանցը վանքապատկան կալվածքներից ապօրինաբար նվիրել էր իր ազգականներին[12]։

Վանքապատկան անտառի անխնա շահագործման հետևանքով ստեղծված կացությանը տրվել է ահա այսպիսի գնահատական.

Aquote1.png աւելի արօտատեղի կարող է լինել, որովհետև ծառերը առաջուց անխնայ կոտորած լինելով, այժմ թփերով է ծածկուած միայն[11] Aquote2.png


Վանական կալվածքների բարձիթողի վիճակը առաջացրել է և՛ գյուղացիների և՛ հոգևոր իշխանությունների արդարացի դժգոհությունը[7]։

Վանահայր Թեոդորոս Շիրակունին, 1872 թվականից վանքի խնամակալ նշանակված Ներսես Տեր-Ներսիսյանցի հետ միասին, մեծ աշխատանքներ է տանում վանքապատկան կալվածների պահպանման ուղղությամբ։ Նրանց ջանքերով հնարավոր է եղել պահպանել «183 դեսիատին հող, որի մեջ կայ՝ վարելահողեր, խոտհարք և անտառ»։ Իրականացվել են նաև անտառի վերականգման աշխատանքներ[11][15]։

Կալվածական եկամուտը (վարելահողերից, արոտատեղերից և պարտեզից) 1880 թ. կազմել է 451 ռուբլի[15]։

1886 թ. վանքապատկան են հիշվում վարելահողեր, բանջարանոց, նաև 5 սենյակ[15]։

Հակառակ ձեռնարկված միջոցներին՝ վանքապատկան կալվածքի սահմանները (վարելահող, անտառ) դարձյալ կրճատվել են և 1890 թ. կազմել 10 դեսյատին[12]։

1901 թ. վանքի անշարժ ունեցվածքը բաղկացած էր մի այգուց, վարելահողից և 5 սենյակից[15]։

1910 թ. կազմված տեղեկագրի համաձայն՝ վանքի անվեճ կալվածքը կրճատվել էր մինչև 92 դեսիատին (30-ը՝ վարելահող, 30-ը՝ արոտատեղի, 32-ը՝ անտառ) և այն էլ գտնվում էր բարձիթող վիճակում։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 217
  2. Ալիշան Ղ., Քաղաքական աշխարհագրութիւն, Վենետիկ, 1853
  3. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց.14, գ. 205, թ. 231-232
  4. «Արարատ», 1913, էջ 106: Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ56, ց. 18, գ. 31, թ. 56
  5. Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 218
  6. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 1, գ. 9450, թ. 1-2
  7. 7,0 7,1 7,2 7,3 Սամվել Կարապետյան, Հյուսիսային Արցախ, Երևան, 2004, էջ 219
  8. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 53, ց. 1, գ. 3814, թ. 108-109
  9. «Արարատ», 1904, էջ 739: «Վավերագրեր Հայ եկեղեցու պատմության» (1921-1938 թթ.), Երևան, 1994, էջ 46
  10. «Արձագանք», 1886, N 21, էջ 308
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Արձագանք», 1885, N 4, էջ 55
  12. 12,0 12,1 12,2 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 31, թ. 97
  13. «Նոր-Դար», 1888, N 109
  14. Հայաստանի ազգային արխիվ, ֆ. Պ56, ց. 18, գ. 435, թ. 37
  15. 15,0 15,1 15,2 15,3 15,4 Հայաստանի ազգային արխիվ, ֆ. 56, ց. 6, գ. 775, թ. 11
  16. Բարխուտարեանց Մ., Արցախ, Բագու, 1895, էջ 291