Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
1rightarrow blue.svg Անվան այլ գործածումների համար տես՝ Սուրբ Գևորգ եկեղեցի (այլ կիրառումներ)
Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի)
Եկեղեցի

Եկեղեցին

Տեղադրություն Հայաստան Հայաստան Արագածոտնի մարզ, Մուղնի
Աշխարհ Այրարատ
Երկիր Հայաստան Հայաստան
Պատմական երկիր Զաքարյան Հայաստան
Կրոնադավանություն Հայ Առաքելական եկեղեցի Հայ Առաքելական եկեղեցի
Պատմություն
Հիմնադիր(ներ) Հովհաննավանքի միաբանություն
Ճարտարապետություն
Կարգավիճակ Կանգուն
Ճարտարապետ(ներ) Սահակ Հիզանեցի, Մուրադ
Ճարտարապ. ոճ Հայկական
Կառուցման սկիզբ 13-րդ դար
Շինանյութ Սև և կարմիր տուֆի սրբատաշ քարեր
##Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի) (Հայաստան)
Set01-church1.svg
##Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի) (Արագածոտնի մարզ)
Set01-church1.svg
Commons-logo.svg Վիքիպահեստում


Սուրբ Գևորգ եկեղեցի (Մուղնի), եկեղեցի։ Գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Մուղնի գյուղի հարավային ծայրին։

Պատմություն[խմբագրել]

Ըստ 17-րդ դարի պատմագիր Զաքարիա Սարկավագի, վանքը հիմնադրել է Հովհաննավանքի միաբանությունը՝ այնտեղ տեղափոխելով Սուրբ Գևորգի մասունքները։ Հավանաբար դա տեղի է ունեցել 13-րդ դարի առաջին կեսին, որովհետև արդեն 1278 թ. Մուղնու Սուրբ Գևորգ վանքում ձեռագրեր է ընդօրինակվել։ Սուրբ Գևորգ վանքից Սուրբ Գևորգի մասունքների մի մասը տարվել է Վրաստան՝ վրաց արքայազնի բուժման համար։ Այդ մասունքները պահելու համար հետագայում կառուցվել է Թիֆլիսի Մողնու Սբ. Գևորգ եկեղեցին։ 13-15-րդ դդ այստեղ ձեռագրեր են գրվել, վանքը դարձել է հռչակավոր ուխտատեղի։ 1580 թվականին վանքի առաջնորդ Ոսկան վարդապետը Մուղնու Սբ. Գևորգ վանքում եպիսկոպոսական աթոռ է հաստատել։ Վանքը ծաղկում է ապրել 17-րդ դարում, երբ համալիրը երկու անգամ հիմնովին վերակառուցվել է։ 1632-1655 թթ. վանքի առաջնորդ Մարտիրոս եպիսկոպոսը քանդել է արդեն խարխուլ եկեղեցին ու մյուս շինությունները և կառուցել նորը՝ երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկը, պարիսպներ, խցեր։ Սակայն 17-րդ դարի երկրորդ կեսին անմշակ քարով շինված այս եկեղեցին չէր համապատասխանում համահայկական ուխտատեղիի պահանջներին, որի պատճառով Հովհաննես վարդապետը, ստանալով պարսից շահի թույլտվությունը, հիմնովին քանդել է այն և սրբատաշ տուֆ քարերով 1664-1669 թթ. կառուցել նորը։ Հովհաննես վարդապետը 1669 թ., մինչև շինարարության ավարտը, վախճանվել է Ագուլիսում (նա գնացել էր Ագուլիս եկեղեցու կառուցման համար դրամ հանգանակելու)։ Շինարարությունը ավարտել է Դավիթ վարդապետը։ Վանքի Սբ. Գևորգ եկեղեցու ճարտարապետն էր Սահակ Հիզանեցին, որի մահից հետո (1666 թ.) նրան փոխարինել է իր փեսա և աշակերտ ուստա Մուրադը։ 1734 թ. Մուղնու Սբ. Գևորգ վանք ուխտի է եկել կաթողիկոս Աբրահամ Բ Խոշաբեցին։ 1811 թ. առևտրական Հովհաննեսը և նրա կին Թամարը վանքին վարագույր են նվիրել՝ խաչելության և վիշապին նիզակահարող հեծյալ Սբ. Գևորգի պատկերով. այն այժմ գտնվում է ՀՊՊԹ-ում։ 19-րդ դարում Մուղնու Սբ. Գևորգ վանքը ուխտավայր է եղել նաև վրացիների և պարսիկների համար։ Մուղնու Սբ. Գևորգ վանքը մասնակի վերանորոգվել է 19-րդ դարում։ Վանքի առաջնորդ Ստեփանոս արքեպիսկոպոսը 1830 թ. նորոգել է եկեղեցու տանիքը, 1839 թվականին՝ կայծակից փշրված գմբեթի ծայրը։ Մարտիրոս արքեպիսկոպոս Կեսարացին վերանորոգել է վանքի պարիսպը, բնակելի և տնտեսական շինությունները։ 1863 թ. վանահայր է դարձել Մեսրոպ արքեպիսկոպոս Սմբատյանցը։ Աբել եպիսկոպոս Մխիթարյանը, դառնալով վանքի առաջնորդ, 1870-ին այնտեղ դպրոց է հիմնել։ 1889-ին շարադրել է վանքի պատմությունը։ 1895 թվականին երևանցի Աղամալ Մելիք-Աղամալյանի ծախսերով կառուցել է հյուսիս-արևելյան կողմի բնակելի սենյակների երկրորդ հարկը։ Համալիրի հյուսիս-արևմտյան կողմում է աղբյուրի փոքրիկ շենքը՝ զուգակցված ջրամբարի հետ։ Արևելյան պարսպապատին կից են թաղածածկ սեղանատունը, մթերանոցը։ 2000 թ. վանքը նորոգվել է և տարածքը բարեկարգվել է Մեսրոպ արք. Աշճյանի հոգածությամբ։ 2000 թ. հոկտեմբերի 8-ին Գարեգին Բ Ներսիսյան կաթողիկոսի ձեռամբ վերաօծվել է Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին։

Ճարտարապետություն[խմբագրել]

Սև և կարմիր տուֆի սրբատաշ քարերով շինված քառամույթ գմբեթավոր բազիլիկի հորինվածքով եկեղեցուն արևմտյան կողմից կից է եռակամար բաց սրահ, որի միջին հատվածի վրա բարձրանում է զանգակատան 12-սյունանի ռոտոնդան։ Ընդարձակ և բարձր աղոթասրահի կենտրոնում խաչաձև մույթերի վրա բարձրանում է գլանաձև թմբուկով և հովանոցաձև վեղարով գմբեթը։ Աբսիդի և դահլիճի հյուսիսարևելյան անկյան վրա Գրիգոր Ա Լուսավորչի կողմից Տրդատ Գ Մեծի մկրտության, Սբ. Գևորգի՝ Գաբրիել հրեշտակապետից սուր ստանալու, Աստվածածնի վերափոխման, Ստեփանոս Նախավկային, Սբ. Նիկողայոս Հայրապետին և Համբարձման տեսարանը պատկերող 19-րդ դարի որմնանկարներ են։ Եկեղեցու արտաքին հարդարանքում մեծ դեր է խաղում բազմագունությունը՝ սև և դեղնակարմրավուն տուֆի օգտագործումով։ Գմբեթի թմբուկին չորս ավետարանիչների խորհրդանշանների հարթաքանդակներն են։ Հարավային մուտքը ուշագրավ է բացառիկ հարուստ և բարձրարվեստ ձևավորումով։ Մուղնու Սբ. Գևորգ վանքի եկեղեցին ճարտարապետական ձևերի գեղագիտական բարձր հատկանիշներով ուշ միջնադարի Հայաստանի լավագույն կառույցներից է։

Պահվող մասունքներ[խմբագրել]

Մուղնու վանքում պահվող սրբություններից են եղել Սուրբ Գևորգի Աջը, Թադեոս առաքյալի և Մատթեոս ավետարանչի մասունքները։ Մուղնու Սուրբ Գևորգ վանքի ուխտի օրն է սեպտեմբերի վերջի շաբաթ օրը-ը։