Տրդատ Գ
| Տրդատ Գ | |
| Մեծ Հայքի Արքա | |
|---|---|
| Տրդատ Գ Մեծի կնքումը | |
| Իշխանություն | 287–330 |
| Նախորդ | Խոսրով Բ |
| Հաջորդող | Խոսրով Գ |
| Տոհմ | Արշակունիներ |
| Հայր | Խոսրով Բ |
| Երեխաներ | Խոսրով Գ |
| Տրդատ Գ | |
Տրդատ Գ Մեծի կնքումը |
|
| Ծնունդ | 250 |
|---|---|
| Վախճան | 330 |
| Եկեղեցի(ներ) | |
Տրդատ Գ Մեծ (250-ական թթ.– մոտ 330), Հայոց թագավոր 287–ից։
Բովանդակություն |
[խմբագրել] Տրդատը Հռոմեական կայսրությունում
Կրթվել և դաստիարակվել է հռոմական արքունիքում։ Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում և Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։
[խմբագրել] Գահակալում
287–ին Հռոմեական կայսր Դիոկղետիանոսը նրան ճանաչել է Հայոց թագավոր։ Հռոմեական զորքերի աջակցությամբ Տրդատ Գ–ն Մեծ Հայքից դուրս է մղել պարսկական նվաճողներին և հաստատվել հայրենի գահին։ Գահակալման առաջին տարիներին հալածել է քրիստոնեության հետևորդներին։
[խմբագրել] Քրիստոնեությունը պետական կրոն Մեծ Հայքում
Քրիստոնեության պետական հռչակման և հայոց դարձի պատմությունը մեզ փոխանցում են 5-րդ դարի պատմիչներ Ագաթանգեղոսը և մասամբ Մովսես Խորենացին ու Փավստոս Բուզանդը: Համաձայն պատմիչների` Սուրեն Պարթևը, որ հետագայում անվանվեց Գրիգոր Լուսավորիչ, որդին էր Տրդատ Մեծի հորը` Խոսրով արքային դավադրաբար սպանած Անակ Պարթևի: 287 թ., երբ Տրդատը հռոմեական զորքերի ուղեկցությամբ Մեծ Հայք է գալիս հոր գահը վերադարձնելու` նրան է միանում նաև երիտասարդ Գրիգորը` դառնալով արքայի հավատարիմ զինակիցը: Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո, սակայն, Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն: Գրիգորը, ով Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել, հրաժարվում է կուռքին զոհ մատուցել, ինչի համար արքան հրամայում է ենթարկել նրան 12 տեսակի տանջանքի: Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը (Խոր Վիրապը), ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի: Գրիգորին բանտարկելուց հետո Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար: Դեպքերից մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ. Ագաթանգեղոսը գրում է.
| Տրդատը սկսեց մոլեգնել ու ինքն իրեն ուտել և բաբելացիների Նաբուգոդոնոսոր արքայի նման մարդկային բնությունից դուրս գալով` վայրենի խոզերի կերպարանքով, իբրև նրանցից մեկը, գնաց նրանց մեջ բնակվելու: |
Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի և հատկապես նրանցից ամենագեղեցիկի` Հռիփսիմեի սպանությունն էր: Վերջինս քարկոծվելով սպանվել էր` արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար: Շուտով Տրդատի քույրը` Խոսրովիդուխտ, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, որին վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Արքունիքը մեծ պատվով է դիմավորում Գրիգորին: Վերջինս նախ հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում (Առաջավորաց պահք) և աղոթքով ապաքինում արքային: Այնուհետև Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը և քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի կառուցման վայրը: Ապա Գրիգորը Տրդատի գործակցությամբ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում: Հետագայում Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա` եպիսկոպոս ձեռնադրվելու: Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում [[Էջմիածնի Մայր Տաճար]ի կառուցմանը: Տրդատ Գ Մեծի հրովարտակով քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:
[խմբագրել] Տրդատ Գ-ն և Շապուհ Բ-ն
Պարսկաստանում Շապուհ II–ի գահակալմամբ կրկին սրվել են հայ պարսկական հարաբերությունները։ Վերջինիս հաջողվել է Տրդատ Գ–ի դեմ հանել նրա քաղաքականությունից դժգոհ նախարարներին և Հյուսիսային Կովկասի ցեղերին։ Սակայն Տրդատ Գ նախ հաշվեհարդար է տեսել ապստամբ նախարարների հետ, ապա Գարգարացվոց դաշտում հաղթանակ ճակատամարտ տվել հյուսիսային ցեղերին։ Հռոմեական կայսրությունից ստանալով օգնական ուժեր՝ Տրդատ Գ սահմանային շրջաններում հաջող մարտեր է վարել նաև պարսկական զորքերի դեմ։ Տրդատ Գ թունավորվել է թշնամի նախարարների ձեռքով։ Հայկական եկեղեցին նրան դասել է սրբերի կարգը։ Տրդատ Գ Արշակունյաց Հայաստանի պետական և քաղաքական խոշոր գործիչներից է։ Նրան հաջողվել է վերականգնել Մեծ Հայքի թագավորության տարածքային ամբողջությունը, քաղաքական ամուր դաշինք կնքել Հռոմեական կայսրության հետ, ճնշել նախարարների անջատական ձգտումները և ստեղծել կենտրոնացված ուժեղ պետություն։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |