Կապադովկիա
Կապադովկիան (հունարեն՝ Καππαδοκία, լատիներեն՝ Cappadocia, թուրք.՝ Kapadokya, պարսկերեն` کاپادوکیه, Katpatuka — «Գեղեցիկ ձիերի երկիր») պատմական երկրամաս է Փոքր Ասիայի արևելքում, ներկայումս՝ Թուրքիայի տարածքում: Հնագույն հայկական աղբյուրներում հիշատակվում է որպես Գամիրք:
[խմբագրել] Աշխարհագրական դիրքը
Ժամանակի ընթացքում Կապադովկիայի սահմանները նկատելիորեն փոփոխվել են: Թագավորական շրջանում (մ.թ.ա.IV-մ.թ.I դարերում) Կապադովկիան հարավից սահմանակից էր Կիլիկիային (բաժանված էին իրարից Տավրոսի լեռներով), հարավ-արևելքից՝ Կոմագենեին, արևելքից՝ Ծոփքի և ապա Մեծ Հայքի թագավորություններին (սահմանն անցնում էր Եփրատ գետով), հյուսիս-արևելքից՝ Փոքր Հայքին, հյուսիսից՝ Պոնտոսին, արևմուտքից՝ Գաղաթիային և Լիկաոնիային: Տարբեր ժամանակներում Կապադովկիայի սահմանները հյուսիսում հասել են մինչև Սև ծով՝ ընդգրկելով այսպես կոչված Կապադովկիական Պոնտոսը: Ժամանակակից Թուրքիայում Կապադովկիա անվան տակ հասկացվում է շատ ավելի փոքր տարածք Նևշեհիր նահանգում:
Կապադովկիայի պատմական մայրաքաղաքը Մաժաք քաղաքն է, որը հռոմեական շրջանում (մ.թ. I դարում) վերանվանվել է Կեսարիա: Ներկայումս այն խոշոր քաղաք է Թուրքիայում՝ անվան աղավաղված Կայսերի տարբերակով: