Հայկական Տավրոս
Հայկական Տավրոս, լեռնային համակարգ Թուրքիայում, Հայկական բարձրավանդակի մասում: Ձգվում է Կիլիկյան Դրունք կիրճից մինչև Բոհտան գետը: Երկարությունը 650 կմ է, լայնությունը՝ 35-100 կմ, միջին բարձրությունը՝ 1800-2300 մ: Իշխանասար, Սիմսար, Մարութասար գագաթները ունեն 3000 մ բարձրություն: Հայկական Տավրոսի մակերևույթը մասնատված է Եփրատի, Տիգրիսի և նրանց վտակների հովիտներով: Դրանցից մի քանիսը միջանցիկ կիրճեր են, որոնցով Հայկական Տավրոսը բաժանվում է 3 մասի. Կիլիկիայի և Եփրատի կիրճերի միջև, միջին՝ մինչև Բիթլիսի կիրճը և արևելյան՝ մինչև Բոհտանի կիրճը: Հայկական Տավրոսի արևելյան մասի առանձին լեռնաճյուղեր տարածվում են դեպի Վանա լիճ, հասնելով Վարագասար՝ տրոհվում առանձին լեռնազանգվածների և ձուլվում Հայոց ձորի հովտի բլրային լանդշաֆտին: Հայակական Տավրոսի ինտենսիվ ծալքավորված պալեոզոյան և մեզոզոյան կրաքարերի և թերթաքարերի դեպի հարավային շրջված թեփուկներով և վրաշարժայի կառուցվածքի լեռնային համակարգ է, բարդացած նորագույն տեկտոնական կամարաձև բարձրացումներով և բարձրակողմանի խզումներով: Բիթլիսի շրջանում նստվածքային շերտերը ձեղքված են և ներարկված օձաքարային հզոր ինտրուզիվ զանգվածներով: Հյուսիսային լանջը ենթարկվել է հզոր խորքային բեկվածքի, որի ուղղությամբ ձգվում է Խարբերդի, Բալուի, Մուշի, Վանա լճի իջվածքային գոգավորությունների գոտին: Հաճախակի են ռելիեֆի կարստային ձևերը, բնորոշ կառային դաշտերով: Կան ստորերկրյա քարանձավներ: Արևելյան Տիգրիսի շատ վտակներ սնվում են կարստային հզոր աղբյուրներից: Օգտակար հանածոներից կան նավթ, պղինձ և բազմամետաղներ, քրոմիտ, ծծումբ. առատ են շինանյութեր: Լեռնահամակարգի գլխավոր լանջերի դիրքադրությունն առաջացրել է կլիմայական և լադշաֆտային առանձնահատկություններ: Հյուսիսային լանջի կլիման ցամաքային է՝ տաք ամառներով և ցուրտ ձմեռներով: Տարեկան տեղումներն աճում են 300 մմ-ից մինչև 1000 մմ: Ստորոտներում մոխրագույն հողերի վրա տարածված են կիսաանապատային , միջին մասերում, շագանակագույն հողերի վրա՝ չոր տափաստաններ, լեռնակատարներում՝ ենթալպյան բարձրախոտ մարգագետիններ և քարացրոններ: Հարավային լանջի կլիման բնորոշ է շոգ ամառներով և մեղմ ձմեռներով, տեղումները 400-500 մմ-ից 1000-1500 մմ են: Միջին բարձրություններում, գորշ անտառային և դարչնագույն հողերի վրա աճում են սոճի, լիբանանյան մայրի, կաղնի, մշտադալար մերձարևադարձային անտառներ, որոնք դեպի ստորոտ տեղի են տալիս ֆրիգանայի, կիսաանապատային և անապատային խմբակցությունների:
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը հիմնված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |