Փոքր Հայք
| Այս հոդվածը տեղեկատվական աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք օգնել նախագծին՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով այդ աղբյուրներին հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Փոքր Հայք, Հայաստանի արևմտյան փոքր տարածքի և նրանում ձևավորված թագավորության անվանումը, ի տարբերություն Մեծ Հայքի։ Փոքր Հայքը եղել է հայ ժողովրդի ձևավորման հնագույն շրջաններից։ Մթա IX-VI դդ Փոքր Հայքի արևելյան շրջանները միավորվել են Ուրարտուին։ Մթա VI դ սկզբին Փոքր Հայքը մտել է Երվանդունիների թագավորության մեջ։ Մթա VI դ վերջից ընկել է Աքեմենյան Պարսկաստանի գերիշխանության ներքո։ Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների ժամանակ Փոքր Հայքի կառավարիչ Միթրաուստեսը մասնակցել է Գավգամելայի ճակատամարտին և Աքեմենյան պետության անկումից հետո իրեն հռչակել է անկախ թագավոր։ 322–ին Նեոպտողեմայոսը փորձել է Փոքր Հայքը միացնել Հունա–մակեդոնական տիրակալությունը, սակայն չի հասել արդյունքի։ Մթա III դ վերջին Սելևկյանները գրավել են Փոքր Հայքի թագավորությունը և ստեղծել առանձին սատրապություն, որի սատրապ է նշանակվել մի հայ մեծատոհմիկի և սելևկյան թագավոր Անտիոքոս III–ի քրոջ որդի Միհրդատը։ Մթա 190–ին Մագնեսիայի ճակատամարտում Անտիոքոս III-ի՝ Հռոմից կրած պարտությունից հետո Փոքր Հայքում վերականգնել է անկախությունը, սակայն շուտով ենթարկվել Պոնտական թագավորությանը։ Մթա 183-ին Պոնտոսի թագավոր Փառնակը և Փոքր Հայքի կառավարիչ Միհրդատը ներխուժել են Գաղատիա և Կապադովկիա, սակայն պարտվել են և հաշտություն կնքել աննպաստ պայմաններով։ Մեծ Հայքի թագավոր Արտաշես Ա, որ ծրագրել էր միավորել Փոքր Հայքը, նպաստել է նրա քաղաքկան անկախության վերականգմանը և սահմանների ընդարձակմանը։ Մթա II դ վերջին Փոքր Հայքի թագավոր Անտիպատրոսը որդեգրել է Պոնտոսից փախած Միհրդատ VI Եվպատորին և նրան ժառանգել իր թագավորությունը։ Մթա 73-71 թթ Միհրդատյան երրորդ պատերազմի ժամանակ հռոմեական զորավար Լուկուլլոսի զորքերը ռազմակալել և ավերել են Փոքր Հայքը։ Մթա 68-ին հայկական զորքերով Միհրդատ VI ազատագրել է այն։ Սակայն մթա 66-ին Պոնտական թագավորությունը և Փոքր Հայքով հանդերձ միացվել է Հռոմին։ Փոքր Հայքը, որոշ ընդհատումներով, մինչև 72-ը գոյատևել է որպես Հռոմի վասալ թագավորություն։ 37-ին Փոքր Հայքի թագավոր Կոտիսը ստացել է Մեծ Հայքի թագավորությունը՝ երկրորդ անգամ վերամիավորվելով Հայաստանի երկու մասերը։ 72-ին Վեսպասիանոս կայսրը Փոքր Հայքի թագավորությունը վերածել է հռոմեական պրովինցիայի և մտցրել Կապադովկիայի մեջ։ III դ վերջին Փոքր Հայքը անջատել է Կապադովկիայից և վերածել առանձին պրովինցիայի։ Ռազմական տեսակետից Փոքր Հայքը ենթարկվել է Հայաստանի դքսին։ Փոքր Հայքի հողերը Հռոմը տվել է հայ Արշակունիներին։ VII դ Փոքր Հայքը գրավել են արաբները։ Նրանց և Բյուզանդիայի ընդհարումների հետևանքով ավերվել են Փոքր Հայքի քաղաքները, գերեվարվել և ոչնչացվել են զգալի թվով հայ բնակիչներ։ XI դ 2-րդ կեսից Փոքր Հայքը զավթել են թուրք–թաթարական նվաճողները, XV դ 1-ին կեսից՝ օսմանյան սուլթանությունը։ 1915–ին, Մեծ Եղեռնի ժամանակ, թուրքական ջարդարարները Փոքր Հայքի հայ բնակիչներին ոչնչացրել են։
Վարչական բաժանում [խմբագրել]
Փոքր Հայքի վարչական բաժանումների սահյմանները այնքան հաճախ են փոփոխությունների ենթարկվել, որ անկարելի է ճշտությամբ որոշել նրանց տարածությունը: Ունեցել է երեք նահանգ՝
- Առաջին Հայք
Գտնվել է Կապադովկիայի և Պոնտոսի միջև: Գլխավոր քաղաքը Կեսարիան էր: Տարածքում գտնվել են Եդոկիա, Պիզա, Նիկոպոլիս և Նյուս քաղաքները, Ծամնդավ բերդաքաղաքը, Կիզիստրա բերդը:
- Երկրորդ Հայք
Գլխավոր քաղաքն էր Սեբաստիան: Նահանգում գտնվել են Լասիստա, Ավալա, Տյուրիկե և Ակն քաղաքները:
- Երրորդ Հայք
Գլխավոր քաղաքն էր Մելետինեն՝ ռազմական և առևտրական նշանավոր կենտրոն Առաջավոր Ասիայում: Նահանգի կազմում էին Սամոսատ, Քեսուն, Բարձրբերդ, Ռապան, Ուլնի և Պեհետնի քաղաքները, Վարդահեր ավանը, Փարզման, Կոկիոսն, Շահասպ բերդերը:
|
||||||||||