Կիմերներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կիմերների ներխուժումը Կողքիս, Վանի թագավորություն և Ասորեստան

Կիմերներ կամ գամիրներ (աշուրերեն՝ «gimirrou», հին հուն.՝ Κιμμέριοι ), կիսավաչկատուն ռազմիկ ցեղեր (ցեղային միություն) Ազովի ծովի ափամերձ շրջաններում։

Ազգակից են եղել իրանա-սկյութական ցեղերին։ Առաջին անգամ հիշատակվում են մ.թ.ա. VIII դ. ասորեստանյան սեպաձև արձանագրություններում։ Սկյութացի-սակերի ճնշմամբ կիմերների հորդաները Կովկասյան լեռնաշղթայի կիրճերով թափանցել են Անդրկովկասի և Փոքր Ասիայի հյուսիս-արևելյան մի շարք շրջանները։ Մ.թ.ա. 715-ին պարտության են մատնել Ռուսա Ա թագավորին և հաստատվել Վանի թագավորության հյուսիսային շրջաններում։ Արգիշտի Բ (մ.թ.ա. 714 - 685) և Ռուսա Բ (մ.թ.ա. մոտ 685 - 645) կասեցրել են կիմերների առաջխաղացումը, ապա դաշնակցելով նրանց՝ մասնակցել փոքրասիական մի շարք երկրների (Կապադովկիա, Պոնտոս, Փռյուգիա, Լիդիա) նվաճումներին։ Կիմերների վարձկան զինվորների օգնությամբ նրանք հաջողությամբ պայքարել են իրենց գլխավոր հակառակորդ Ասորեստանի դեմ։ Մ.թ.ա. VII դ. 2-րդ կեսին կիմերները թուլացել և ամփոփվել են Փոքր Ասիայի հյուսիս-արևելյան շրջաններում՝ աստիճանաբար ձուլվելով բնիկներին։ Մինոպի շրջանում և Կապադովկիայում կիմերները գոյատևել են մինչև մ.թ.ա. VI դ.։ Հույն գաղութաբնակները Կերչի նեղուցը կիմերների անունով կոչել են Կիմերյան Բոսպոր։

Հայերը կիմերների անունով Կապադովկիան կոչել են Գամրաց երկիր կամ Գամիրք։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայկական սովետական հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png