Սամոսատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սամոսատ (հայտնի է նաև որպես Շամ(ու)շատ, այժմ` Սամսատ (Թուրքիայում)), հնագույն քաղաք Կոմմագենեում, Եփրատ գետի աջ ափին: Աքեմենյանների օրոք (Ք.ծ.ա. VI–IV դդ.) եղել է Կոմմագենեի հայկական սատրապության կենտրոնը և հավանաբար կոչվել Կոմմագենե: Ք.ծ.ա. III դ. 1-ին կեսին դարձել է Ծոփք-Կոմմագենեի միացյալ թագավորության մայրաքաղաքը և հայ Երվանդունի Սամոս Ա (Շամես) թագավորի անունով վերանվանվել Սամոսատ: Տիգրան Բ Մեծի և Արտավազդ Բ-ի օրոք (Ք.ծ.ա. I դ.) մտել է Մեծ Հայքի թագավորության մեջ: 72-ին Հռոմեական կայսրությունը Ս. (Կոմմագենեի հետ) կցել է իր տիրապետության տակ գտնվող Ասորիք նահանգին:

Բյուզանդական կայսրության տիրապետության շրջանում Սամոսատը գտնվել է Եփրատացիք նահանգի (ապա` բանակաթեմի) կազմում: 639-ին արաբները գրավել են Սամոսատը և մտցրել Զազիրա (Վերին Միջագետք) նահանգի մեջ: 958-ին բյուզանդացիները կրկին գրավել են Սամոսատը։ Այդ ժամանակ այնտեղ հաստատվել են մեծ թվով հայեր: XI դ. վերջին – XII դ. Սամոսատին տիրել են սելջուկների գերիշխանությունն ընդունած հայ իշխանները, որոնց հիշատակում է ասորի պատմիչ Միքայել Ասորին: Միառժամանակ քաղաքը գտնվել է հայ իշխան Փիլարտոս Վարաժնունու ենթակայության տակ:

Սամոսատը հայտնի է որպես քրիստոնեական հարուստ անցյալ և ավանդույթներ ունեցող քաղաք: Այստեղ, ինչպես և ողջ երկրում (Կոմմագենե), ի թիվս հռոմեական մյուս պրովինցիաների (Ասորիք, Կապադովկիա, Փոքր Հայք ևն), քրիստոնեությունը տարածվել է դեռևս առաքելական շրջանում (I–II դդ.): III դարից Սամոսատը դարձել է քրիստոնեության կարևոր կենտրոն, պատկանել է Անտիոքի աստվածաբան. դպրոցին, եղել նրա գաղափարաբանությունը սկզբնավորող կենտրոններից: Այստեղ է ծնվել և սկզբնական կրթությունն ստացել II դ. աստվածաμան, Արիոսի հոգևոր ուսուցիչ Լուկիանոս Սամոսատցին, որի աշխատությունները արիոսականները համարել են իրենց ուսմունքի գլխավոր սկզբնաղբյուր: 260–268-ին Սամոսատի եպիսկոպոսն էր հայտնի աղանդապետ Պողոս Սամոսատցին (Սամոստացի), որը համարվում է նեստորական վարդապետության գաղափարական նախահայրը: Սամոսատը եղել է հունական և ասորական դպրության կարևոր կենտրոններից: Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների մի խմբին Սամոսատ է ուղարկել` հունարեն և աստվածաμանություն ուսանելու, այնուհետև իր երկու օգնականների` Հովհան Եկեղեցացու և Հովսեփ Պաղնացու հետ անձամբ այցելել Սամոսատ, հույն գեղագիր Հռոփանոսի օգնությամբ վերջնականորեն ձևավորել հայկական նշանագրերը: Այստեղ էլ կատարվել է հայերեն առաջին թարգմանությունը Աստվածաշնչի Սողոմոնի առակների գրքից, որն սկսվում է «Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զμանս հանճարոյ» տողերով: V–XII դդ. Սամոսատը դարձել է բազմաթիվ աղանդների կենտրոն: Աղանդավորներն այստեղից մուտք են գործել Հայաստան և տարածել իրենց գաղափարները: V–VI դդ. Ս. հայտնի էր հատկապես մարկիոնական և մանիքեական համայնքներով: Սամոսատ քաղաքից էին պավլիկյանների առաջին աղանդապետ համարվող Կալինիկեի որդի Պողոս Սամոսատցին (VII դ. սկիզբ), նրա եղբայր Հովհաննեսը: IX դ. կեսին Տևրիկի (Դիվրիգ) նման Սամոսատը դարձել է պավլիկյանների գլխավոր ռազմ. հենակետը, որտեղից արաμների հետ միասին նրանք պայքարել են բյուզանդացիների դեմ: Հայոց կաթողիկոս Ներսես Շնորհալին հիշատակում է XII դ. Սամոսատում բնակվող` արևորդիներ կոչված աղանդավորներին, որոնք որոշել էին հրաժարվել հերձվածի գաղափարներից և վերադառնալ Հայ եկեղեցու գիրկը:

Սելջուկյան արշավանքներից (XI դ.) հետո Սամոսատը աստիճանաμար կորցրել է իր երբեմնի նշանակությունը և վերածվել աննշան քաղաքի: XII–XIV դդ. քաղաքին տիրել են խաչակիրները, բյուզանդացիները, Եգիպտոսի Այյուբյանները, մոնղոլները, թուրքմեն. ցեղերը: XV դ. Սամոսատը նվաճել է Օսմանյան կայսրությունը: Մինչև Մեծ եղեռնը Սամոսատի բնակիչները հիմնականում եղել են հայեր:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է Քրիստոնյա Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո: CC-BY-SA-icon-80x15.png