Արաբական խալիֆայություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արաբական խալիֆայություն
الدولة العربية
 Սասանյան Պարսկաստան
 Բյուզանդական կայսրություն
 Վեստգոթերի թագավորություն
632 - 1258 Կորդովայի ամիրայություն 
Ֆաթիմյան խալիֆայություն 
Մոնղոլական կայսրություն 
Քարտեզ


(Արաբական խալիֆայության ընդարձակումը Մուհամմադ մարգարեի և բարեպաշտ խալիֆների ժամանակաշրջանում)

Քարտեզ2


(Օմայյան խալիֆայությունը առավելագույն ընդարձակման ժամանակ)

Քարտեզ3


(Աբբասյան խալիֆայությունը առավելագույն ընդարձակման ժամանակ)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք 630-656 Մադինա
656 - 661 Մեքքա
661 - 754 Դամասկոս
754 - 762 Քուֆա
762 - 836 Բաղդադ
836 - 892 Սամառռա
892 - 1258 Բաղդադ
Լեզու Արաբերեն
Ազգություն Արաբներ, Հույներ
Պարսիկներ, Ասորիներ
Ղպտիներ, Հնդիկներ
Հայեր, Քրդեր
Կրոն Սուննի իսլամ, Շիա իսլամ, Հայ Առաքելական Եկեղեցի, Ասորի Ուղղափառ Եկեղեցի, Հույն Ուղղափառ Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Օմայյաններ և Աբբասյաններ
Պետության գլուխ Խալիֆ
Օրենսդրություն Շարիաթ և Ֆիկհ
Պատմություն
- Բարեպաշտ խալիֆների պետություն 632-661
- Օմայյան խալիֆայություն 661-750
- Աբբասյան խալիֆայություն 750-1258

Արաբական խալիֆայություն (արաբ․՝ الدولة العربية‎‎` արաբական պետություն‎), իսլամադավան աստվածապետություն միջնադարում (632-1258)։ Առաջացել է իսլամական նվաճումների արդյունքում՝ 7-րդ դարի առաջին կեսին։ Ղեկավարում էին իսլամի հիմնադիր Մուհամմադ մարգարեի (570-632) հաջորդները կամ փոխանորդները (արաբ․՝ خليفة‎‎՝ խալիֆ)։ 762 թվականին հիմնադրվում է մայրաքաղաք Բաղդադը, որի անունով պետությունը կոչվում էր նաև Բաղդադի խալիֆայություն։

Արաբական խալիֆայությունը ունեցել է երեք հիմնական շրջան՝ Բարեպաշտ խալիֆների պետություն (արաբ․՝ الخلافة الرشيدون‎‎՝ ալ-խիլաֆա ալ-ռաշիդուն, 632-661), Օմայյան խալիֆայություն (արաբ․՝ الدولة الأموية‎‎, ալ-դաուլա ալ-ումավիյյա, 661-750) և Աբբասյան խալիֆայություն (արաբ․՝ الدولة العباسية‎‎, ալ-դաուլա ալ-աբբասիյյա, 750-1258)։

Խալիֆայության տարածքը ներառել է երեք աշխարհամասերից խոշոր հատվածներ։ Հյուսիսում նրա սահմանները հասել են Կովկասյան լեռներին ու Միջին Ասիային, հարավում՝ Հնդկական օվկիանոսին ու Սահարա անապատին։ Արևմուտքում պետության մեջ էին ընդգրկված Պիրենեյան թերակղզին ու Մաղրեբը, արևելքում՝ Ինդոս գետի հովիտն ու Աֆղանստանը։ Այսպիսով՝ այն ներառում էր հսկայական մի տարածք՝ Հայկական լեռնաշխարհը, Իրանական բարձրավանդակը, Միջին Ասիան, արևմտյան Հնդկաստանը, Արաբական թերակղզին, Հյուսիսային Աֆրիկան և մասամբ՝ Հարավային Եվրոպան։ Այսօր այդ տարածքներում գոյոթյուն ունեն շուրջ 4 տասնյակ ազգային պետություններ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մադինայական համայնք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական խալիֆայության պատմությունը սկսում է Մադինայում (արաբ․՝ المدينة المنورة‎‎` լուսավորյալ քաղաք) ձևավորված իսլամադավան համայնքից։ Դեռ 610 թվականին քառասունամյա Մուհամմեդը սկսում է իսլամի քարոզը, որի համար տարիներ անց ստիպված է լինում լքել հայրենի Մեքքան (արաբ․՝ مكة المكرمة‎‎՝ պատվարժան Մեքքա), իսկ 622 թվականին գաղափարակիցների հետ վերջնական հաստատվում է Մադինայում։ Այդ թվականը հայտնի է որպես Հիջրայի թվականության սկիզբ։

Նախաիսլամական Մադինան հայտնի էր «Յասրիբ» (արաբ․՝ يثريب‎‎) անունով։ Այն Մեքքայից հյուսիս գտնվող օազիս էր, որը բնակեցված էր արաբական հեթանոս աուս և խազրաջ ցեղերով, ինչպես նաև հուդայականներով։ Երկու կրոնական համայնքները երկարատև պայքարի մեջ են եղել՝ հանուն բարեբեր հողերի։ Այդ խնդիրը լուծելով՝ Մուհամմադ մարգարեն հաստատվեց Յասրիբում, որտեղ վերոնշյալ ցեղերը իսլամ ընդունեցին։ Նրանք հորջորջվեցին «զինակիցներ» (արաբ․՝ أنصار‎‎՝ անսար), իսկ Մեքքայից և այլ վայրերից Մադինա տեղափոխվածները՝ ներգաղթյալներ (արաբ․՝ مهاجر‎‎՝ մուհաջիր)։ Այդպես ձևավորվեց իսլամադավան առաջին համայնքը՝ ումման (արաբ․՝ أمّة‎‎)։

Մադինայական համայնքը դարձավ իսլամական պետության կորիզը, որտեղ հաստատվելով՝ Մուհամմադ մարգարեն տարածում է իր ազդեցությունը Արաբական թերակղզում։ Մեքքացիների դեմ մղելով մի քանի հաղթական ճակատամարտեր՝ 630 թվականին նա վերադառնում է հայրենի քաղաք։ Երկու տարի անց մարգարեն մահանում է, և իրեն փոխարինելու է գալիս առաջին բարեպաշտ խալիֆը՝ իր զինակից Աբու Բաքրը։ Նա իսլամ ընդունած առաջին անձանցից էր, և դեռ մարգարեի կենդանության օրոք երբեմն ինքն էր կատարում ուրբաթօրյա աղոթքը։ Աբու Բաքրի դուստրը՝ Այիշան, մարգարեի երկրորդ կինն էր։

632 թվականին Մադինայում խալիֆ է հռչակվում Աբու Բաքրը, որով սկսվում է Բարեպաշտ խալիֆների ժամանակաշրջանը։

Բարեպաշտ խալիֆներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամական առաջին պետության պատմության առաջին շրջանում կառավարել են չորս «բարեպաշտ» խալիֆները (արաբ․՝ الخلفاء الرشيدون‎‎՝ ալ-խուլաֆա ալ-ռաշիդուն)[Ն 1]։ Նրանք էին՝ Մուհամմադ մարգարեի զինակիցներ և բարեկամներ Աբու Բաքրը (632-634), Օմար իբն Խատտաբը (634-644), Օսման իբն Աֆֆանը (644-656) և Ալի իբն Աբի Տալիբը (656-661)։ Առաջին երեքի ժամանակ մայրաքաղաքը շարունակում էր մնալ Մադինան, իսկ Ալիի ժամանակ դարձել էր Մեքքան, թեև քաղաքական կենտրոնը համարվում էր Միջագետքը (Իրաք

Բարեպաշտ խալիֆները մարգարեի հաջորդներն էին։ Նրանք ընտրվում էին իսլամական համայնքի կողմից և հանդիսանում էին համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդները։ Նրանց իշխանության տարիներին Արաբական խալիֆայությունը դուրս եկավ թերակղզու սահմաններից և ներառեց հարևան ու հեռավոր տասնյակ երկրներ։ Արաբները կարողացան հաղթել Մերձավոր Արևելքի երկու կայսրություններին՝ պատերազմից թուլացած Բյուզանդական կայսրությանը և Սասանյան Պարսկաստանին։ Դրանցից առաջինի տարածքը կրճատվեց չորս անգամ՝ արաբներին զիջելով Արևելյան Միջերկրականը և Հյուսիսային Աֆրիկան, իսկ երկրորդը վերացավ աշխարհի քաղաքական քարտեզից։ Արաբներին ենթարկվեցին նաև Հնդկաստանի որոշ նահանգներ՝ Ինդոս գետի հովտում, Միջին Ասիան, Հայկական լեռնաշխարհն ու Կովկասը, ավելի ուշ՝ 8-րդ դարի սկզբին՝ Իսպանիան։

Առաջին բարեպաշտ խալիֆը Աբու Բաքրը մարգարեի երկրորդ կնոջ՝ Այիշայի հայրն էր, և նրա հավատարիմ զինակիցը։ Նա ծնունդով Մեքքայից էր։ Մուհամմադի մահից հետո հիասթափված արաբական ցեղերը վերստին վերադառնում են հեթանոսությանը։ Կարևոր էր Աբու Բաքրի գործը՝ Արաբական թերակղզին վերստին միավորելու, և իսլամի կանաչ դրոշի ներքո արաբական պետություն ստեղծելու կապակցությամբ։ Նրա մահից հետո արաբակական իսլամադավան համայնքը իր ղեկավար և մարգարեի հաջորդ ընտրեղ Օմար իբն Խատտաբին, ով իշխեց 10 տարի (634-644)։ Նա ևս Մուհամմադի զինակիցներից էր և ծագում էր Կուրեյշ ցեղից։ Նրա իշխանության տարիներին արաբները բազմաթիվ արշավանքներ կատարեցին հարևան ու հեռավոր երկրներ։ Կարևոր էր 638 թվականին Երուսաղեմի գրավումը, ապա՝ Բյուզանդական կայսրությունից ասիական ու հյուսիսաֆրիկյան տարածքների զավթումը։ 642 թվականին Նեհավենդի ճակատամարտում արաբները կործանեցին Սասանյան պետությունը և նվաճեցին Իրանը և Իրաքը։ Այդ ընթացքում նրանք երկու անգամ (640, 642) արշավեցին Հայաստան։

644 թվականին, Օմարի մահից հետո, խալիֆ է ընտրվում Օսմանը։ Նա Մուհամմադի առաջին զինակիցներից էր, իր 4 դուստրերից երկուսի ամուսինը։ Պատմության մեջ հայտնի է նաև Երկու լույսերի տիրակալ (արաբ․՝ ذو النّورين‎‎՝ զու ան-նուրեյն)։ Նրա օրոք շարունակվում են նվաճողական արշավանքները Միջին Ասիա և Հնդկաստան, դրվում են նորաստեղծ կայսրության կառավարման հիմքերը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ղուրանը անգիր հիշող և Մուհամմադին ճանաչող մարդկանց թիվը հետզհետե նվազում է, և նոր կրոնը կարող է հայտնվել վտանգի տակ, Օսմանը հրամայում է գրի առնել Ղուրանի սուրբ գիրքը։ Օսման խալիֆը չի մահանում իր բնական մահով. ծերունահասակ տարիքում նրան սպանում են իր տան մոտ՝ 656 թվականին։

656 թվականին խալիֆ է ընտրվում Ալի իբն Աբի Տալիբը։ Նա Մուհամմադի հորեղբոր՝ Աբու Տալիբի որդին էր, երեք տարեկանից ապրում էր նրա տանը։ Մուհամմադը որդի չուներ, և Ալիին վերաբերվում էր հարազատ զավակի պես։ Ալին առաջիններից էր, ով իսլամ էր ընդունել, և բազմիցս մարտի դաշտ դուրս եկել։ Նա ամուսնացել էր մարգարեի ամենակրտսեր աղջկա՝ Ֆատիմայի հետ, և այդպիսով շարունակել նրա սերունդը։ Շատերը Ալիի ընտրությունը համարում էին ճիշտ և արդարացված, քանի որ դեռ կենդանության օրոք Մուհամմադը բազմիցս շեշտել էր դա։ Սակայն Ալին ևս երկար կյանք չի ունենում, և 661 թվականին սպանվում է։ Ալիից հետո նրա իսլամը ճյուղավորվում է երկու մասի. նրան սատարողները ցանկանում են խալիֆ ընտրել որդիներին՝ Հուսեյնին ու Հասանին, սակայն խալիֆ է դառնում Ասորիքի արաբ կառավարիչ Մուավիան։ Մյուսները հաստատում են 4 խալիֆների ընտրությունը և Մուավիայի՝ խալիֆ դառնալն ու Օմայյան դինաստիայի հիմնումը (661-750)։ Առաջինները հայտնի են դառնում որպես Ալիի կուսակիցներ (արաբ․՝ شيعة علي‎‎՝ շիաթ Ալի) կամ Շիաներ, իսկ մյուսները՝ Սուննիներ՝ Մուհամմադ մարգարեի և զինակիցների վարքը լուսաբանող գրքի՝ Սուննայի անունով (արաբ․՝ سنة‎‎)։

Օմայյան խալիֆայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմայյան դինաստիան Արաբական խալիֆայությունում իշխել է մոտ մեկ դար (661-750)։ Դա առաջին ժառանգական դինաստիան էր, որը ստեղծվել էր վերջին բարեպաշտ խալիֆի՝ Ալի իբն Աբի Տալիբի և Դամասկոսի արաբ կառավարիչ Մուավիայի պայքարի արդյունքում։ Ալիին հրաժարվում էին ճանաչել որպես օրինական խալիֆա՝ Մուհամմադի զինակիցներից Տալհան, ալ-Զուբեյրը, սպանված խալիֆ Օսմանի հորեղբորորդին, Սիրիայի կառավարիչ Մուավիան, Այիշան՝ Աբու Բաքրի դուստրը և Մուհամմադի ամենասիրելի կինը։ Սա ավելի մեծացրեց Մուավիայի ազդեցությունը իսլամական ումմայում։ Սկզբնական շրջանում հաջողությունը Ալի կողմն էր, սակայն Մուավիան ևս ուներ զգալի ռազմական ուժ և չէր պատրաստվում հեշտ հանձնվել։ Ալին իր նստավայրը տեղափոխեց Իրաք՝ Քուֆա, որտեղից սկսեց պայքարել սիրիացիների դեմ։ 657 թվականին Սիֆֆինի ճակատամարտում, երբ Ալին արդեն հաղթում էր, Մուավիայի զորքերը իրենց նիզակների վրա բարձրացրեցին Ղուրանի թերթիկները. դա իսլամական ավանդույթ էր, ինչը նշանակում էր հարցը լուծել դատարանում՝ Ղուրանի օրենքների համաձայն։ Ալին համաձայնվեց, բայց դատարանում Մուավիայի ներկայացուցիչը կարողացավ ապացուցել իրենց ճշմարտացի լինելը։ Այսինքն՝ Աստծո որոշումը՝ ճակատամարտում հաղթանակը, նա կասկածի տակ դրեց, և դատը հանձնեց մարդկանց, ինչպես գնահատում էին ժամանակակիցները։ Ալին փաստորեն իր ձեռքից բաց թողեց հաղթանակը, որի պատճառով նրա շատ կողմնակիցներ լքեցին նրանց։ Դրանից հետո նա այլևս ի վիճակի չէր շարունակել պատերազմը, մանավանդ, որ նրանից հեռացողները, որոնք կոչվեցին խարիջիներ, պայքար սկսեցին նաև Ալիի դեմ։ Հենց նրանց հասցրած նիզակի հարվածից էլ Ալին սպանվեց Քուֆայի մզկիթ մտնելու պահին 661 թվականին։ Այսպիսով պայքարն ավարտվեց Մուավիայի հաղթանակով։ Մուավիան արաբական պետության մայրաքաղաք դարձրեց Դամասկոսը։

Մուավիան իր ժառանգորդ նշանակեց որդուն՝ Յազիդ I-ին (680-683)։ Դինաստիական-ժառանգական սկզբունքը դարձավ արաբական բոլոր պետությունների կառավարման միակ ձևը։ Մուավիան կարողացավ հնազանդեցնել ոչ միայն շիաներին ու խարիջիներին, այլև Արաբիայի վերնախավին։ Յազիդին հաջորդեց Մուավիա II-ը, ով սակայն ժանտախտի զոհ դարձավ։ Հաջորդ խալիֆի ընտրությունը կանգ առավ Մրվան իբն ալ-Հաքիմի վրա։ Նրա խալիֆա դառնալով գահը Օմայանների Աբու Սուֆյանի ճյուղից անցավ Մրվանյան ճյուղին։ Մրվանի որդի Աբդ ալ-Մալիքը (685-705) շարունակեց նախորդների նվաճողական քաղաքականությունը։ Աբդ ալ-Մալիքի օրոք սկսվեց նաև Հայաստանի նվաճումը։ Արաբները գրավեցին Հայաստանը, ապա Վիրքը, Աղվանքը, մերձկասպյան տարածքները։ Նվաճված տարածքներում 701 թվականին նրանք ստեղծեցին նոր վարչական տարածք՝ Արմինիա կուսակալություն՝ Դվին կենտրոնով։ Մինչ այդ Հայաստանը ընդունել էր արաբների գերագահությունը՝ Դամասկոսի պայմանագրով (652), սակայն պահպանում էր իր ինքնուրույնությունը։ Աբդ ալ-Մալիքի որդի և հաջորդ Վալիդը 711-716 թվականներին նվաճեց Իսպանիան. դրանով արաբական նվաճումները Եվրոպայում կանգ առան։ Արևելքում 713-715 թվականներին հպատակեցվեց Միջին Ասիան։

8-րդ դարի 20-30-ականներից սկսվում է տնտեսական վիճակի վատթարացումը՝ կապված պետական գանձարան եկամուտների մուտքի պակասելու հետ։ Արաբները արդեն նվաճել էին այն, ինչ հնարավոր էր և այլևս եկամուտների աղբյուր չկար։ Օմայյաններից վերջնականապես երես թեքեց Մեքքայի և Մադինայի արաբական վերնախավը։ Միայն 744 թվականին գահին եղել է 4 խալիֆ՝ Վալիդ II (743-744), Յազիդ III (744), Իբրահիմ (744) և վերջապես Օմայյան վերջին խալիֆ Մրվան II (744-750)։ Օգտվելով խալիֆայության ներքին դժվարություններից, ակտիվացան շիաները, ապստամբեց Միջին Ասիան (721-728), Սիրիայի բնակչությունը (744-745), Իրաքի խարիջիները, Արմինիան (748-750

Այսպիսով ամբողջ խալիֆայությունը համակել էր ապստամբական շարժումներով և Օմայյաններին տապալելու համար անհրաժեշտ էր վճռական հարված, որը հասցրին Աբբասյանները՝ Մուհամմադ մարգարեի հորեղբոր՝ Աբբասի ժառանգները։ Ժխտելով Օմայյանների իրավունքները գահի նկատմամբ՝ հայտարարեցին, որ իրենք են միակ օրինական կառավարիչները և 747 թվականին ապստամբության դրոշ բարձրացրին Մերվի օազիսում։ Այն ղեկավարում էր ծագումով պարսիկ Աբու Մուսլիմը։ Նրա հրամանով սև շորեր հագած ապստամբները հունիսի 9-ի վաղ առավոտյան վառեցին խարույկները և բարձրացրին սև դրոշները։ Սևը հենց այդ ժամանակից դարձավ Աբբասյանների պաշտոնական գույնը։ Նրանք գրավեցին ամբողջ Իրանը և շարժվեցին դեպի Իրաք և գրավեցին Քուֆան։ Օմայանների և Աբբասյանների միջև վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 750 թվականին Միջագետքում՝ Մեծ Զաբ գետի ափին, որտեղ Օմայանները պարտություն կրեցին և Մրվանը փախավ Եգիպտոս։ Օմայյան դինաստիան, որը կառավարում էր 90 տարի, տապալվեց։

Աբբասյան խալիֆայություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աբբասյան խալիֆայության հիմնադիրն է Աբու ալ-Աբբասը (750-754)։ Նա սերում էր Մուհամմադ մարգարեի հորեղբայր Աբբասի գերդաստանից։ Այս դինաստիան ամենաերկարակյացն էր (750-1258)։ Աբու ալ-Աբբասը խալիֆ էր հռչակվել դեռևս 749 թվականին, երբ ապստամբները մտան Իրաքի Քուֆա քաղաք։ Նա իրեն կոչեց «առատաձեռն» (արաբ․՝ السفّاح‎‎‎՝ ալ-սաֆահ)։ Օմայաններից միայն մեկը, ում հաջողվել էր կենդանի մնալ՝ Աբդ ալ-Ռահման իբն Մուավիան, փախավ Իսպանիա, որտեղ 756 թվականին հիմնադրեց Կորդովայի Օմայան խալիֆայությունը։ Օմայանների տոհմի բնաջնջումից հետո ընդվզեց Սիրիան, որը պետության կենտրոնը Իրաք տեղափոխվելուց հետո վերածվել էր մի սովորական նահանգի։ Լարվեցին հարաբերությունները նաև շիաների հետ, ովքեր օգնել էին Աբբասյաններին Օմայանների դեմ պայքարում։ Հաղթելով թշնամիներին՝ Աբու ալ-Աբբասը հաջողությամբ գահը ժառանգեց եղբորը՝ Աբու Ջաֆար ալ-Մանսուրին (754-775)։ Նրա անվան հետ է նաև կապված Բաղդադի կառուցումը 762 թվականին։ Նոր մայրաքաղաքը կոչվեց «Մադինաթ ալ-Սալամ» (արաբ․՝ مدينة السلام‎‎)՝ «խաղաղության քաղաք»։ 786 թվականին գահ է բարձրացել ալ-Մանսուրի հայտնի թոռը՝ Հարուն ալ-Ռաշիդը (786-809)։

Նոր խալիֆի օրոք պետությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Նա առաջին խալիֆն էր, որ մեծ ուշադրություն դարձրեց մուսուլման հոգևոր առաջնորդների աջակցությանը և քաղաքական օժանդակությունը շահելուն՝ տալով նրանց մեծ հողաբաժիններ և կալվածքներ։ Նա ուներ 2 որդի՝ Մամունն ու Ամինը։ Առաջինի մայրը պարսկուհի հարճ էր, մյուսինը՝ արաբուհի ազնվական։ 799 թվականին նա գահի ժառանգորդ է նշանակում զույգ որդիներին. Ամինին՝ Իրաքի, Սիրիայի, Արաբիայի, Եգիպտոսի և Հյուսիսային Աֆրիկայի, իսկ Մամունին՝ Իրանի, Միջին Ասիայի, Աֆղանստանի ու արևմտյան Հնդկաստանի կառավարիչ։ Ամինը իրավունք չուներ Մամունին երբևէ զրկել այդ պաշտոնից, վերջինս էլ պետք է հավատարիմ մնար Ամինին։ Այսպիսով նա խալիֆայությունը բաժանեց 2 մասի, որոնցից յուրաքանչյուրն ուներ իր կառավարիչն ու մայրաքաղաքը՝ Բաղդադը և Մերվը։ Հարուն ալ-Ռաշիդը զոհվել է 809 թվականին՝ Թուս քաղաքի մոտ, որտեղ ուղևորվել էր՝ ճնշելու միջինասիական ապստամբությունը։

Մամունը Ամինին ընդունեց որպես խալիֆ և հավատարմության երդում տվեց։ Ամինը 810 թվականին գահի ժառանգորդ նշանակեց ոչ թե Մամունին, այլ իր որդուն։ Մամունը հայտնեց իր անհամաձայնությունը, ինչի համար Ամինը հրովարտակ արձակեց նրան արևելյան շրջանների փոխարքայի պաշտոնից զրկելու համար։ Մամունը չընդունեց նրա որոշումը։ Եղբայրների միջև պատերազմի ընթացքում Մամունի զորքերը շրջապատեցին Բաղդադը։ Ամինը հայտարարեց, որ պատրաստ է հրաժարվել գահից հօգուտ Մամունի։ 813 թվականին Բաղդադը գրավվեց, իսկ Ամինը սպանվեց։ Գահը անցավ Մամունին (813-833)։

Կենտրոնական իշխանության և խալիֆի ինստիտուտի դիրքերի թուլացման արդյունքում 9-րդ դարում խալիֆայությունը սկսեց բաժանվել մասերի։ Սկզբնական շրջանում խալիֆները կարողանում էին արաբա-պարսկական հակամարտությունը պահել իրենց հսկողության տակ։ Սակայն այս հակամարտությունը գործում էր նաև Ամինին և Մամունին հաջորդած խալիֆաների գահակալության շրջանում։ Տեղական կառավարիչները ստեղծում էին իրենց սեփական զինված ուժերը։ Դեռ Հարուն ալ-Ռաշիդի ժամանակ Բաղդադ բերված միջինասիացի թուրքական գվարդիաները դարձել էին կարևոր ռազմական ուժ։ Նրանք 847 թվականին խալիֆա Վասիկի մահից հետո խալիֆ «դարձրին» նրա եղբորը՝ Մութավաքիլին, ով սպանվեց 861 թվականին՝ իր թուրք հրամանատարների ձեռքով՝ ավագ որդի Մուսթանսիրի գիտությամբ։ Այսպիսով, Արաբական խալիֆայությունը որպես պետություն թուլացել էր, և սկսվում էր իր տրոհումը։

Պետության թուլացում ու անկում[խմբագրել | խմբագրել կոդը]

8-րդ դարի ընթացքում տեղի ունեցած ապստամբական ելույթները 9-րդ դարում վերածվել էին ազատագրական հզոր շարժման, ինչի արդյունքում խալիֆայության մի շարք նահանգներ անկախության կարգավիճակ ձեռք բերեցին։ 8-րդ դարի 50-ական թվականներին՝ կապված քաղաքական կենտրոնը Սիրիայից Իրաք տեղափոխելու Աբբասյանների որոշման հետ՝ ապստամբության դրոշ էին բարձրացրել Դամասկոսի, Հաուրանի և այլ քաղաքների բնակիչները։ 759-760 թվականներին խալիֆայության դեմ ապստամբեց ժամանակակից Լիբանանը, 774-775 թվականներին՝ Արմինիան։ Կորդովայում նախկին գահի առաջնորդները՝ Օմայյանները, ապստաբություն բարձրացրին, ինչի արդյունքում արաբական Իսպանիան անկախացավ՝ որպես Կորդովայի (Անդալուսի) իշխանություն։ Սա առաջին անջատումն էր։

9-րդ դարի 10-ական թվականներին խռովության ալիք է բարձրացնում Եգիպտոսի արաբ և ղպտի բնակչությունը։ 816-837 թվականներին խալիֆայությունը հիմնահատակ ցնցում է Բաբեկի ապստամբությունը Ատրպատականում, որը արագ տարածվում է։ Հերթական գյուղացիական ընդվզումների մեջ հատկապես աչքի ընկավ Ստրուկ-զանջիների ապստամբությունը, որը տևեց շուրջ 15 տարի (869-883)։

Արաբական խալիֆայությունից մեկը մյուսի հետևից անջատվեցին հետևյալ նահանգները.

Պետություն Ժամանակակից տարածք Թվականներ Տարածքներն անցել են
Ռուստամիների պետություն Ալժիր (778-909) Ֆաթիմյան խալիֆայություն
Իդրիսիների պետություն Մարոկկո (789-985) Ալ-Մոհադների պետություն
Աղլաբիների պետություն Թունիս և Լիբիա (800-909) Ֆաթիմյան խալիֆայություն
Սամանիների պետություն Իրան, Աֆղանստան և Միջին Ասիա (819-999) Սելջուկյան սուլթանություն
Թահիրիների պետություն Իրան, Աֆղանստան և Միջին Ասիա (821-873) Սաֆարիների պետություն
Թուլունիների պետություն Եգիպտոս (868-905) Ֆաթիմյան խալիֆայություն
Սաֆարիների պետություն Իրան, Աֆղանստան և Միջին Ասիա (873-900) Սամանիների պետություն
Բագրատունիների թագավորություն
(Արմինիա կուսակալություն)
Հայաստան, Վրաստան, Ադրբեջան
Թուրքիայի արևելյան հատված
(885-1045) Սելջուկյան սուլթանություն
Զեյդիների պետություն Եմեն (901-1962) Եմենի Արաբական Հանրապետություն
Համդանիների պետություն Սիրիա և Իրաքի հյուսիս (945-1004) Ֆաթիմյան խալիֆայություն

Այսպիսով՝ թուլացած ու տրոհված խալիֆայության վերահսկողության տակ էին մնացել միայն Իրաքը և Արաբական թերակղզին։ Ուստի պետությունը կարող էր հեշտորեն նվաճվել օտարների կողմից։ 945 թվականին Բաղդադը գրավվեց Բուիների կողմից, ովքեր դարձան աշխարհիկ տիրակալներ (945-1055)։ Խալիֆը այսուհետ դարձավ միայն հոգևոր պաշտոն։ Այդ ընթացքում Հյուսիսային Աֆրիկայում հիմնադրվեց Ֆաթիմյան (909-1171), իսկ Իսպանիայում՝ Կորդովայի խալիֆայությունը (929-1031)։

Բուիներին հաջորդեցին սելջուկները, ապա 1258 թվականին Բաղդադը գրավեցին ու հրկիզեցին մոնղոլները։ Արաբական խալիֆայության պատմությունն ավարտվեց։

Կառավարման համակարգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վարչական բաժանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաբական պետության կառավարման համակարգը անցում է կատարել ցեղային միությունների մակարդակից մինչև կազմակերպված պետության ստեղծում։ Այդ ճանապարհին զգալիորեն նպաստել են Մերձավոր Արևելքի նախկին երկու հզոր կայսրությունները՝ Բյուզանդիան և Սասանյան Պարսկաստանը։ Եթե բարեպաշտ խալիֆները ապրում էին Մեքքայի կամ Մադինայի սովորական տներում և ճոխությունների չէին ձգտում՝ արաբական սովորույթների համաձայն, ապա Օմայյան խալիֆները արդեն փորձում էին նմանվել բյուզանդական կայսրերին։ Խալիֆն իր ձեռքում էր կենտրոնացրել ոչ միայն քաղաքական ու կրոնական, այլև ռազմական ու դատական բարձրագույն իշխանությունը։ Նա պետությունը կառավարում էր տեղական փոխարքաների կամ կուսակալների միջոցով։

Օմայյանների ժամանակ խալիֆայությունը բաժանվում էր 9 կուսակալության՝

Հետագայում նվաճվեցին նաև ամբողջ Միջին Ասիան և Պիրենեյան թերակղզին։ Վարչական միավորները հաճախ ենթարկվել են փոփոխությունների։ Փոխարքաները խալիֆի հենարանն էին և պետականության կազմակերպողը։ Նրանց պաշտոնն ընտրովի էր։ Ազդեցիկ փոխարքաները կարող էին հասնել խալիֆի աստիճանի։

Խալիֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Խալիֆը (արաբ․՝ خليفة‎‎, փոխանորդ) աշխարհիկ ու քաղաքական միապետական պաշտոն էր, որը պետք է տրվեր Մուհամմադ մարգարեի իրավահաջորդներին։ Նրան հաջորդած առաջին 4 բարեպաշտ խալիֆներն էին՝

Անուն Արաբերեն Թվականներ Նշումներ
Աբու Բաքր أبو بكر 632-634 Մուհամմադի կնոջ՝ Այիշայի հայր
Օմար իբն Խատտաբ عمر ابن خطاب 634-644 Մուհամմադի կնոջ հայր
Օսման իբն Աֆֆան عثمان ابن عفان 644-656 Մուհամմադի 2 դուստրերի՝
Ումմ Քուլսումի և Ռուկայյայի ամուսին
Ալի իբն Աբի Տալիբ علي ابن أبي طالب 656-661 Մուհամմադի հորեղբոր՝ Աբու Տալիբի որդին
և 4-րդ դստեր՝ Ֆատիմայի ամուսինը

Օմայյան դինաստիայի անկումից հետո խալիֆի ինստիտուտի զարգացումը շարունակվեց արդեն արևելյան ոճով։ Պետության կենտրոնը տեղափոխվեց նախկին Սասանյան Իրանի մայրաքաղաք Տիզբոնի մոտ, որտեղ կառուցվեց Բաղդադ քաղաքը։ Օմայյան դարաշրջանում գահակալել են հետևյալ խալիֆները՝

Անուն Ամբողջական Արաբերեն Թվականներ Նշումներ
Մուավիա I Մուավիա իբն Աբի Սուֆյան معاوية ابن أبي سفيان‎ 661-680 Աբու Սուֆյան Օմայյայի որդին
Յազիդ I Յազիդ իբն Մուավիա يزيد بن معاوية 680-683 Մուավիայի որդին
Մուավիա II Մուավիա իբն Յազիդ معاوية بن يزيد 683-684 Յազիդի որդին
Մրվան I Մրվան իբն ալ-Հաքամ مروان بن الحكم 684-685 Օսման իբն Աֆֆանի եղբայր
Մրվանիների ճյուղի հիմնադիր
Աբդ ալ-Մալիք Աբդ ալ-Մալիք իբն Մրվան عبد الملك بن مروان 685-705 Մրվանի որդին
Ալ-Վալիդ I Ալ-Վալլիդ իբն Աբդ ալ-Մալիք الوليد بن عبد الملك‎ 705-715 Աբդ ալ-Մալիքի որդին
Սուլեյման Սուլեյման իբն Աբդ ալ-Մալիք سليمان بن عبد الملك 715-717 Աբդ ալ-Մալիքի որդին
Օմար II Օմար իբն Աբդ ալ-Ազիզ عمر بن عبد العزيز 717-720 Աբդ ալ-Մալիքի եղբոր՝ Աբդ ալ-Ազիզի որդին
Յազիդ II Յազիդ իբն Աբդ ալ-Մալիք يزيد بن عبد الملك‎ 720-724 Աբդ ալ-Մալիքի որդին
Հիշամ Հիշամ իբն Աբդ ալ-Մալիք هشام بن عبد الملك 724-743 Աբդ ալ-Մալիքի որդին
Ալ-Վալիդ II Ալ-Վալիդ իբն Յազիդ الوليد بن يزيد‎ 743-744 Ալ-Վալիդ I-ի որդու՝ Յազիդի որդին
Յազիդ III Յազիդ իբն ալ-Վալիդ իբն Աբդ ալ-Մալիք يزيد بن الوليد بن عبد الملك 744 Ալ-Վալիդ I-ի որդին, Ալ-Վալիդ II-ի հայրը
Իբրահիմ Իբրահիմ իբն ալ-Վալիդ ابراهيم ابن الوليد بن عبد الملك‎ 744 Ալ-Վալիդ I-ի որդին
Մրվան II Մրվան իբն Մուհամմադ իբն Մրվան مروان بن محمد بن مروان 744-750 Մրվան I-ի որդու՝ Մուհամմադի որդին

Խալիֆը միջնադարյան ավատատիրական պետության գլխավոր ղեկավարն էր ու առաջնորդը, ում իրավունքներն ու լիազորությունները անսահմանափակ էին։ Նրանք հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ էին, և համարվում էին Ալլահի ստվերը երկրի վրա (ինչպես փարավոնները Եգիպտոսում կամ շահերը Իրանում)։

Անուն Ամբողջական անուն Արաբերեն Թվականներ Նշումներ
Աբու ալ-Աբբաս Աբու ալ-Աբբաս Աբդալլահ
իբն Մուհամմադ ալ-Սաֆահ
أبو العباس عبد الله بن محمد السفّاح 750-754 Աբբասյան դինաստիայի հիմնադիր
Աբու ալ-Մանսուր Աբու Ջաֆար Աբդալլահ
իբն Մուհամմադ ալ-Մանսուր
أبو جعفر عبدالله بن محمد المنصور 754-775 Աբու ալ-Աբբասի եղբայր
Ալ-Մահդի Աբու Աբդալլահ Մուհամմադ
իբն Աբդալլահ ալ-Մանսուր
أبو عبد الله محمد بن عبد الله المنصور 775-775 Աբու ալ-Մանսուրի որդի
Ալ-Հադի Աբու Մուհամմադ Մուսա
իբն ալ-Մահդի ալ-Հադի
أبو محمد موسى بن المهدي الهادي 785-786 Ալ-Մահդիի որդի
Հարուն ալ-Ռաշիդ Հարուն ալ-Ռաշիդ
իբն Մուհամմադ ալ-Մահդի
هارون الرشيد بن محمد المهدي 786-809 Ալ-Մահդիի որդի
Ալ-Ամին Մուհամմադ ալ-Ամին
իբն Հարուն ալ-Ռաշիդ
محمد الأمين بن هارون الرشيد 809-813 Հարուն ալ-Ռաշիդի որդի
Ալ-Մամուն Աբու Ջաֆար Աբդալլահ ալ-Մամուն
իբն Հարուն ալ-Ռաշիդ
ابو جعفر عبدالله المأمون 813-833 Հարուն ալ-Ռաշիդի որդի
Ալ-Մութասիմ Աբու Իսհակ Աբբաս
իբն Հարուն ալ-Ռաշիդ
أبو إسحاق عباس بن هارون الرشيد 833-842 Հարուն ալ-Ռաշիդի որդի
Ալ-Վասիկ Աբու Ջաֆար Հարուն
իբն Մուհամմադ ալ-Մութասիմ
أبو جعفر هارون بن محمد المعتصم 842-847 Ալ-Մութասիմի որդի
Ալ-Մութավաքքիլ Ջաֆար իբն Մուհամմադ
ալ-Մութասիմ բիլլահ
جعفر بن محمد المعتصم بالله 847-861 Ալ-Վասիկի որդի
Ալ-Մունթասիր Աբու Ջաֆար Մուհամմադ
իբն ալ-Մութավաքքիլ
أبو جعفر محمد 861-862 Ալ-Մութավաքքիլի որդի
Ալ-Մուսթային Ահմադ իբն Մուհամմադ أحمد بن محمد 862-866 Ալ-Մահդիի որդի
Ալ-Մութազզ ալ-Մութազզ
իբն ալ-Մութավաքքիլ
المعتز‎ 866-869 Ալ-Մութավաքքիլի որդի
Ալ-Մուհթադի Ալ-Մուհթադի իբն ալ-Վասիկ المهتدي‎ 869-870 Ալ-Վասիկի որդի
Ալ-Մութամիդ Ահմադ իբն Մուհամմադ المعتمد 870-892 Ալ-Մութավաքքիլի որդի
Ալ-Մութադիդ Ալ-Մութադիդ բիլլահ المعتضد بالله 892-902 Ալ-Մութամիդի որդի
Ալ-Մուաթաֆի Ալ-Մուքթաֆի բիլլահ المكتفي بالله 902-908 Ալ-Մութամիդի որդի
Ալ-Մուկթադիր Ալ-Մուկթադիր բիլլահ المقتدر بالله‎ 902-932 Ալ-Մութամիդի որդի
Ալ-Կահիր Ալ-Կահիր բիլլահ القاهر بالله‎ 932-934
Ալ-Ռադի Ալ-Ռադի բիլլահ الراضي بالله‎ 934-940 Ալ-Մուկթադիրի որդի
Ալ-Մութթակի المتقي‎ 940-944
Ալ-Մուսթաքֆի Ալ-Մուսթաքֆի բիլլահ المستكفي بالله 944-946 ալ-Մուքթաֆիի որդի
Ալ-Մուտի Ալ-Մուտի բիլլահ المطيع لله‎ 946-974 ալ-Մուկթադիրի որդի
Ալ-Տաի Ալ-Տաի բիլլահ الطائع لله‎ 974-991
Ալ-Կադիր االقادر‎‎ 991-1031 Ալ-Մուկթադիրի թոռ
Ալ-Կաիմ Ալ-Կաիմ բի-ամրի Ալլահ القائم بأمر الله 1031-1075 Ալ-Կադիրի որդի
Ալ-Մուկթադի المقتدى 1075-1094 Ալ-Կաիմի որդի
Ալ-Մուսթազհիր Ալ-Մուսթազհիր բիլլահ المستظهر بالله‎ 1094-1118 Ալ-Մուկթադիի որդի
Ալ-Մուսթարշիդ Ալ-Մուսթարշիդ բիլլահ المسترشد بالله 1118-1135 Ալ-Մուսթազհիրի որդի
Ալ-Ռաշիդ الراشد‎ 1135-1136 Ալ-Մուսթարշիդի որդի
Ալ-Մուկթաֆի Ալ-Մուկթաֆի լի-ամրի Ալլահ المقتفي لأمر الله‎ 1136-1160
Ալ-Մուսթանջիդ Ալ-Մուսթանջիդ բիլլահ المستنجد بالله 1160-1170 Ալ-Մուկթաֆիի որդի
Ալ-Մուսթադի Ալ-Մուսթադի բի-ամրի Ալլահ المستضيء بأمر الله 1170-1180 Ալ-Մուսթանջիդի որդի
Ալ-Նասիր Ալ-Նասիր լի-դին Ալլահ الناصر لدين الله 1180-1225 Ալ-Մուկթաֆիի որդի
Ալ-Զահիր Ալ-Զահիր բի-ամրի Ալլահ الظاهر بأمر الله 1225-1226 Ալ-Նասիրի որդի
Ալ-Մուսթանսիր Ալ-Մուսթանսիր բիլլահ المستنسر الله 1226-1242 Ալ-Զահիրի որդի
Ալ-Մուսթասիմ المستعصم 1242-1258 Ալ-Մուսթանսիրի որդի

Պետական ատրիբուտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Օմայյան խալիֆ Աբդ ալ-Մալիքի օրոք արքունի և նահանգային գործավարությունը սկսեցին կատարել արաբերենով։ Դա կարևոր քայլ էր միասնական արաբական պետություն կայացման ճանապարհին։ Հաջորդ կարևոր քայլը ազգային արաբական դրամի ստեղծումն էր։ Մինչ այս, արաբների պաշտոնական գրագրությունը և առևտուրը, այսինքն՝ քաղաքական ու տնտեսական կյանքը, իրականացվում էր օտար ճանապարհով՝ օտար լեզուների ու օտար դրամների հիման վրա։

Արաբները ցեղային ջոկատներից կարողացան ստեղծել կանոնավոր բանակ։ Այն բաժանվում էր 5 կորպուսի՝ կենտրոն, աջապահ, ձախապահ, առաջապահ, վերջապահ։ Զորքը բաղկացած էր հետևակից ու հեծելազորից։ Այնտեղ սկսեցին ներգրավվել ոչ միայն արաբները, այլև խալիֆայության մյուս ժողովուրդների ներկայացուցիչները։ Բացի հիմնական զորքից՝ խոշոր քաղաքներում ու բերդերում տեղակայվում էր աշխարհազոր, որը ենթարկվում էր կուսակալին։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Երբեմն ոչ ճիշտ նրանց անվանում են ուղղահավատ կամ ուղղափառ խալիֆներ, ինչը քրիստոնեական եզրույթ է և իսլամի պարագայում ոչ տեղին

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Արաբական երկրների պատմություն, Հատոր I . Արաբները VII դարից մինչև 1516 թ., Երևան, 2003, 418 էջ