Գավգամելայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավգամելայի ճակատամարտ
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքներ
300px
Գավգամելայի ճակատամարտ: Պարսկական մարտակառքերը մակեդոնական փաղանգի դեմ
Թվական 331 մ. թ. ա., հոկտեմբերի 1
Վայր Գավգամելներ (ժամ. Իրաքի Էրբիլ քաղաքի մոտ)
Արդյունք Հին Մակեդոնիայի հաղթանակ
Հակառակորդներ
Հին Մակեդոնիա,
Կորինֆյան միություն
Աքեմենյանների տիրակալություն, Պարսկաստան
Հրամանատարներ
Ալեքսանդր Մակեդոնացի Արքայոցն Արքա Դարեհ III
Կողմերի ուժեր
40 հազար հետևակազոր,
7 հազար հեծելազոր
100 հազար հեծելազոր, 400 հազար հետևակազոր (Յուսթին)
45 հազար հեծելազոր և 200 հազար հետևակազոր (Կուրցիուս Ռուֆուս)
40000 հեծելազոր, 1,000,000 հետևակային, 200 մարտակառք և փղեր` 15 գլուխ (Արիանոս)
Կորուստներ
1200 զոհված 30 հազար զոհված (Արիան)
40 հազար զոհված (Կուրցիուս Ռուֆուս)
90 հազար զոհված (Դիոդորոս Սիցիլիացի)


Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել մ.թ.ա. 331 թ. հոկտեմբերի 1-ին, Ալեքսանդր Մակեդոնացու ու Դարեհ III Աքեմենյանի զորքերի միջև, Գավգամելայի հարթավայրում (այժմ՝ քաղաք Էրբիլ, Իրաք, Տիգրիս գետի մերձակայքում): Այն դասվում է որպես Ալեքսանդրի երրորդ ու վճռորոշ ճակատամարտը Պարսկաստանի դեմ, որն ավարտվեց հունա-մակեդոնական զորքերի կատարյալ հաղթանակով և վերջ դրեց Աքեմեյանների տիրակալությանը:


Գավգամելայի լայնատարած տեղանքըը (ի տարբերություն Իսոսի) Դարեհին հնարավորություն էր տալիս լիովին օգտագործելու իր քանակական առավելությունը: Կուրցիուս Ռուֆուսը հաղորդում է, որ Ալեքսանդրը ուներ 40000 հետևակազոր, 7000 հեծելազոր: Դարեհի բանակում ընդգրկված էին իր հսկայական տիրակալության հպատակ ժողովուրդները՝ բակտրիացիք, սկյութներ, արախոզներ, հնդիկներ, հույն վարձկաններ, միդիացիք, պարթևներ, ալբանացիք, կապադոկիացիք, քրդեր: Պարսկական ձախ թևում էին նաև Մեծ ու Փոքր Հայքի զորաջոկատները կուսակալներ Երվանդի ու Միհրվահիշտի գլխավորությամբ:


Պարսիկների զորքը հաշվում էր 200000 հետևակազոր, 45000 հեծելազոր, 200 մարտակառք և 15 փիղ: Դարեհը մեծ հույսեր էր կապում իր մարտակառքերի հետ, որոնց անիվների վրա ամրացված էին երկար սուր սեպաձև դանակներ: Մարտակառքերի անկաշկանդ գրոհը ապահովելու համար Դարեհը հրամայեց հարթեցներ տեղանքը ու լցնել փոսերը: Ճակատամարտի մատույցներին Դարեհը, զգուշանալով թշնամու գիշերային անսպասելի գրոհից, հրամայեց զորքին աչալուրջ լինել ու չքնել. դա, անկասկած, հոգնեցրեց մարդկանց: Մինչդեռ Ալեքսանդրի զորքը խորը քնեց ու լավ հանգստացավ:


Զորաշարվացքները սկսվեցին վաղ առավոտյան: Այս ճակատամարտի առանձնահատկություններից մեկն էր ուժերի անհամաչափելիությունը: Երբ առճակատվող բանակները դեմ դիմաց շարվեցին, ստացվեց, որ պարսիկների ճակատի երկարությունը 4 կիլոմետր էր կազմում, մինչդեռ Ալեքսանդրինը՝ գրեթե դրա կեսը: Այստեղից առաջանում էր պարսիկների կողմից շրջապատման ակնհայտ վտանգը: Պարսկական զորքի առաջին գծում, ճակատի ողջ երկարությամբ, տեղադրված էր հեծելազորը, երկրորդ գծի կենտրոնում գտնվում էր Դարեհի անձնական մարտակառքը, շրջապատված թիկնազորով, հետևում շարված էր հետևակը: Ալեքսանդրը դիրքավորեց փաղանգը իր ճակատի կենտրոնում, ձախից ու աջից՝ Պարմենիոնի ու իր գնդերը:

Հակամարտող ուժերի դիրքավորումը
Մարտի վճռորոշ պահը. մակեդոնացիների սեպաձև գրոհը


Ալեքսանդրի համար ակնհայտ էր, որ թշնամու հեծելազոր ճակատը միտված էր գրոհի, և ոչ թե պաշտպանողական գործողությունների: Ալեքսանդրի մտահղացմամբ, հարկավոր էր սադրել թշնամուն կատարել հապճեպ վերադասավորումներ ու դրանով խառնաշփոթ առաջացնել նրա շարքերում: Երբ բանակները դիրքավորվեցին, Ալեքսանդրը սկսեց շարժել իր զորքը, բայց ոչ թե առաջ, ինչպես ակնկալում էին պարսիկները, այլ դեպի աջ: Այդպիսով նա տեղաշարժեց ռազմադաշտը դեպի չհավասարեցված ու խորդուբորդ տեղանքը, ինչը զգալիորեն դժվարեցրեց պարսկական մարտակառքերի առաջխաղացումը: Բայց այդ աջակողմյա զուգահեռ տեղաշարժումը կատարվում էր ոչ միայն ռազմակառքերի չեզոքացման նպատակով, բայց ավելի շատ՝ թշնամու շարքերում խոցելի բացակ առաջացնելու միտումով:


Դարեհը, չըմբռնելով Ալեքսանդրի մանյովրները, հրամայեց սկսել գրոհը և գցեց իր ձախ թևը Ալեքսանդրի աջ թևի վրա: Այդ շարժումների ընթացքում Դարեհի ձախ թևը չափից ավելին պոկվեց կենտրոնից և պարսիկների ճակատում առաջացավ ակնկալված բացակը: Ալեքսանդրի հեթայրները ակնթարթորեն վերադասավորվեցին ու սեպաձև ճակատով մխրճվեցին ճեղքվացքի մեջ: Նրանց հետևեցին հետևակն ու փաղանգը: Դարեհը հրամայեց սկսել մարտակառքերի գրոհը, բայց մակեդոնական հետևակը միջանցքներ ձևավորեց ու այնտեղ մղեց մարտակառքերը, որտեղ նրանք ընկան նետաձիգները տեղատարափի տակ չպաշտպանված կողքերից: Անհաջող եղավ նաև փղերի գրոհը, քանի որ մակեդոնացիները հատուկ տախտակներով, որոնց վրա ամրացված էին ցից մեխեր, խրտնեցրին ամեհի կենդանիներին:


Պատմիչները վկայում են, որ Ալեքսանդրի արագ վերադասավորումներն վտանգեցին նաև մակեդոնական շարքերը, որոնց մեջ նույնպես նոսրացում գոյացավ: Այդտեղ կատաղի ներս խուժեցին պարսիկները: Նրանց մի զորաթևը շրջապատեց Պարմենիոնի զորքը, իսկ մյուսը, հրամանատար Բեսոսի գլխավորությամբ, զարկեց Ալեքսանդրի վերջապահին: Պարմենիոնի զորաթևը Ալեքսանդրից օգնություն խնդրեց: Իսկ Ալեքսանդրը այդ պահին, ինչպես Իսոսի ճակատամարտում, մոլեգնած մոտենում էր Արքայոցն Արքայի մարտակառքին: Մյուս կողմից դոփում էր փաղանգը: Սարսափահար եղած Դարեհը շրջեց իր կառքը ու արշավակի ետ սլացավ: Փոշու քողն ու ճակատամարտի լայն սփռումը որոշ ժամանակով անտեղյակ պահեցին պարսից աջ թևը Դարեհի փախուստի մասին: Այս անգամ էլ Դարեհին հաջողվեց ճողոպրել, քանի որ հետապնդման ընթացքում Ալեքսանդրին տեղեկացրին Պարմենիոնի զորաթևի կրիտիկական վիճակի մասին: Մակեդոնացին դադարեցրեց հետապնդումն ու վերադարձավ ճակատամարտի դաշտը: Պարսիկները աստիճանաբար անկազմակերպ նահանջից՝ խուճապահար փախուստի անցան: Գավգամելայի ճակատամարտում հատկանշական եղավ մակեդոնական փաղանգի դերը, քանի որ ռազմավայրի հարթ տեղանքը թույլ տվեց Ալեքսանդրին լիակատար օգտագործելու նրա հնարավորությունները: Գավգամելայի արյունահեղ կռիվը ավարտվեց պարսիկների կատարյալ ջախջախումով: Հին պատմիչների գնահատմամբ ՛՛Մակեդոնացիների սեպաձև գրոհը շրջեց պատմության ընթացքը՛՛:




Գրականության ցանկ [խմբագրել]

  • И. Шифман. Александр Македонский. Ленинград, "Наука", 207 с., 1988
  • Ф. Шахермайр. Александр Македонский. Москва, "Наука", 384 с., 1984
  • Д. Фуллер. Военное искусство Александра Великого. Москва, "Центрополиграф", 350 с., 2003
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են՝